HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասումը` կյանքի իմաստ

- Ուզու՞մ ես պարեմ քո համար,- հարցրեց նա, ու աչքերը խնդրեցին ասել` այո:

- Չէ, արդեն պիտի գնամ,- ասացի ես:
- Ուզու՞մ ես երգեմ: Կամ արտասանեմ:
- Ուրիշ անգամ, լա՞վ: Հիմա իրոք պիտի գնամ:
- Դու գնում ես քո...,- մի պահ կանգ առավ, - տու՞ն:

Նա մեկն է Նորքի Մանկան տանն ապրող 78 երեխաներից: Անհեթեթություն է, բայց ես հանկարծ ինձ մեղավոր զգացի, որ տուն ունեմ:

- Լավ,- ասացի ես,- մի քիչ էլ կմնամ:

Նա բարձրացավ բազմոցին ու դեմքիցս ետ տարավ մազերս:

- Դու արդեն մեծ աղջիկ ես,- ասաց լջորեն,- մազերը պետք է սանրել ու հավաքել:

Իսկ ինքն ընդամենը 4-5 տարեկան է: Փոքրիկ կին: Անկասկած, նա երեխաների մեջ առաջնորդ է: Ոչ ոքի չի թողնում մի բառ ասել, պատասխանում է բոլորի փոխարեն ու իրեն անվանում է Մալինկա:

- Այ հիմա աչքերդ բացվեցին ու կարող ես տեսնել,- գոհունակությամբ ասաց նա ու մյուս երեխաների հետ ինձ քարշ տվեց խաղալիքները ցույց տալու:

- Նայի, իմ մեքենան հեռակառավարման վահանակով է, մայրիկն է բերել:

- Տե՛ս, ինչ փոքրիկ ինքնաթիռ է: Ամենափոքրն է աշխարհում: Մայրիկս է բերել, երբ եկել էր նախորդ անգամ:

Նրանք ունեն մեծ թվով խաղալիքներ, ամենատարբեր, սակայն նրանց համար ամենալավ, ամենաթանկ խաղալիքները նրանք են, որոնք մայրիկն է բերել: Նրանք ունեն դաստիարակներ եւ դայակներ, ովքեր սիրում են իրենց, հոգ են տանում իրենց մասին, ջղայնանում են իրենց վրա, ճիշտ մայրերի նման: Սակայն նրանք, միեւնույն է, անընդհատ սպասում են իրենց մայրիկին:

Կարենը Մանկան տանն ապրում է արդեն հինգ տարի: Նրան գտել են աղբակույտում, մեկ տարեկան հասակում: Մայրն իրեն այցելում է տարին մեկ անգամ, որպեսզի երկարացնի երեխայի՝ մանկատանը գտնվելու դիմումը: Որոշ երեխաների մոտ մայրերն ավելի հաճախ էին գալիս, եւ Կարենը տառապում էր: Դաստիարակները ստիպված էին համբերատար բացատրել տղային, որ իր մայրը հիվանդ է կամ շատ զբաղված, բայց շուտով անպայման կգա: Եվ նա հավատում էր ու սպասում:

Սակայն վերջին այցելության ժամանակ մայրիկն ասաց, որ նրան տեղափոխում են Գավառի մանկատուն, քանի որ նա ունի մեկ այլ նորածին երեխա եւ չի կարող պահել իրենց երկուսին: Իսկ Մանկան տան օրենքով՝ վեց տարեկանը լրացած երեխաներին տեղափոխում են այլ մանկատներ: Կարենը շատ կապված է իր դաստիարակչուհուն: Կինն էլ սիրում է նրան հարազատի պես եւ ուրախությամբ կորդեգրեր նրան:

«Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ առանց նրա ապրելու,- ասում է նա արցունքն աչքերին,- կարծես հարազատ երեխայիս ուրիշին եմ տալիս»:

Սակայն օրենքը թույլ չի տալիս նրան որդեգրել Կարենին, քանի որ տղայի կենսաբանական մայրը, ով, ի դեպ, դատապարտվել էր վեց տարի ազատազրկման գործած հանցանքի համար, իսկ հետո վերականգնել իր մայրական իրավունքը, պաշտոնապես չի հրաժարվել տղայից:

Մալինկան երբեք չի տեսել իր մորը: Մանկան տուն նրան բերել են տատն ու պապը, երկուսն էլ` հիվանդ: Պապիկը, որ տեղաշարժվում է հենակներով, այցելում է նրան տարին մի քանի անգամ: Նա էլ է անընդհատ սպասում ու երեւի հարցնում բոլորին, ով իրեն այցելում է, ինչպես հարցրեց ինձ.

- Ուզու՞մ ես իմ մայրիկը լինել:

Նորքի Մանկան տունը միակն է Հայաստանում, որ սպասարկում է երեխաներին ծնվելու պահից: Երեխաներն ապրում են այստեղ մինչեւ վեց տարեկանը լրանալը, հետո, եթե ոչ ոք նրանց չի որդեգրում, տեղափոխվում են այլ մանկատներ:

Մանկան տուն ընդունում են ընկեցիկներին, միայնակ ծնողների, ազատազրկման վայրում կամ բուժման մեջ գտնվող ծնողների երեխաներին:

Մանկան տունը գոծում է 1937 թվականից: Սովետական Միության տարիներին կային շատ դեպքեր, երբ երեխաներին գտնում էին այգու նստարանին կամ աղբանոցում: Հաճախ երիտասարդ կանայք բերում էին իրենց ապօրինի նորածիններին, որովհետեւ իրենց հայրերը կամ եղբայրները հրամայում էին ազատվել «ամոթալի» երեխայից:

Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանն ասում է, որ վերջին տարիների ընթացքում նման դեպքերը գրեթե վերացել են. հիմա հիմնական պատճառը, որը մայրերը նշում են իրենց դիմումի համապատասխան բաժնում, սոցիալականն է: Այդ կանանց 90%- ը չունեն մշտական բնակավայր: Որոշ մայրեր ընդմիշտ հրաժարվում են իրենց երեխաներից: Մյուսները գրում են երեխային ժամանակավորապես մանկատուն հանձնելու դիմում: Մանկան տանը ծնողին, ով չի հաժարվել իր զավակից, թույլ են տալիս երեխային այցելել ամեն ուրբաթ: Եթե ծնողը չհայտնվեց մեկ տարի, Մանկան տան ղեկավարությունը դիմում է դատարան, եւ դատարանն է որոշում՝ պահպանե՞լ նրա ծնողական իրավունքը, թե՞՝ ոչ:

Տարեկան Մանկան տունը սպասարկում է շուրջ 100-140 եւ ընդունում է մինչեւ 70 երեխաների: Մանկան տան տնօրենը, ով այստեղ աշխատում է քսանվեց տարի, ասում է, որ գրանցվող երեխաների քանակի ստույգ վիճակագրություն չկա: Խորհրդային ժամանակներում միայնակ մայրերը պետությունից ստանում էին բնակավայր եւ դոտացիա, սակայն այն ժամանակ էլ լքված երեխաների քանակը փոքր չէր: Այն ժամանակ Հայաստանի բնակիչների թիվն ավելի մեծ էր, իսկ մանկատները` երկու անգամ քիչ (ներկայումս կա ութ պետական եւ 4 մասնավոր մանկատուն):

Ամեն տարի երեխաների 20-25%- ը վերադառնում է իր կենսաբանական ընտանիք, 20-25% -ը որդեգրվում է, շուրջ 10%- ը տեղափոխվում է այլ մանկատներ:

Բոլոր առողջ երեխաները գործնականում որդեգրվում են վաղ հասակում: Առաջնությունն, իհարկե, տրվում է Հայաստանի քաղաքացիներին, հետո` սփյուռքահայերին, այնուհետեւ` օտարերկրացիներին: Օտարերկրացիներին մեծ մասամբ բաժին են ընկնում հիվանդ երեխաներ: Երեխաներին որդեգրել կարող են այն երկրների քաղաքացիները, որտեղ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ ունի:

Որդեգրումը երկար եւ բարդ գործընթաց է եւ կապված է մեծ ռիսկի հետ:

«Մենք պրակտիկորեն չգիտենք` ովքեր են այս երեխաների մայրերը, որքանով են նրանք առողջ: Դիմումում մայրը պետք է նշի, որ հաշվառված չէ թոքախտային, վեներամաշկային եւ փսիխո դիսպանսերներում, ինչպես նաեւ, թե ինչ հիվանդություններ է ունեցել, արդյոք ընտանիքում եղե՞լ են հոգեկան շեղումներ: Սակայն, մենք երբեք չգիտենք՝ որքանով է իր պատասխանը համապատասխանում ճշմարտությանը: Բացի այդ, նա գրում է միայն իր առողջության մասին, բայց չէ՞ որ կա նաեւ երեխայի հայրը, ով, որոշ դեպքերում, հայտնի չէ նույնիսկ կնոջը»,- ասում է Լ. Կարապետյանը:

Եթե որդեգրողը ցանկանում է, անցկացվում է վարակաբանի եւ նյարդաբանի հետազոտում, սակայն դա էլ ոչ մի երաշխիք չի տալիս: Երեխայի մոտ կհայտնաբերեն այն հիվանդությունները միայն, որոնք արտահայտված են տվյալ պահին: Իսկ շիզոֆրենիան, օրինակ, արտահայտվում է միայն տասնչորս տարեկանում:

Այդ դեպքերում որդեգրողն իրավունք ունի վերադարձնել երեխային, եթե դատարանի միջոցով ապացուցի, որ դրա համար լուրջ հիմքեր ունի:

Լիանա Կարապետյանն ասում է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ինը տարիների ընթացքում տհաճ դեպքեր են եղել:

Օրինակ` որդեգրել են տղային երեք ամսական հասակում, հետո պարզվել է, որ նա խուլ է: Մյուս երեխային որդեգրել են երկու տարեկանում, իսկ մեկ տարուց նրա մոտ գլխի ուռուցք են հայտնաբերել: Ամերիկահայերի որդեգրած աղջիկը մեկուկես տարեկանում սկսել է կորցնել լսողությունը: Ամերիկացի բժիշկներն ասել են, որ քանի որ երեխան անհաս է ծնվել եւ նրան պահել են կյուվեզում, նա, հավանաբար, կշարունակի կորցնել լսողությունը:

Սակայն առայսօր Մանկան տանը չի գրանցվել երեխայի վերադարձի եւ ոչ մի դեպք:

Մանկան տանը երեխաների հետ աշխատում է հոգեբանը, սոցիոլոգը, երաժշտական մանկավարժը: Յուրաքանչյուր բաժանմունքում (տարիքային խմբում) կա դաշնամուր: Երեխաները հադեսներ են կազմակերպում Նոր տարուն, Մայրերի տոնին, Երեխաների պաշտպանության օրը, նրանց հետ տարվում են տարրական պարապմունքներ:

«Այն երեխաները, որոնցից ծնողները չեն հրաժարվել ու ում այցելում են, սուր հոգեբանական տրավմա չունեն: Նա տեսնում է ծնողին, բայց չի տեսնում տունը: Նա կարծում է, որ այդպես էլ պետք է լինի: Այլ բան է երեխաները, ում գտել են փողոցում, ով գիտի՝ ինչ է տունը, անհատական ընտանիքը: Չէ՞ որ մեզ մոտ, այնուամենայնիվ, կոլեկտիվ դաստիարակում է: Բոլոր երեխաներին սիրում են «խմբովի»: Դաստիարակներն, իհարկե, ունեն «սիրելի երեխաներ», սակայն պետք է սիրեն բոլորին: Չսիրել մեզ մոտ գոյություն չունի: Նման կանայք չեն գա այստեղ աշխատելու. աշխատանքը շատ ծանր է, իսկ պահանջները՝ մեծ:

Այսօր մենք ունենք տաք ջուր, շենքը գազաֆիկացված է, երբ ընդունում էի մանկատունը, այդ ամենը չկար, էլ չասած այնպիսի բաներ, ինչպես խոնավ անձեռոցիկներն ու տակդիրները: Արդեն երեք տարի է, ինչ պետությունն ամբողջովին ֆինանսավորում է մեզ, մենք արդեն վաղուց չենք գնում հագուստ, խաղալիքներ, այդ ամենը մեծ քանակությամբ ուղարկում են բարերարները»,- ասում է Լիանա Կարապետյանը:

Սակայն, որքան էլ լավ պայմաններ ապահովի մանկատունը, այնտեղ ապրող երեխան ետ է մնում ընտանիքում մեծացող երեխայից: Ընտանիքում մի երեխայով զբաղվում են մայրը, հայրը, տատիկը, պապիկը, էլ չասած մնացած հարազատները, բարեկամներն ու հարեւանները: Իսկ այստեղ տասը երեխային հասնում է երկու դայակ:

Երեխաների համար յուրաքանչյուր այցելություն տոն է: Ընդ որում՝ հարազատ ու օտար նրանց համար գոյություն չունի, լինեն դրանք ամսական, թե ավելի բարձր տարիքի երեխաներ: Նրանք ժպտում են բոլորին, քնքուշ են բոլորի հետ, եւ երբ խոստանում ես իրենց, որ էլի կգաս, հավատում են, հիշում եւ պատրաստ են սպասել:

«Ի՞նչ բերեմ ձեզ, երբ գամ հաջորդ անգամ»,- հարցրեցի ես:

Մալինկան մոտեցավ ինձ ու իրեն բոլորովին ոչ հատուկ երկչոտությամբ խնդրեց... Ի՞նչ կխնդրեին նրա տարիքի երեխաները: Խաղալի՞ք: Շոկոլա՞դ...

- Կգրկե՞ս ինձ,- ասաց նա:

Ես գրկեցի նրան: Նա ձեռքերով ամուր գրկեց պարանոցս ու սեղմվեց ինձ իր փոքրիկ, տաքուկ մարմնով: Ինչպես, երեւի, կսեղմվեր իր մայրիկին:

Մեկնաբանություններ (1)

Գոհար Խալոյան
Ես ապրում եմ Նիդեռլանդների թագավորությունում 29 տարի։ Ունեմ երկու չափահաս՝ մեկը 36՚ մյուսը40 տարեկան երեխաներ։ Երազում եմ թոռնիկներ ունենալ՚ բայց հույսս կորցրել եմ արդեն։ Հետաքրքրվեցի երեխա որդեգրելու պայմաններին։ Ցավոք՝ օրենքով սահմանված տարիքային տարբերությունը թույլ չի տալիս ինձ երեխա որդեգրել։ Մտածում եմ՚ եթե ես հոգեկան մեծ պահանջ ունեմ երեխաներին հոգալու՚ ինչ՞ կարեւոր է որ ես երեխաին բերեմ ինձ մոտ՚ մի գուցե ես գնամ իրենց մոտ՝ պարզապես աշխատեմ որպես դայակ-դաստիարակ։ Աշխատավարձի կարիք չունեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter