HY RU EN

Լիլիթ Պիպոյան. «Կյանքը մի տեսակ լոզունգային է մեզ մոտ»

Հարցազրույց երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ:

-Ի՞նչ եք մտածում երկրի, երկրի վիճակի մասին:

- Հայաստանի զարգացման տեմպերը շատ դանդաղել են, նույնիսկ, կարելի է ասել, դոփում է տեղում, չի զարգանում բոլոր իմաստներով` և´ տնտեսության, և´ գիտության, և´ արվեստի, և բարոյականության, էլ չեմ ասում` քաղաքականության մասին: Եթե աշխարհի մասշտաբով նայենք, Հայաստանում կյանքը միջինից գուցե մի քիչ ցածր, բայց ոչ կատաստրոֆիկ ցածր է, ծայրահեղ աղքատության մեջ չենք, ինչպես աֆրիկյան կամ ասիական մի շարք երկրներ: Սակայն հարցը դա չէ: Ինձ անհանգստացնում է այն, որ մենք զարգացում չենք ապրում: Իսկ մենք ունեինք զարգացման պոտենցիալ և այսօր էլ ունենք:

Բարդ հարց է: Պատճառները չգիտեմ, բայց կարող եմ խոսել միայն այն մասին, թե ինչ է տեղի ունենում մարդկանց հորիզոնական հարաբերությունների կտրվածքով, այլ ոչ թե ուղղաձիգ, որովհետև ուղղաձիգից հիասթափված եմ: Իսկ հորիզոնական կտրվածքներում մարդկային հարաբերությունների միջև բարոյականության անկում եմ տեսնում, կոպտություն, իրար չզիջելու, իրար տրորելու, իրար վրայով անցնելու միտում եմ նկատում:

-Նախկինում չկայի՞ն նման բաներ:

-Հաստատ այդ աստիճան չէր: Հիմա մտածում եմ, եթե զարգացում չենք ապրում, գոնե պահպանենք ավանդականի միջից լավ բաները` իրար հարգենք, կին-տղամարդ հարաբերություններում հարգանքը լինի, մեծերն իրենց ծանրակշիռ տեղում լինեն, այլ ոչ թե փողոցում մուրացկանությամբ զբաղվեն:

Անազնվություն կա օդում 

-Արվեստում զգո՞ւմ եք Ձեր նշած զարգացման պակասը:

-Հատկապես արվեստում եմ զգում դրա խիստ պակասը: Գուցե մի բան ասեմ, որ կարող է հակասական թվալ նախորդ մտքին, բայց մենք շատ ենք փակվել ազգային արժեքների մեջ: Արվեստում պետք է բաց լինել դեպի աշխարհը, տեղյակ լինել, թե ինչ է կատարվում աշխարհում: Օրինակ, թատրոնում բեմադրվեն հետաքրքիր ժամանակակից ներկայացումներ, այլ ոչ թե 40 տարի առաջվա նույն ներկայացումները: Մեր դրամատուրգներն ու ռեժիսորները հետաքրքրվեն, թե ինչ է տեղի ունենում, ինչ նոր տենդենցներ կան, մարդկությունն ի՞նչ խնդիրներ է դնում, դեպի ո՞ւր է զարգանում: Դրանք պետք է բերեն ներկայացնեն, որպեսզի մենք էլ համընթաց գնանք:

Մեզ մոտ ինչպես է. կամ քրեականախառը, գողական գործողություններ են տեղի ունենում սյուժեներում, կամ հակադրության համար ազգագրական երգեր են դնում: Մի՞թե չկա այդ արանքում ուրիշ բան:

-Դրա համար էլ խզում է լինում հասարակության մեջ:

-Երևի գիտե՞ք ինչից է` անազնվություն կա օդում: Գլոբալ առումով մեր ժողովրդի կյանքն անկեղծ ու ազնիվ չէ: Մի բան արվում է, մեկ այլ բան է դրվում անունը: Կյանքի այդ ստից էլ բխում է արվեստի սուտը: Կյանքը մի տեսակ լոզունգային է մեզ մոտ: Հայտարարում են` հիմա մենք սահուն սկսում ենք սիրել մեր քաղաքը և գրում` «Ես սիրում եմ իմ քաղաքը», հետո դա փակցնում են քաղաքում: Այնինչ այդ ցուցանակի տակ կեղտ է թափված, որովհետև իրականում չենք սիրում: «Ես սիրում եմ իմ քաղաքը» սուտ է, եթե չկա կարգուկանոն, խելացի կերպով կազմակերպված քաղաքային կյանք, որի արդյունքում էլ ստեղծվում է լավ կյանք: Այդ դեպքում կարող ես ասել` ինչ լավ է ապրել այստեղ, ես սիրում եմ իմ քաղաքը: Նույնը երգերի մեջ է: Եթե երգի մեջ անընդհատ ասում ես` «ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ», դա չի նշանակում, որ այդ երգը սեր է արտահայտում: Այն կարող է լինել դատարկ, առանց զգացմունքի:

Կարգախոսների փոխարեն պետք է լինի ճշմարիտ զգացմունք, որն այլ կերպ է արտահայտվում, այլ բառերով։

-Բովանդակությա՞ն խնդիր է:

-Այո, բովանդակության խնդիր է: Արվեստագետների մոտ հաճախ բովանդակությունը լղոզված է, բայց դժվարանում եմ ասել` ինչո՞ւ:

-Գուցե իրենք էլ չեն կարողանում հասկանալ այն, ինչ տեղի է ունենում ներկայում:

-Միգուցե չեն կարողանում հասկանալ, բայց ինչո՞ւ չեն կարողանում… Որովհետև մի տեսակ ուղեղներս լվացված է, անազնվություն կա, սուտ կա, որի մեջ ապրում ենք: Բայց նրանք անգիտակցաբար են ստում, նրանց մոտ էլ շփոթմունք, մոլորվածություն կա:

-Այդ շփոթմունքը Ձեզ մոտ էլ կա՞:

-Այդ շփոթմունքը չկա ինձ մոտ, բայց ես հիմա չեմ գրում ոչինչ:

-Ինչքա՞ն ժամանակ է:

-Արդեն վաղուց է, որ չեմ գրում:

-Բայց էդպես էլ շատ դժվար է, չէ՞:

-Շատ դժվար է, տանջվում եմ, բայց ի՞նչ անեմ` մոգոնե՞մ, նստեմ սարքե՞մ: Կարող եմ սարքել, բայց չեմ հարգի: Հիմա ոչ ոք չի ուզում լսել տխուր երգ, պիտի ուրախ բան երգենք: Սկսում են սարքել ուրախ երգեր, բայց դա իրենց սրտից էլ չի բխում: Մեր արվեստը մի տեսակ ծրագրային է, ոնց որ սովետական արվեստ լինի: Ծրագիր են տվել գովերգել սովետական երջանիկ կյանքը: Այդ վիճակն է մեզ մոտ հիմա: Գովերգենք մեզ, որովհետև «հայ ենք մենք, հայ ենք մենք» կամ «ես սիրում եմ քեզ, Հայաստա´ն»:

Ինձ ոչ մի բան չի վախեցնում, ուղղակի հուսահատ եմ

-Ի՞նչն է վախեցնում Ձեզ:

-Վախեցնո՞ւմ… Ինձ ոչ մի բան չի վախեցնում, ուղղակի հուսահատ եմ։ Ինքս երաժշտական դաշտից դուրս եմ և ոչ էլ ուզում եմ մտնել այն դաշտը, որը կա այսօր: Գավառական սահմանափակ լինելն է տխուր, այն, որ մենք հետամնաց ենք:

-Մասնագիտությամբ ճարտարապետ եք: Երևանով զբոսնելիս ի՞նչ եք զգում, ինչպե՞ս եք տեսնում Երևանի դեմքը:

-Պարզ մարդկային տեսնակյունից է պետք դիտել ամեն բան, որպեսզի ճիշտ պատասխաններ գտնես: Այս քաղաքում կետեր կան, որոնք թանկագին հիշողություններ են ինձ համար: Օրինակ, Շահումյանի հրապարակը կամ 2750 աղբյուրը: Հիշում եմ, երբ փոքր էի, հայրս ձեռքիցս բռնած տանում էր այդտեղ: Երեկ անցնում էի Շահումյանի հրապարակով, նայեցի Նարեկի կառուցած նոր շենքին, որը ւադը չէ, ի դեպ։ Բայց մեկ է, ճարտարապետ Բունիաթյանի շենքը քանդում ես, դրա փոխարեն քոնը կառուցելով, ի՞նչ է նշանակում դա: Լավ, դու մանկության հիշողություններ չունե՞ս, չե՞ս ուզում քայլել քաղաքում,եւ այն հիշողություններ արթնացնեն քո մեջ: Այդ ավերածությունների առումով ինձ թվում է, թե այդ մարդկանց հիշողությունների թելը կտրվել է, սրտները չի՞ ցավում, իրենց կյանքից մի կտոր չի՞ ոչնչանում:

Լեզվի ինստիտում մայրս էր աշխատում, երբ երեխայի էի, վազում էի այնտեղ: Դա ինչո՞ւ քանդեցիք: Քաղաքաշինական խնդիրներն ուրիշ կերպ չե՞ք կարող լուծել, պետք է ավերե՞լ ամեն բան: Ես չեմ ասում, թե ամեն հյուղակ պահեք, բայց ինչ-որ բաներ կան, որոնք պետք է պահել: Օրինակ, Անգլիայում 300 տարվա բնակելի տները` 1,5 մետրանոց պատերով, պահպանվում են, որտեղ նույնիսկ ապրում են: Մեզ մոտ սպոնտան, քաոտիկ ձևով է ընթանում ամեն բան, գիտակցական հսկողությունից դուրս է:

Այս թմբիրն այսպես չի կարող շարունակվել

-Այսօր ակտուալ է դարձել երկրից գնալու հարցը: Երկրում մնացողներին գնացողները հետո ասում են, որ պետք է պայքարել: Հետաքրքիր է` մտածո՞ւմ եք երկրից գնալու մասին:

-Բոլորը խոսում են գնալու մասին, մի տեսակ վատառողջ, հիվանդագին մթնոլորտ կա: Ժողովուրդը մի տեսակ կտրվել է հողից: Մենք բոլորս, կարծես, օդի մեջ լողում ենք: Իսկ ես ոչ թե մտածում եմ գնալու մասին, այլ մտածում եմ հիմա, թե ոնց եմ այսքան տարի ապրել այստեղ:

-Ինչ-որ ուժ, ուրեմն, պահել է, չէ՞:

-Չեմ կարողանում կտրվել հարազատ բաներից: Ինձ համար հարազատությունը կարևոր կատեգորիա է` հարազատ մարդիկ, հարազատ տեղեր, հարազատ լեզու, հարազատ ինտոնացիաներ: Այդ ամենը սիրում էի, սիրում էի հայկական մելոսը, սիրում էի ծնողներիս, իմ ընտանիքը: Գնայի ի՞նչ անեի: Իմ առջև շատ են բացվել այդ գնալու ճանապարհները: Օտար երկրներում շատ են հարցրել, չե՞ս ուզում մնալ: Ասում էի` չէ, ուզում եմ գնալ տուն: Բայց հիմա, երբ որոշակի առումով հայտնվել եմ կոտրած տաշտակի առաջ, մտածում եմ` ո՞նց ապրեցի այստեղ ամբողջ կյանքս...

-Լավատեսության նշույլ կա՞:

-Հա, նշույլ կա:

-Ո՞րն է:

-Ինձ թվում է, որ այս թմբիրն այսպես չի կարող շարունակվել: Մի բան կլինի, էլի, այսպես չի կարող շարունակվել: Կա մարդկանց մի շերտ, որ ասում է` ինչո՞ւ պետք է թողնել գնալ, ինչո՞ւ պարտվել: Նաև դա է լավատեսության նշույլը:

-Դուք այդ մարդկանց շարքո՞ւմ եք:

-Ես նրանց մոտ եմ կանգնած: Ես այդ շարքում կլինեի, եթե 20 տարով փոքր լինեի (ժպտում է-հեղ.): Ամեն դեպքում, այնպես պետք է արվի, որ մենք և´ բաց լինենք աշխարհի հանդեպ, և´ զարգանանք, մյուս կողմից` պետք է բարձր գնահատենք ու թանկ արժեքի պես պահենք մեր ժողովրդի առանձնահատկությունը` միջմարդկային հարաբերությունների մեջ, հայ լինելու սիրելի կողմերը: Այդ երկուսը պետք է համատեղենք: