
Ու՞ր են անհետացել Միհրան Պողոսյանի գումարները
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը չի հայտարարագրել իր հիմնական կարողությունները:
2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կիրառումից հետո առաջին անգամ գույքի ու եկամուտների հայտարարագիր է ներկայացրել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը իր կարողության համեմատ 2014թ. տարեկան հայտարարագրում չնչին գումարներ է հայտարարագրել: Մասնավորապես, ըստ հայտարարագրի՝ 2014թ. Միհրան Պողոսյանն ունեցել է ընդամենը 16.150.000 դրամի եկամուտ, որից 4.150.000 մլն դրամը աշխատավարձն է, 2.000.000 դրամը՝ «RANGE ROVER SPORT Supercharged 4.2» մակնիշի ավտոմեքենայի օտարումից ստացած եկամուտը, իսկ մնացածը վարձակալության դիմաց ստացված վճարներն են:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, այստեղ էլ ԴԱՀԿ ծառայության պետը համեստ է գտնվել: Հայտարարագրել է 26.000.000 դրամ, 250.000 դոլար, 12.000 եվրո: Ընդ որում՝ 2014թ. սկզբին Միհրան Պողոսյանի արտարժութային դրամական միջոցներն ավելին են եղել՝ 280.000 դոլար և 15.000 եվրո:
Միհրան Պողոսյանի կինը՝ Կարինե Մխիթարյանը, 2014թ. որևէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին եղել է 15.000.000 մլն դրամ:
«Հետքն» անդրադարձել է Միհրան Պողոսյանի դատական գործերին, որոնց շրջանակում պետական պաշտոնյան տարբեր ընկերությունների ու անհատների դեմ գումարի բռնագանձման հայցեր էր ներկայացրել:
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը 2013թ. ապրիլի 4-ին 52 մլն 807 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի («Սթար» սուպերմարկետների ցանց-հեղ.): Գործի նախապատրաստական փուլում Մ. Պողոսյանը հրաժարվել էր հայցապահանջից՝ պատճառաբանելով, որ «պատասխանող ընկերությունը հայցադիմումով պահանջվող գումարը կանխիկ եղանակով ամբողջությամբ վերադարձրել է»:
![]() |
Որտեղի՞ց ԴԱՀԿ ծառայությանպետ Միհրան Պողոսյանին5 մլն դոլար
|
2013թ. ապրիլի 4-ին գումարի բռնագանձման պահանջով մեկ այլ հայցադիմում մուտք էր արվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Միհրան Պողոսյանը 4.737.200 դրամի պահանջ էր ներկայացրել «Բյուրակն» ՍՊԸ-ի դեմ: Այս գործը ևս կարճվել է, քանի որ Միհրան Պողոսյանը հրաժարվել է հայցից՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պարտավորությունը կատարել է:
Միհրան Պողոսյանը 2013թ. նոյեմբերին ընդդեմ քաղաքացի Գևորգ Աֆանդյանի հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով 5 մլն 147 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ 2014թ. մարտի 21-ի վճռի. «Գևորգ Ռաֆիկի Աֆանդյանը պարտավորվում է թիվ ԵԿԴ-2679/02/13 քաղաքացիական գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից հետո մեկամսյա ժամկետում Միհրան Սուրենի Պողոսյանին վճարել փոխառության գումարից 499.000.000 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տոկոսներ` փոխառության պայմանագրի 2.1. կետով սահմանված 0.055 տոկոսի չափով` սկսած 11.11.2011թվականից մինչև սույն կետով սահմանված պարտավորության փաստացի կատարումը»։
2014թ. օգոստոսին Միհրան Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի: Գլխավոր հարկադիր կատարողն այս ընկերությունից պահանջում է 10.957.223 դրամ
Այս դատական գործերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Միհրան Պողոսյանը թաքցրել է իր եկամուտները, այդ թվում՝ տրված փոխառությունները, և քիչ է հայտարարագրել:
Փաստերն ակնհայտ են, իսկ ուսումնասիրության հարցը թողնում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Առաջին լուսանկարը` www.harkadir.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել