ԱՆ-ում քննարկվել են 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության հետևանքների վերացման ուղղությամբ քայլերը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր քննարկվեցին Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառները և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերը։ Քննարկմանը մասնակցում էին ինչպես նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները, այնպես էլ` Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը, Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենը, վիրահատությունն իրականացրած մասնագետները։
Հիշեցնենք, որ 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի վիրահատության եւ ծագած հետվիրահատական առողջական խնդիրների մասին ահազանգեց «Հետքը», որից հետո առողջապահությունը հանձնաժողով ստեղծեց, սակայն այն եզրակացրեց, թե վիրահատության արդյունքում երեխայի ձեռք բերած հիվանդությունները բժշկի սխալի հետեւանք չեն։
Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը, նախարարը մանրամասն հետաքրքրվեց վիրահատության ընթացքով, անզգայացման արդյունքում առաջացած եզակի բարդության չեզոքացման ուղղությամբ տարված աշխատանքներով։ Միաժամանակ հանձնաժողովի անդամները ներկայացրեցին իրենց եզրակացությունը։ Նշվեց, որ երեխայի սոմատիկ և նյարդաբանական առողջական վիճակը բավարար է: Առկա է մնացորդային աննշան նյարդաբանական սիմպտոմատիկա, որը չի սահմանափակում նրա շարժողական ակտիվությունը, ճանաչողական ֆունկցիան և խաղային գործունեությունը։
Արմեն Մուրադյանն առաջարկեց երեխայի հերթական բուժումը կազմակերպել Նորագյուղի վերականգնողական կենտրոնում` ծնողի ուղեկցությամբ։ Հանձնարարեց այնուհետև անցկացնել կրկնակի հետազոտություններ` բուժման արդյունավետության գնահատման նպատակով։ Մասնագետները կարծիք հայտնեցին, որ երեխայի արագ ապաքինումը մնացորդային նյարդաբանական սիմպտոմների վերացման վստահություն է ներշնչում։
«Մեր առաջնահերթ նպատակը երեխայի լիարժեք ապաքինումն է։ Այս բոլոր քննարկումների նպատակը հետագայում նման երևույթներից խուսափելը կամ անխուսափելի դեպքերում արագ և արդյունավետ միջոցների ձեռնարկումն է»,-ասաց նախարարը։
Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց առաջատար մանկական ԼՈՌ և ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգների մասնակցությամբ ուսումնասիրել մարզային բուժհիմնարկների ԼՈՌ բաժանմունքների տեխնիական, կադրային հագեցվածությունը, իրականացվող վիրահատությունների որակը, ծավալները և արդյունքները ներկայացնել մասնագիտական քննարկման։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել