
12 տարեկանում որոշել էր դառնալ Հայաստանի նախագահ
Արգենտինահայ Արի Հաճեանը Հայաստան է տեղափոխվել 2010-ին: Ասում է, որ իր մանկության երազանքը՝ ապրել Հայաստանում, արդեն իրականություն է դարձել: Երբ դեռ փոքր էր և ապրում էր Արգենտինայում, ընդունված էր նամակագրական կապ հաստատել այլ երկրի հասակակիցների հետ: 12 տարեկանում նա Հայաստան նամակ էր ուղարկել, որտեղ գրել էր, որ մի օր պետք է գա Հայաստան, խաղա Հայաստանի ֆուտբոլի հավաքականում ու դառնա Հայաստանի նախագահը:
Արին մասնագիտությամբ ճարտարապետ է, այժմ աշխատում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Երբ դեռ ապրում էր Բուենոս Այրեսում, ընկերությունը, որտեղ աշխատում էր, պատվեր է ստանում բնակարաններ կառուցել Զամբիայում: Որոշվում է այնտեղ գործուղել Արիին: Վերջինս հրաժարվում է, որովհետև միակ երկիրը, որտեղ պատրաստ էր տեղափոխվել, Հայաստանն էր: Նրան հաջողվում է իր մասնագիտությամբ աշխատանք գտնել և հաստատվել Հայաստանում:
Այստեղ էլ Արին ամուսնանում է Նաիրի Աբրահամյանի հետ, որը նույնպես ճարտարապետ է: Վերջինս Իրանից Հայաստան է տեղափոխվել 2002թ., երբ որոշեց բարձրագույն կրթությունը ստանալ Երևանում: Նաիրիի հայրն ասել էր, թե դստեր համար ավելի հանգիստ կլինի, եթե նա միայնակ տեղափոխվի Հայաստան, քան Իրանում մի թաղամասից մյուսը գնա: Նաիրիի Հայաստան տեղափոխվելուց երկու տարի անց այստեղ են տեղափոխվում նաև մայրը և քույրերը: Իսկ հայրը գործի բերումով պարբերաբար Իրանից Հայաստան է գալիս-գնում:
«Շատերը գալիս են, հուսախաբվում են ու հետ են գնում: Բայց եղել են պատճառներ, որ պահել են մեզ այստեղ: Այստեղ թե լավը, թե վատը տեսնելով` մնացել ենք,- ասում է Նաիրին:- Լավ չէ, որ մեկ-մեկ դրսից պայծառացնում են ամեն ինչ, չափազանցնում, իդեալականացնում: Հետո գալիս են այստեղ, վատ կողմերը տեսնում են, իրենց սպասելիքները չեն արդարանում, հետ են վերադառնում»:
Նաիրին խոստովանում է, որ չնայած 17 տարի ապրել է Իրանում, բայց ի սկզբանե Հայաստանում հարմարվելու դժվարություն չի ունեցել, կարծես ամբողջ կյանքն այստեղ է ապրել: Նրան դուր է գալիս հատկապես այստեղի ազատությունը, որովհետև Իրանը մուսուլմանական, փակ երկիր է, որտեղ «կանանց համար դժվար է»:
Արին էլ խոստովանում է, որ Հայաստան տեղափոխվելուց հետո հայրենասիրության մասին իր պատկերացումները փոխվել են: Սփյուռքից Հայաստանը դրախտային երկիր է թվում, շատերը բացասական երևույթները կամ չեն նկատում, կամ էլ «կարոտը արդարացնում է ամեն ինչ»:
«Առաջ ի՞նչ էր իմ հայրենասիրությունը՝ որ պետք է պահանջենք մեր հողերը, Ղարաբաղի, Նախիջևանի, Ջավախքի հարցերն էին: Բայց հիմա արդեն ասում եմ՝ այս կառավարությունը պետք է փոխենք, որ այս ժողովուրդը գործ ունենա, որ այս ժողովուրդը զարգանա,- ասում է Արին:- Չի կարող լինել, որ մի թոշակառու 12 հազար դրամ թոշակ ստանա, խայտառակություն է, և տեսնես, որ այդ պատգամավորը 150 հազար դոլարանոց մեքենա է քշում ու ասում է՝ բյուջե չունենք: Միայն որ այդ մեքենան ծախե, քանի՞ թոշակառուի կօգնի: Ահավոր չափերի արտագաղթ ունենք, ու իրենց հոգը չէ կարծես»:
Արին հիանում է իր հայրենակիցներով, ովքեր ձգտում են օտար լեզուներ սովորել, կարողանում են գնալ արտերկրում որակյալ կրթություն ստանալ: Նրանք են, որ պետք է հետ գան ու փոփոխություն մտցնեն, բայց շատերը հիասթափվում, գնում են, որովհետև բախվում են կաշառակերությանն ու անարդարությանը:
«Ես Թումոյում դաս եմ տալիս և ուրախանում եմ, երբ այդտեղի երեխաները, որոնք հանճարներ են, գնում են արտասահման սովորելու: Բայց սիրտս փշրվում է, երբ նրանք մնում են այնտեղ: Ու այդպիսի հազարավոր դեպքեր գիտեմ»,- ասում է Արին:
Արին ու Նաիրին սրտնեղում են, որ իրենց ընկերների մեծ մասն այս տարիների ընթացքում լքել է երկիրը, և հիմա այստեղ շատ փոքր շրջապատ ունեն:
«Ու սկսում ես մտածել՝ արդյոք ե՞ս եմ սխալ, որ Հայաստան եմ եկել, այդքան բան եմ ձգել Արգենտինայում, այստեղացիներն են գնում այստեղից, դու ի՞նչ գործ ունես այստեղ, որ օտար ես,- ասում է Արին:- Չնայած Հայաստանը մեծ, հսկա ընտանիք մըն է, ես ինձ կզգամ այդ ընտանիքի անդամ, բայց խորքի մեջ ես օտար եմ: Ու կմտածես՝ սխա՞լ եմ արել, որ եկել եմ Հայաստան»:
Արիի ընտանիքը շարունակում է ապրել Արգենտինայում: Չնայած նրանց կարոտում է, բայց ասում է՝ որոշումը որոշում է: Արին ու Նաիրին խոստովանում են, որ իրենք շատ են կապված այս երկրի ու ժողովրդի հետ, ուզում են այստեղ էլ շարունակել ապրել, հնարավորության դեպքում իրենց սեփական գործն ունենալ: Նրանք ուզում են բացել դիզայներական ստուդիա: Բայց չեն ուզում տեսնել, թե ինչպես են մարդիկ աստիճանաբար լքում երկիրը:
«Անկարելի է, որ այսքան տգետ, այսքան անգրագետ մարդիկ ըլլան մեր իշխանությունը: Մեր ազգին, որ ամենախելացի ազգերից մեկն է, ունենք ամենաանգրագետ պատգամավորները, ամենաանգրագետ նախարարները: Ադ է, որ խելքս չի հասնի,- ասում է Արին:- Բայց հույսերս դեռ շատ են, մանավանդ նոր սերունդների հետ մեծ հույսեր ունեմ, որը շատ խելացի է, ճաշակով ու զարգացած: Խելքը կա, տաղանդը կա, բայց դեռ այդ սովետական մտածելակերպն ունենք: Ասում են՝ աշխարհում ամեն տեղ կաշառակերություն կա, եթե շարունակես այդպես արդարացնել երկրի վիճակը, ուրեմն այն երբեք չի փոխվի: Պետք է մտածելակերպի փոփոխություն լինի»:
Արին հիացմունքով է խոսում նաև հայ երեխաների մասին, ովքեր կիրթ և դաստիարակված են, հարգանք ունեն մեծերի նկատմամբ: Զրույցի ընթացքում Արին մի քանի անգամ նշում է, որ շատ է սիրում տեղի ժողովրդին, բայց խնդրում է, որ ժողովրդից տարանջատեմ կառավարությունը, պաշտոնյաներին և օլիգարխներին: Ասում է, որ ինքը սիրում է իսկական ժողովրդին, օրինակ՝ իրենց հետ աշխատող բանվորներին, որոնք մարդկային բարձր արժեքներ ունեն, ովքեր չնայած իրենց բազմաթիվ խնդիրներին, միշտ ժպիտով են խոսում դիմացինի հետ:
«Արդեն 5 տարի է, որ այստեղ եմ, բայց ամեն անգամ կհիանամ, երբ փողոցում քայլում եմ ու երկու հոգի իրար հետ հայերեն են խոսում: Ես կխենթանամ, կխենթանամ: Ադ կարոտը, որ ես ունիմ հայերեն լեզվի, որ մեր մոտ՝ Արգենտինա չիկա, ես դեռ մինչև այսօր ականջս կկախիմ, որպեսզի լսեմ հայերեն բառեր, հայերեն խոսակցություն: Դրա համար կկատղիմ, երբ որ ռուսերեն կխառնին»,- ասում է Արին:
Քանի որ հայերեն խոսակցության ժամանակ շատերն են ռուսերեն բառեր օգտագործում, Արին հարցը լուծելու իր տարբերակն է գտել: Իրենց գրասենյակում նա ապակե տարա է դրել, որտեղ աշխատողները պետք է տասը դրամ գցեն օգտագործած յուրաքանչյուր ռուսերեն բառի համար: Ասում է, որ դրանից հետո մարդիկ սկսել են խուսափել օտար բառեր օգտագործելուց:
«Ես մնում եմ, որովհետև հույս ունեմ, որ փոփոխություններ պետք է լինեն, հույս ունեմ, որ ավելի շատ սփյուռքահայեր պետք է գան այստեղ, ու այդ մտածելակերպը, որ ունենք, բերենք մեզ հետ», - ասում է Արին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել