«Մարդկանց թվում է, թե դրսում կինոների կյանքն է. չկա նման բան»
Երիտասարդ արվեստագետ Արփենիկ Մուրադյանը Փարիզից Երևան է տեղափոխվել երեք տարի առաջ: Ժպտալով ասում է, որ Հայաստանից կգնա միայն այն դեպքում, եթե իրեն «զոռով դուրս հանեն»:
Ֆրանսիայում Արփենիկը ապրել է 13 տարի, նրա ընտանիքը Հայաստանից արտագաղթել էր: Փարիզում ստացել է հագուստի դիզայների մասնագիտություն: Այնուհետև, երբ եկավ պահը` որոշում կայացնելու՝ մնալ Ֆրանսիայո՞ւմ, թե՞ գալ Հայաստան, Արփենիկն ընտրեց երկրորդը:
«Ես ինձ այստեղ եմ լավ զգում, ընդհանրապես չեմ զղջում, որ եկել եմ: Ազատ գործունեություն ունեցող մարդու համար, մանավանդ արվեստագետի համար, իմ կարծիքով, Հայաստանը լավ ներշնչանքի աղբյուր է: Մարդկանց թվում է, թե դրսում կինոների կյանքն է, բոլորը ձեռքերը բաց սպասում են իրենց: Չկա նման բան, դրսում մնում ես օտար: Ինչքան ուզում ես ապրի, մեկ է՝ օտար ես մնում, ու հեշտ չի կյանքը: Կարող է արդարություն կա, այստեղի վիճակը չի, բայց հեքիաթային կյանք չկա: Պետք եկած ժամանակ քեզ միշտ էլ զգացնել են տալիս, որ դու օտար ես»,- ասում է Արփենիկը:
Հայաստան տեղափոխվելուց հետո ծանոթներից շատերը չեն հավատում, երբ Արփենիկն ասում է, որ չի զղջում Երևան տեղափոխվելու համար: Այստեղ նա գտել է այն տարածքը, որտեղ կարող է ստեղծագործել. այստեղ է իր քաղաքը և ընկերները:
Հայաստանում Արփենիկը, ինչպես Ֆրանսիայում, զբաղվում է գրաֆիկ-դիզայների գործով, պատրաստում է նաեւ ձեռքի աշխատանքներ: Ստեղծագործելու ոլորտները բազմազան են՝ տան դեկորացիաներից մինչև նկարազարդումներ:
«Ինձ թվում է, որ մեր` հայերիս բախտն այնքանով է բերել, որ բոլորը ձեռքից լավ են: Այս ազգը տաղանդ ունի, ամեն մեկը մի բան անել գիտի,- ասում է Արփենիկը: - Ուղղակի մեզ մոտ ձեռքի աշխատանքն այնքան չի գնահատվում, որքան դրսում»:
Արփենիկի ստեղծած իրերի մեջ կարելի է տեսնել սփռոցներ ու անձեռոցիկներ, խոհանոցի սրբիչներ ու հացամաններ, խոհանոցային զանազան պարագաներ, ինչպես նաև նոթատետրեր, պայուսակներ ու դրամապանակներ: Արփենիկի պատրաստած իրերից ամենամեծ պահանջարկն ունեն նոթատետրերը, որոնք սկսել է պատրաստել Հայաստան տեղափոխվելուց հետո: Դրանք նա պատրաստում է Հայաստանում վերամշակված թղթից, ապա այն կազմում իր նկարազարդած կտավով:
Արփենիկը նման իրեր սկսել է պատրաստել 16 տարեկանից: Նրա մայրը` Նազենի Ղարիբյանը, արվեստաբան է, հայրը՝ Տարոն Մուրադյանը՝ նկարիչ: Արփենիկի մանկությունն անցել է արվեստագետների շրջապատում: Հիշում է, որ մի պահ սկսեց դրանից նեղվել ու որոշեց, որ ինքը երբեք արվեստի ոլորտին չի առնչվի: Բայց մի քանի տարի անց հայտնվեց այդ աշխարհում. մայրը կտորներ էր բերել տուն, ու նա պատրաստեց իր առաջին պայուսակը: Այժմ էլ իր ֆեսյբուքյան էջերի միջոցով նա ներկայացնում է իր աշխատանքները, պարբերաբար մասնակցում ցուցահանդես-վաճառքների:
Արփենիկն իր անհատական ցուցահանդեսներն է ունեցել Յուրմալայում և Ռիգայում, որտեղ ներկայացրել է իր ստեղծած հագուստը, զարդերը և նկարները: Այժմ ուզում է անհատական ցուցահանդես կազմակերպել նաև Երևանում`այս անգամ ներկայացնելով իր նկարներն ու կտավները: Նկարել սկսել է մոտ հինգ տարի առաջ: Այժմ խոստովանում է, որ դա իր համար ամենից հոգեհարազատն է:
«Իմ բախտը մի բանով է բերել, որ ես ունեմ այնպիսի ծնողներ, ովքեր ինչ նկարում եմ, չեն ասում՝ վայ, էս ինչ սիրուն է: Ինչը այն չէ, երկուսն էլ ասում են: Միշտ երկուսին էլ ցույց եմ տալիս իմ գործերը: Դա ինձ օգնել է գործի մեջ առաջ գնալ»,- ասում է Արփենիկը:
Այժմ Արփենիկը հաճախում է նկարչության դասերի, որպեսզի կատարելագործի իր հմտությունները: Պայուսակի մեջ տետր է պահում, որը ցանկացած պահի հանում ու սկսում է նկարել:
«Ստեղծագործելու համար ի՞նչ է պետք՝ մի հատ մատիտ, մի հատ թուղթ ու կարող ես սկսել: Մարդ կա, ասում է՝ էս էլ լիներ, էս կանեի, էս էլ լիներ, էս կանեի: Իմ կարծիքով` նման բաներ պետք չեն, կարևորը մտքիդ տեղ դրած լինես, կհասնես: Իմ բախտը բերել է, որ անում եմ այն, ինչ սիրում եմ ու ազատ եմ իմ գործի մեջ: Ու եթե կարող եմ մնալ ու այստեղ՝ Հայաստանում ապրել, ինչո՞ւ վեր կենամ գնամ»,- ասում է Արփենիկը:
Մեկնաբանել