HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարգո Ղուկասյան. «Անվերնագիր…1915»

Սկիզբը

Մոսուլ, Բասրա. Անորոշության եւ տառապանքի տարիներ

Հայաստան

Ո՞վ կուլայ այսպէս խըշտեակիս շեմքին.
-Քոյր, ղարիպն է, բաց...:
մախքնե՞ր կանցնին դուրսէն լալագին.
-Սովն է, դուռըդ բաց...:
Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.
-Ջարդն է, դուռըդ բաց...:

Ռ. Սևակ, 1909 թ. 

Երբեմն ինձ թվում էր, որ ես մեծ բան եմ կորցրել. մի տան մեջ` նույն ընտանիքում` տասնհինգ տարի` որքան տեղեկություններ կարող էի իմացած լինել Ալմաստից Տեր Զորով անցնելու կամ հետո` իրաքյան Մոսուլ, Բասրա քաղաքներում ապրած տարիների մասին: Սակայն մտածում էի` մեղա, մեղա, մի՞թե կարելի է փորփրել նրա հոգին, երբ հայրենի Կարագյոլից դուրս էր եկել հինգ զավակներով, անցել սիրիական և իրաքյան անապատները, հասել Մոսուլ և Բասրա քաղաքները... միայնակ... և այնտեղ մնացել ամբողջ վեց տարի:

Բայց ես այն ամենը, ինչ լսել եմ նրանից` Ալմաստից, նույնիսկ այդ ամենը, իմ թույլ գրչի պատճառով չեմ կարող այստեղ ներկայացնել: Դրա փոխարեն, խնդրում եմ ձեզ, իմ բարի ընթերցողներ, մի անգամ ևս կարդացեք մեր Մեծ, Մեծագույն, Անմահ Հովհաննես Թումանյանի «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը, որից այստեղ միայն մի քանի տող եմ մեջբերում. 

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ,
Մասիսի նման,
Կանչեցի թշվառ էն հոգիներին` ցրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք,
մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելեսպոնտ,
մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
Հանգեք, իմ որբեր...
Իզուր են հուզմունք, իզուր և անշահ...
Մարդակեր գազան` մարդը`
դեռ երկար էսպես կը մնա... 

***

Ասում են, չէ՞, Աստված մի դուռը փակում է, մյուսն է բացում: Թեև Աստված փակելու մեջ այս դեպքում շատ շռայլ էր գտնվել. փակել էր հինգ դուռ և թողել մի փոքր ճեղք միայն: Հաջորդ քարավաններից ողջ մնացածների մեջ էին եղել Ալմաստի քույրը`միայնակ, անընտանիք Մարինոսը և մի ազգականուհի, որի անունը չգիտեմ: Նրան ես տեսել եմ լուսանկարում: Պահպանվել է այդ երեք երիտասարդ կանանց լուսանկարը Իրաքի Բասրա քաղաքում «քաշված», ինչպես Ալմաստն էր ասում: Բայց այդ մասին` իր տեղում:

Ժողովրդական խոսքն ասում է. զավակ կորցրած մոր սիրտը եթե բացեն` մեջը մի թեթև, սև ստվեր կտեսնեն, եթե նույնիսկ երկար տարին եր անցած լինեն: Քանի՞ սև ստվեր կար Ալմաստի սրտում: Տեր Զորի անապատում և Հալեպ քաղաքում նա հողին էր հանձնել իր սիրասուն հինգ զավակներին: Բայց և որքան ուժեղ է մարդ արարածը: Որքան դիմացկուն է և որքան տոկուն: Նրա մեջ անսահման ուժ է ամբարված: Ալմաստը չէր չարացել, և դա մարդկային, թերևս ամենամեծ, արժանիքն երից մեկն է: Նրա գութն ու սերը շրջապատի հանդեպ անսպառ էր:

Մարդու հոգին մի ամբողջ տիեզերք է: Երբեք և ոչ մեկը չի կարող թափանցել մինչև նրա խորքերը: Սերունդ տալու ցանկությունը բնության պարտադրանքն է: Թերևս 1915-ն է՞ր, որ ՙվերապրողներ՚ բառը դարձրեց այդքան տարողունակ` այսինքն` իրական մահից փրկվածներ, որոնք պարտավոր էին ապրել և դառնալ սերնդի շարունակողներ:

Եվ ապրեցին: Սկզբում անորոշության մեջ, կորուստների ծանրության տակ ճմլված: Ոտքի տակի հողը կորցրած: Ալմաստի և նրա նմանների համար մի՞թե միևնույն չէր` նրանք ապրում էին իրենց կամքից անկախ: Կարծես օդի մեջ լինեին: Մի ծանր թմբիր էր իջել վրաները: Բախտի բերմամբ, թե պատահմամբ ողջ էին մնացել, կային, շնչում էին... Ինչ որ մի գերբնական ուժ, անտեսանելի և անիմանալի, չգիտես որտեղից, նեցուկ էր դարձել նրանց: Թե՞ նրանք իրոք, կամ բնազդորեն հասկանում էին` իրենք են լինելու կորցրած սերնդի շարունակականությունն ապահովողները: Եվ, ուրեմն, պարտավոր են ողջ մնալ: Բույսը որ բույս է, ծառը որ ծառ է, ինչքան էլ ոտքի տակ տրորեն, կտրեն կամ քոքահան անեն, նույնիսկ վրան քար քաշեն, տակը մի ծիլ, մի կենսունակ արմատ մնացած կլինի, թեկուզ և շատ խորը թաքնված, թեկուզ և տարիներ անց` հողը, նույնիսկ ապառաժ քարը ճեղքելով` արևերես դուրս կգան:

Դրանք էլ բնության վերապրողներն են: Եվ դա է տիեզերական հրաշքը, որ վերաբերում է Աստծո ստեղծած, ասել է թե` նրա կողմից կառավարվող բնության բոլոր բաղադրամասերին անխտիր: Այդ հրաշքն է, որ թե մարդկային, թե բուսական, կենդանական, թռչնային, ձկնային և այլն, և այլն... չի թողնում, որ կտրվի հարատևության թելը:

Այստեղ ես չեմ կարող Եղեռնը սրտին խփված Թումանյանի նույն բանաստեղծությունից ևս երկու տող չմեջ բերել, քանի որ դրանք իրենց մեջ են առնում այն վայրերը, որտեղով այդ բանաստեղծությունը գրվելու ժամանակ, այսինքն` 1915-ին, անցնում էր երիտասարդ մի կին, անունը` Ալմաստ.

Աջիցս Եփրատ, ձախից Տիգրիս` ահեղ ձեներով,

Սաղմոս կարդալով`անցան, գնացին խոր-խոր ձորերով:

***

Եվ ապրեցին նրանք, Ալմաստն, օրինակ: Որոշ ժամանակ Մոսուլում: Քաղաքը Տիգրիս գետի ափին էր: Գետ, որ իր ջրերը բերում էր Հայկական լեռնաշխարհից, սառն ու զուլալ աղբյուրներից:

Եվ, ուրեմն, ջուր կար: Չնայած լեռներ ևս կային, բայց դրանք Հայկական լեռների նման չէին, անապակ ջրերի աղբյուրներ չէին բխեցնում:

Եվ գետն էլ որքան ակունքներից հեռանում, այնքան աղտոտվում էր, որն օգտագործվում էր թե խմելու, թե այլ պետքերի համար:

Տիգրիսի ափերին կանաչություն, ծառ ու ծաղիկ կար, բայց քիչ հեռու չոր ու ցամաք տեղեր էին, ավելի հեռու` ավազ:

Մինչև Համաշխարհային առաջին պատերազմն էլ, նրանից շատ, շատ առաջ էլ իրաքյան քաղաքներում հայեր ապրել էին: Սակայն 1915-ից հետո...

1915-1918 թթ. հայերը, որ բնավեր էին եղել, այդտեղ էին հասել Անատոլիայից, Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Պոլսից, Վանից... Հազարներո°վ էին եկել: Ովքեր որ ուժասպառ էին եղել, կամ կոտորվել թուրքերի ու քրդերի կողմից, մնացել էին անապատում, խառնվել ավազներին: Ողջ մնացածներից շատերն էլ մահացան Մոսուլում`տիֆից, մալարիայից, քաղցից:

-Մեր աչքի առաջ,- ասում էր Ալմաստը,-պատերի տակ կպառկեին ու էլ վեր չէին կենա:

Ողջ մնացածների մի մասն էլ, որոնք իրենց մեջ ուժ գտան, գաղթի նոր ճանապարհներ բռնեցին` դեպի Սիրիա, դեպի Լիբանան ու Պարսկաստան:

***

(Միջանկյալ. Դժվար է դիմանալը: Ախր ինչո՞ւ: Այս ի՞նչ պատիժ է: Ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Թերևս պետք չէ՞ր գրել, թե որ ազգը որ թվականին է հարձակվել Հայաստանի վրա, կոտորել, տեղահանել և գերեվարել: Թերևս պետք էր ո°չ թե այդ մասին հազարավոր գրքեր ստեղծել, այլ այն, թե մեր ժողովրդի, մեր կուսակցությունների, մեր առաջնորդների, անձնապես մեզնից յուրաքանչյուրիս ո՞ր սխալների պատճառներով են դժվարության այդ հեղեղները թափվել հայ ժողովրդի գլխին: Երևի այս մտորումներից հետո էր, որ ես համաձայնեցի Եղեռնից փրկված այն մարդու հետ, ով ասել է.

«...Ինչո՞ւ արդյոք մեր դարավոր ժողովուրդը, մանուկի մը պես, աչքը մութին մեջ փակած, ուզեր էր չարն անտեսել ու բարին երազել, բարիին շուրջ հեքիաթներ հյուսել, իր ծուռ Մհերներովը հալածել չարը աշխարհի երեսեն: Արդյո՞ք հայ ոգին շատ էր մեծ, թե միտքը` մանկունակ: Կամ թերևս` գաղափարապաշտ իր հոգիի համար շա¯տ էր ապականած շուրջի աշխարհը»: (Յակոբ Յ. Ասատուրեան, «Հովակիմի թոռները»)»: 

Խեղճ իմ Ալմաստ, քո պատմությունն ընդհատել եմ և մխրճվել այս հարցականների մեջ: Պատճառն այն է, որ հայերի ցեղասպանությունը ոչ միայն ցավալի է և անբուժելի, այլև չափից դուրս վիրավոր ական: Քո գյուղը, Կարագյոլը, որ մինչև կյանքիդ վերջ քեզ հետ էր

Երևանում, անվերադարձ խլված էր քեզնից: Եվ շատ ուշ, երբ մենք խոսում էինք այդ մասին, հարցականների հեղեղը, որ կուլ էի տալիս լուռ ու մունջ, խեղդում էր ինձ: Հեռատես չէի՞նք արդյոք: Անմիաբա՞ն էինք, թերևս այդ ճիշտ է:

Նույնիսկ այդ առթիվ սեբաստացիների մեջ պատկերավոր խոսք կա`Կայենն իր կոտոշներից մեկը Հայաստան է նետել:

Մեզանում ընդունված կարծիք է, չէ՞, դիվանագետ չենք: Ինչո՞ւ:

Ախր ինչո՞ւ: Չէ՞ որ ասում են` թուրք դիվանագետը (ինչ որ տեղ կարդացել եմ), իտալացի քաղաքագետ Մաքիավելու գիրքը բարձի տակ է քնում: Մենք ինչո՞ւ այդպես չենք վարվում: Մենք ինչո՞ւ աշխարհի նշանավոր դիվանագետների փորձերը չենք յուրացնում: Չէ՞ որ մենք սովորելու մեջ հետին տեղում չենք: Այնինչ խաբվել ենք: Քանի, քանի անգամ ենք թուրքից խաբվել: Հիմա էլ, կարծես, այդ ճանապարհային քարտեզի հետ կապված խաբվելու նոր դուռ է բացվել: Դրանից առաջ էլ ֆուտբոլային դիվանագիտությունն էր մեջտեղ եկել:

Բավական չէ՞, ինչքան որ կառուցել ենք Թիֆլիսում, Բաքվում,

Ռուսաստանում... Սինգապուրում նույնիսկ եկեղեցի ունենք: Այսօր էլ շարունակում ենք: Այ հայեր, դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք ինչքան ուժեղ կլինեինք, ինչքան հարուստ, եթե մեր ուժը, խելքը, մասնագիտությունը, ունեցվածքը` մեր կոպեկն ու միլիոնը, ծառայեին հայկական հողի վրա ապրող մեր ժողովրդին:

Ուժեղ պետականություն: Այդ է փրկությունը: Արդյո՞ք այսօր, երբ անկախ ենք, անում ենք ամեն ինչ, որ ուժեղանա մեր պետականությունը, որ նրա հետ հաշվի նստեն, որ մեր էշին չոշ ասող չլինի, որ արդարությունը կարգված լինի որպես թագավոր: Եկեք բաց աչքով մեր շուրջը նայենք: Այսօր էլ ցրիվ ենք գալիս: Հայերով ցանց ենք կազմել երկրագնդի երեսին: Ուր դառնում ես` հայ գաղթօջախ է, հայկական դպրոց ու եկեղեցի: Ավաղ , հալվելու, ձուլվելու ենթակա:

Մինչև ե՞րբ: Մեր հայրենիքին դրանից ի՞նչ օգուտ:

Հզոր, միաժամանակ տառապյալ Շառլ Ազնավուր: Նա օգտագործել է «ապատրիդ», ասել է թե` «անհայրենիք» բառը: Նրա հայրը, որ «Ստամուլից Դամասկոս ձգվող անիծյալ անցումի իր երկար ճամփին ճգնում էր կենդանի մնալ»: Եվ դեռ ասելու էր` «Տեր Զոր, գերեզմանոց մեկ ու կես միլիոն հարազատներիս, ազգականներիս, նախնիներիս...»: Այսօր Շառլ Ազնավուրը և մենք բոլորս ականատես ենք նոր, գնալով բազմացող անհայրենիք հայերի: (Մոսկվայում հայկական եկեղեցի կա, բայց ավելի մե¯ծը պետք է լինի...):

Մեզ ի՞նչ է հարկավոր` ուժեղ պետականություն, միասնական ժողովուրդ, լիարժեք աշխատանք և` նվիրում, նվիրում... Մեր միջից դուրս նետենք Կայենի կոտոշը, ջարդենք թափառաշրջիկի ցուպը:

(Միջանկյալ` թերևս կարող էր նաև չգրվել: Ո՞վ տեղյակ չէ այս ամենին: Բայց չզսպեցի ինձ: Նախորդ էջերում ես էլ անցա Տեր Զորի դաժան ճամփաներով... Ալմաստի հետ: Դժվար է վերապրելը այդ ամենը, թեև անցել է մոտ մեկ դար: Մանավանդ որ` լուսանկարը սեղանիս է): 

***

Ալմաստը Մոսուլում էր: Մոտ երկու դար այդ քաղաքն Օսմանյան իշխանության տակ էր: 1914-1918-ին անգլիացիները գրավեցին այդ տարածքները: Նրանց պետք էր ինչպես օդ ու

ջուր: Այնտեղ նավահանգիստ կար` Բասրան, ծով կարելի էր դուրս գալ: Այնտեղ նավթ կար` Մոսուլում: Այդ ժամանակ Իրաքում և նշված երկու քաղաքներում հազարավոր տեղահանված հայեր կային:

1915-ին, նորից ասենք ու կրկնենք, դեպի Մոսուլ մարդկային գետեր էին հոսել, անթիվ, անհամար, այց քչերն էին տեղ հասել: Անգլիացիները ձեռք էին մեկնել նրանց: Ալմաստն ի՞նչ էր ասում այդ մասին:

-Այո,- ասում էր,- մեզ տիրություն արեցին, հագուստ, կոշիկ, ուտելիք տվեցին: Նույնիսկ աշխատանք ունեցանք: Մի քանի հայ կիներ ճաշարանի մեջ գործ արեցինք: Անգլիացիները խելք չունեին`տավարը կմորթեին, փայծաղը կնետեին: Մենք վար կդնեինք, ջրով կխաշեինք ու հացի տեղ կուտեինք: Կամաց-կամաց ուժի եկանք:

Հավի էլ կաշին հանել կուտային... Անգլիացիների լեզուն չէինք հասկնա, բայց արած գործերը կտեսնեինք:

Սակայն հենց այդտեղ, թաց սալահատակի վրա աշխատելիս, Ալմաստը ձեռք բերեց ոտքերի ու մեջքի ցավ, որ գնալով սրվեց ու տանջեց նրան մինչև կյանքի վերջը:

-Հապա ի՞նչ կուզեիր,- ասում էր,- մեր քաշածն ո՞վ քաշեր, որ չհիվանդնար:

Ինչ որ է: Անգլիացիները թե° Մոսուլի, թե° շրջակա վրանանակ հայերին ժամանակ անց տեղափոխեցին Բասրա:

Բասրան մեծ քաղաք էր: Եփրատ գետի ջրերն էլ, որ նույնպես սկիզ էին առնում Հայկական լեռնաշխարհից, խառնվում էին Տիգրիսին, և գետը, մինչև Պարսից ծոց հասնելը, նավարկելի էր:

Բասրայում ինչ արմավ կար: Այնքան ազմատեսակ, այնքան շատ: Քաղցր` մեղրից առավել: Երկու-երեքը կավեր, քաղցրը սիրտդ կռներ: Հետագայում Ալմաստին հնարավոր չէր արմավի որևէ տեսակով զարմացնել: Ադ ի՞նչ է, ասում էր, ադոնք ծառերի տակ թափածներն են:

Բասրայում ամառները շատ շոգ էր և անտանելի խոնավ: Ալմաստի ոտքերի ցավն ուժեղանում էր հատկապես այն ժամանակ, երբ սկսում էր փչել «հարավ» քամին: Այդ քամու և նրա վնասի մասին իրենից լսեցի:

Այդ քամին կարծես նրա թշնամին լիներ, ասում էր` մտնում է ոսկորներիս մեջ, դուրս չի գալիս: Նույնիսկ գիտեր, թե տարվա որ ամսին է փչում`վաղ գարնանը, և նախապես մտածում էր պաշտպանվելու մասին:

Բասրայում որքա՞ն ժամանակ են մնացել, հայտնի չէ: Համենայնդեպս մինչև 1921 կամ 1922 թվականները դեռ այնտեղ էին: Հենց Բասրայում ստեղծվեց այն միակ և շատ նշանակալից ՙփաստաթուղթը՚, որ վկան էր իրաքյան տարիների:

***

Լուսանկարը: Շատ անգամ եմ դիտել այս լուսանկարը և ամեն անգամ էլ հիշել եմ Մեծն Թումանյանի տողերը`

Երկու որեր,

Քուր ու ախպեր...

Այս նկարում սակայն` երեք որբեր, երեք քույրեր... Կորած եկել են հեռվից, արևը վառ, ճամփեն երկար, ոչ աղյբուր կար, ոչ առու...

Ոտաբոբիկ ու չուլերի մեջ կորսված եկել, իրենց մանուկներին շիկացած ավազների մեջ թողած, եկել հասել են Մոսուլ և տարիներ անց, հիմա էլ, երբ դեռ Բասրայում են` այցելում են տեղի լուսանկարչատուն, որ կոչվում է «ֆոտո արտիստ», նկարիչը` Լ.Ռ. Դիաս, Բասրա: Այս տառերը տպված են կանաչ, ձվաձև պիտակի վրա, փակցված ամուր ստվարաթղթի անկյունում, լուսանկարի տակ: Հատակին գորգ է փռված: Կարծես թե հայկական գորգ է: Մի քիչ կասկածում եմ: Բայց ինչո՞ւ: Հայ վաճառականները որտե՞ղ չեն հասցրել մեր գորգերը: Շատ որակյալ լուսանկար է, այսքան ժամանակ անց պահպանել է թարմությունը:

«Երեք որբերի» թիկունքում, պատին ծաղկավոր վարագույր է կախված: Կենտրոնում նստած է Մարինոսը: Աջում կանգնած է քույրը` Ալմաստը, ձախում ազգականուհին է: Երեքն էլ լուրջ են ու տխուր: Մարինոսը որ` խռոված երեխայի հայացք ունի, ուր որ է արցունքները կթափվեն: Մի կողմից Ալմաստն է իր գեղեցիկ ձեռքը դրել քրոջ ուսին, մյուս կողմից` ազգականուհին: Հագուստներն անգլիացիներն են տվել. փեշերը հասնում են մինչև հատակ, երևում են միանման, կոպիտ, քուղերով կապված կոշիկները: Ալմաստի զգեստը`կապույտ, նուրբ բրդյա կտորից էր կարված:

(Այդ լուսանկարից երեք տասնամյակ անց Ալմաստի անգլիական զգեստը ես կտեսնեմ զգեստապահարանում կախված, 1950-ին: Իսկ դրանից էլ երեք տարի անց, ի թիվս այլ իրերի և հագուստների, գողերը կկոտրեն դռան կողպեքը, կտանեն նաև տխուր պատմություն ունեցող այդ զգեստը: Դրա համար հիմա ես շատ եմ ափսոսում, որովհետև դա Եղեռնի տեսանելի և շոշափելի վկաներից մեկն էր):

Վերադառնանք լուսանկարին: Արդյո՞ք դա նրանց կյանքում առաջին լուսանկարն էր, որ Բասրան թողնելուց առաջ որոշել էին ունենալ իբրև հիշատակ իրենց թափառումների: Այո, այդպես էր: Այդ ժամանակ Ալմաստը երեսունչորս տարեկան էր: Այդ ժամանակ է «որբ երեխաներ» արտահայտության կողքին Ավելացել «որբ այրիներ» արտահայտությունը: Լուսանկարում պատկերված երեք երիտասարդ կանայք էլ այրի էին:

1921-1922 թթ. անգլիական կառավարության կարգադրությամ, երեք շոգենավներով 7500 տարագիր հայերի տեղափոխել են Բաթումի: Շոգենավերից մեկով երկու քույրերը` Ալմաստը և Մարինոսը, հասել են Բաթումի, այնտեղից` Հայաստան, քաղաք Երևան:

-Գիտե՞ս քանի ծովու վրայով անցանք,- ասում էր Ալմաստը:

-Քանի՞,- հարցնում էի:

Երեսուն տարի էր անցել, ոչ ծովերի անուններն էր հիշում, ոչ թիվը:

Ես վերցնում էի քարտեզը, և ինչպես Լենինականի իմ աշխարհագրության ուսուցիչ Աբրահամ Իսրայելյանն էր սովորեցրել, ցույց էի տալիս`– Ահա Բասրան, այստեղից մտել եք Պարսից ծոց, դուրս եկել Արաբական ծով, հետո Կարմիր ծով, այնտեղից Սուեզի ջրանցքով դուրս եք եկել Միջերկրականի ջրերը, ապա Էգեյան ծով... Եվ այդպես հասել Սև ծովի Բաթումի նավահանգիստ...

Մայրիկը նայում էր քարտեզի վրայով շարժվող իմ մատին, բայց չգիտեմ ինչ էր մտածում, կամ, գուցե և ինձ չէ՞ր լսում: Նրա լռությունը նորից բռնել էր: Երևի մտքով գնացել էր էէէ¯, ի՞նչ իմանամ` իր ծննդավայր Կարագյո՞լ, մտքով Մոսուլի վրանների տա՞կ էր դեռ...

Թերևս հիշել էր Հալե՞պը, ուր վախճանվեց որդիներից վերջինը, շարականներ երգող Ահարոնը:

Այստեղ մարդկանց մասին պատմությունս մի պահ ընդհատում եմ, ներկայացնելով «Խոնարհում» հատվածը, տարաբախտ մեկ այլ խումբ զոհերի մասին, որոնք չափազանց արժեքավոր են, դարերի խորքից եկած մեր քարակերտ վանքերն ու եկեղեցիներն են: Դրանց կորուստը մեծ ցավ է մեզ համար: Սակայն հիշելով մենք կերկարացնենք նրանց կյանքը: 

«Խոնարհում» 

Ո՞ւր մնացին հայկական նահանգների հնությունները, ձեռագրերը, եկեղեցիների թանկարժեք իրերը: Վանի եկեղեցվո սպասները մի ռուս տարել է կաթողիկոսին հանձնելու-հասա՞վ տեղ:

Ավետիք Իսահակյան «Հայկական հարց», 1916-1917 թթ. օրագրությունից 

Հանկարծակի ամուսնուս ծնողների հայրենիքից`Սեբաստիայի գավառից, տեղափոխվեցի իմ ծնողների բնիկ հողուջուրը` Բասենի գավառի Դալիբաբա գյուղ: Այնտեղ, սարերում ու ժայռերի մեջ աղբյուրներ ու սրբատեղիներ կային, իսկ գյուղում` եկեղեցի: Երբ մայրս խոսում էր իրենց եկեղեցու մասին, չէր մոռանում երկու բան` նախ այն, որ իրենք ունեին երկու տերհայր` Տեր Անտոնը և Տեր Գարիելը: Ընդ որում Տեր Գաբրիելն իմ պապն էր, մորս հայրը: Երկրորդ. Եկեղեցու գմբեթը հենվում էր սյուների վրա: Դրանցից երկուսի ծախսը հոգացել էին երկու ունևոր ընտանիքներ: Պարզ է, ես չեմ տեսել, բայց ամեն անգամ, երբ միտքս է ընկնում մորս պատմածը, ինձ թվում է, թե տեսել եմ:

...Քիչ հետո ժամերգություն է լինելու, մարդիկ իրենց պահունի շորերը հագած, շարվեշարան գալիս ու խաչակնքելով ներս են մտնում: Ահա եկան նաև նրանք, կանգնեցին իրենց մշտական տեղը`իրենց սյուների կողքին: Երևի նրանք ո՞ւժ էին առնում եկեղեցու ամուր հենարաններից, որոնց հետ կապված էին իրենց գերդաստանների անունները: Իսկ հետո մտքումս հարց եմ տալիս` արդյոք ի՞նչ փորձանք եկավ մեր եկեղեցու գլխին:

Երկրորդ գաղթի ժամանակ, 1918 թ. փետրվարի 28-ին, մի շատ ցուրտ ու ցեխոտ օր, երբ գյուղից դուրս էին գալիս ծանրաբեռ սայլերը... Ուտելիքի պաշար, անկողին, հիվանդ ծերեր, մանուկներ, հղի կանայք...

-Մայր, վերջին անգամ հետ նայելիս ի՞նչ տեսար...

-Լավ հիշում եմ` գյուղի տարբեր տեղերից բոց էր բարձրանում:

Մեկը հորքուրանցս մարագն էր, որտեղ թաքնվել էին ամբողջ ընտանիքով, մեծով ու փոքրով, մյուսները` ի՞նչ իմանամ, վախենամ` մյուսն էլ մեր եկեղեցին էր... Ու լռում էր, լռում էր, ես էլ` իր հետ...

Այժմ, թեև ես կենտրոնացել եմ Սեբաստիայի գավառի վրա, բայց չմոռանանք, որ մանկուց գիտեի` իմ պապերի, իմ ծնողների, ուրեմն նաև իմ բնիկ հայրենիքը Բասենն է: Ժամանակի տեսակետից, երբ դեռ փոքր էի, որքան մոտ էի Երկրին: Ընդամենը տեղահանությունից տասներկու տարի էր անցել` ֆիզիկապես ես Լենինականում էի, բայց այդ ի՞նչ ջրաղաց էր, որը հիշելիս մայրս խորը հառաչում էր, ասելով` էրթայի Երկիր, մեր ջրաղացը տեսնեի, նոր մեռնեի: Ո՞ւր մնացին սև հողերով արտը, կարմիր ու սպիտակ հողերով մե°ր արտերը, ո՞ւր է Գռնով աղբյուրը (որի ջրից մայրս խնդրեց մահվան մահճում), գյուղը երկու մասի բաժանող գետը, բոլորը, բոլորը մորս պատմածներով տեսել եմ և ներառել իմ մեջ, այնքա¯ն խորը, որ նաև մտել է իմ բանավոր և գրավոր խոսքի մեջ: 

***

Դե արի ու պատմությունդ շարունակիր, երբ հայի հիշողության մեջ, հարյուր տարի հետո էլ, ամբողջ Արևմտյան Հայաստանը ավերակ է, կամ էլ բոցերի մեջ: Ախր, հայտնի բան է, կորցրած երկրի կարոտն արյան միջով է անցնում սերունդներին:

Սակայն, քանի որ այս հատվածում իմ խոնարհումն եմ արտահայտելու Սեբաստիայի և գավառի հոյակերտ եկեղեցիների հանդեպ, որոնց նյութերը հավաքել եմ տարբեր աղբյուրներից, հայցում եմ ձեր ներողամտությունն իմ փոքր շեղման համար: Չդիմացա, որովհետև հանկարծակի ես էլ մորս նման հետ նայեցի` նայեցի մեր գյուղի ուղղությամբ և տեսա այն, ինչ մայրս էր տեսել, թեև հիմա ժամանակը 2010 թվականն է: Դրանից անմիջապես հետո ես նայեցի Սեբաստիայի գավառի ուղղությամբ և ավելի ահավոր բաներ տեսա` տեսա ամողջ գավառը սպանդանոցի վերածված, որ փոխանցել էր ինձ Ալմաստ մայրիկը, սկեսուրս: Նա, վերևում արդեն ասել եմ, ով դուրս էր եկել իր հայրենի գյուղից, անցել Դեր Զորով, և, հայտնի չէ, թե ինչպես և ինչն էր պահել նրան, որ ողջ էր մնացել:

Եվ այս պահին իմ մեջ բարձրացել է խոնարհման զգացումն ամբողջ Արևմտյան Հայաստանի այրված-քանդված ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի ու մատուռների հանդեպ, բայց ես կենտրոնանալու եմ միայն Սեբաստիայի գավառի եկեղեցիների և սրբավայրերի վրա, ինչ-որ լսել եմ ականատեսներից, ինչպես և` տարեր աղբյուրներից: 

***

Սիմեոն Դպիր Լեհացի, ճանապարհորդ-ուղեգրող:

Ծնվել է 1584 թ. Զամոսծ քաղաքում, Թեոդոսիայից Լեհաստան գաղթած Մահտեսի Մարտիրոսի և Դովլաթ խաթունի ընտանիքում: (Իսկ հա՞յրը որտեղից էր գաղթել Թեոդոսիա): Տեղի հայկական վարժարանում աշակերտել էր բանաստեղծ և գրիչ Հակոբ Թոխաթցուն: (Իսկ որտեղ էր Թոխա՞թը: Սեաստիայի գավառում):

Քսանչորս տարեկանից Սիմեոն Լեհացին սկսել է ճանապարհորդել: Նա եղել է Եվրոպայի երկրներում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, անցել է Թուրքիա, Հունաստան, Եգիպտոս, Իտալիա, Հայաստան, Սիրիա և այլ վայրերով: Չափազանց արժեքավոր է նրա «Ուղեգրություն» աշխատությունը, որը շարադրել է, ինչպես ինքն է ասում, տեսածի ու լսածի հիման վրա: Սիմեոն Դպիր Լեհացին ի՞նչ էր տեսել Հայաստանում: Ահա մի հատված նրա «Ուղեգրությունից»,  որը վերաերում է Սեբաստիային և գավառին:

«...Եվ Սեվաստ էր մեծ, և լայն ու ընդարձակ, մարդաշատ և բարիքներով լի. հացն, միսն, կաթն ու մածուն, կարագն առատ, բայց միրգն ու գինին նվազ, զի ցրտային և ձմեռային էր: Եվ մի օրվա ճանապարհ հեռու փառավոր եկեղեցի մի վանք` Հրեշտակապետ անուն, որ ունի երեք վանք, վարդապետ մի Մելքիսեթ առաջնորդ: Եվ կային շուրջ Սեվաստու բազում անվանի գեղորայք, շեն և փարթամ. գեղկար, որ հազար տուն էր... բայց ամենքն ճելալիք ավիրել էին: Մտանք ներս: Մեծ տներ կային, և երկու-երեք թոնդիր ամեն տուն, այնպես մեծ, որ եզ մի կմտներ մեջը, բայց անբնակ և անմարդ էր: Եվ քաղաքեն դուրս Ս.Նշան վանքն Սենեքերիմա թագավորին շինած, և կա մեջն սուր խաչափայտի մասն»:

Սուրբ Նշան վանքը կառուցվել է 11-րդ դարում, և չորս դար անց իր աչքով տեսել է Սիմեոն Լեհացին: Կանցնեն դարեր, որպես ապահով վայր այնտեղ կտեղափոխվեն Վարագավանքի հարուստ Մատենադարանի ձեռագիր գանձերը և Սենեքերիմ Հովհաննես թագավորի գահը: Իսկ թե հետո ի՞նչ փորձանքների կհանդիպի հայ ճարտարապետության այդ շքեղ հուշարձանն իր մշակութային գանձերով, երբ նրա դիմաց վայրի հորդա կանգնած կլինի...

Սուրբ Նշան: Հայ ժողովրդի կողմից որքան սեր ու հարգանք, որքան գորովանք, եթե միայն հիշենք նրան տրված անունները` Արեգակ Ս.Նշան, Ս.Հովհան Ոսկեբերան, Սեբաստիայի Ս.Նշան...

Վանքը փոքր Հայքի Մարագում լեռան փեշին էր, մոտակայքում բազում աղբյուրներ կային, զառ-վառ ծաղկահովիտներ: Եկեղեցու ներսը, բարձրության մինչև կեսը երեսպատված էր Կուտինայի (Կոմիտասի ծննդավայրի) հախճապակե սալիկներով: Պատերի մեջ ագուցված էին խաչքարեր: Հատակը ծածկված էր գեղեցիկ խճանկարով...

Վարպետների կողմից որքան սեր, որքան գորովանք ու հմտություն, որ իր բնակավայրը զարդարված լինի արվեստի չնաշխարհիկ գործերով: Եվ դա այն աստիճանի, որ մոռացության էին տրվում կամ երկրորդ պլան մղվում պաշտպանության խնդիրները...

1915-ին ավերվում ու կողոպտվում է նաև Սուրբ Նշանը: Ավերողը թուրքն էր: Ծրագիր ուներ` շատ հնուց մտածված: Մանավանդ ատելություն և ուժ: Իրենը չէր, եկվոր էր` ինչպես ասում են`գող, սիրտը դող, բայց ուզում էր Հայաստանն իր ամեն ինչով ջնջել, արմատահան անել թե մարդկանց, թե մշակույթը: Դարերով էր չարագործություններ նյութել – իրենով անելու, սեփականացնելու ազգերին ապրեցնող ամենաթանկ գանձը` ՀՈՂԸ:

***

Խորին խոնարհում ոչ միայն վանքեր ու եկեղեցին երբ, բերդեր ու կամուրջներ կառուցողներին, խաչքարեր կանգնեցնողներին, այլև դրանց մասին գրողներին: Այլապես մենք պետք է խարխափեինք, ինչպես մութ աշխարհում: Մինչդեռ մտովի տեսնում ենք, հիանում գույներով ու զարդաքանդակներով: Զգում ենք ժամանակի շունչը, ժամանակը` անցողիկ, բայց նաև անանց` բռնված գրքերում, բառի ու խոսքի մեջ: Մեզ են փոխանցվում նույնիսկ Եղեռնի ենթարկվածների տառապանքները, որ ասում են` չմոռանաք, չմոռանաք...

Գրավոր պատմությունը մեծ ու ազնիվ փոխանցող է: Լինի քարի, մագաղաթի, թե թղթի վրա: Եվ այն մարդիկ, ովքեր դարերի ընթացքում քրտնաջան աշխատանքով փշուր-փշուր հավաքել ու ամբարել են գրքերում,սնել մեր հիշողությունը, բացել մեր` հետագա սերունդների աչքերը, արժանի են մեր խոնարհումին: Նրանք հավատացել են` կգա դրանք օգտագործելու ժամանակը, դրանցից դաս առնելու, դրանցով առաջնորդվելու ժամանակը: Հիշենք Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակյանի ավանդը` «Մի կոտրեք հույսին կանթեղը ձեր կյանքի գաղափարի խորանին վրա»:

«Պատմագիրք հուշամատյան Սեբաստիո և գավառի հայության». Երկու ծանր, տարողունակ հատորներ, որոնց ստեղծումը եղել է բնիկ սեբաստացի Առաքել Ն. Պատրիկի կյանքի գործը: Ինչպես նա, այնպես էլ բազում այլ հեղինակներ, ականատեսի իրենց պատասխանատվությամբ օգնել և առ այսօր օգնում են հասկանալու` ո՞վ է թուրքը, ի՞նչ բան է թրքությունը, ի՞նչ է արել հայերի, հույների, Եվրոպայի այլ ժողովուրդների գլխին, և դեռ ինչերի է ընդունակ` դատելով նրա արարքներից և հոգեբանությունից, ինչո՞ւ չէ, նաև, կեղծիքով լի խոսքից ու խոստումներից: Տարիքի բերումով անձամբ ես Եղեռնից հետո ծնվածների առաջին սերնդին եմ պատկանում: Իմ առաջին տեղեկատուները բասենցի ծնողներս են եղել, իսկ հետո, տարիներ անց, ամուսնուս ծնողները Սեբաստիայի նահանգից: Իսկ ամենահարուստ տեղեկատուները` այն մարդիկ, որոնք հասկացել են պատմությունը գրքերում ամբարելու անհրաժեշտությունը:

Այստեղ հիշատակվեց միայն Առաքել Պատրիկի անունը: Սակայն նրանք շատ են: Հազարներ են: Բոլորն էլ արժանի են մեր խոնարհումին: 

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter