
«Զգացմունքների պետություն». այսպես եմ վերնագրել ֆիլմի սցենարը
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Սցենարն արդեն Ողջերի աշխարհում է
Հիշո՞ւմ եք՝ նոյեմբերի վերջին նամակ էի ստացել Ողջերի աշխարհից, որտեղ մի երիտասարդ դերասան, ծանոթանալով իմ կյանքի պատմությանը, առաջարկել էր ինձ գրել գեղարվեստական ֆիլմի սցենար: Ես սիրով ընդունել եմ այդ առաջարկը, թեպետ բազմիցս գրել եմ, որ ես ո՛չ գրող եմ, ո՛չ էլ սցենարիստ: Պարզապես չեմ ուզում մտքերս բանտված մնան, նաև ուզում եմ այդպես գոնե զրուցել մարդկանց հետ: Մտքերիս Ազատություն տալով՝ ինձ Ազատ եմ զգում նաև ֆիզիկապես:
Դերասանն ինձ ուղարկել էր գեղարվեստական ֆիլմի սցենարի մոդել, որով առաջնորդվելով՝ երեք ամիս ամեն օր աշխատել եմ իմ սցենարի վրա: Այն արդեն ուղարկել եմ Ողջերի աշխարհ: «Զգացմունքների պետություն». այսպես եմ վերնագրել ֆիլմի սցենարը՝ այն բաժանելով երկու մասի՝ առաջինը կոչվում է «Փախուստ», երկրորդը՝ «Կին-Աղջիկը»:
Ինչո՞ւ «Զգացմունքների պետություն». չեմ ցանկացել նեղ անձնական խնդիրներ բարձրացնել: Պարզապես Արցախյան պատերազմի մասնակից, 20 տարի բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի ու իմ պատմության միջոցով փորձել եմ ցույց տալ պետություն-հասարակություն- քաղաքական իշխանություն- կրոն-անհատ շղթայում գոյություն ունեցող խնդիրները: Օրինակ՝ ինչպե՞ս են շղթայի այս օղակները փոխազդում իրար հետ, ի՞նչ է լինում, երբ փոխազդեցությունը վերածվում է հակազդեցության, ի՞նչ է ստացվում, երբ հասարակությունն ու քաղաքական իշխանությունը ապրում են զուգահեռ ու երբեք իրար հետ չհատվող աշխարհներում, ի՞նչ է լինում, երբ անհատից փորձում են խլել բոլոր իրավունքները՝ անգամ Սիրելու իրավունքը:
Չեմ ուզում հիմա բացել բոլոր փակագծերը՝ թողնելով հետաքրքրություն և ինտրիգ, բայց ընդհանուր առմամբ սցենարում 99 տոկոսով իրական դեպքեր են, թերևս 1 տոկոսը` երևակայություն, հորինվածք, ապագայի իմ պատկերացումները:
Թե ինչպես փոքրիկ չարաճճիությունն ինձ փրկեց շղթաներից
Այնուամենայնիվ, ֆիլմի սցենարից մեկ դրվագ ուզում եմ հիմա պատմել. երկրորդ փախուստից հետո, երբ ինձ ձերբակալել էին և ինքնավնասումից հետո ծանր վիրահատությունից դեռ չարթնացած` տեղափոխել էին բանտ, ոտքերս ու ձեռքերս շղթաներով կապել էին երկաթե նառին:
Չեմ կարող մոռանալ բանտապահների, նաև բանտի գլխավոր բժիշկ Հրանտ Մուրադյանի մարդկային վերաբերմունքը: Իմ հարազատներին արգելված էր սնունդ բերել: Բանտի բժիշկն այս արգելքի մասին իմանալով՝ իր տնից կնոջ ձեռքով պատրաստած ապուրներն էր բերում ու անձամբ ձողիկով կերակրում էր ինձ: Ուրիշ կերակուր չէի կարող ուտել, դանակով վնասել էի կոկորդս:
Առաջին մեկ շաբաթը կողքիս նստած 2-3 բանտապահ հսկում էին, հետո արդեն մեկն էր հսկում, որ ինքնասպանության փորձ այլևս չանեմ: Որոշ ժամանակ անց որոշեցին ինձ մենակ թողնել, սակայն շարունակում էին ոտքերից և ձեռքերից կապած պահել:
Գիշերվա կեսին հերթապահ պաշտոնյան, երբ հերթական անգամ մոտեցավ խցին ու բացեց դիտանցքը, ուղիղ իր երեսի մոտ տեսավ իմ երեսը, վախեցած հետ քաշվեց: Աչքերին չհավատալով՝ նորից մոտեցավ, տեսավ՝ դռան մոտ հանգիստ կանգնած եմ: Լուռ շուռ եկա և հետ ու առաջ քայլեցի:
-Ո՞նց, ո՞նց ես քանդել շղթաները...
Րոպեներ անց դուռը բացվեց, մի 10-12 աշխատակից ներս մտավ: Զարմացած նայում էին մեկ ինձ, մեկ գիշերվա կեսին բոլորին ոտքի հանած մեկուսարանի աշխատակցին: Ոտքերս և ձեռքերս շղթայված էին, ես նառի վրա էի, քնաթաթախ հարցրեցի.
-Ի՞նչ է եղել:
-Նոր քայլում էր կամեռով մեկ, աչքովս եմ տեսել, Մհե՛ր, ասա՛, որ ճիշտ եմ ասում, - արդեն իմ օգնությանը դիմեց հերթապահը՝ տեսնելով, որ գործընկերները քմծիծաղ տվեցին:
- Ախր ո՞նց կարող եմ երկաթից ոտնա ու ձեռնաշղթաներից ազատվել…
Հազիվ էի զսպում ծիծաղս, բայց դիմացա: Ասեցին-խոսեցին, ծիծաղեցին, հավատալով`չհավատացին ու գնացին:
Մի կես ժամ անց նորից մոտեցավ բանտապահը ու… նորից ազատ ման էի գալիս:
- Մհե՛ր, մարդկանց ասա, որ ճիշտ էի ասում, խոստանում եմ` էլ չենք կապի քեզ,- ասում էր հերթապահ պաշտոնյան:
Ես լուռ, ասես ուրվական շարունակում էի քայլել, բայց չդիմացա ու հիշելով «Ֆանտոմասը» ֆիլմից Լյուի դե Ֆյունեսի` նման իրավիճակում հայտնվելը`բարձր ծիծաղեցի:
Ահա, թե ինչպես փոքրիկ չարաճճիությունն ինձ փրկեց նառին կապված մնալուց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել