HY RU EN

Քաղաքապետարանը 2014-ի ապրիլի 7-ին 9 մլն դրամի խնջույք է արել «Հարսնաքարում»

Այսօր Երևանի քաղաքապետարանը մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ «Օրվա փաստը» խորագրի ներքո թվեր է ներկայացրել  մայրաքաղաքում ստեղծված ծաղկային տարածքների մասին: Նշվում է, որ սա քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման նոր նախաձեռնություն է: «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին»,- այս տողերով է ավարտվում հաղորդագրությունը:

Եթե Երևանի քաղաքապետարանը «որդեգրել» է թափանցիկ աշխատելու այս ոճը, գուցե համաքաղաքացիներին հայտնի նաև, թե ինչպես է ծախսել  8 մլն 950 հազար դրամը:

Պարզվում է՝ նախորդ տարվա ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանի և «Դավիթ-Դ.Վ.Ս» ՍՊԸ-ի միջև կնքվել է ծառայությունների գնման պայմանագիր:  Ընկերությունը ստանձնել է ապրիլի 7-ի մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված հյուրասիրության ծառայությունների մատուցման պարտավորություն:

Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ ընկերությունը պարտավորվել է կատարել սրահի ձևավորումը, պատվիրված ճաշատեսակների պատրաստումն ու մատուցումը, սրահի համապատասխան լուսավորումն ու օդափոխումը, ավտոմեքենաների համար կայանատեղերի ապահովումը, ճաշկերույթի մասնակիցներին պատշաճ սպասարկումը, համերգային ծրագրի ապահովումը:

Ծառայության ընդհանուր գումարը 8 մլն 950 հազար դրամ է:

Պետռեգիստրի տվյալներով՝ «Դավիթ-Դ.Վ.Ս» ՍՊԸ-ի միակ սեփականատերը  Ռուբեն Հայրապետյանն է: Այս ընկերությանն է  «Հարսնաքար» ռեստորանային համալիրը: Ռ. Հայրապետյանին է պատկանում նաև «Զարգացման հայկական բանկը», որում բացված ՍՊԸ-ի հաշվեհամարին էլ քաղաքապետարանը կատարել է մի քանի միլիոն դրամի փոխանցումը:

Ծառայությունների գնման պայմանագրից պարզվում է, որ մոտ 9 մլն դրամը կամ 19.000 դոլարը քաղաքապետարանը ծախսել է խնջույք կազմակերպելու համար: Բացի դրանից,  մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի քաղաքապետարանը իր խնջույքները հիմնականում կազմակերպում է հենց «Հարսնաքարում»:

Մայրաքաղաքի՝ «մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» հայտարարող ղեկավարները լավ կանեն «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնեն նաև այն միլիոնները, որոնք պարբերաբար ծախսում են այս կամ այն առիթով կազմակերպվող խնջույքների համար: Այդկերպ երևանցիները հաստատ ավելի լավ պատկերացում կկազմեն քաղաքապետարանի գործունեության մասին: