Մյասնիկյանի երեխաների լավագույն լուսանկարները՝ «Կիզակետում»
Նոյեմբերի 1-ին «Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Մյասնիկյան գյուղի երեխաների լուսանկարչական աշխատանքների «Կիզակետում» ցուցահանդեսը, որը ներկայացնում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և «Նարեկացի» արվեստի միությունը:
«Կիզակետում»-ը լուսանկարչական նախագիծ է, որն իրականացվել է 2011թ. ամռանն ու աշնանը Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում: Չորս ամսվա ընթացքում 7-ից 17 տարեկան երեխաները, ստանալով թվային ֆոտոխցիկներ, լուսանկարների միջոցով բացահայտեցին իրենց շրջապատող աշխարհը: Ցուցահանդեսին կներկայացվեն ծրագրին մասնակցած տաղանդավոր երեխաների լավագույն աշխատանքները:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ «Կիզակետում» նախագիծը մշակել, համակարգել և իրականացրել է Օկսանա Միրզոյանը: Հիմնադրամի աշխատանքի առանցքում գյուղական համայնքների երեխաների համար լուսավոր ապագա կառուցելն է' նրանց համար բարելավված կրթություն, առողջապահություն, քաղաքացիական ակտիվ կյանք ու տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Հիմնադրամն իր ծրագրերն իրականացնում է 2004 թ.-ից' Բաղրամյանի և Թալինի շրջանների շուրջ մեկ տասնյակ գյուղում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել