
30 փաստաբան ու 20 դատավոր կմասնակցեն խոսքի ազատության թեմայով սեմինարին
Շուրջ 30 փաստաբան ու 20 դատավոր կմասնակցեն խոսքի ազատության թեմային նվիրված եռօրյա սեմինարին, որը կմեկնարկի նոյեմբերի 1-ին Երևանում: Սեմինարը կանդրադառնա զրպարտության և վիրավորանքի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի, ընտրությունների համատեքստում խոսքի ազատության, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դատական նիստերի լուսաբանման թեմաներին:
Միջոցառումը կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
Դասընթացները կվարեն Մեծ Բրիտանիայից բարձրակարգ փաստաբան Գևին Միլլարը և «Արթիքլ 19» միջազգային կազմակերպության իրավական հարցերով ավագ պատասխանատու Բոյկո Բոևը` «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբաննների թիմի հետ միասին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը հանդես կգան բացման ելույթներով:
Մեկնաբանել