
«Էլեմենտ բենդ». Լոս Անջելեսում հայկական երգը ներկայացնող խումբը
Լոս Անջելեսում 2005թ. կազմավորված հայկական «էլեմենտ բենդ» (Element band) խումբն այս տարվա մարտին առաջին անգամ ելույթ է ունեցել նաև Երևանում: Խումբը ներկայացնում է հայկական ազգային երգեր՝ յուրօրինակ գործիքավորմամբ և կատարմամբ:
Տարիների ընթացքում խմբի կազմը փոխվել է` 6-9 անդամ: Այժմ Երևանում խումբը ներկայացնում են Արա Տապանճեանը և Սոսե Արամունին: Խումբը թողարկել է 3 ձայնասկավառակ, աշխատում է 4-րդի վրա:
«Գալիս մտածում էինք, թե ինչպես պետք է ընդունեն մեզ՝ արտասահմանից գալիս ենք, հայերեն ենք երգում», - ժպտալով ասում է խմբի մեներգչուհի Սոսեն:
«Բայց մեկ բան մը հստակ եղավ, որ նախ` նման երաժշտությունն ընդունելի է, երկրորդ՝ չէին լսած այսպիսի դասավորումներ, և շատ դրական էր արդյունքը», - հավելում է Արան:
Վերջինս «էլեմենտ բենդ»-ի հիմնադիրն է, նաև գրում է երաժշտություն և երգի բառեր: Բեմի վրա Արային կարելի է տեսնել մի քանի գործիք նվագելիս, սակայն այն հարցին, թե քանի գործիք է նվագում, Արան ժպտալով ասում է, որ «օր մը կհաշվի»:
Չնայած խմբի երգացանկի հիմնական մասը հայկական էթնիկ երգերի մշակումներն են, սակայն նրանք երգում են նաև 10 լեզուներով երգեր: Սրանք հիմնականում տվյալ ազգի էթնիկ երգերի մշակումներ են: Երգերի մշակումների ժամանակ խմբի անդամներն օգտագործում են տարբեր երաժշտություններից առանձին մասնիկներ և դրանք միավորում «Էլեմենտ բենդի» երաժշտության մեջ: Այդ պատճառով էլ Սոսեն և Արան իրենց երաժշտությանը կոնկրետ ժանր չեն վերագրում, այլ այն անվանում են «world music» (աշխարհի երաժշտություն):
«Միշտ կշեշտեմ, որ հոգին ու շունչը շատ հայկական են, ինչ-որ մենք զգացած ենք և ինչ-որ մենք կզգանք: Այստեղ գալով` նույնիսկ կկրկնպատակվեն այդ զգացումները, որովհետև վերջապես հայրենքի մեջ կնվագենք», - ասում է Արան:
«Էլեմենտ բենդն» առիթ է ունեցել մի քանի անգամ ելույթ ունենալ Լոս Անջելեսի Հոլիվուդ բոուլ (Hollywood bowl) դահլիճում, որը տեղի ամենահայտնի և ամենամեծ դահլիճներից է: Այստեղ ժամանակին ելույթ են ունեցել «Բիթլզը», Ֆրենկ Սինատրան և այլ հայտնի երաժիշտներ: Արան ասում է, որ շատ ավելի հեշտ է իրենց երաժշտությունը լսելի դարձնել հայկական միջավայրում, որտեղ մարդիկ կարոտ են ազգային մշակույթին: Բայց խմբի նպատակն է, որ հայկական երգն ընդգրկի ավելի լայն լսարաններ: Դա է պատճառներից մեկը, որ իրենք տարբեր գործիքավորումներով են երգերը մշակում, որպեսզի այն ընդունելի լինի տարբեր նախասիրություններ ունեցող ունկնդիրների համար:
«Այդ մասն է, որ քիչ մը ավելի դժվար է, և հաջողած ենք շատ փոքր ձևով, բայց նորեն հպարտ ենք, որ այդքանն արած ենք: Դյուրին չէ, նորություն է հայկական երգը հանրային ձևով ուրիշ ազգերի ներկայացնել: Բայց անոր համար հպարտ ենք, որ մաս մը կա, որ մտիկ կընե մեզ, - ասում է Արան:
Վերջինս համոզված է, որ մշակույթի և ազգապահպանության հիմքում երաժշտությունն է: Սոսեն հավելում է, որ երաժշտությամբ ավելի հեշտ է տարբեր մարդկանց ներկայանալ: Երաժշտության դեպքում մարդը միայն լսում է, շատ ջանք չի գործադրում, ի տարբերություն, օրինակ՝ գրականության, որը պահանջում է լեզու սովորել: Սոսեն և Արան ուզում են, որ հայկական մշակույթը չվերանա սփյուռքի հայ երիտասարդների կյանքից. գուցե ոմանք հայերեն չեն խոսում, բայց գոնե հայկական երաժշտություն են լսում:
« Լոս Անջելեսի պես տեղում նյութական բաները ավելի կարևոր են, քան մշակույթը: Պետք է շեշտվի, որ ինչքան կարևոր է այս հարցը: Հուսամ, որ երաժշտությամբ գոնե մեր մասը կկատարենք»,- ասում է Արան:
Մեկնաբանել