HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մօնրօն ո՜ւր՝ աշխարհակալությունն ո՜ւր

Լեռ Կամսար

Կյանքի մէջ կպատահեն մարդիկ, որոնք սկզբունքով սաստիկ կատեն թղթախաղը։ Կպատահի նաև, որ այդ նույն մարդը երկաթուղու մէջ կամ սրճարանում իր պարապությունը բանով մը լեցունելու համար կմոտենա ու կդիտէ երկու մարդիկ, որք անկյուն մը քաշված, տաքացած թուղթ կխաղան՝ առջևնին թղթադրամի երկու դէզեր դրած։

Ու հանկարծ կգայթակղի մարդն։ Եկուր անգամ մը բախտս փորձեմ՝ կըսէ ու տարվողին կփոխարինէ։ Առաջին թուղթը կքաշէ՝ հաջող, երկրորդը՝ ավելի հաջող, երրորդն ամէնահաջող, և տեսնես քիչ մը ժամանակվա մէջ ողջովին «կկթէ» դիմացինին ու մատ-սոխ ճամբու կդնէ։ Քաջալերված առաջին արդյունքէն՝ուր խաղցողներ տեսնէ, մէջը կմտնէ ու քիչ ատենէն շրջանի ամէնասաստիկ խաղացողը կդառնա ու մեծ կարողություն կդիզէ։

Այս մարդուն շատ կնմանի Ամերիկան։ Առաջներ բնավ գլուխ չունէր պատերազմի, գլուխ կախած առջև իր գործովը միայն կզբաղէր։ Ամէն անգամ, երբ Եվրոպայում իր արյունակից Անգլիան կռվի բռնվելով Գերմանիայի հետ նեղը կիյնար և Ամերիկա օգնության կկանչէր, վերջինս դժկամ կերթար, ուշքը միշտ դէպի տուն, իր ընդհատված գործին դարձուցած՝ կկռվէր Գերմանիո հետ։ Երկու անգամ՝ Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմներուն գնաց Եվրոպա՝ Անգլիային ու Ֆրանսային գերմանացոց ձեռքէն ազատեց ու դարձավ։ Բայց վերջին անգամ, երբ կռվեց ու հաղթեց, հանկարծ միտքն բան մը ինկավ։

«Ծօ՜, մտածեց, ինչո՞ւ ես կռվեմ հաղթեմ՝ արդյունքն ուրիշները վայելեն․ եկո՛ւր ե՛ս հաղթեմ, ե՛ս ալ վայելեմ»։ Ու մտածեց ողջ աշխարհն գրավել ու համաշխարհային պետություն դառնալ։

Հիմա ամբողջ աշխարհն դրամի ուժով արդէն ենթարկեր է իրեն, միայն կմնա Ռուսաստանը, որ մեր Սասունցի Դավթի նման «ծռություն» կընէ ու չի ուզեր անցնել Կոզբադինի թուրի տակէն։ Չեմ գիտեր, թէ Ամերիկան ինչ ձևով կուզէ խելքի բերել սա Դավթին՝ ատոմային ռումբո՞վ, թէ՞ ճառերով, այդ իմ գործս չէ, միայն կուզէի ըսել ես, թէ ինչպէ՜ս կամաց-կամաց բացվեց Ամերիկայի ախորժակն ու մէկէն իր դուռը փակեց ու դուրս ելավ ընդմիշտ աշխարհակալության։

Մօնրօն ո՜ւր՝ աշխարհակալությունն ո՜ւր։

1947թ. անտիպ «Չապրած օրեր» գրքից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter