
Ոսկու շուկայի տիրոջ ապօրինի ձեռնարկատիրությունն ու ոստիկանության անգործությունը (տեսանյութ)
Երևանի Ոսկու շուկայի հարևանությամբ` Խորենացի փողոցի 1-ին փակուղում, ամիսներ շարունակ ապօրինի վճարովի ավտոկանգառ է շահագործվում: Թեև տարածքը հանրային է, սակայն Ոսկու շուկայի սեփականատիրոջ` Վաղարշ Աբրահամյանի դրածո կարգավարները հսկում են կայանող մեքենաներին և վարորդներից գումար գանձում:
Թե ինչպես է ծնվում հանցագործությունը
Այս փակուղու բնակիչների և Ոսկու շուկայի տիրոջ միջև նախկինում կոնֆլիկտ է եղել, ինչի մասին «Հետք»-ը գրել է: Վաղարշ Աբրահամյանը, ով նույնպես այս տարածքի բնակիչ է, բարձր լարմամբ տրանսֆորմատոր էր տեղադրել նրբանցքում, ինչից հետո բնակիչները գրավոր դիմում-բողոք էին ներկայացրել քաղաքապետարան և հեռացրել տրանսֆորմատորը: Թշնամանքը, բնակիչների խոսքով, այս պատմությունից հետո է սկսվել: Մի քանի օր անց Վաղարշ Աբրահամյանի թիկնապահները սկսել էին հսկել տարածքը, հետո «հայտնվել էր» կարգավար:
Փակուղում ավտոլվացման կետ է աշխատեցնում Վաղարշ Աբրահամյանի դեմ դիմում-բողոքը ստորագրած բնակիչներից մեկը` Ալեքսանդր Ղասաբյանը: Նրա հաճախորդների մեքենաները պարզապես կայանելու տեղ չունեին: Տարածքում կարողանում էին կայանել միայն այն մեքենաները, որոնք ստանում էին Վաղարշ Աբրահամյանի` հսկող ծանոթ-բարեկամների թույլտվությունը: Այս մասին «Հետքը» գրեց, ինչից հետո հարցում ուղարկեցինք ոստիկանություն` պարզելու, թե արդյոք տարածքում կատարվել է ուսումնասիրություն:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հարցումից հետո այցելել էին տարածք, սակայն խախտում չէին հայտնաբերել: Ինչից հետո ուղարկեցին մեզ պատասխան, թե կատարել են ուսումնասիրություն և պարզել, որ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին տրվել է կայանատեղ կազմակերպելու թույլտվություն` Խորենացի 24 հասցեի հարակից տարածքում:
Այս հասցեն Ոսկու շուկայի դիմացի փողոցի գծանշված մի հատվածն է, սակայն ոստիկանության պատասխանում հստակեցված չէր` արդյոք հասցեն ներառում է նաև հարակից նրբանցքի տարածքը:
![]() |
Խորենացի 24 հասցեի կայանատեղը |
Շփոթությունը վերացնելու համար հաջորդ հարցումը ուղարկեցինք քաղաքապետարան, որպեսզի վերջնականապես պարզենք` արդյոք «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի` կայանտեղ կազմակերպելու թույլտվությունը տարածվում է նաև նրբանցքի տարածքի վրա (ներքևի լուսանկարում):
![]() |
Խորենացի 1-ին փակուղին |
Հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի` Խորենացի 24 հասցեում կայանատեղ կազմակերպելու լիցենզիան, որը 2014թ. տրվել է քաղաքապետի 179-Ա որոշմամբ, իսկ 2015թ.` 269-Ա որոշմամբ, չի վերաբերում փակուղու տարածքին:
«Երևան քաղաքի ավագանու վերոհիշյալ որոշումների հիման վրա կազմակերպված և շահագործվող ծառայողական ավտոկայանատեղի տարածքը չի ներառում Խորենացու փողոցի 1-ին փակուղու տարածքը։ Բարձրացված խնդիրը հանդիսանում է իրավախախտում, չի կարող կարգավորվել Երևանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակներում, որի պատճառով, ոչ միայն խնդրո առարկա ճանապարհահատվածում, այլ նաև մայրաքաղաքի այլ վայրերում նման իրավախախտումների կանխարգելման և համապատասխան պատժամիջոցների կիրառման նպատակով միջնորդություններ են ուղարկվել և պարբերաբար ուղարկվում ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Բարձրացված հարցի առնչությամբ համապատասխան միջնորդություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը»,- տեղեկացնում է քաղաքապետարանը։ |
Այս պատասխանը ստացել ենք փետրվարի 18-ին, սակայն մինչ օրս քաղաքապետարանի` ոստիկանություն կատարած միջնորդությունից հետո ոչինչ չի փոխվել: Տարածքը շարունակում են հսկել երկու կարգավարները` Ալիկն ու Սամվելը: Նրանցից առաջինը, բնակիչների խոսքով, Վաղարշ Աբրահամյանի վաղուցվա աշխատողն է, նաև Խորենցի 24-ի ավտոկանգառում է աշխատել:
Կարգավարները կայանատեղին բաժանել են երկու հատվածի, որպեսզի կարողանան հսկել բոլոր մեքենաները: Նրանք զգուշանում են միայն տեսախցիկից, այդ պատճառով նկարահանումը կատարվել է գաղտնի:
Տարածքում այս մեքենան կայանել էր ընդամենը տասնհինգ րոպե. վարորդը վերադարձավ, վճարեց Սամվել անունով կարգավարին և հեռացավ | Երկրորդ կարգավարը` Ալիկը, համարձակ կտրեց նաև մեր մեքենայի առջևը ու «բաց թողեց» միայն գումարը ստանալուց հետո |
Վաղարշ Աբրահամյանի լուսանկարը` armlur.am-ի
Մեկնաբանել