HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերին եւ վրացիներին մերձեցնում է լատինոն

Երեկոները երաժիշտները նվագում են իսպանական լատինո: Ելույթից առաջ առավոտից դնում են ձայնը, ընդմիջումներին խաղաթուղթ են խաղում եւ խմում են:

Երեւի գինի: Երեւի վրացական («Մի երեք բաժակ պետք է, որ սկսես նորմալ երգել»,- վստահեցնում են նրանք): «Իսկ մնացած ժամանակ,- ազնվորեն խոստովանում են երաժիշտները,- սիրահարվում ենք: Հայաստանին»:

«Դիլա-լատինո» խումբը, որ վրացերեն նշանակում է «լատինական առավոտ», արդեն մեկուկես տարի ապրում ու աշխատում է Հայաստանում: Այն, որ վրացիները Հայաստանում նվագում են լատինական երաժշտություն, ինքնին արդեն արտառոց է: Իսկ նրանց կատարողական վարպետությունը վեր է բոլոր խոսքերից:

«Դիլա-լատինոն» բաղկացած է հետեւյալ կազմից` Պաատա Իլուրիձե (հարվածային գործիքներ), Ռամազ Քիմերիձե (սոլո-կիթառ, վոկալ), Ռոման Քիմերիձե (ռիթմ-կիթառ, վոկալ), Բեսիք Տուրաշվիլի (կիթառ, սոլո) եւ Մուրադ Կուդուխով ( բաս կիթառ ) :

«Դիլա-լատինոն» ստեղծվել է 1997 թվականին: Ավելի ճիշտ, այն ժամանակ խումբը բաղկացած էր երեք երաժիշտներից (ներկա կազմում նրանցից մնացել է միայն Պաատան): Նվագում էին դասական երաժշտություն, առանց վոկալի: Խմբի մասնակիցներից մեկն աֆրոամերիկացի ուսանող էր, ով գնացել էր Վրաստան սովորելու ու այդպես էլ մնացել էր այնտեղ: Միայն նրա ներկայությունն արդեն (սեւամորթը Վրաստանում ա՜յն ժամանակ) խմբին երաշխավորում էր հանրաճանաչություն: Հետո երաժիշտները որոշեցին անսամբլի գործունեությանը առավել կոմերցիոն բնույթ տալ: Հրավիրեցին մենակատար Բեսո Տուրաշվիլիին, հետո հայտնվեցին ստեղնաշարն ու բաս կիթառը:

Տղաներն իսկական հեղափոխություն արեցին Վրաստանում: Կարելի է ասել, նրանք լատինական երաժշտության պիոներներն էին երկրում:

«Սկզբում մենք հիմնականում աշխատում էինք դիվանագիտական կորպուսների համար,- ասում է Պաատան:- Կամ մեզ հրավիրում էին արտասահմանյան ընկերություններ: Իսկ Վրաստանում նույնն է, ինչ որ Հայաստանում. եթե արտասահմանցիները նրանց ծափահարում են, ուրեմն երաժիշտները լավն են, եկեք լսենք նրանց: Մեզանից հետո տեղի ունեցավ իսկական լատինական բում. սկսեցին առաջանալ լատինական ակումբներ, պարային համույթներ: Մենք նվագում էինք մի ակումբում, որը շատ հայտնի դարձավ: Այլ ակումբների, ռեստորանների երաժիշտները սկսեցին մեր երգացանկը նվագել: Նույնիսկ կար մի համույթ, որ ռեստորանում բացառապես վրացական ազգային երաժշտություն էր նվագում, նրանք էլ եկան մեզ մոտ ու խնդրեցին «Bamboleo»-ի, «Gypsy Kings»-ի բառերը, որը շատ ճանաչված էր մեր կատարմամբ, որպեսզի նվագեն այն իրենց ռեստորանում»:

Համերգներից հետո երաժիշտներին հաճախ էին մոտենում իսպանացի զբոսաշրջիկները եւ շատ էին զարմանում, որ նրանք լեզուն չգիտեն. Բեսոն իսպաներեն բացարձակապես առանց ակցենտի էր երգում:

«Դիլա-լատինոն» ելույթ է ունեցել նույնիսկ գնչուական արքաների առջեւ, երբ «Gypsy Kings»-ը համերգներով Վրաստանոււմ էր, եւ արժանացել է նրանց բուռն ծափողջյուններին: Մենակատար Բեսոն Չիկոյին նման է նույնիսկ արտաքնապես, էլ չասած ձայնը եւ կատարման տեխնիկան:

Բացի «Gypsy Kings»-ից «Դիլա-լատինոյի» երգացանկում Սանտանայի, Գարի Մուրի, Դեւիդ Քավերդեյլի, Սթինգի ստեղծագործություններն են:

Յուրաքանչյուր ամառ երաժիշտները նվագում էին ծովափին, եւ մի անգամ նրանց լսեց այնտեղ հանգստացող մի երեւանցի:

«Նրանք պետք է ելույթ ունենան Հայաստանում»,- որոշեց նա ու անմիջապես անցավ գործի. հրավիրեց երաժիշտներին Երեւան, տեղավորեց նրանց: Տղաները եկան մեկ ամսով, սակայն մնացին մեկուկես տարի եւ մտադիր են այստեղ ապրել այնքան ժամանակ, «մինչեւ վտարեք»: «Իրենց արդեն կայացած հանդիսատեսն էլ չի թողնում, որ հեռանան»,- առանց կեղծ համեստության խոստովանում են երաժիշտները:

Բացի այն, որ Հայաստանն իրենց դուր է գալիս, Պաատան բերում է եւս մեկ պատճառ, թե ինչու իրենք ընտրեցին Հայաստանը:

«Պարզապես վերջին ժամանակներս Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սրվել են, եւ մենք ուզում էինք նպաստել մեր երկու` միմյանց հետ միշտ մտերիմ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վերականգնմանը,- ասում է նա:- Ժողովրդական դիվանագիտություն, եթե ուզում եք»:

«Սկզբում,- հիշում են երաժիշտները,- հայ հանդիսատեսը նրանց այնքան էլ ջերմ չէր ընդունում, լատինոն Հայաստանում այնքան էլ մեծ հեղինակություն չէր վայելում»: Հիմա արդեն նրանք ունեն իրենց հանդիսատեսը:

«Դրանք հիմնականում երեսունից բարձր մարդիկ են,- ասում են երաժիշտները:- Նրանք նույնիսկ գիտեն վրացական երգեր, երգում են մեզ հետ, ինչը չես ասի ավելի երիտասարդների մասին: Վրաստանում մենք նվագում էինք միայն իսպանական երաժշտություն, իսկ այստեղ ելույթներին ստիպված ենք լինում երգել նաեւ վրացական երգեր, այնքան են խնդրում»:

«Դիլա-լատինոն» հիմնականում նվագում է ակումբներում: Ակումբներում ավելի ջերմ մթնոլորտ է, ելույթն ավելի ինտերակտիվ է ստացվում, բացի այդ ակումբներում ելույթ ունենալն ավելի շահավետ է տեխնիկական տեսանկյունից: Բեմում ձայնը դնելու համար պետք է մի ամբողջ ապարատուրա, որը, ճիշտ է, հայթայթել կարելի է, բայց չափից դուրս թանկ է: Նույն խոչընդոտը խանգարում է նրանց ձայնագրել համատեղ կոմպոզիցիաներ հայ երգիչների հետ` չնայած փոխադարձ ցանկությանը:

«Կարելի՞ է ասել, որ Երեւանում կա ակումբային մշակույթ» հարցին երաժիշտները պատասխանում են. «Այո: Երեւանում ակումբային համակարգն ավելի զարգացած է, քան Թբիլիսիում: Այստեղ ակումբներն ավելի շատ են, եւ երիտասարդությունն ավելի շատ է ակումբներ հաճախում, քան Թբիլիսիում»:

Երաժիշտները նշում են, որ հայ եւ վրացի երիտասարդներն ընդհանուր առմամբ նման են, բայց երաժշտության մեջ նրանց ճաշակները տարբերվում են. Հայաստանում հեռուստացույցով փոփ երաժշտությունը շատ ավելի շատ է: Վրացի երիտասարդները նախընտրում են ավելի լուրջ երաժշտություն` ջազ, բլյուզ:

Հայաստանում համատարած համակրանք վայելող «ռաբիս» երաժշտություն Վրաստանում էլ կա, միայն թե այնտեղ այն չի արտահայտվում այնպիսի մասշտաբներով, ինչպես Հայաստանում: Արեւելյան երաժշտության ազդեցությունն էլ այնքան մեծ չէ, որքան այստեղ: Վերջին ժամանակները վրացիներն ավելի շատ լսում են վրացական երաժշտություն: Ազգային երգերին հիմնականում ձեռք չեն տալիս, չեն խառնում այլ ոճերի հետ:

Նույն փոփ երաժշտության ազդեցությամբ են տղաները բացատրում այն, որ իրենք հայտնի չեն լայն հասարակությանը Երեւանում:

«Լայն հասարակությունը հիմնականում լսում է փոփ երաժշտություն,- ասում է Պաատան:- Փոփ երաժշտության սիրահարները մեր համերգներին սովորաբար չեն գալիս: Իսկ նրանք, ում դուր է գալիս լատինոն, մեզ լավ գիտեն»:

Չնայած` չճանաչված լինելու մեջ երաժիշտները տեսնում են նաեւ լրատվամիջոցների մեղքը. չէ՞ որ եթե գրեին իրենց գործունեության մասին, հրավիրեին հեռուստահաղորդումներին, իրենց ավելի շատ մարդ կճանաչեր: Թե ինչու են լրատվամիջոցներն իրենց անտեսում, տղաները չգիտեն. ժպիտով ասում են, թե հուսով են, որ պատճառն ազգային պատկանելությունը չէ:

Նրանց խոսքերում, իհարկե, կա ճշմարտություն: Օրինակ ` երաժիշտների նախորդ շաբաթ կազմակերպած առաջին մամլո ասուլիսին ներկա լրագրողների մեծամասնությունը քաղաքական հետաքրքրություններ ուներ ու ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու են իրենց ուղարկել լուսաբանելու «մշակութային միջոցառում»: Չնայած «Դիլա-լատինոյի» անդամների հայտարարությանը, որ իրենք քաղաքականությունից շատ հեռու են, լրագրողներն ամեն կերպ ջանում էին գոնե ինչ-որ քաղաքական բան կորզել նրանցից, օրինակ` «վերջին սոցիոլոգիական հարցման ժամանակ վրացիները հայերին անվանել են ամենաանբարյացակամ ժողովուրդ, ի՞նչ կարծիքի եք այդ մասին»:

«Մեր խմբում օս է նվագում, նույնպես անբարյացակամ ազգից»,- նման հարցերի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին երաժիշտները:

Այն հարցին, թե ինչու է կոլեկտիվը բաղկացած միայն տղամարդկանցից, երաժիշտները կատակեցին, որ մի կին-երաժիշտ վերցնելիս կվիճեին միմյանց հետ, իսկ հինգ կինն արդեն շատ կլիներ:

«Իսկ ձեր առջեւ երիտասարդությանը ձեր երաժշտության միջոցով դաստիարակելու նպատակ դնու՞մ եք»,- հարցրեց ասուլիսին ներկա լրագրողներից մեկը:

Երաժիշտները պատասխանեցին, որ նման մտադրություն երբեք չեն ունեցել: Իրենք ունեն իրենց հավատարիմ հանդիսատեսը: Ինչ վերաբերում է մյուսներին, հիմա ժողովրդավարություն է, ով ինչ ուզում է, այն էլ լսում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter