HY RU EN

Եպիսկոպոսն ու գեներալի որդին կիսում են գետը

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը 

ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանի որդին` Դավիթ Օհանյանը Վայոց ձորի մարզում հէկ է կառուցել: Այժմ էլ ավելացնում է հզորությունը:

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ  ապրիլի 3-ին Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի գյուղապետարանում տեղի է ունենալու «Նանե» փոքր հէկի կառուցման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: Ըստ ներկայացված նախագծի՝ «Արատես էներջի» ընկերությունը նախատեսում է լրացուցիչ ագրեգատի տեղադրման միջոցով բարձրացնել կայանի հզորությունը 1250 կՎտ-ով:

Իսկ մինչ այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014 թ. ամռանը էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել «Արատես էներջի» ընկերությանը: Ընկերությունը Հերմոն համայնքի վարչական տարածքում` Կարակայա գետի Այսաս վտակի վրա կառուցել է 2130 կՎտ հաշվարկային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:  

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Արատես էներջի» ՍՊԸ-ն գրանցվել է 2007 թ.-ին գեներալի Եղեգնաձորի տան հասցեում: Այդտեղ գրանցված է ինչպես գեներալը, այնպես էլ որդին՝ Դավիթ Օհանյանը: Ընկերության ողջ բաժնեմասի սեփականատերը Դավիթ Օհանյանն է: Նա նաև «Արատես էներջի»-ի տնօրենն է: 

Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանը ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, 2013-ի հունիսին նշանակվեց ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:

Այսասի երկարությունը 12 կմ է, որից 2.7 կմ-ը դերիվացիայի երկարությունն է, այսինքն՝ այդ երկարությամբ գետի ջուրը խողովակաշարի մեջ է մտել: Բացի այս հէկից, ևս մեկ հէկ արդեն կառուցված է նույն գետի վրա: Հիշեցնենք՝ Հերմոն գյուղում Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ն արդեն կառուցել է «Հերմոն» հէկը, որի դերիվացիայի երկարությունը 3.2 կմ է:

Եթե երկու հէկերի խողովակաշարերի երկարությունը գումարենք, ապա կստացվի, որ Այսաս գետի ուղիղ կեսը մտնում է խողովակի մեջ: