HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար բուժօգնություն` «կիսամեռ» սարքերով

Անվճար բուժօգնությունը պետությունը երաշխավորում է 30-50 տարեկան բժշկական սարքերով։ «Հետք»-ը քաղաքապետարանից ձեռք է բերել Երևանի պոլիկլինիկաներում գործող բոլոր սարքավորումների ցանկը: Ստացված տեղեկատվությունն ապշեցուցիչ է: Ցանկում ներառված սարքավորումների մոտ 50%-ը արտադրված են 1950-1980-ական թվականներին։ Իսկ ռենտգեն հետազատություն կատարող ապարատների 70%-ից ավելին 1970-80-ական թթ. արտադրության են:

Երևանի պոլիկլինիկաներում խորհրդային տարիներից «ժառանգություն» մնացած այս սարքավորումները պարբերաբար «մահանում են» և «վերակենդանացվում»:  Արդյունքում՝ քաղաքացիները հաճախ չեն կարողանում օգտվել անվճար բուժօգնությունից՝ սարքերի չաշխատելու պատճառով։

| Create infographics

Պարզելու համար` արդյոք խորհրդային արտադրության հին սարքավորումները նորմալ շահագործվում են և սպասարկում հիվանդներին, քաղաքապետարանից թույլտվություն խնդրեցինք նկարահանել ճառագայթմամբ աշխատող ռենտգեն և ֆլյուրոգրաֆիայի սարքավարումները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ նկարահանում կարող ենք իրականացնել միայն վեց պոլիկլինիկաներում։ Մնացած պոլիկլինիկաներում նկարահանում չթույլատրելը քաղաքապետարանը երկար քննարկելուց հետո պատճառաբանեց հետևյալ կերպ․ «Կանանց միամսյակի հետ կապված՝ քաղաքապետարանն առողջապահական ակցիա է իրականացնում պոլիկլինիկաներում, ինչի հետևանքով պոլիկլինիկաները ծանրաբեռնված են, նկարահանումներ հնարավոր չէ անել»։

«Հետքը» նկարահանել է 1970-1980-ական թվականների ռենտգեն սարքեր՝ թիվ 15, 17, 19, 20 պոլիկլինիկաներում, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում և «Կարմիր բլուր» պոլիկլինիկայում։

Մեր այցելության օրը քաղաքապետարանի առողջապահության վարչությունից բոլոր պոլիկլինիկաների տնօրեններին զգուշացվում էր, որ որևէ մեկնաբանություն կամ պարզաբանում սարքերի աշխատանքի վերաբերյալ չտան: Փոխարենը՝ քաղաքապետարանի հսկողությունից դուրս էին մնացել բուժհաստատություն այցելող հիվանդները:

Թիվ 17 պոլիկլինիկան, որտեղ գործում է չեխական արտադրության «Խիռալյուքս» ռենտգեն սարքը, նկարահանման օրը ծանրաբեռնված էր: Պոլիկլինիկան այս ապարատով սպասարկում է Երևանի վարչական երկու շրջանների` Էրեբունու և Կենտրոնի բնակչությանը:

Հիվանդներից մեկը, ով պատրաստվում էր ռենտգեն անել, «Հետքին» պատմեց, որ ամիսներ առաջ ոտքը կոտրել է, և պարբերաբար գալիս է ռենտգեն հետազոտության, սակայն եղել են դեպքեր, երբ չի կարողացել նկարել ոտքը, քանի որ սարքը չի աշխատել: Ռենտգեն հետազոտության սենյակի լաբորանտը և պոլիկլինիկայի ռենտգենոլոգ Մուշեղ Ստեփանյանը հաստատեցին, որ եղել են դեպքեր, երբ 25-ամյա ռենտգեն ապարատը խափանվել է, իսկ որպես պատճառ նշեցին սարքի ծանրաբեռնվածությունն ու հոսանքի տատանումները:

Պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը, ով ուղիղ կապի մեջ էր քաղաքապետարանի առողջապահության վարչության աշխատակցի հետ, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց: «Մեզ ասել են, որ պետք է միայն սարքերը նկարեք ու վերջ»,- ասաց տնօրենը: Ըստ ռենտգեն հետազոտություն գրանցամատյանի` այս սարքը օրական միջինը սպասարկում է 15-20 այցելուի․ զորակոչի կամ այլ պետական ծրագրերի իրականացման ժամանակ նրանց թիվը կարող է հասնել օրական 40-ի։

Ամենահին ռենտգեն սարքը՝ 1976թ. արտադրության ՌԳ-30 –ը, նկարահանեցինք թիվ 15 պոլիկլինիկայում։ Այս ապարատով պոլիկլինիկան սպասարկում է երկու` Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններիների շուրջ 33 հազար բնակչի: Պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը հույս էր հայտնում, որ իրեն խոստացել են՝ սարքը շուտով կփոխվի:

