HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հանուն «Աստաֆյան» համալիրի` 9 հոգի դարձան անօթեւան

«Պետության կարիքների համար» քաղաքի կենտրոնում գտնվող Ղարիբյանների երկհարկանի տունը պետությունը խլեց եւ տվեց «Աստաֆյան» հյուրանոցային համալիրին: Այս «օպերացիայի» վերջին ակորդները հնչեցին մարտի 1-ին:

Ղարիբյանների գույքը տնից դուրս էր բերվում հարկադրաբար: Բանվորներին իրենց հետ բերել էին Դատական ակտերի հարկադիր կատարողները (ԴԱՀԿ): Նրանք Ղարիբյանների տուն մտել են առավոտյան ժամը 10-ին: Ս. Ղարիբյանը փորձել է բացատրել, որ տան նկատմամբ իր` համասեփականատիրոջ իրավունքների ճանաչման հայցը դեռ գտնվում է դատարանի վարույթում: Մյուս կողմից` ընտանիքը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ դիմել է Սահմանադրական դատարան, ուր դիմումը քննվելու է մարտի 27-ին:

«էս դիվանը ի՞նչ եք անելու... Եթե բան ա, վերցնենք, էլի»,- տանտիրոջը հարցնում է բանվորներից մեկը: «Ի՞նչ ասեմ, տղա՛ ջան, վերցրեք»,- պատասխանեց Սամվել Ղարիբյանը:

Գրեթե նույն բախտին արժանացան նաեւ խոհանոցի կահույքն ու 2 մահճակալները: Մեկ այլ բանվոր էլ սրանք «գնեց» ընդամենը 20.000 դրամով:

«Ախր էդքան տեղ էլ չունեմ տանելու: Էս բոլոր իրերը ծանոթ-բարեկամներիս մոտ եմ տեղափոխում: Չգիտեմ էլ` ո՞նց ենք տեղավորելու»,- պարզաբանեց Ս. Ղարիբյանը:

Հարկադիրներն անդրդվելի մնացին: Նրանք, ինչպես խոստացել էին նախորդ այցելության ժամանակ, անցան վտարման` «կուլտուրական ձեւով»:

Ս. Ղարիբյանը եւ նրա դուստրը` Լուիզան, բռնի դուրս են հանվել: Բռնության հետեւանքով Լուիզայի ձեռքը վնասվել էր:

Տանը թողնելով միայն տանտիրուհուն` Մարիետա Հախվերդյանին, մոտ 2 տասնյակ հարկադիրներ դուռը ներսից կողպեցին եւ անմիջապես սկսեցին հավաքել տան իրերը:

Դրսում հավաքվել էին Հյուսիսային պողոտայի` իրենց տներից վտարված մի քանի քաղաքացիներ: Մ. Հախվերդյանը նրանց հետ հաղորդակցվում էր պատուհանից: Մի քանիսը, փայտից աստիճանը պատուհանին մոտեցնելով, ուզում էին բարձրանալ վերեւ: Բայց հասարակական կարգը հսկող, ավելի ճիշտ` հարկադիրների անխափան աշխատանքն ապահովող մեկ տասնյակից ավելի ոստիկանները թույլ չտվեցին` քաշքշելով անգամ կանանց: Տանտերերին քաղաքացիների օգնությունը սահմանափակվեց միայն «թուրքից էլ բեթար եք, դահիճնե՛ր», «թաղե՛մ ձեզ», «մի օր էլ ձեզ են էս օրը գցելու» ու նմանատիպ արտահայտություններով:

Քիչ անց օգնության եկան նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբանները: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցները նրանց առջեւ եւս դուռը չբացեցին: Նրանք գնացին հանդիպելու Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:

Սամվել Ղարիբյանն անկարողությունից արտասվում էր: Լալիս էին նաեւ նրա կինն ու 3 աղջիկները:

Լուիզայի համար շտապօգնություն կանչեցին: Իր խոսքերով` ծանր ապրումներից 2 ամիս առաջ նա կորցրել էր երեխային (հղիության ընդհատում): Փողոցում լինելու պատճառով բուժքույրերը Լուիզային լուրջ օգնություն չկարողացան ցուցաբերել: Սրտի կաթված տարած Ս. Ղարիբյանը եւս հրաժարվեց տեղափոխվել հիվանդանոց:

«Ո՞նց գնամ, հո էրեխեքիս մենակ չե՞մ թողնելու»,- ասաց նա:

Շուտով վերադարձավ Վարդան Մկրտչյանը: Նա մեկնել էր Արդարադատության նախարարություն` ինչ-որ ելք գտնելու ակնկալիքով: Այս անգամ ԴԱՀԿ աշխատակիցները տան դուռը բացեցին: Պատգամավորի միջամտությամբ նրանք խոստացան տանտերերին տրամադրել 2-3 օր ժամանակ` տունը դատարկելու եւ գույքն անձամբ, խնամքով տեղափոխելու համար:

Բայց սա ընդամենը սուտ էր, որի արդյունքում Վ. Մկրտչյանն ու հավաքվածների ճնշող մեծամասնությունը հեռացան: Իսկ հարկադիրները կրկին անցան իրենց գործին: Նրանց հրահանգով բանվորներն արագ-արագ սկսեցին տնից դուրս բերել իրերը եւ տեղավորել բեռնատարներում: Ի դեպ, բանվորների վարձավճարը եւ տեղափոխման ամբողջ ծախսը գանձվելու է պարտապանից, այսինքն` տանտերերից:

Արդեն երեկոյան տունը գրեթե դատարկված էր, եւ Ղարիբյանների վտարումը` այլեւս լիովին իրականացված:

Ս. Ղարիբյանը, այնուամենայնիվ, ընտանիքի գիշերելու խնդրի լուծումը գտել էր: Նրա խոսքերով` 9 շնչից բաղկացած ընտանիքը բաժանվելու էր խմբերի ու գիշերելու էր հարազատների տներում:

«Ի՞նչ անենք, ուրիշ ճար չկա»,- ասաց արդեն անտուն դարձած ընտանիքի հայրը` 2-րդ կարգի հաշմանդամ Ս. Ղարիբյանը:

Մարտի 2-ի առավոտյան «Աստաֆյան» համալիրի ետնամասում գտնվող Ղարիբյանների երկհարկանի տնից մնացել էին միայն պատերը: Ավերումը շարունակվում էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter