HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար. «Կնոջ դերը հայոց պատմության մեջ»

Վանուհի Թովմասյան

Արդեն վաճառքում են Լեռ Կամսարի  «Կարմիր օրեր» եւ «Խաղաք ու խայտառակ աշխարհ»  գրքերի էլեկտրոնային տարբերակները։

Գրքերը կարող եք գտնել հետևյալ հղումներով`  1, 2, 3

Գրքերը երբեմն կարող են հասանելի չլինել Հայաստանից (մի շարք հանգամանքներից է կախված). բայց եթե իրոք ուզում եք գնել գրքերը, ապա PM գրեք։)

«Խաղք ու խայտառակ աշխարհ» ժողովածուն ամփոփում է մեծանուն երգիծաբանի քաղաքական սատիրան։ Ստեղծագործություններն ընտրվել են բռնադատման տարիներին արգելված և մասամբ ոչնչացված «Անվավեր մեռելներ» (1924)‚ «Ազգային այբբենարան» (1926)‚ «Վրիպած արցունքներ» (1934) և 1959-ին լույս տեսած «Գրաբար մարդիկ» ժողովածուներից։ Ընդգրկված են նաև անտիպ գործեր:

«Կարմիր օրերը» Կամսարի անտիպ ձեռագրերի առաջին հրատարակությունն է անկախության ժամանակ։ Այն  պետպատվերով լույս է տեսել 2000-ին։ Գիրքը վաղուց էր պատրաստ տպագրության, բայց վարանում էի ներկայացնել, քանի որ պատերազմ էր և տնտեսական ճգնաժամ։ 1999-ին, երբ վերջապես ներկայացրեցի «Նաիրի» հրատարակչություն՝ Հրաչ Թամրազյանին, նա ուրախությամբ համաձայնվեց, իսկ գլխավոր խմբագիր Սասուն Թորոսյանը, արագ գրկելով հանձնված ձեռագրերը գոչեց…

-Սա գյուտ է,- և դուրս սլացավ տնօրենի կաբինետից, քանի դեռ ես չէի փոշմանել։

Երբ լույս տեսավ այդ «գյուտը», ընթերցասեր հանրությունն ընդունեց այն քար անտարբերությամբ։ Սովետական երկար ու ձիգ տարիներին հասցրել էին մոռանալ անկոտրում երգիծաբանին։ Գրականագետների վեջն էլ չէր։

Ամեն անգամ, երբ «Նոյյան տապանում» տեսնում էի, որ գրքի վաճառքը մեռած է, մտածում էի մի տեղից գումար ձեռք բերել և գնել ամբողջ տպաքանակը Կամսարի պատիվը փրկելու համար։

Վերջապես մի օր երթուղայինում տեսա մեկին, ով կլանված կարդում էր «Կարմիր օրերը»։

- Ի՞նչ կարծիք ունեք այդ գրքի մասին, - շտապեցի բավարարել հետաքրքրությունս։

- Զարմացեր եմ, ապշեր եմ՝ ինչպես կրցած է այդ ժամանակներուն մեջ այսքան համարձակ

ըլլալ։ Անհավանական մտավորական…

Պարզ է, էլի սփյուռքահայ մե՛ր եղբայրը։ Ու ես չգիտեմ ինչու է դա այդպես՝ Կամսարը լինելով ճամփաբաժնի գրող՝ մինչև հիսունականների սկիզբը ստեղծագործել է արևմտահայերենով և ապա պարտադրանքով անցել արևելահայերենի, նրա գրքերին Սփյուռքն ավելի շուտ և շատ է արձագանքում, քան հայաստանցին։ Հա, երևի հեռվից Լեռան բարձրությունը ավելի է երևում, քան մոտիկից։

Այդպես եղավ նաև, երբ 1959-ին լույս տեսավ երգիծաբանի առաջին հետաքսորյան «Գրաբար մարդիկ» ժողովածուն։ Հայաստանում միայն Սիլվա Բոդոսյանը գրախոսեց, իսկ երբ գիրքը հասավ Բոստոն, «Ծիրանի գոտի» հանդեսի գլխավոր խմբագիր Սիմեոն Կյուլոն իրեն «ափալ-թափալ» Հայաստան նետեց Լեռ Կամսարի մասին գիրք գրելու։ Բայց դե, չթողեցին սովետական ապիկարները՝ սպանելով նրան Մայր Հայրենիքում։

Դառնանք «Կարմիր օրերին»։ Սփյուռքը սկսեց գրոհել։ Ամեն Աստծու օր Նյու Յորքից, արդեն լուսահոգի, Ռուբէն Պարսումեանը հեռաձայնում էր, որ բավարարի իրեն հուզող հարցերը։ Հետո սկսեց գրողի մասին դասախոսությունների իր հաղթարշավը Նահանգներում։ Բեյրութից Պօղոս Սնապեանը խնդրելու պես պահանջում էր՝ էլի-էլի նյութեր «Ազդակ-գրականի» համար։ Փարիզից Կարպիս Ջրբաշյանը ժամանեց Երևան, որ նոր ժողովածու հովանավորի։ Ի դեպ, նա գրատներից հավաքեց և հետը տարավ «Կարմիր օրերի» վերջին բոլոր օրինակները։ Չթվարկեմ Սփյուռքի մյուս մշակութային գաղթօջախները։

Փաստորեն գիրքն առանց գովազդի՝ ինքը բացեց իր ճանապարհը և դարձավ հանրության սեփականությունը։

Հիմա շատերն են փնտրում այդ գիրքը, և որպեսզի բավարարվի հանրության պահանջը  Մարատ Յավրումյանի հետ որոշեցինք ստեղծել էլեկտրոնային տարբերակը, որ հասու լինի ցանկացողներին։ Ինչո՞ւ էլեկտրոնային՝ քանի որ տպագրական ծախսեր չի ակնկալում։

«Կարմիր օրերը» քաղցրացավ, որովհետև այլևս տպագիր օրինակներ չկան, բայց հավատացեք, որ գրատներում եղած երգիծաբանի մյուս գրքերն էլ համարժեք են առաջին ստեղծված «գզրոցայինին»։ Տպված այս բոլոր գրքերը  անտիպ օրագրության տարբեր տարիների «փակ գզրոցի» արգասիքներն են։ Օրագրությունը սկսել է 1925-ին և ավարտել 1965-ին մահվանից մեկ շաբաթ առաջ։ Օրապատումի 1925-1935թթ․ընդգրկված են «Մահապուրծ օրագրում», որը կյանքի է կոչվել փարիզաբնակ բարերար Կարպիս Ջրբաշյանի շնորհիվ։ Դրան հաջորդում է «Բանտիս օրագիրը» /1935-1936թթ․/ գրված Չեկայի նկուղում և Կենտրոնական բանտում, որի տպագրությանը աջակցեցին կրկին պարոն Ջրբաշյանն ու նյույորքաբնակ բարերար Ռուբէն Պարսումեանը։

Այնուհետ սիբիրյան աքսորի հարկադիր լռությունը մինչև 1940 թիվ։ 40 թվից Կամսարն արդեն Հայաստանի աքսորում էր, բայց օրագրությունը տան ձեռագրերում սկսվում է 45 թվից։ Այդ հինգ տարիների Կամսարին չեմ կարողանում գտնել։ Հավանբար բաժին է դարձել Երևանի 46թ․ հեղեղին, քանի որ գրողը հողում էր թաղում ձեռագրերը։ Հավատս չի գալիս, որ նա կարող էր  10 տարի լռել։ Գուցե հետագայում մի բան պարզվի։

Տպագրված է նաև օրագրության 53-58թթ․ ժամանակահատվածը «Կարմիր օրերում» (պետպատվեր), 59թ․-ը՝ «Սոցիալիզմի Սահարայում» (հովանավոր «Աշտարակ կաթի» հիմնադիր Աշոտ Ափոյան), և 60թ.-ը՝ «Հալոցքում»։

Անտիպ են մնում 1945-1953թթ. և 1960-1965թթ.-երը (երևի մի տասը հատոր)։

Այժմ պատրաստում եմ տպագրության «Չապրած օրերի» առաջին հատորը՝ 45-47թթ։ Փառահեղ գիրք է լինելու։

Երախտապարտ կլինեմ, որ հովանավոր գտնվի և աջակցի գրքի լույս աշխարհ գալուն։

Հետո էլ՝ հետոն ցույց կտա։ 

Լեռ Կամսար

                                            Հատված «Խաղք ու խատառակ աշխարհ» գրքից

Կնոջ դերը հայոց պատմության մեջ

(Մտերիմ խոսքեր Մայր Հայաստանին) 

...Կհիշես՞ այն օր։ Քեզի տասն անգամ ըսի‚ մա՛յրս‚ երբ մարդ կղրկես Փարիզ‚ Պոլիս կամ Ամերիկա անկախություն ուզելու՝ մի՛ թողուր, որ պատվիրակներդ կնիկնին հետերնին տանեն․ մի՛ թողուր։ Չլսեցիր։ Ու հիմա կըսեմ‚ որ 1918 թվին տաճիկները քեզի այդքան նեղեցին‚ ու ցայսօր չես անկախացեր‚ ատ անկե է‚ որ Ահարոնյանը իր կնիկը Պոլիս տարավ‚ այսօր Փարիզ է տարեր ու վաղն ալ Պոսթոն պիտի տանի։

Կհիշեմ։ Անցյալ ամռան դաշնակ-բոլշևիկյան կռիվն էր․ Ռուբեն փաշան իր կնիկը Երևանեն Մեղրի փախցուց իրիկուն՝ Երևանի վրա արշավեց առտուն։

Կարծես մենք կնիկ չունենայինք Երևան...

Չէ՛‚ մա՛յրս‚ կնկան դերը համաշխարհային անցուդարձին մեջ ժխտել անկարելի է․ Կլեոպատրա թագուհիեն ասդին կինը կգործե։ Տուր ինձի գեղեցիկ աղջիկ մը ¥ոչ կնության¤, ես Կարսը մաքրեմ թյուրքերեն։ Կինը չէ՞ր պատճառը‚ որ մինչև ողնուծուծը դաշնակցական Գառնիկ Շահինյանը ուրացավ իր հավատը ու բոլշևիկ դարձավ։

Ի՞նչ մեծ գործ է անկախություն ուզելը․ - դաշնակ․ ֆալա՛ն կամ ֆալանքյա՛ս‚ մեզի անկախություն տվեք։ Պրծավ գնաց։ Ատիկա ըսելու համար պետք է քսանվեց հոգի՞ երթան և քսանվեցն ալ կնիկնին հետերնի՞ն տանեն։ Ինչո՞ւ ջանըմ‚ ինչո՞ւ։ Եվ տեսեք ուզածներն ալ ինչպես կուզեն։ Կերթան Ֆրանսիո դուռը կզարնեն՝ թե մեզի անկախություն տուր։ Ֆրանսիա թե՝ ե՞րբ‚ - թե՝ դեռ մի շտապեք‚ նոր ենք եկեր։

-Ո՞ր օրվա համար պատրաստենք։

- Ձեզի կիմացունենք։ Ու կանանց հետ թևանցուկ պատվիրակներդ կերթան ճաշարան ուտելու‚ կաֆեն՝ խմելու‚ թատրոն՝ հուզվելու‚ սինեմա դիտելու‚ մուզեյ՝ հիանալու‚ էյֆելի աշտարակը՝ մաքուր օդ ծծելու ու պալատը՝ պառկելու։ Օ՜խ, պապամ, օ՜խ... Բայց չկարծես մոռացան անկախության հարցը, ո՛չ։ Ամիս մը ետք նորեն կերթան կառավարության դուռ՝ թա՛կ‚ թա՛կ։

-Ո՞վ է։

-Բաց։

Խոհարարը դուրս կելնե։

-Ֆրանսիան տու՞նն է։ Է, բայց քնած է, իրիկուն Անգլիո հետ մինչև կես գիշեր թուղթ կխաղար‚ կուզե՞ս արթնցնեմ։

- Չէ‚ չէ‚ թող անհանգիստ չըլլա‚ ամիսմե մը նորեն կուգանք։

-Ժամե մը արթննա պիտի...

-Չէ‚ չէ‚ թող չարթննա... ամիսե մը կհանդիպենք իրեն։ Ու կերթան նույն ճամփով Փարիզ վայելելու‚ առանց վայրկյան մը իսկ մտածելու‚ թե ինչ վիճակ կապրեր իրեն ղրկող մայր Հայաստանը։

Քեզի կհարցնեմ, մա՛յրս‚ այսպես կըլլա՞ր, եթե պատվիրակները երկրին մեջ թողած ըլլային իրենց սիրած կինը ու այդ սիրած կինն ալ ծնած ըլլար իրեն սիրասուն մանկիկ մը ... Աո՜ւ, աո՜ւ։ Ո՛չ‚ ամենևին։ Ան ատեն պատվիրակդ կերթար ճեպընթացով‚ հանրակառքին պատուհանը չէր բանա ու չէր հիանա ոչ Վոսփորի գեղածիծաղ ափերով‚ ոչ Ելիսեյան դաշտով‚ ոչ ալ օվկիանի մեղմիկ զեփյուռով։

Ուղղակի Փարիզ հասնելով, երկու ոտք մեկ կոշիկին մեջ սեղմած կկենար Ֆրանսիո դռան․- թա՛կ‚ թա՛կ։

Չի լսվիր։

-Թա՛կ‚ թա՛կ‚ թա՛կ։

Ծառան դուրս կելլե։

-Ո՞վ ես‚ ի՞նչ կուզես։

-Հայաստանն եմ‚ անկախություն կուզեմ‚ շո՛ւտ, շո՛ւտ։

-Աղաս շաբաթե մը ի վեր Անգլիո հետ ձուկ բռնելու էր գացեր‚ նոր եկավ ու պառկեց․ ամիսե մը հազիվ ելնե։

- Ամա՜ն‚ մոնսիո՛ռ‚ - ոտքդ պագնեմ‚ ամիս մը չէ՝ ժամ մըն իսկ չեմ կրնար համբերել. - պիտի ըսե՝ տղաս օրորոցին մեջ կկանչե, տաճիկները կառաջանան, եթե ես հորթին գլուխը չբռնեմ, կինս մինակ կով կթել չի կրնար... մոնսիո՛ռ‚ արթնացուր կես վայրկյանով‚ ըսե աչքդ բաց Հայաստանին անկախություն տուր ու գոցե։

 -Քունը գլուխ տված անկախությունն ի՞նչ պիտի ըլլա։

-Կբավե‚ ջանըմ‚ կբավե‚ երազին մեջ տված անկախությունն ալ Հայաստնին շատ է։ Թշվառականը կռվե՞ց որ։ Ով եկավ՝ փախավ... դե՛‚ դե՛‚ շուտ։

-Դժբախտաբար չեմ կրնար‚ արտոնված չեմ խանգարելու։

-Լա՛վ‚ ան ատեն ես կերթամ‚ ըսե թող անկախությունն ետևես ղրկե։ Այո՞։

- Այո։ Ու իրիկուն դարձյալ իր տունը կդառնա‚ յուրայիններուն հետ ապրելու և մեռնելու։

Ասանկ ըլլալու է‚ յա՞։

Մա՛յրս‚ շատ հեռու չերթանք‚ օրինակս քեզ վրա բերեմ․ դուն որ պզտիկդ օրորոց դնելեն ետքը դրացուդ բակը ժամանցի կերթաս‚ ժամու մը մեջ երկու անգամ տանդ դուռը չե՞ս բանար գիտնալու‚ թե երեխադ կուլա՞‚ շուռ չի՞ եկեր‚ կատուն չի՞ նստեր սրտին‚ կամ վերջապես տղադ տակը չի՞ կեղտոտեր։ Կընես չէ՞։ Ուրեմն ատ պատվիրակներդ ի՞նչ մարդիկ են‚ որ սա չորս տարի Փարիզ նստեր ու անգամ մըն ալ իսկ դուռը չբացին վրադ նայելու։ Մինչդեռ այդ չորս տարվա մեջ Հայաստանը օրորեցեն ալ գլորվեց‚ տաճիկը անոր կոկորդին ալ նստեց ու տակն ալ կեղտոտեց։

Խե՜ղճ Հայաստան‚ դուն ալ կկարծես‚ թե Ահարոնյանը հոն դատդ կպաշտպանե... խելքի եկուր։ Երեք նամակ ունիմ բռնած իր աներ, հայկական դատի պրոֆեսիոնալ պաշտպան Միք․ Վարդանյանեն՝ ուր կգրե փեսա Ահարոնյանին․ “Փեսա‚ առ աղջիկս՝ Եվրոպա եկուր‚ հոս աղեկ եմ‚ ազգին վրա գործ կընեմ․․․”։ Պատասխան ունիմ բռնած՝ ուր կըսե... “Անե՛ր‚ վաղուց կուզեմ գալ‚ բայց ճամփու ծախս չունիմ‚ կարծեմ Հայաստանը անկախություն ուզելու միտք ունի‚ եթե եղավ, պատվիրակ կընտրվիմ, կուգամ։ Կուգամ մեկ կողմե կուլանք անկախություն կուզենք‚ մյուս կողմե կխնդանք, ամսական կուզենք...”։

Ղրկե‚ ղրկե ետ կանչե պատվիրակներդ‚ մա՛յրս‚ քանի չեն ծներ հոն։ Ծնված պատվիրակին տղան ի ծնե պատվիրակ կըլլա և մինչև կյանքիդ, վերջը քո դատը կուլա գլխուդ։ 

1921թ.

 

Հատված «Կարմիր օրեր» գրքից 

(Առաջին հրատարակությունից դուրս մնացած պատառիկներ, որոնք տեղ են գտել էլեկտրոնային տարբերակում)։

Շաբաթ 14. – Անվերջ ցուցահանդեսներ են կազմակերպվում մեզ մոտ, անհաշիվ դասախոսություններ, սակայն մեկ դիտող կամ ունկնդիր չի ճարվում, որպեսզի գա քեզ ասի, թե՝ «մարդ չլինելու պատճառով ցուցահանդեսը կամ դասախոսությունը չկայացավ»:

Այնպես, ինչպես նախնի պատերազմներում մեկ կողմը մյուսին այնպես էր բնաջնջում, որ մի գուժկան անգամ չէր ազատվում այդ պարտության բոթը բերելու երկրին:

Սոցիալիզմը եթե այս կերպ պրոպագանդվի, նա գնալիք տեղ չի ունենա:

Տեսնողների ու լսողների մնայուն կադր պիտի ունենան մեր ցուցահանդեսներն ու ակումբները: Այդ կադրերն էլ մնայուն ու անսասան լինելու համար պիտի բաղկանան կույրերից ու խուլերից:

Կույրը միայն կարող է տեսնել մեր ցուցահանդեսը, և խուլը կարող է լսել մեր պրապագանդան... առանց տրաքվելու:

----------

Հայաստանի գրողների տանը զետեղված են բազմաթիվ թերթերի խմբագրատներ ու գրական վարչություններ:

Սակայն, երբ ներս ես մտնում, սեփական ձայնիդ ուժեղ արձագանքը սարսափեցնում է քեզ:

Այնքան որ ամայի է այդ տունը...

Կիրակի 15. – Յուղի հերթում մի կին տասնութ ժամ սեղմվել էր երկու տղամարդկանց արանքում:

Ինչպե՞ս սփոփես այդ տանջված ու այլայլված կնոջը:

Այստեղ վատն այն է, որ կանայք ո՛չ թերթ են կարդում, ո՛չ քաղաքական կյանքով հետաքրքրվում: Իսկ քաղաքական կյանքով չհետաքրքրվողին ինչո՞վ կարող ես մխիթարել: Ասես, թե պարտիական հունվարյան պլենումը որոշել է եգիպտացորեն ցանել, դրանով կովերը կերակրել և շատ կաթ, հետևաբար, նաև շատ յուղ ստանալ, չես կարող, որովհետև սրանց երեսունյոթ տարվա ցանածից դեռ մի բան չի բուսնել...

Սա ի՞նչ սովորություն է մեր գրողների մոտ. իրենց վեպերի կեսը հրատարակում են, նոր սկսում մյուս կեսը գրել:

Պատահում է, որ քննադատները բոլորովին տեղ չեն տալիս վեպի առաջին հատորին՝ իբրև խոտան և դուրս են նետում հրապարակից: Մերժված առաջին հատորը գնում իր երկրորդ հատորով ավելի հիմարացած՝ գալիս տեղ է խնդրում հայ գրականության մեջ:

Գոնե եթե առաջին հատորը տեղ ունենար, երկրորդ հատորը իր գոգը կառներ: Այլապես այդքան տեղ ո՞վ կտար նրանց: 

Զինվորական դատախազ  ընկեր Ալեքսանյանին

Դիմում Լեռ Կամսարից

Հարգելի՛ ընկեր դատախազ, ես քառասունհինգ տարվա հայ գրող եմ, ֆելիետոնիստ: 1910 թվից աշխատակցել եմ Կովկասի բոլոր հայ թերթերին ու ամբողջ տասնհինգ տարի եղել եմ մշտական աշխատակիցը «Խորհրդային Հայաստան» օրաթերթի:

1935 թվի նոյեմբեր 25-ին ձերբակալվեցի, երեք տարով ուղղիչ լագեր ուղարկվեցի ու այնուհետև տասնհինգ տարի քաղաքից վտարված  ապրելով՝ ամնիստիային քաղաք վերադարձա թեև, բայց սա երրորդ տարին է ո՛չ իմ գրական իրավունքներն են վերականգնում, ո՛չ թոշակ են նշանակում, ո՛չ աշխատանք տալիս, որի հետևանքով ես կանգնած եմ սովամահության առջև:

Սակայն ես ինձ համարում եմ միանգամայն անմեղ և հայտարարում եմ, որ սպեցկոլեգիայի մեղադրանքները բոլորը հերյուրված բաներ են և բոլորովին չեն համապատասխանում իրականությանը:

Ինձ համարում եմ ամբողջ քսան տարի անմեղ տեղը հալածված ու տանջված մի զոհ: Կոլեգիայի տված հարվածը վերաբերում էր ոչ միայն անհատապես ինձ, այլև ողջ հայ հասարակայնությանը, որովհետև լինելով ժողովրդից սիրված երգիծաբան՝ ամբողջ քսան տարի ընթերցողներս անունս են փնտրել հայ թերթերում և մինչև օրս էլ չգտնելով՝ խորին ափսոսանք են հայտնում իմ հանդեպ տրված անարդար վճռի համար:

Ուստի, ընկե՛ր դատախազ, սրանով խնդրում եմ Ձեզ՝ վերաքննել իմ գործը, ու երբ գործից երևա, որ իսկապես արդար եմ եղել, վերականգնել իմ գրական իրավունքները և հատուցել իմ քսան տարվա աննկարագրելի տանջանքներիս համար:

 Հարգանքներով՝ Լեռ Կամսար (Արամ Թովմասի Թովմասյան)

                                                                                              11. 07. 1955թ. Երևան 

Երեքշաբթի 17.– Ինչքան աշխատում եմ Հայաստանի հանրապետության երեք ղեկավարների անունները միտքս պահել, չի հաջողվում ինձ. միշտ մոռանում եմ: Ուստի այսօր վճռեցի օրագրումս անց կացնել և ամենայն օր մի բերան սերտել:

Ուրեմն, Կենտկոմի քարտուղարի անունը Սուրեն Թովմասյան է, Մինիստրների սովետի նախագահի անունը՝ Անտոն Քոչինյան, իսկ ամենամեծի (որպես թե) հանրապետության նախագահինը՝ Շավա՞րշ, թե՞ Շմավոն Առուշանյան:

Կրկնենք:

Սուրեն Թովմասյան, Անտոն Քոչինյան և Շմավոն Առուշանյան:

Բայց ես կուզեի իմանալ, թե իրենք իրենց անունները գիտե՞ն արդյոք: Կարևորն այդ է: Ես եթե չիմանամ, իրենց հարցնելով կիմանամ, իսկ եթե նրանք չիմանան իրենց անունները, ժողովուրդն ինչպե՞ս իմանա:

Բոլոր պարագաներում վատ չէր լինի, որ երեք իշխանավորներից  յուրաքանչյուրն իր անունը սեփական մարմնի վրա մի տեղ գրեր: Մարմնի հատկապես այն մասում, որը նրանց կապում է ժողովրդի հետ:

Իսկ այդ կապերն ընդամենը երկուսն են՝ սեռական և նյութական: Կապեր, որոնք միաժամանակ բնազդական լինելով՝ պողպատից ամուր են...

1955թ․

Մեկնաբանություններ (1)

Արմեն Քեշիշյան
Վարդապետությունն այն չէ, որ սեփական զավակիդ մահվան ես դատապարտում, Այլ այն, որ կինն է լույսը վիրապից հանում: Վարդապետությունն այն չէ, որ հինը մոռացած` նորի առաջնորդ ես քեզ հռչակում, Այլ այն, որ Մեծի չապրած րոպեն մի կյանք ես ամբողջ դարձնում: Վարդապետությունն այն չէ, որ քեզ պետություն հռչակած` լույսն ես մարում, Այն այն, որ լռելյայն` Մեծի լույսն ես ափերիդ մեջ փայփայում: Մեկը գիտի՞, թե ինչ ցավից էր տառապում Այն կինը, որ վիրապ հաց ու ջուր էր տանում: Ճշմարտության պահը ամենքին է սպասում: Տառով տարի, գրով հույս ես մեզ պարգևում: Առերեսվելու ենք կնոջ անկապտելի զոհին: Վիրապում` անկի՜ն, անհաղո՜րդ, հիմա՜ր, սի՜ն… Եթե աչքերը մեր` մեր գրերին չդարձնենք, Եթե տեսնելու համար տրված աչքերը` տեսնել չսկսենք, Եթե փրկության առագաստը կնոջ` փրկություն չտեսնենք, Եթե հայվանի պես անհուշ` գրերը չընթեցենք: Հենց մեզ համար` զոհը դատավոր մի´ դարձրեք, մեղա՜ Հենց ձեզ համար` մեր գիրքն ու գիրը Աստվա´ծ դարձրեք, մեղա՜ Հենց քո համար` երկու ավազակի միջև մի´ խաչվիր, մեղա՜ Հենց կարդա´, սովորի´ր, մա´րդ դարձիր, մեղա՜: Ո՜ւշ կլինի, ու զավակիդ կորստյան պատճառը չես հասկանա… Ո՜ւշ կլինի, ու անսալու փրկությունը չես ունենա… Ուշ կլինի, ու հարազատիդ արածին` բալասան` չես տիրանա… Կինն արել է, կինը փրկել Բերել, դարմանը առաջդ դրել… Հարցրե՞լ ես անգամ, իրեն, ոչ` ինքդ քեզ, Թե «հարցերիս պատասխանն ինչպե՞ս ես գտել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter