HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Me and Bobby McGee. ազատ, վայրի, համարձակ ու անկրկնելի, ինչպես ինքը՝ Ջոփլինը

Նաիրա Հայրապետյան

Մի երեկո պրոդյուսեր և «Monument Records» ընկերության հիմնադիր Ֆրեդ Ֆոսթերը զանգահարեց Քինգ Քրիստոֆերսոնին և ասաց. «Ես երգի վերնագիր ունեմ քեզ համար՝ «Ես և Բոբի Մըքին»: Երգչին թվաց, թե հստակ լսեց «Մըգին», և այդպես էլ տպավորվեց այն իր հիշողության մեջ: Մինչդեռ Ֆոսթերը նկատի ուներ Բյուդլոու Բրայընթի (ամերիկացի երգիչ, երգահան) քարտուղարին՝ Բոբի Մըքիին, ով այդ պահին նրա հետ նույն վայրում էր գտնվում: Հետո Ֆրեդն ասաց. «Բանն այն է, որ Բոբին կին է. հը, ո՞նց է, գրավո՞ւմ է քեզ»: Քրիստոֆերսոնը զարմացած էր փոքր-ինչ, բայց պատասխանեց՝ «Ես երբեք դեռ պատվերով երգ չեմ գրել, բայց կփորձեմ»: Ու սկսեց մտածել՝ մտքում մտմտալով ինչ-որ բառեր, մեղեդիներ, դրանք մտովի ուղեկցվում էին պատկերներով, բայց այդպես էլ գործը գլուխ չէր գալիս: Երաժիշտն ինքն էլ խոստովանում է, որ երկար ժամանակ պահանջվեց երգը վերջնականապես ստեղծելու համար: Եվ ստացվեց:

«Me and Bobby McGee»-ն  Քրիստոֆերսոնի կյանքում դեռ հետաքրքիր էջ էր դառնալու. ոչ այնքան երգի, որքան իր բազմաթիվ կատարումների շնորհիվ: Իսկ դրանք իսկապես շատ էին և պատկանում էին համաշխարհային համաբավ վայելող անունների: Դրանց մեջ կա մեկը, որն իր անունը այսուհետ անջնջելիորեն կդրոշմի երգին: Դա անկրկնելի, միակ և անփոխարինելի Ջենիս Ջոփլինն էր:

Այն ժամանակ դեռևս քիչ հայտնի երգահան, երգիչ և երաժիշտ Քրիս Քրիստոֆերսոնի այս գործը համաշխարհային հիթի վերածվեց, երբ այն հնչեց հենց Ջոփլինի կատարմամբ: Բայց, մինչ այդ, երգի կատարման համար նախապես ընտրվեց Ռոջեր Միլերը՝ քանթրի ոճում հանդես եկող ամերիկացի երաժիշտ, ով առավելապես հայտնի է «King of the Road» և «Dang Me» հիթերից: Նրա՝ 1969թ. թողարկված «Me and Bobby McGee» սինգլը քանթրի երաժշտության հիթ-շքերթներում ԱՄՆ-ում հասավ 12-րդ հորիզոնականին: Այս ընթացքում երգը ձայնագրեց նաև Գորդոն Լայթֆութը, որի կատարմամբ «Me and Bobby McGee»-ն գրավեց ոչ միայն քանթրի, նաև գլխավոր փոփ հորիզոնականներ՝ հատկապես Կանադայում: Լայթֆութի տարբերակը 1971թ. հիթային դարձավ նույնիսկ Հարավային Աֆրիկայում: Ավելի ուշ այն ձայնագրեց «Statler Brothers խումբը և թողարկեց իր ալբոմներից մեկում: Բացի այդ՝ խմբի անդամները՝ Դոն և Հարոլդ Ռիդերը պնդում են, որ ի սկզբանե Քրիստոֆերսոնը խոստացել էր նրանց հանձնել երգը, սակայն ձայնագրությունից առաջ պարզել են, որ Միլերն արդեն թողարկել է իր կատարումը: 1970թ. Քրիստոֆերը ևս ձայնագրեց այն և թողարկեց իր առաջին՝ «Kristofferson» ալբոմի կազմում:

Ջ. Ջոփլինը «Me and Bobby McGee» երգը ձայնագրեց 1970թ-ին՝ իր մահվանից ընդամենը մի քանի օր առաջ: Երգը թողարկվեց 1971թ. «Pearl» ալբոմի կազմում․ շատ շուտով սինգլը գլխավորեց «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնականը՝ դառնալով երգչուհու առաջին և, փաստորեն, միակ թիվ մեկ կատարումը: Ջոփլինյան «Me and Bobby McGee» -ն առանձնանում է նաև նրանով, որ ռոք երաժշտության ողջ պատմության ընթացքում երկրորդ սինգլն է, որը գլխավորող էր դարձել երաժշտական թոփերում՝ հետմահու:

Ջենիսը երգն առաջին անգամ լսեց Քրիստոֆերսոնի կատարմամբ, ով հատուկ երգում էր, որ նա լսի և կարծիք հայտնի: Նա Քրիստոֆերսոնի ամենամոտ ընկերն էր և խորհրդատուն, թեև լուրեր էին պտտվում, որ իբր նրանք սիրեկաններ են, ու իբր Քրիստոֆերսոնն օգտագործում էր երգչուհուն շոու-բիզնեսում ճանապարհ հարթելու համար: Երբ հայտնվեց նրա տարբերակը, նույն ուղղությամբ մտածող մարդիկ սկսեցին երևակայել, թե երգը հենց նրա մասին է գրվել: Քրիստոֆերսոնը հետագայում մի քանի անգամ առիթ է ունեցել հավաստիացնելու, որ երգը բնավ էլ Ջոփլինի համար չի գրվել, ոչ էլ իրենց հարաբերությունների մասին է, այլ ստեղծվել է Ֆելինիի «Ճանապարհ» ֆիլմի ազդեցությամբ՝ նրա որոշ դրվագներից ներշնչված։ Այս երգը շարունակում է ասոցացվել հենց Ջոփլինի հետ․ նրա կատարման տարբերակն ընդունողների համար լավագույն «ապացույց» էին «Somewhere near  Salinas, Lord, I let her slip away» տողերը:

Երգի բնօրինակում Բոբին կնոջ կերպար է, ոչ թե տղամարդու: Ջենիսը ընկերոջն անակնկալ էր նախապատրաստել և կատարեց՝ որոշակի փոփոխության ենթարկելով տեքստը. նա Բոբիին տղամարդ սարքեց: «Me and Bobby McGee» -ի հիմնական թեման ազատությունն է, հանուն որի հերոսները զոհաբերում են նույնիսկ իրենց սերը: Ազատությունը նրանց համար ամեն ինչից վեր է:

«Me and Bobby McGee» -ն 1970-ականներից սկսած մինչ օրս ձայնագրվել է բազմաթիվ երգիչների կողմից՝ Քենի Ռոջերս, Ջոնի Քեշ, Չեթ Ատկինս, Ջերի Լի Լյուիս, Օլիվիա Նյուտոն, Դոլի Փարթոն,  Ջոան Բաեզ, «Grateful Dead ռոք խումբը, Փինքը և ուրիշներ: Դրանք մեկը մյուսից հետաքրքիր են ու անկրկնելի, բայց ոչ մեկը չի կարողացել փոքր-ինչ մոտենալ ու վերցնել այն, ինչը հաջողվել է Ջոփլինին: Ուստի երգի լավագույն կատարումը մինչ օրս մնում է ջոփլինյան փայլի մեջ: Նա երգը կրում էր իր մեջ, զգայարաններում, նյարդերի վրա. ահա թե ինչու էր կարողանում լավագույնս փոխանցել երգի ոգին: 

«Երբ առաջին անգամ լսեցի Ջոփլինի կատարումը, նրա մահից անմիջապես հետո էր,- հիշում է Քրիստոֆերսոնը ,- Փոլ Ռոտշիլդը՝ նրա պրոդյուսերը, խնդրեց մտնել իր մոտ և լսել այն հատվածը, որն ինքը փոխել էր: Նրա մոտից դուրս գալուց հետո ես երկար ժամանակ թափառում էի Լոս-Անջելեսի փողոցներով, արցունքներն ուղղակի հոսում էին: Անհանարին էր լսել այդ կատարումն՝ առանց ներսդ տակնուվրա լինելու: Եվ երբ վերադարձա Նեշվիլ, շենքից ներս մտա և սկսեցի նվագել՝ նորից ու նորից: Այնքան ժամանակ, մինչև որ սովորեի ընդունել այն՝ առանց ներսից հուզմունքից խեղդվելու»:

«Allmusic»-ի մեկնաբաններից Սթիվ Հյուին գրել է. «Շատերն այդ երգը դեռ շարունակում են անգիտակցաբար վերագրել Ջոփլինին, և դրա պատճառը ոչ միայն  նրա կրքոտ և անկրկնելի կատարման մեջ է: Ոչ, դրանում չէ, այլ Բոբի Մըգիի կերպարի մեջ, որը գրեթե նույնն է, ինչ Ջենիսինը՝ վայրի, թափառող, ազատատենչ, համարձակ և անմոռանալի: Ահա թե ինչու, նույնիսկ նրա մահից այսքան տարի անց, շարունակում է հնչել նույն ազդեցությամբ և ծառայում՝ որպես կատարյալ տապանագիր նրա հիշատակին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter