
Արդարացված Ամանդա Նոքս. «Այնքան ուրախ եմ իմ կյանքը հետ բերելու համար»
Երեկ մինչև ուշ գիշեր Իտալիայի Վճռաբեկ դատարանում շարունակվել է 21-ամյա բրիտանացի ուսանող Մերեդատ Քերչերի սպանության գործով քննությունը: Արդյունքում ավարտվել են ավելի քան 7 տարի ձգվող տարբեր դատաքննությունները: 2007թ. ընկերուհու սպանության մեջ, ապա 2011-ին արդարացված ամերիկուհի Ամանդա Նոքսի ու իր ընկեր Ռաֆաելե Սոլեսիտոյի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարարության հիմքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամանդա Նոքսն ու իր ընկերը մոտ 8 տարի պայքարել են իրենց անմեղությունն ապացուցելու համար: Դատավճռի հրապարակմանը նրանք ներկա չեն եղել: Դատավճռի հրապարակումից հետո Ամանդա Նոքսին սատարողները հավաքվել են Սիեթլում գտնվող նրա բնակարանի մոտ, որտեղ 28-ամյա Ամանդան կարճ հարցազրույց է տվել՝ ասելով. «Այնքան ուրախ եմ իմ կյանքը ետ բերելու համար»:
![]() |
Տուժող Մերեդատ Քերչերը |
Ողբերգական պատմությունը սկսվել է 2007 թ.-ի նոյեմբերի 1-ին, երբ Հելովինի տոնակատարության գիշերը Իտալիայի Պերուջե քաղաքում վարձած բնակարանում հայտնաբերվել է բրիտանացի 21-ամյա ուսանող Մերեդատ Քերչերի դին՝ սեռական ու ֆիզիկական բռնության հետքերով:
Ուսանողուհին բնակարանը կիսել է 2 այլ ուսանողուհիների հետ, որոնցից մեկը՝ ամերիկուհի Ամանդա Նոքսը և նրա ընկերը օրեր անց դարձել են գլխավոր կասկածյալները: Ոստիկանությունը ձերբակալել է երկուսին էլ, քանի որ հենց նրանք են, որ գալով բնակարան՝ հայտնաբերել են լուսամուտները ջարդված, ապա զանգել ոստիկանություն: Սկզբում 20-ամյա Նոքսը ցուցմունք է տվել, որ խոհանոցում է եղել դեպի ժամանակ, բարի սեփականատերը խեղդել է ընկերուհուն: Ապա 2 շաբաթ անց նա հրաժարվել է իր ցուցմունքից՝ պնդելով, որ դա իտալական ոստիկանության ճնշումների հետևանք է եղել: Նոքսի փաստաբանները նշել են, որ իրենց պաշտպանյալը 53 ժամ հարցաքննվել է, եղել է սթրեսային իրավիճակում և անքուն: Իտալական ոստիկանությունը զրպարտանքի հոդվածով առանձին գործ է հարուցել Ամանդա Նոքսի դեմ:
Իրեղեն ապացույցների վրա հայտնաբերված սերմնահեղուկի ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ Քերչերին բռնաբարողը Ռուդի Գայդնն է, որ սպանությունից մեկ օր անց լքել է Պերուջե քաղաքը: Իրավապահները նրան ձերբակալել են գնացքով փախչելիս: Նա դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, ապա պատժաչափը մեղմացվել է՝ 16 տարվա:
![]() |
Ռուդի Գայդը |
Սակայն իրեղեն ապացույց հանդիսացող դանակի ու կրծկալի վրա հայտնաբերվել են նաև Ամանդա Նոքսի և նրա ընկերոջ նմուշները, ինչը նրանց դատապարտելու հիմք է դարձել 2009 թ.-ին:
Նոքսը դատապարտվել է 26, իսկ նրա ընկերը 25 տարվա ազատազրկման: Սակայն 2011 թ-ին Իտալիայի Վճռաբեկ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ՝ ապացույցները համարելով ոչ բավարար: 2014-ին նոր ապացույցներ է ներկայացրել Իտալիայի դատախազությունը, որոնք վկայել են երկու արդարացվածների մեղավորության մասին:
Այս անգամ էլ բեկանվել է արդարացման դատավճիռը: Սակայն Իտալիայի Վճռաբեկ դատարանը երեկ վերջակետ է դրել այս պատմությանը՝ դարձյալ կայացնելով արդարացման դատավճիռ:
Տուժող Քերչերների ընտանիքը դժգոհ է դատարանի դատավճռից: Նրանք գտնում են, որ արդարադատությունը չի հաղթանակել:
Մինչդեռ Ամանդա Նոքսի ու Ռաֆաելե Սոլեսիտոյի փաստաբանների կարծիքով, վերջապես արդարությունը հաղթեց: Ամերիկացի նախկին դատավորներից մեկն անգամ այս պատմությունը համեմատել է վհուկների որսի հետ:
Նա համարել է Ամանդային իտալական արդարադատության զոհ:
Ամանդա Նոքսը 4 տարի է անցկացրել իտալական բանտում, ապա գրել «Լսելի լինելու սպասումով» գիրքը՝ իր պատմության ու անմեղության ապացուցման ճանապարհի մասին:
Գիրքը կարճ ժամանակում 4 միլիոն դոլարի օգուտ է բերել: Նոքսի դատապարտման ու արդարացման մասին նկարահանվել է նաև երկու գեղարվեստական ֆիլմ:
Առաջին լուսանկարում՝ Ամանդա Նոքսն ու Ռաֆաելե Սոլեսիտոն
Մեկնաբանել