«Գիտեք ոնց, մենակ սարքը չի հարցը, պիտի մենք էլ պայմաններ ունենանք, հիմա ես վարկ եմ վերցրել, որ մի քիչ վերանորոգեմ, կաբինետը պատրաստեմ նոր սարքի շահագործմանը։ Տեսնենք, սպասում եմ` նոր սարք ունենանք»,- ասաց տնօրենը:

Հակառակ սարքի հնությանը`պոլիկլինիկան շարունակում է այն շահագործել՝ փորձելով փոքր-ինչ հստակ պատկեր ստանալ ախտորոշման համար։ Հնարավոր սխալ ախտորոշման վերաբերյալ մեր հարցերին տնօրեն Հակոբ Հարությունյանը պատասխանեց, թե մենք սխալ ուղղու վրա ենք․ ավելի կարեւոր հարցեր կան, իսկ պետությունը չի կարող ամեն ինչ միանգամից անել:

Նմանատիպ խորհուրդներ մենք լսեցինք նաեւ թիվ 20 պոլիկլինիկայի տնօրեն Էդուրարդ Բարսեղյանից, ով նույնպես մերժեց սարքերի մասին խոսելուց ՝ պատճառաբանելով, թե ռուսախոս է։ Չնայած դրան՝ նկարահանումից դուրս նա երկար խոսեց մեզ հետ, բայց «որպես քաղաքացի», իսկ որպես տնօրեն՝ ինչպես բոլորը, նա էլ «համր էր»:

Չաշխատող սարքավորումները՝ աշխատողի անվան տակ

Քանի որ Երեւանի քաղաքապետարանը մեզ հնարավորություն տվեց նկարահանել 22 պոլիկլինիկաներից միայն 6-ում, որտեղ էլ բոլորին կարգադրված էր լռել, ստիպված եղանք զանգահարելու միջոցով պարզել մնացած 16 պոլիկլինիկաների ռենտգեն սարքերի կարգավիճակի մասին։

Պարզվեց, որ պոլիկլինիկաների սարքերի ցանկում հաշվառվածներից մեծ մասը մասամբ են աշխատում, իսկ որոշներն ընդհանրապես չեն շահագործվում։ Սարքերը փչացած են, բայց դուրս չեն գրվում: Օրինակ՝ թիվ 19 պոլիկլինիկայի «ՌՈՒՄ 20» կոչվող երկու ռենտգեն ապարատներից մեկը պարզապես ավելորդ տեղ է զբաղեցնում: «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի միակ ռենտգեն ապարատը նույնպես փչացած է: Մեր այցելության պահին տնօրեն Նունե Ավանեսյանը, ինչպես աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, կազմակերպել էր «ակնթարթային ժողով», որից հետո ոչ տնօրենը եւ ոչ էլ բժիշկները չպատասխանեցին սարքերի վերաբերյալ մեր հարցերին:

Հին սարքավորումները, որոնք որոշ պոլիկլինիկաներում դեռ «շնչում են», կատարում են ոչ բոլոր հետազոտությունները: Ողնաշարի գոտկասրբանային հատվածը գրեթե անհնար է հետազոտել պոլիկլինիկաներում շահագործվող ռենտգեն սարքերով․ քաղաքացիները ստիպված են նման ախտորոշման համար վճարել մասնավոր կլինիկաներին կամ հիվանդանոցներին։

Թիվ 4 պոլիկլինիկայում, օրինակ, գործում է 1986թ. արտադրության «Ռենտգեն-30» սարքը, որով, ինչպես նշեց պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը, «ձեռք ու ոտք են նկարում»։  

«Ողնաշարի մյուս հատվածները հին սարքով կարողանում ենք նկարել, շատ լավ նկարներ են ստացվում։ Միայն գոտկասրբանային հատվածը չենք նկարում, քանի որ այդ հատվածը լայն է, ճառագայթը չի հասնում, նկար չի ստացվում, իզուր տեղը չենք ճառագայթում մարդկանց։ Նման ճառագայթման համար այդ սարքերի հզորությունը պակասել է»,- ասում է պոլիկլինիկայի փոխտնօրեն Սուսաննա Միրաքյանը։ 

Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության չափորոշիչներով սահմանված հետազոտում իրականացնելու համար համապատասխան սարքավորում չունենալու դեպքում՝ պոլիկլինիկան պարտավոր է իր տեղամասային այցելուին ուղեգրել մեկ այլ պոլիկլինիկա:

«Պարտադիր ծառայությունները, որոնք այդ հաստատությունում հնարավոր չէ ապահովել, իրականացվում է պայմանագրային հիմունքներով այն բուժհաստատության հետ, փոխադարձ պայմանագրի միջոցով, որը հագեցված է: Ձեր թվարկած ռենտգենը նույնպես դրա մեջ մտնում է»,- ասում է առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Քնար Ղոնյանը:  

Թիվ 4 պոլիկլինիկան որևէ այլ բուժհաստատության հետ պայմանգիր չունի` ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռենտգեն ախտորոշման ծառայության համար: Պոլիկլինիկայի փոխտնօրենը պատճառաբանում է, որ այլ պոլիկլինիկաներն էլ չեն կարող նման հետազոտություն անել, քանի որ սարքերը հին են։

«Ոչ մի պոլիկլինիկայում էլ հնարավոր չէ անել նման ռենտգեն։ Դա պետական հարց է, պետականորեն բոլորը դա գիտեն, որ ապարատները հին են եւ ողնաշարի այդ հատվածը ռենտգեն չեն անում։ Մենք հետաքրքրվել ենք, զանգել պոլիկլինիկաներ, բոլոր տեղերում հին են սարքերը»,- ասում է փոխտնօրեն Սուսաննա Միրաքյանը:

Հայաստանում շահագործվող խորհրդային սարքերը Ռուսաստանում վաղուց  դուրս են գրվել

Մոսկվայի պոլիկլինիկաներից 1970-1990 ական թթ. արտադրության բժշկական սարքավորումները դուրս են գրվել երկու տարբեր որոշումներով: Առաջին որոշումը ստորագրվել է դեռևս 1996 թ.-ին, երկրորդը` 1998թ.-ին:

 

 

 

Այս սարքավորումների մեջ թանկարժեք մետաղներ կան: Ինչպես նշված է որոշումների մեջ, «սարքերի օգտագործման համար պիտանի մասերը և թանկարժեք մետաղները» հանձնվել են ՌԴ պետական ֆոնդին: Որոշումներում գրված է նաև դուրս գրված սարքավորումների ընդհանուր արժողությունը․ առաջին խմբաքաբնակը` մոտ 12 միլիարդ ռուբլի, իսկ երկրորդը`9 միլիոն ռուբլի:  

2014-2015թթ-ին Երեւանի պոլիկլինիկաներին հատկացված նոր սարքավորումները

«Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերում» ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը բուժհաստատություններին տրամադրելու նպատակով 2014թ-ին ձեռք է բերել 14 անուն բուժսարքավորում` 2 ռենտգեն ապարատ, 5 ուլտրաձայնային հետազոտման սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման սարք (դոպպլեր), 2 կոլպոսկոպ և 4 իմունոֆերմենտային անալիզատոր՝ ընդամենը 75 մլն 886 հազար 400 դրամ արժողությամբ: 

2014թ. քաղաքապետարանի բյուջեով սարքերի ձեռք բերման համար նախատեսվել էր  մոտ 100 միլիոն դրամ, սակայն գումարն ամբողջությամբ չի ծախսվել: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժինը «Հետք»-ի հարցմանը պատասխանել է, որ 2014թ.` սարքավորումների համար հատկացված բյուջեից մոտ 24 միլիոն դրամը տնտեսվել է: 

 

 

 

Երևանի համայնքային բյուջեով իրականացվող ծրագրով այս տարի ձեռք է բերվելու 4 անուն բուժսարքավում՝ 5 ուլտրաձայնային հետազոտման սարք` տվիչով կամ դոպլերով, 10 ճեղքային լամպ, 5 կոլպոսկոպ, 10 արյան կլինիկական անալիզատոր:

2015 թվականի առաջին եռամսյակում նոր սարքավորում է ստացել 5 պոլիկլինիկա. Համաձայն քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության`թիվ 1, 8, 17 պոլիկլինիկաները, «Նոր Արաբկիր» ԱԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ները համալրվել են վերջին սերնդի ուլտրաձայնային հետազոտման ստացիոնար սարքերով՝ յուրաքանչյուրը տվիչով և դոպլերով։

«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, որի ենթակայությամբ գործում են պոլիկլինիկաները`տեղեկություն ստանալու, թե ինչ պիտի անեն սարքերի հնության պատճառով անվճար հետազոտումից զրկված և ոչ մի այլ հաստատություն չուղեգրվող քաղաքացիները։

«Հետքն» ուսումնասիրել է նաեւ Երեւանի պոլիկլինիկաների հին ռենտգեն ապարատների ճառագայթահարման վտանգը․ սահմանված նորմերն ու խախտումները։ Այդ մասին կարդացեք հաջորդ հրապարակման մեջ։

Մեկնաբանություններ (1)

ՀԱՍՄԻԿ
Իհարկե, թույլ չեն տա նկարահանել, քանի որ մարդկանց առողջականը և երկարակյաց կյանքը նրանց չի հետաքրքրոմ: Չէ որ իրեք և իրենց ընտանիքի անդամները չեն օգտվում այդ ծառայություններից...............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter