HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Երեւանում Արտո Չաքմաքչյանի քանդակները տեղ չունեն

Կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին այսօր շատերը գիտեն: Բայց նրա քանդակների առանձնահատկությամբ ու մեծությունով չէ միայն, որովհետև դրանք մենք միշտ տեսնում ենք լուսանկարներում կամ վարպետի հետ զրույցների միջոցով: Նրան ճանաչելու ամենամեծ պատճառներից մեկը «Քայլող մարդը» արձանի անհասկանալի պատմությունն էր: 2007թ. այն որոշված էր տեղադրել Երևանում՝ Հյուսիսային պողոտայում. վարպետին մեծ հույսերով ոգևորեցին, ճանապարհեցին Կանադա՝ խոստանալով մի քանի ամիս անց քանդակի աշխատանքները ամբողջացնելու նպատակով սպասել Հայաստանում ու այսքանով սահմանափակվեցին:

«Քայլող մարդը»  քանդակագործի նվերն էր Երևանին, որն այդպես էլ իր տեղը չգտավ քաղաքի ոչ մի անկյունում, ինչպես տասնյակ տարիներ առաջ Սովետական հայստանում Կոմիտասի արձանը: Եվ ոչ միայն այս երկուսը: Ազատ և անկախ հռչակված մեր երկրում հրաժարվել ենք իբրև նվեր ընդունել քանդակագործի ողջ ժառանգությունը, մի պարզ պատճառաբանությամբ՝ տարածք չունենք:

Կանադական կառավարությունը մեկ անգամ չէ, որ առաջարկել է նրան Մոնրեալում գտնվող իր արվեստանոց-ցուցասրահը բազմաթիվ քանդակներով գնել այն թանգարան դարձնելու նպատակով: Ոչ բոլոր արվեստագետներն են ունենում նման հնարավորություններ, սակայն հայ քանդակագործը մշտապես հրաժարվել է՝ ասելով, որ իր ստեղծագործությունների միակ տեղը հայրենիքն է:

Այդ նույն հայրենիքում տարիներ առաջ մշակույթի բազմաթիվ անկանխատեսելի նախարարներից մեկը կանխատեսել էր նրա քանդակներն իբրև նվեր ընդունելու ամենահարմար ճանապարհը: Երբ Արտոն առաջարկել էր անհատույց դրանք տրամադրել Հայաստանին, և մենք, բնականաբար, տեղափոխման և տարածքի հարցերը պետք է հոգայինք, իրեն մտավորական հռչակած պետական չինովնիկն ասել էր. «Դե եթե էդքան բան կարողանում եք անել, էդ ծախսերն էլ հոգացեք, պրծեք»:

Արտոյի մեծագույն ցանկություններից մեկն էլ ենթադրված արվեստանոց-ցուցասրահում երիտասարդ քանդակագործների հետ վարպետության դասեր անցկացնելն էր, որն իրականանում է ամեն անգամ նրա այցելությունների ժամանակ: Նրա հետ  հանդիպումները, թեկուզ մի քանի տարվա ընդմիջումով, միշտ էլ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, երիտասարդների հարցերի տարափի ու ոգևորված հայացքների ուղեկցությամբ: Նրանցից շատերը խոստովանում են, որ Արտոյի ներկայությունը քանդակագործության դասերի առումով օդի ու ջրի նման անհրաժեշտություն էր իրենց համար:

«Արվեստի ճշմարիտ գործերը հաճախ իրենց մեջ պարունակում են երկու երես,- ասում է Արտո Չաքմաքչյանը,- Դրանք տեսանելի են, բայց միաժամանակ պարունակում են նաև թաքնված ճշմարտություններ իրենց խորության մեջ, և ոչ ոք ոչ մի լեզվով չի կարող երբևէ արտահայտվել այդ զգացողությունների մասին»:

Քանդակագործ, նկարիչ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանի արվեստը հայտնի է բազմաթիվ երկրներում: Նա առաջիններից էր և թերևս այն քչերից, ովքեր համարձակություն ունեցան ոչ միայն մտածել, այլ ստեղծագործել սեփական ճանապարհով՝ կոտրել արվեստում տեղադրված սովետական սոցռեալիզմի կաղապարներն ու աշխարհին նայել սեփական տեսանկյունից:

Այդ տարիներին նա ներկայացրեց իր հայտնի կոմիտասները, որոնց ճակատագիրը նման եղավ ձևավորված կեղծ չափանիշների դեմ դուրս եկած արվեստագետներին: Դրանք նախ չընդունվեցին, ապա հալածվեցին, և վերջապես կոտրվելով` ջարդուփշուր եղան: Երբ հալածողի մահակը խոնարհաբար ընդունած «քննադատներից» մեկը նրան ասել է, թե իր քանդակը նույնիսկ կարգին քիթ էլ չունի, Արտոն պատասխանել է. «Եթե ձեզ հետաքրքրում է քիթը, ես հատուկ ձեզ համար մի քիթ կարող եմ քանդակել»:

«Ժամանակի մեջ արվեստը փոփոխվում է, իզմերը փոխվում են, բայց մի բան հաստատ մնում է: Դա մարդկայինն է, որը եգիպտական արվեստից մինչ այսօր պահպանվում է և անփոփոխ է: Իմ դիմաքանդակային ստեղծագործությունների մեջ  կան գործեր, որոնք դուրս են դիմաքանդակ հասկացության ընդունված շրջանակներից. նրանք պայմանավորված չեն բնորդով, նրանցում բացակայում է ֆիզիկականը: Դրանք զուտ իմ մտահղացմամբ ստեղծված կերպարներ են, որոնց ստեղծագործական աշխարհը հարազատ և համահունչ է իմ ստեղծագործական մտածողությանը,- ասում է քանդակագործը,- Դիմապատկերներ ստեղծելիս  մարդու ֆիզիկականը ավելի քիչ է հետաքրքրում ինձ, ես ավելի շատ տեսնում եմ մարդկային ներաշխարհը: Այդ աշխարհն եմ վերածում քանդակի՝ առանց օգտագործելու մարդու ֆիզիկականը: Եվ, ընդհանրապես, իմ բոլոր քանդակները ֆիզիկականից զուրկ են և մարդկային հարցեր են շոշափում: Որովհետև 21-րդ դարում գնալով մարդու փառաբանումը վերանում է. այդ է պատճառը, որ մարդու ֆիզիկական հասկացությունը փոխվում է տարբեր ձևերով»:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ են գրավում Կոմիտասի և Նարեկացու քանդակները: 70-ականներին որոշվել էր նրա «Կոմիտաս»-ը տեղադրել Հայաստանում, սակայն արվեստագետի մոտեցումը կրկին չէր գոհացրել երկրի տերերին: Նրա քանդակը եկեղեցականի հագուստով էր պատկերված, ուստի հարկ համարվեց «ուղղել»  արվեստագետի «սխալը»:   

Ա. Չաքմաքչյանին համապատասխան մարմին կանչեցին և ցույց տալով Կոմիտասի՝ Գերմանիայում արված լուսանկարներից մեկը, որտեղ նա կոստյումով էր, ասացին, որ այդ հագուստով պետք է լինի քանդակը: Դրան ի պատասխան՝ նա ասաց. «Ներեցեք, բայց ես քանդակագործ եմ, ոչ թե դերձակ»: Արդեն տեղադրված երեք մետրանոց արձանը մի գիշերում կոտրված վիճակում հայտնվեց նրա արվեստանոցի բակում: Տեսարանը ահավոր ներգործություն ունեցավ քանդակագործի վրա, չդիմանալով դրա ծանրությանը՝ ինքն անձամբ մի տրակտոր բերել տվեց և կոտրատված քանդակը գետնին հավասարեցրեց: Այս դեպքից հետո Ա. Չաքմաքչյանը հեռացավ Հայաստանից: Հալածանքները վաղուց գաղափարականից տեղափոխվել էին մեկ այլ դաշտ, ապրելը նույնպես, մեղմ ասած, անվտանգ չէր այլևս:

«Ես չեմ կարող և ոչ մի արվեստագետ էլ չի կարող պարտադրել, որ մարդիկ հասկանան իրեն: Ես հեռացա Հայաստանից, որպեսզի շարունակեմ սիրել այն» ,- ասում է քանդակագործը:

1975թ-ից Ա. Չաքմաքչյանը մշտապես ապրում և ստեղծագործում է Կանադայում, երկար տարիներ դասավանդել է Քվեբեկի համալսարանում: Արվեստագետի քանդակները զարդարում են Տրետյակովյան պատկերասրահի, Օքսֆորդի և Սթենֆորդի համալսարանների, մեծ Բրիտանիայի քագավորական ակադեմիայի հավաքածուները, իսկ մոնումենտալ աշխատանքները գտնվում են Տորոնտոյում, Դետրոյթում, Նյու Ջերսիում:

«Իմ պատկերած դիմանկարների և քանդակների շարքում ես առանձնացնում եմ Կոմիտասին նվիրված գործերը, որովհետև Կոմիտասը ինձ մշտապես ուղեկցող կերպար է եղել,- ասում է քանդակագործը,- Հայ ժողովրդի բոլոր ապրումները ես Կոմիտասով եմ արտահայտում: Նույնը Նարեկացիի պարագայում է: Ես դիմապատկերները գաղափարի եմ վերածում, որովհետև միայն դիմաքանդակ կամ պատկեր ստեղծելը մարդկանց այնքան էլ հետաքրքիր չէ: Ստեղծագործելիս ես միշտ օգտվել եմ ներքին մտածողությունից»: 

Պատահական չէ, որ ակադեմիկոս Ռուբեն Զարյանը, ով 1958թ.-ից ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրենն էր, ասել է Ա. Չաքմաքչյանին. «Քո կոմիտասները երբ տեսնում եմ, Կոմիտասի լուսանկարը հակառակ տեսքով է ինձ պատկերվում»: 

«Պետք է ապրես, որ ապրեցնես,- ասում է Ա. Չաքմաքչյանը,- ցանկացած արվեստի գործ ստեղծվում է, երբ  արվեստագետը ապրում է այդ գործի հետ: Այն դառնում է այլևս ապրված, և դրանով դիտորդը ևս մասնակից է դառնում այդ ապրումին: Բայց կան շատ արվեստագետներ, ովքեր ոչ թե ապրում են իրենց գործով, այլ պարզապես սարքում են այն: Այդպիսի գործերը շատ սառն են լինում և  ոչ մի կապ չեն ունենում դիտորդի հետ, թեև այսօր դրանք էլ են մեծ մասայականություն վայելում: Բայց  մի օրինակ եմ ուզում բերել. մեր մեծ արվեստագետներից մեկը, հայ քանդակագործության մեջ երևի ամենամեծը՝ Երվանդ Քոչարը, փարիզյան շրջանի իր գործերից ցանկացավ նաև Հայաստանում ստեղծել: Նա փորձեց  կրկնել կամ վերարտադրել, սակայն այդ վերարտադրումը այն  չէր, ինչ որ Փարիզում ստեղծել էր նույն Քոչարը՝ ապրված վիճակով: Դա խոսում է այն մասին, որ երկրորդ անգամ նույն գործն անելիս՝ այն արդեն ոչ թե ապրված, այլ սարքված է լինում»:

Ա. Չաքմաքչյանի ամեն այցը հայրենիք ուղեկցվում է երիտասարդ արվեստագետների հետ հանդիպումներով: Նա մեծ ցանկություն ունի իր գիտելիքները և փորձառությունը նրանց  փոխանցելու:

«Ես դասավանդել եմ Հայաստանում և երեսուն տարուց ավել՝ Մոնրեալում: Մեծ տարբերություն կա այս երկու աշխարհների երիտասարդ արվեստագետների միջև: Ասեմ ձեզ՝ Հայաստանում հինգից երեքը տաղանդավոր են ( երբեմն կատակով ավելացնում է «երեքից երկուսն էլ գյումրեցի են»): Ես ոչինչ չեմ չափազանցնում և ոչ էլ հայ լինելուս համար եմ այդպես տեսնում: Իսկապես, հինգից երեքը  տաղանդավոր են, մինչդեռ այնտեղ՝ հազարից մեկը: Մեզ պակասում է մի բան: Տաղանդը բավարար է արվեստագետ դառնալու համար, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ տաղանդը գործիք է: Պետք է մշակել ուղեղը և զգացմունքները: Մշակել, խորացնել և բարձրացնել մակարդակը: Սա անպայման անհրաժեշտ է լավ արվեստագետ դառնալու համար. եթե դրանք չլինեն, արվեստ չի կարող ստեղծվել: Տաղանդավոր, բայց չմշակված մարդու մասին շատ հեշտ կարող ենք հայտարարել՝ «ծնվեց տաղանդավոր, և տաղանդավոր էլ մեռավ»: Մինչդեռ անկարելի է արվեստի ճշմարիտ գործ ստեղծել միայն տաղանդով»:

Արվեստում ազգայինի և համամարդկայինի մասին նրան հաճախ են հարցնում: «Ես այս հարցի շուրջ իմ կարծիքն ունեմ և գտնում եմ, որ այս երկու երևույթների միջև տարբերությունը շատ մեծ է`ազգայինը միշտ չէ, որ մարդկային է, բայց մարդկայինը իր մեջ միշտ պարունակում է ազգային հատկանիշներ,- ասում է քանդակագործը,- Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև երբ մենք սահմանափակվում ենք միայն ազգայինով, կորցնում ենք մարդկային էլեմենտներ, և մենք հաճախ դա պատճառաբանում ենք փոքր ազգ լինելով, որը չի կարողանում համաշխարհային ճանաչում գտնել: Այդպես չէ, միայն համամարդկային խնդիրներ լուծելով կկարողանանք մեր շրջանակներից դուրս գալ և ծառայել մարդկությանը: Մարդը ծնվում է առաջին հերթին որպես մարդ, հետո է նրան ազգություն տրվում: Մենք հայ չենք ծնվում, նախ մարդ ենք ծնվում, իսկ այս պարագայում մենք իրավունք չունենք միայն խորանալ ազգին վերաբերող նյութի մեջ՝ մոռանալով մարդկայինի մասին: Մարդուն ուսումնասիրելու և նրա մասին խոսող ստեղծագործություններով կարող ենք մասնակից դառնալ համաշխարհային կյանքին և պատմությանը, դառնալ մշակույթի մի մասնիկը»:

2010թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Փարիզում կազմակերպեց Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը: Այս կազմակերպությունը անհատական ցուցահանդեսներ հազվադեպ է իրականացնում, իսկ Արտոն բացառիկներից մեկն էր: Չնայած հայաստանյան անտարբերությանն ու վիրավորական կեցվածքին, արվեստագետը համաձայնեց մի պայմանով՝ ներկայանալ ոչ թե կանադական, այլ հայկական կողմից: Ցուցահանդեսից հետո կազմակերպիչների հետ քննարկեց քանդակների հետդարձի ճանապարհը փոխելու հարցը: Ա. Չաքմաքչյանը խնդրեց դրանք Կանադա տեղափոխելու փոխարեն հասցնել Հայաստան՝ դրանով լուծելով տեղափոխման ծախսի հետ կապված ներկայացված դժվարությունները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնեց, չէ՞ որ մեծ արվեստագետի մասին էր խոսքը: Բայց իզուր… հայկական կողմը կրկին խորը նիրհի մեջ մրափում էր՝ քանի որ արվեստագետը չէր հասցրել անդրադառնալ  տարածքի հետ կապված խնդրին: Շինարարության անտրամաբանական վազքի, հսկա, բայց դատարկ կառույցներով լի մեր մայրաքաղաքում Արտո Չաքմաքչյանի քանդակները տեղ չունեն, որովհետև պարզվում է՝ Երևանում տարածքի հատկացման մեծագույն խնդիր կա: Չէ՞ որ Արտոն ոչ հիպերմարկետ, ոչ ռեստորան, ոչ կազինո ու ոչ էլ մոլ էր սարքելու, այլ մշակութային կենտրոն, որտեղ հաճախողները խոսելու և դատելու էին միմիայն բարձր գաղափարներից: 

«Արվեստը ևս լեզու է, ինչպես հայերենը, գերմաներենը կամ ֆրանսերենը: - ասում է քանդակագործը,- Մարդը մինչև այդ լեզուն չսովորի, արվեստի գործը իր ողջ խորությամբ չի կարող ընկալել: Այդպես է, քանի որ մարդու մոտ միայն մեկ աչք գոյություն չունի, այլ երկուսը. մեկը ֆիզիկականն է, իսկ երկրորդը ներքին աչքն է, որը միայն մշակվելու դեպքում է որ կարող է ընկալել արվեստի գործն իրականում»:

Նրա ստեղծագործությունների կարևորությունը չընկալելու մեր թուլությունը ամենևին չի ամաչեցնում մեզ. ավելին, քսան տարուց ավել խորհրդային կարգերից իբր ազատված Հայաստանում շարունակում ենք մոլեռանդորեն սահմանափակվել զանազան ու զարմանազան մեդալներ բաժանելով: Ա. Չաքմաքչյանին ևս բաժին ընկան դրանցից մեկ-երկուսը: Իրականության լույսի մեջ մեր մթությունը կոծկողի, բայց խարխափողի հոգեբանությամբ՝ ամենևին էլ հաշվի չառնելով, որ նա վաղուց մեդալների կարիքը չունի: Արտո Չաքմաքչյանը  հայրենիքը տեսնում է մեծ ներուժ ունեցող երիտասարդության միջով, որոնց համար էլ նա վերադառնում է Հայաստան: Արվեստագետին գամված և մեծ հետաքրքրությամբ լսող երիտասարդ աչքեր. ահա քանդակագործի լավագույն պարգևը, որը ոչ բոլորին է տրվում:

Լուս.` Արտո Չաքմաքչյանի պաշտոնական կայքից եւ Նարեկացի արվեստի միության կայքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter