«Անմոռուկ» խորհրդանիշի կանխման, կասեցման, ծանուցման գործը
Հայաստանում դեֆիցիտ է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած մանուշակագույն ծաղիկը (անմոռուկ) տարօրինակ կարգավիճակում է հայտնվել: Այն կա որպես պետության կողմից հաստատված համահայկական բրենդ, սակայն Հայաստանում դժվար է գտնել աքսեսուարներ ու իրեր, որոնց վրա այն դրոշմված է: Սովորական մահկանացուների համար անմոռուկը շոշափելի առարկա չէ, որը համամասնակցության պատրանք է ստեղծում, այլ՝ անհաս մի գաղափար, որին ձեռք տալ չի ստացվում:
Անմոռուկով կրծքանշաններ կարելի է տեսնել հիմնականում պետական այրերի ու որոշ քաղաքական գործիչների կրծքին: Իսկ որպես տարբեր տրամաչափի հուշանվերներ դրանք անհասանելի են: «Որտեղի՞ց գտնել անմոռուկով կրծքանշան» հարցը շատերը փորձում են ծանոթի միջոցով լուծել՝ ծանոթների շարքին դասելով նույն պետական այրերին ու որոշ քաղաքական գործիչների:
Անմոռուկ ունենալու տարբերակներից մեկը սեփական ուժերով թաղիքե կամ թղթե ծաղկի պատրաստումն է (ծալելը, կտրելը, ներկելը, այնուհետ՝ կրծքին ամրացնելը): Համացանցում հատուկ վիդեոձեռնարկներ են տարածվում, որտեղ նկարագրվում է ծալելու, կտրելու, ներկելու ամբողջ գործընթացը:
Դեռ «չթույլատրված» շապիկ |
Անմոռուկի պատկերով զարդեր, շապիկներ, բաժակներ, բացիկներ, պայուսակներ կամ այլ ֆորմա ունեցող հուշանվերներ կարելի է ձեռք բերել գաղտնիության պայմաններում, քանի որ դրանց արտադրությունն օրենքից դուրս է: «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով ու դրա օգտագործումը պիտի արտոնված լինի:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում եւ արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը»:
Եվ հենց այդ գլխավոր տնօրինությունն էլ զբաղվում է տարաբնույթ ապրանքատեսակների վրա անմոռուկի պատկերը թույլատրելու կամ չթույլատրելու հարցով: Ավելի ճիշտ՝ սկսել է զբաղվել երկու օր առաջ, երբ պարզ դարձավ, որ շուկայական հարաբերություններով կարգավորվող հուշանվերների արտադրությունը ոչ հարթ է ընթանում: Պարզ ասած՝ ով ինչ ուզում, այն էլ արտադրում է:
Գլխավոր տնօրինությունը որոշեց, որ այդպես չպիտի լինի:
Եվ այժմ այն կազմակերպությունները կամ անհատ ձեռներեցները, որոնք ուզում են օգտագործել «անմոռուկը» հուշանվերներ արտադրելու համար, պետք է դիմեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը հատուկ դիմումով, որը կզննի այդ նույն տնօրինության կողմից ստեղծված հանձնաժողովը ու համապատասխան ընթացակարգ անցնելուց հետո կեզրակացնի՝ կարելի՞ է անմոռուկը օգտագործել, թե՞ ոչ:
Ինչպես ասացին այդ տնօրինության գրասենյակից՝ առաջնայինը «անմոռուկի» ամրագրված տեսքին հետամուտ լինելն է: «Անմոռուկ» խորհրդանիշը ենթակա չէ փոփոխման, եւ դրա պատկերումը չպիտի շեղվի ստանդարտից»,- ասացին գրասենյակից: Արտադրողները պիտի իրենց դիմումի փաթեթում ներկայացնեն ապրանքի գունավոր էսքիզը, նյութի, ֆորմայի, չափի եւ այլ տվյալների նկարագրությունը: Ինչպես նաեւ՝ ապրանքատեսակի գինը:
Գնային քաղաքականության վերահսկումը, ըստ թույլտվություն տրամադրող հանձնաժողովի, անհրաժեշտ է, որպեսզի գները անհարկի չուռճացվեն ու գերշահույթ չապահովեն արտադրողներին:
Մինչ թույլտվություն չի ստացվել, ոչ մի ապրանք իրավունք չունի հայտնվել վաճառքում: Իսկ արդեն իսկ շուկայում առկա անմոռուկով ապրանքների վաճառքը համարվում է ապօրինի եւ ենթակա է կասեցման (նույնիսկ եթե դրանց վրա հայտնված անմոռուկը օրիգինալ տեսքից չի շեղվել):
Այդ կասեցումն արդեն ակտիվորեն կիրառվում է, ԱԱԾ-ն շրջայցեր է կատարում երեւանյան առեւտրի կետերում ու հավաքում «չարտոնված» անմոռուկներով կրծքանշանները, թեւնոցները, վզնոցները, բացիկները, բանալիների շղթաները եւ այլն: Ինչպես նաեւ՝ կանխում է առցանց առաջարկների տարածումը:
Կանխման ու կասեցման գործն այնքան ակտիվ է կատարվել, որ արդեն մարտ ամսից օրինական կերպով ոչ մի անմոռուկազարդ առարկա գնել հնարավոր չի: Իսկ մինչ այդ մեծ քանակի ու տարբեր տեսակի ապրանքատեսակներ (հիմնականում ձեռագործ) սկսել էին վաճառվել խանութներում, տոնավաճառներում ու առցանց հարթակներում:
Պարզ է, որ բիզնես դաշտը չէր կարող բաց թողնել առիթն ու չփորձել տարվա խորհրդին համապատասխան ապրանք դուրս հանել շուկա: Ի վերջո, ցեղասպանության սիմվոլիկայով ապրանքը պիտի հենց առաջին գարնանային ամիսներին վաճառվի, երբ հանրային ուշադրությունը առավել զգայուն է, եւ երբ անմոռուկի պահանջարկ կա:
Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը ուզում է խրախուսել քաղաքացիների՝ սեփական ուժերով անմոռուկների պատրաստումը (կտրումը, ծալումը, ներկումը), լավ կաներ շուկա դուրս հաներ «Սարքիր ինքդ» տուփերի թվաքանակը, որի մեջ ներառված կլինեն մանուշակագույն եւ դեղին թուղքը (թաղիքը), թելն ու ասեղը, ամրակն ու մուգ մանուշակագույն մեկ ուլունքը: Այդպիսով ծաղկի պետականորեն ամրագրված տեսքը, գույնն ու չափը կպահպանվեր անշեղորեն:
Պետք չէ մոռանալ, որ պետական որոշմամբ՝ անմոռուկը ոչ թե ցեղասպանության, այլ ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է: Ինչը նշանակում է, որ հաջորդ տարիներին այն պահանջված չի լինի ո՛չ որպես սիմվոլ, ո՛չ որպես բիզնեսի խթան: Արտադրանքը արդեն իսկ պիտի վաճառքում լիներ, այլ ոչ թե մարտ ամսին միայն փորձ արվեր կարգավորել իրավիճակը ու առաջ քաշել թույլտվություն ստանալու փաստը:
Հետաքրքիր է, որ «ապօրինի» անմոռուկը դիտարկվում է երկու տեսանկյունից՝ բիզնեսի եւ բարոյականության: Ընդ որում՝ այդ երկու տեսանկյուններն իրար են սոսնձվել ու նմանվել ցասումով լի մեղադրանքի: Արտադրողներին կշտամբում են ցավի, ողբերգության վրա շահույթ ստանալու մոլուցքի համար: Ասվում է, օրինակ, որ մեր ազգին հարիր չէ մտածել փողի մասին, երբ ցեղասպանության հետ գործ ունենք: «Ամոթ այն հայերին, որ փորձում են եկամուտ ստանալ այս թեմայով»,- «Առավոտ» օրաթերթին ասել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր տնօրինության տնօրեն Արման Ծատուրյանը:
Ամոթը, ոչ հարիր լինելը, անբարոյականությունն այն չափանիշներն են, որոնք ոչ մի կերպ եւ ոչ մի ժամանակում չի ստացվել միախառնել բանականության հետ՝ առանց ծուղակն ընկնելու:
Բանականությունը պարտադրում է կանխատեսել եւ օգտագործել պահանջարկը, իսկ երբ բանականությունը սկսում է արգելակել, որպես ինքնապաշտպանություն օգնության է կանչում բարոյական մշուշոտ հրահանգներն ու նմանվում դատարկախոսության: Շուկան բարոյականության տեսակետից դիտարկելն անիմաստ գործ է, դա նույնն է, ինչ, ասենք, սիրո տեսակետից դիտարկելը:
Թաղիքե անմոռուկներ, որոնք ձեռքի աշխատանք են |
Պարզ է, որ անմոռուկով հուշանվերների դեֆիցիտը կարելի էր կանխատեսել, քանի որ որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան արդիական է դառնում սիմվոլիկ իր ձեռք բերելու ցանկությունը: Այս հարցերով զբաղվող (եւ շատ երկար անվանում ունեցող) տնօրինությունը վստահեցրել է, որ ապրիլի առաջին օրերին հանրապետության խոշոր հանրախանութներում եւ կրպակներում կտեղադրվեն «Անմոռուկ» կրծքանշաններ` դրանք կամավոր նվիրատվությամբ վերցնելու հնարավորությամբ: Չինաստանում պատվիրված կրծքանշանները այսպիսի տեսք կունենան:
Իսկ մինչ այդ արհեստական դեֆիցիտը շարունակվելու է: Թույլտվություն տրամադրելու լիազորությունը բոլոր ժամանակներում էլ ավելի ցանկալի է եղել, քան արտադրելը, շուկայական մրցակցության մեջ ներխուժելն ու գնային քաղաքականությունը ճշգրտելը:
Սա մի հատված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության հայտրարարությունից. «Տնօրինությունը շնորհակալ կլինի նաեւ, եթե հանրությունը ծանուցի մեզ «Անմոռուկի» օգտագործման դեպքերի մասին` մեզ հատկացնելով համապատասխան հուշանվերի լուսանկարը եւ դրա վաճառքի հասցեն` խորհրդանիշի անպատշաճ եւ չարտոնված օգտագործումների դեպքերից խուսափելու նպատակով»:
Ծանուցելու գործը միգուցե բնական թվա հստակ տնտեսական համակարգ ունեցող պետության քաղաքացիների համար, բայց Հայաստանի դեպքում պղտոր ենթատեքստ է ստանում, որի մեջ արդեն ապրել ենք խորհրդային տարիներին: Կարծես ասվում է՝ ծանուցի՛ր, որ լավ, ճիշտ, ստանդարտներին համապատասխան լինի: Որպեսզի հայրենասեր ու բարոյական մարդու տպավորություն ստեղծես ու մաքրես դաշտը անճաշակ ու սխալ անմոռուկներից:
Իսկ մուգուցե կգտնվի՞ մի գնորդ (օրինակ` ես), որն ուզում է գնել անճաշակ (տնօրինության կարծիքով) ու ոչ ստանդարտ (պետության կողմից որոշած) անմոռուկով շապիկ: Կամ էլ՝ ոչ թե Չինաստանից բերված, այլ կողքի արվեստանոցում ձուլած մետաղյա մատանի, որի ֆորման հնգաթեւ մանուշակագույն ծաղիկ է:
Այդ հարցը չի քննարկվում, գնորդը թող սպասի մինչ իրեն թույլ կտան ընտրել բարձր տնօրինության կողմից թույլատրված ապրանքատեսակներից:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել