HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Արամ Աթեշյան. «Հայ լինելու չափանիշը քրիստոնությունն է»

«Հետքի» հարցերին պատասխանում է Պոլսո պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսոկոպս Աթեշյանը

-Սրբազան, Ստամբուլում մի քանի ամիս մնալով՝ տպավորություն ստացա, որ Հայաստանն ու թուրքահայությունն իրար հետ այնքան էլ կապված չեն:

Հայաստանի անկախությունից շատ առաջ մեր համայնքի զավակները հայրենիքը տեսնելու և հոնտեղի մեր եղբայրներու ու քույրերու հետ շփվելու կարոտն ունեցած էին: Դրանից հետո Հայաստանեն երգչախումբեր, երգիչներ, պարախումբեր, մտավորականներ ու այլ դասակարգի մարդիկ Թուրքիա եկան և, անշուշտ, նույն ձևով մեր կողմեն ալ այցելություններ տրվեցան Մայր Հայաստան:

Հոստեղ ապրող հայաստանցի մեր ազգակիցները մեր հիվանդանոցներում ըստ կարելվույն կդարմանվեն, իսկ մանուկները գրեթե ամբողջությամբ ձրի կդարմանվեն: Մկրտություններով մենք ենք զբաղվում, մահացողներին համար էլ՝ եթե չեն կարող մեռնողը հետ տանել, արարողությունը հոս կանեք ու մեր գերեզմանատներում կթաղենք: Հրանդ Տինք դպրոցում սովորող հայաստանցի մանուկներով էլ ենք զբաղվում, իսկ վերջին ամիսներին էլ անձամբ ես եմ սկսել զբաղվել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է ասել, որ կապը փրթած է:

Միևնույն ժամանակ պետք է ասել, որ առաջին անգամ, երբ մեր ազգակիցները Հայաստանից Թուրքիա եկան, մեր համայնքի զավակներն էին, որ իրենց տների դռները լայնորեն բացեցին, բայց, դժբախտաբար, քանի մը ընտանիքներ էլ կողոպտվեցին:

-Մի քանի դեպքերով եք դատում, Սրբազան:

-Անշուշտ է, որ ամեն ժողովուրդի մեջ, ամեն համայնքի մեջ և ամեն տեղ գող-ավազակներ կան, կարելի չէ փոքրամասնությունը մեծամասնության վերագրել: Պարզապես մեր համայնքը ցավ զգաց:

-Երբ հունվարին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ սուգ հայտարարվեց, մենք ակնկալում էինք, որ այստեղ էլ ինչ-որ ձևով այն արձագանք կունենա:

-Անշուշտ արձագանք գտավ: Երբ օրերով թերթերն այս նյութին շուրջ գրեցին, մեր համայնքի զավակներն էլ շատ մեծ ցավ զգացին: Իսկ Պատրիարքություն ըլլալով՝ մեր բոլոր եկեղեցիներուն մեջ հոգեհանգստյան պաշտոն կատարեցինք: Բայց քանի որ թերթերուն այս մասին չասեցինք, շատերուն կողմեն լսելի չեղավ:

-Պոլսո հայությունը իր ապագան ինչպե՞ս է տեսնում:

-Նախ` որպես հայ քրիստոնյա մեր ապագան մեր եկեղեցիներն ու դպրոցներն են, մեր լեզուն ու մշակույթն է, մեր ազգային ու եկեղեցական արժեքներն են: Բայց որպես անհատներ ամեն անհատ իր ապագան իրեն ծնած, մեծացած ու սնունդ առած երկրին մեջ կփնտրե, այսինքն` իր ծննդավայրին մեջ:    

-Հաճախ հարց է հնչում, թե ինչո՞ւ պոլսահայերը լավ հայերեն չեն խոսում:

-Պետք չէ մոռանալ, որ Պոլիսը մտավորականության կենտրոն է եղել և նշանավոր հեղինակներ այստեղ ծնունդ առած են, լեզվի ու գրականության պահպանման մեջ մեծ դեր կատարած են:

Մեր համայնքի բնակչության մեծամասնությունը գավառեն են եկել, որտեղ հայկական դպրոցներ չկային, հետևաբար չեն կարողացած իրենց մայրենի լեզուն սովորել, ինչը որ մեղադրելի չէ: Մեր աշակերտության մեծամասնությունը այս ընտանիքներու զավակներն են: Ճիշտ է, որ լեզուն կատարյալ չեն սովորում, բայց մենք այսքանով ալ ուրախ ենք:

Վերջին 40-50 տարիներուն մեր դպրոցներում դասերուն մեծամասնությունը թրքերենի վերածվեցին: Մերիններն են հայ դասերը փոխած ու դասերը թրքերենի վերածած, որպեսզի համալսարանին քննությանը թրքերենով մտնի. հայերենով չէին կարող մտնել: Ու ատիկա միայն տնօրենների որոշումը չէր եղած, այլ համայնքին որոշումը: Որոշվեց, որ հայերենը՝ լեզու ըլլալով ու կրոնքը միայն մնան, իսկ մյուսները փոխեն թուրքերենի:

-Բայց մենք ունենք սիրիահայերի օրինակը, որտեղ հայերեն խոսելու և հայերենը պահելու մշակույթը շատ բարձր մակարդակի վրա է:

-Սիրիահայերու համար Սիրիան ազատ երկիր էր՝ առանց խտրականության, որտեղ թե́ իրենց լեզուն, թե́ կրոնը և թե́ մշակույթը կարողացել են լավագույնս պահել:

Հայաստանցիների պարագան ի՞նչ է. ոմանք կուգան, ես հայերեն կխոսեմ, իրենք ինձի թրքերեն կպատասխանեն: Կհարցնեմ՝ դուն հայ չե՞ս, ինչի՞ թրքերեն կխոսես, կպատասխանե, որ ես թրքերեն ավելի լավ կըրնամ խոսել: Քանի՞ կին է` մեկը չէ, երկուսը չէ, երեքը չէ: Եվ այդ հայերից շատերը կուգան հոս ու մահմեդականներին հետ կամուսնանան, գլուխները ծածկողներ էլ կան: Հայաստան եղած ժամանակ տարբեր գաղափար ունեին, Թուրքիա եկան՝ ամբողջությամբ փոխվեցան: Խառնամուսնությունը, իհարկե, ամեն երկրի մեջ էլ կա, բայց մեր մոտ էլ վերջերս շատացավ:

-Եթե պոլսահայերի շրջանում էլ խառնամուսնություն կա, ինչո՞ւ է այդքան վատ ընդունվում հայաստանցի հայի ամուսնությունը թուրքի հետ:

-Ես թուրք բառը չգործածեցի, այլ խառնամուսնության, որուն մեջ ամեն կրոնի ու դավանանքի մարդիկ կարող են լինել: Իսկ եթե հարցը թուրքի հետ ամուսնությունն է, պիտի ասեմ, որ հայաստանցի մեր ազգակիցները, որոնք Հայաստանում ծնված լինելով՝ տարբեր ձևով դաստիարակված էին, հայոց պատմություն սովորած էին, տարբեր գաղափար ունեին անոնց մասին, և թուրքը թշնամի էր անոնց, մեկ խոսքով՝ կատեին թուրքը, հոս գալով աշխատելը մեկ կողմ թողենք, ամուսնությունն ինչո՞ւ է:

Ու պետք չէ, որ ինձի հետ ինքը բաղդատե: Իմոնքս իրենց հետ կապրին, իրենց հետ նույն դպրոցին մեջ են, ադիկ քիչ մը ջուր կվերցնե, բայց հայաստանցու պարագային ընդունելի չէ: Ասել է, որ ժամանակը, տեղը և հարաբերությունները մարդուն ունեցած գաղափարները փոխում են:

-Շատ է խոսվում մահմեդականացված հայերի մասին, և Դուք տարբեր առիթներով ասում եք, որ հայ լինելու չափանիշը քրիստոնյա լինելն է:

-Ես կասեմ, որ քրիստոնեությունը հայ լինելու անբաժան մասնիկն է: Ազգությունն ու կրոնքը անբաժան են մեզ համար: Քրիստոնեության համար հայ ժողովուրդեն ավելի զոհ տված ժողովուրդ մը կա՞ արդյոք:

-Բայց այդ մարդկանցից շատերի տատն ու պապը իմ և Ձեր պես հայ են եղել:

-Անձը ինչպե՞ս պիտի փաստե, որ հայ է, եթե ոչ` մկրտության վկայականով: Միայն իրենց «ես հայ եմ» ըսելով պիտի ընդունի՞նք: Հայաստանի պետությունը սփյուռքի հայությանը քաղաքացիություն տալուց մկրտության թուղթ ունենալը պայման դրած է, ինչ որ ճիշտ է: Ո́չ մեր ազգությունը և ո́չ էլ մեր կրոնը այսչափ էժան պետք չէ, որ ըլլա:

-Բայց ենթադրենք եկել է և ուզում է մկրտվի:

-Այդ պարագային Պատրիարքարան խնդրագրով մը պիտի դիմե, դաս պիտի առնե, անձնաթուղթը պիտի փոխի, ուր պետք է գրված լինի քրիստոնյա, պիտի մկրտվի և այսպիսով Հայ Եկեղեցու անդամ պիտի դառնա: Բայց անոնք անձնաթուղթը չեն ուզում փոխել, այլ միայն մկրտվել են ուզում:

-Այդ դեպքում ինչո՞ւ են ուզում մկրտվել:

-Որովհետև արտասահմանում մկրտության վկայականը մեծ դրութուն կընծայե իրենց: Հայ եկեղեցու անդամ ըլլալ են ուզում, բայց մյուս կողմեն էլ ցույց տան, թե  մահմեդական են: Երկու պարագան էլ ուզում են գործածել. Հայաստան կամ Եվրոպա գացած պարագայեն մկրտության թուղթը պիտի գործածե, իսկ այս երկրին մեջ էլ թրքական ինչ-ինչ գործի մեջ մահմեդական լինելը պիտի բանեցնե: Այդպես չէ: Ոչ մեկ կընդունե ասանք բան մը:

-Սակայն դուք վերապահումներ ունեք 1950-ականների վերջերին մահմեդականացված հայերի վերաբերյալ:

-Վերապահումներ չունեմ, այլ հույս ունեմ, որովհետև անոնց մեջ տակավին հայեր կան, որոնք հայերեն են խոսում, գաղտնաբար խաչ են գործածում և աղոթք անում: Ես այս ընտանիքներից, մասնավորապես` Տիգրանակերտից մանուկներ ու երիտասարդներ բերած եմ՝ մանուկներ, որոնք մեր դպրոցներու մեջ են ուսանում, իսկ երիտասարդներն էլ հայերի հետ ամուսնացան, բոլորն ալ մկրտված ու Հայ Եկեղեցու անդամ դարձած են:

Մեկնաբանություններ (5)

Gary
I can't understand and accept those Armenians moving to turkey where there are not welcomed and allowed to talk their language or practice their culture. It is tragic but I think these stupid people Should change their names and forget Armenia forever. Why would anyone want to speak that horrible language anyway. So sad....
Hovik
Gary, first of all a language cannot be horrible, it cannot be good or bad either. Second of all, please apologize to people for calling them stupid, it will be for your benefit. People, who left Armenia, had their reasons, don’t judge them. Third of all, travel more, meet new people, read more books, get more education. It is not late!
Istvan
I was in Armenia. I think there are a good reasons why Armenians leave Armenia. Political and economy situation in Armenia is bad, and I think this is the main reason why they leave Armenia.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Որովհետև Թուրքիայում հայերը քաղաքակա՛ն կարգավիճակ ու քաղաքական գործոն չեն, այլ միայն ազգային-կրոնական: Ռուսաստանում էլ հայերը քաղաքական գործոն չեն: Պոլսահայը թուրքից ինչ-որ բանով տարբերվու՞մ է. թրքախոս, թրքական անուններով ու թրքական անձնագրերով: Իրենց «հայ լինելու» միակ տարբերաչափանիշը, զարմանալի չէ, որ «քրիստոնյա լինելն» է...................................................... Հետաքրքիր է՝ հայ առաքելական եկեղեցում ՃԳՆԱՎՈՐ դեռ մնացե՞լ է: Այն ձեզ անշարժ գույքի գործակալություն չի՞ հիշեցնում: Կամ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու իսկական ճգնավորը այսքա՜ն պիտի խառնվի ազգի պետակա՛ն գործերին: «Մեկ ազգ-մեկ եկեղեցի» կարգախոսը հային մասնատված պահելու արդյունավետ միջոց է. ու՞մ շահն է սա սպասարկում: Քրիստոսը 1915- ին փրկե՞ց: Կարգախոսը պիտի՛ լինի՝ «մեկ ազգ-մեկ հայրենիք»:
Karnig
Այո՛ Քրիստոս 1915-ին փրկեց: Նախ տալով ոյժ որ Հայեր նախընտրեն մեռնիլ քան թէ ուրանալ Զինք եւ այսպիսով դառնան մարտիրոսներ որոնց վարձքը ՄԵծ է երկինքի մէջ: Երկրորդ տալով Հայուն ՆՈՐ ԱՌԻԹ մշակուելու որպէս պարարտ հող Աւետարանի Խօսքի Սերմին համար: Ինչ որ Արք. Արդէշեան կ'ըսէ ցոյց կու տայ ցաւալին թէ Մուսուլման ամուսնութիւնը աւելի արժեք կը ներկայացնէ ոմանց:Միթէ Քրիստոսի Սուրբ Արիւնը եւ յետոյ, Սուրբ` Գրիգորի չարչարանքները, Սուրբ` Հռիփսիմէի, Քայանէի, եւ Կոյսերուն արիւնը, եւ միլիոնէ աւելի զոհերուն վճառած գինը որպէսի չկորսնցնեն Քրիստոս չս՞որվեցնէր թէ Աւետարանը Հայուն ՄԵԾ զոհողութիւնով հասած է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter