HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր իրականությունում մարդը դադարում է իրեն մարդ զգալ, երբ հայտնվում է բանտում»

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանը «Արմավիր» նորաբաց քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդեսի բացումից հետո «Հետքին» նվիրեց դատապարտյալների աշխատանքներից մեկը: Կարտոֆիլի վրա դատապարտյալի արած գրառումն էր՝ անմեղի վրա ոտքերը մաքրելու մասին: Արվեստագետի հետ մեր հանդիպումից անցել է 3 ամիս: Այս երեք ամիսներին Սամվել Սաղաթելյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ևս ցանկություն ունի «արտահանել» նույն նախագիծը: Այդպիսի փորձ Լոս Անջելես քաղաքում արվեստագետն ունեցել է նախկինում: Մինչ նրա հետ մեր ունեցած զրույցին անցնելը, ներկայացնենք, թե ինչպես է ծաղկել նրա նվերը: 

- Սամվե՛լ, զգում եմ, որ բանտային թեման հոգեհարազատ Ձեզ, կա՞ պատճառ: 

- Ցանկացած սահմանափակում հաղթահարելու մարդու ձգտումն ինձ հոգեհարազատ է: Ամեն ինչի հիմքում անհատն է՝ իր մղիչ ուժով: Արվեստի մեջ ինձ համար շատ կարևոր է խորը անձնականից բխողը, քանի որ անձնականը վերաճում է հասարակականի, հետո քաղաքականի: Այն դեպքը, որը կատալիզատոր եղավ ինձ համար, 1982 թ.-ին հորս բանտարկությունն էր: Մեկ օրում մեր ամբողջ ընտանիքի կյանքը փոխվեց: Նրան տարան Սովետաշենի բանտ: Ինչքան տանը փող կար հավաքեցինք, որ պատժի ժամկետը իջեցնենք, որովհետև սկզբում 8 տարվա ազատազրկման էին ուզում դատապարտել: Կեղծ վկայությամբ գործ սարքեցին ու դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, որից 1 ու կես տարին նստեց, հետո աքսորում եղավ: Այսինքն՝ դատական սխալի հետևանքները, մեկ կեղծ ցուցմունքով մարդուն դատելը զգացել եմ իմ մաշկի վրա: 

- Ես տեսա բանտային նամակներ Ձեր գործերում: Դրանք նույնպե՞ս ապրածի արդյունք են: 

- Հիշում եմ՝ հսկիչին փող էինք տալիս, որ հորիցս «քսիֆներ» ստանանք: Նույնիսկ մի անգամ մեքենայով բերեցին, 2 րոպեով թոռանը տեսավ, գնաց:  

- Լոս Անջելեսում ևս ունեցել եք ցուցահանդես դատապարտյալների հետ: Ի՞նչ տարբերություններ կան մեր ու ԱՄՆ-ի դատապարտյալների գործերի միջև: 

- Այո՛, այդ ցուցահանդեսին բանտային գործեր կային նաև Հայաստանից՝ սովետական շրջանի բանտարվեստից: Հայաստանի դատապարտյալների գործերում գերակշռողը կա և շարունակում է մնալ կրոնական թեման՝ փայտե խաչեր, խաչքարեր, խմորից թզբեհներ: Իսկ լոսանջելեսյան գործերը հիմնականում թաշկինակների ու թղթերի վրա էին, թեմատիկ առանձնահատկությունը սեքսն է: 

- Ինչո՞վ եք այդ տարբերությունը մեկնաբանում, որպես արվեստագետ: 

- Երկու դեպքում էլ մարդ փնտրում է սահմանափակվածության հաղթահարման միջոց: Մի ճանապարհ կա դրա համար՝ սիրո ճանապարհը: Իսկ դրսևորումների առումով այն տարբերություններ ունի՝ մի դեպքում հավատի, կրոնի միջոցով, մյուս դեպքում՝ սեքսուալ, մարմնական սիրո: Ի վերջո, երկուսն էլ սեր է. մեկը՝ հոգևոր, մյուսը՝ մարմնական: 

- Ինչպե՞ս հղացավ այդ հեղափոխական միտքը՝ կազմակերպել ցուցահանդես Հայաստանում դատապարտյալների հետ: 

- Ոգեշնչումը եղել է ամերիկացի լեգենդար երգիչ Ջոննի Քաշի համերգը «Ֆոլսոմ» բանտում 1960-ականների վերջին: Ազատազրկման թեման, ինչպես արդեն պատմեցի, իմ մեջ եղել է վաղուց: Կյանքի իմ առաջին ընկալումները ձևավորվել են Երևանի Կրիվոյ թաղամասում: Երևանի քաղաքային մշակույթը, մարդիկ, ովքեր ինձ շրջապատել են, գողական աշխարհ կոչվածը, հորս ներկայությունը իմ կյանքում. այս ամենը ձևավորել են ինձ: Հայրս ունիկալ տեսակ էր, քաղաքի տղա էր՝ իսկապես քաղաքի հարգված տղերքից: Կարծես՝ հոլիվուդյան արտաքինը համատեղված էր երևանյան քաղաքային մշակույթի հետ: Ֆիլմից դուրս եկած մարդ, ով Օրջունիկիձեի ռայսովետում բնակարանային իրացման բաժինն էր ղեկավարում: Այս ամենը, հետո նրա բանտարկությունը մի օր բերելու էին ինձ այդ մտքին: Ու պատահական չէ, որ հորս դիմանկարով շարք էի ստեղծել: Ամեն թերթի վրա 6 պորտրետ ու 6 սիգարետ էր: Սիգարետների մնացորդներով իստալյացիան, որ կազմված էր 145 թերթերից, սկսել էի պատահական տեղից, ու երբ ավարտեցի դռան բացվածքի մեջ, մնաց մեկ սիգարետ, մեկ պորտրետ, մեկ օր: Շատ սիմվոլիկ էր: Ես ցույց եմ տվել մեկ մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ օրական մեկ սիգարետով. ժամանակի  հաղթահարումը՝ խտացնելով այն մեկ հատիկ սիգարետի մեջ։ Բանտային նամակներ՝ գումարած հորս պատկերը: 

- Ինչպե՞ս արձագանքեց ՔԿ համակարգը Ձեր նախաձեռնությանը: 

- Փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ հանդիպեցի, ցույց տվեցի իմ աշխատանքները: Առանձնապես հույս չունեի, որ մի բան կստացվի: Նախագիծը ներկայացրեցի: Չեմ զգացել, որ հակառակվեն: Պետք է ասեմ, որ ոչ մի խոչընդոտ ու գրաքննություն չի եղել: Կարևոր գործոն էր, իհարկե, նաև ԵԱՀԿ-ի միանալը այս նախաձեռնությանը: Իսկ հետագա ընթացքի և ցուցահանդեսի կայանալու գործում, իհարկե, մեծ դեր ունեցավ Գայանե Հովակիմյանը, իր առանձնահատուկ մարդասիրությամբ։ Իմ ամենակարևոր պահանջներից  էր, որ դատապարտյալները ներկա լինեն ցուցահանդեսին և հանդիսատեսի մուտքը բաց լինի։ 

- Չընդվզեցի՞ն պատասխանատուներն այդ հարցում: 

- Կար որոշ մտավախություն, բայց հաղթահարվեց: Միակ ափսոսոնքս, որ դատապարտված կանայք ներկա չեղան: Որոշ խնդիրներ կային, քանի որ նախադեպը չունեցող բան էր, որ ցուցահանդեսը լինի բանտի պատերից ներս և դատապարտյալները հանդիսատեսի հետ ներկա լինեն: Ես ցանկանում էի նաև ցմահ դատապարտյալներին հանդիպել ու նրանց էլ ընդգրկել այս նախագծում: Ցմահների մեջ էքստրեմալություն կա: Միայն ցմահ բառն արդեն սահմռկեցուցիչ է: Բայց հասկացա, որ հնարավոր չէ դա անել թե ժամանակային առումով և թե նյութի առանձնահատկության տեսանկյունից: Ինձ  առաջարկվեց երեք գաղութներում լինել՝ «Կոշ», «Աբովյան», «Սևան»: 

- Կպատմե՞ք դատապարտյալների հետ ունեցած հանդիպումների մասին: 

- Այդ հանդիպումները համարում եմ ցուցահանդեսի բաղկացուցիչ մաս: Առանց դրանց ցուցահանդեսը չէր կայանա, ինչը արտահայտվեց ֆոտոների շարքի միջոցով, որը անվանեցի «Տեսակցություն»: Իսկապես տեսակցություն տեղի ունեցավ: Բանտի ղեկավարության աշխատանքն էր կարևոր այստեղ: Նրանք ինձ ներկայացնում էին մարդկանց, ովքեր ստեղծագործում են, բացի այդ՝ մարդկանց, ովքեր ուզում են հանդիպել ինձ: Մտածում էի՝ ո՞նց եմ մարդկանց ներկայացնելու, թե ինչ եմ ուզում անել, ոնց եմ ներկայացնելու նրանց կարտոֆիլի վրա նկարելու գաղափարը: Միգուցե ծիծաղեն ու ասեն՝ ի՞նչ կարտոշկա, ախպեր ջան: Ես ասացի, որ նրանք պիտի ներկայանան որպես հեղինակ: Կարճ զրույցներից հետո պատկերացրեք՝ ստացվեց: Ըստ էության, ամբողջ ընթացքը բազմաթիվ կարծրատիպերի հաղթահարման փորձ էր ինչ-որ առումով: 

- Մենք՝ լրագրողներս, երբ ուզում ենք լավ հոդված գրել, պիտի շնչենք մեր հերոսների շնչած օդը: Ինչքա՞ն ժամանակ անցկացրեցիք դատապարտյալների հետ: 

- Երևի ինձ օգնեց այն, որ իմ անձնական ապրումներում անազատության գաղափարը ներկա է եղել: Մի անգամ հորս տեսակցության ժամանակ տեսնելը, բանտում լուսանկարած խուզած մազերով նրա ֆոտոն տեսնելը արդեն հերիք էր: Պարտադիր չէր գնալ ու ապրել բանտում, որ զգայի այն, ինչ արդեն կա իմ մեջ: Տղամարդկանց ու կանանց հետ աշխատելն էր շատ տարբեր: Անսպասելի բոլորի համար, կանայք իրենց կանացի էությամբ բացվեցին: Երբ կախում էի կանանց ֆոտոները, այդ ամբողջ ընթացքում «Արմավիր» ՔԿՀ-ում գնում-գալիս էին համակարգի աշխատակիցները ու մեծագույն հետաքրքրությամբ ուսումնասիրում դատապարտյալների լուսանկարները, որոնք լրիվ ուրիշ կերպարի մեջ էին։ Իրենց համար այդ բանտարկյալները դարձան այլ մարդիկ: Մեր իրականությունում մարդը դադարում է իրեն մարդ զգալ, երբ հայտնվում է բանտում։ Նա արդեն բանտարկյալ է, և հասարակությունն էլ է իրեն այդպես ընկալում: Այդ մտայնությունը տեղափոխվում է հասարակություն, և հասարակությունը սկսում է ապրել բանտային օրենքներով։ Դա է պատճառը, որ մեր հասարակության մեջ զոնի մտածողություն կա: 

- Ինչո՞ւ հենց «Արմավիր» ՔԿՀ-ում, որոշվեց անել այդ ցուցահանդեսը: 

- Սկզբում մտածում էի, որ այլ տեղ ավելի հետաքրքիր կլիներ, բայց ինձ առաջարկվեց հենց «Արմավիրը»: Ես գնացի, նայեցի: Սկզբում ինձ ցույց տվեցին վարչական շենքը, բայց իմ նպատակն էր, որ ներսում լինի, դատապարտյալների մասնաշենքում: 

- Լուսանկարներում այնքան գլամուրային է երևում այդ ամենը…

-  Այո՛, մաքուր է, բայց միևնույնն է՝ ճնշող բանտային ճարտարապետություն է: Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, թող ցուցահանդեսը լինի գլամուրոտ բանտում: 

- Մեկանգամյա ցուցահանդեսով ինչ-որ հարց կարո՞ղ է լուծվել բանտում: 

- Ինձ էլ է հետաքրքրում այդ գաղափարը: Մեծ հաշվով, իհարկե, որևէ համակարգի չեմ հավատում: Բայց խնդիրը արվեստագետի հարաբերվելու ձևն է համակարգի հետ: Օրինակ՝ Գոյան պալատական նկարիչ է եղել: Բուլգակովն էլ Ստալինի օրոք է ստեղծագործել: Հիմա ո՞նց անես մի բան, որ ներսից բացահայտես համակարգը, ցույց տաս բանտարկյալներին բոլորովին այլ տեսանկյունից, ցույց տաս որպես մարդ առաջինը: Մարդիկ, որ նայում էին ֆոտոշարքը, որտեղ դատապարտյալներն էին, դժվար էին հավատում, որ նրանք իսկապես դատապարտյալներ են, քանի որ նրանք այն չէին, ինչ իրենց անձնական գործերի լուսանկարներում: Նրանք այն էին, ինչ կան կյանքում կամ ինչ ուզում են լինել: Հիմա կփոխի՞ դա ինչ-որ բան: Կարծում եմ՝ մարդկային ոգին վերականգնելու, բարձրացնելու փորձ էր: Պետք է ասեմ, որ հատկապես կանայք հատուկ արտիստիզմ և ոգի ցուցաբերեցին ֆոտոշարքը իրականացնելուց։ Դա նկատվում է ֆոտոշարքում։ Տղամարդկանց դեպքում ուզում էի, որ իրենք վերանային իրենց սև գույնից ու մի տեսակ խեղճությունից: Առաջարկեցի նկարվեն սպիտակ ու կապույտ շարֆերով, որ գույները խախտեն իրենց բանտային կյանքի  սև ֆորմայի գորշությունը: Սկզբում չհամաձայնվեցին նույն բանտային հասկացողությունների հասկանալի պատճառներով, բայց հետո ստացվեց համոզել։ Իսկ երբ կանանց գաղութ էի գնացել նրանց ֆոտոները բաժանելու, իսկապես իրադարձություն էր իրենց համար, նկարվեցինք միասին, հուզիչ բան կար այս ամենի մեջ: Զգացի, որ կանանց հետ լուրջ աշխատանք է տարվում բանտում: 

- Դատապարտյալները կարտոֆիլների վրա հիմնականում ի՞նչ էին պատկերել: Ո՞րն էր նրանց ընդհանուր հաղորդագրությունը: 

- Ո՞վ է բանտում, ո՞վ է ազատության մեջ: Այնքան հարաբերական է այս ամենը: Շատ էին գրել անմեղության, անարդարության մասին: Միգուցե բանտի ղեկավարությունը նրանց զգուշացրել էր, որ նման բաների մասին չգրեն, բայց ես հատուկ նշել էի, որ կարտոֆիլը, որպես մարդկային գոյատևման խորհրդանիշ, դառնա իրենց ամենաանկեղծ հույզերի արտահայտչամիջոցը: 

- Պատասխանատու զգո՞ւմ եք Ձեզ, որ ընտելացրել եք այս մարդկանց: 

- Դատապարտյալները նույնիսկ ասում էին՝ չե՞ք գա մեզ մոտ աշխատեք: 

Բանտարկությունը խարան է, որը մտածողություն է ձևավորում: Բայց երբ սկսում ես բանտարկյալին վերաբերվել որպես նախ և առաջ պարզապես մարդ, դա ուրիշ տեղ է տանում, մտածողություն է փոխում: Կարևոր չէ, թե մարդը որտեղ է, կարևորը՝ ներքին ազատությունն է, որ մարդ չկորցնի:  

Կուզեի այս նախագիծը արտահանել ԱՄՆ: Չեմ ուզում, որ մնա որպես մեկ անգամվա գաղափար, ուզում եմ զարգացնել այս ամենը՝ ցմահ դատապարտյալների հետ առանձին, կանանց հետ առանձին: Ուզում եմ շարք անել՝ իրավապահ ու իրավախախտ կանայք:

Լուսանկարները՝ Սամվել Սաղաթելյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter