HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Կոմիտասի ամենաթանկ նվերը

Աննա Բաբաջանյան 

Այս տարվա հունվարին բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտի  ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը մեծ երգահանի դաշնամուրն է, որը նորաբաց թանգարան է տեղափոխվել Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից: Սակայն սա թանկարժեք ցուցանմուշի միակ «երթուղին» չէր: Մինչեւ իր վերջին հանգրվան հասնելը նրան վիճակվել էր տասնամյակներ շարունակ մի վայրից մյուսը տեղափոխվել` դառնալով անսովոր մի պատմության  հերոսը: Իսկ անսովորն այս պատմության մեջ նախեւառաջ այն էր, որ հայ մեծագույն երաժիշտը երկար տարիներ զրկված էր եղել երաժշտական գործիք ունենալու հնարավորությունից: Էլ ավելի անհավանական պիտի թվա, եթե ասենք, որ սրանով հանդերձ Կոմիտասն  արդեն իսկ հայ ժողովրդական եւ հոգեւոր երգերի մշակումներով համերգներ էր ունեցել, երգչախումբ էր ղեկավարել, հեղինակավոր վարդապետ էր, սակայն ստեղծագործում էր Էջմիածնի միաբանության հանդիսասրահում գտնվող մի հնամենի ֆիսհարմոնով:  Ստեղնաշարային այդ գործիքը չափերով փոքր էր, անհարմար եւ չէր «բավականեցնում» Կոմիտասին:

Հայտնի է, որ Վարդապետն այդ տարիներին ապրում էր նյութական սուղ պայմաններում, իսկ եթե նույնիսկ երբեմն միջոցներ էր ունենում, դարձյալ դրանք չէր  ծախսում իր անձնական կարիքների համար: Այս առիթով հատկանշական է Հովհաննես Թումանյանի մի դիտարկում, որն առավել է սրում առաջին հայացքից գուցե խիստ կենցաղային, բայց իր էության մեջ իսկապես ցավալի երևույթը: Նամակներից մեկում Թումանյանը գրում է. «Կոմիտաս վարդապետի նման անհատականությունը, որ նույնիսկ հիացմունք է պատճառել Եվրոպային, ի վիճակի չէ իր սեփական երկրում ձեռք բերել դաշնամուր կամ հնարավորություն չունի ճամփորդելու գավառներում և կատարելու այն աշխատանքը, որ կարող է կատարել միայն ինքը և որն այնքան փառք կբերի մեր ազգին»:

Ասվածի լավագույն ապացույց կարող է լինել թեկուզ  Կոմիտասի կյանքի այն դրվագը, երբ նրան համերգներից մեկի ժամանակ հաջողվել էր  հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ, սակայն ողջ հասույթը նա նվիրաբերեց ազգային հիվանդանոցին:

Եվ այսքանից հետո  որքան մեծ պիտի լիներ  Վարդապետի ուրախությունն ու ոգեւորությունը, երբ 1907 թվականին հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցից նվեր ստացավ թանկարժեք մի դաշնամուր: Ի դեպ, Մանթաշյանցը մինչ այդ էլ նկատել ու  գնահատել էր 27-ամյա երգահանի տաղանդն ու հոգացել  էր, որպեսզի վերջինս իր հովանավորությամբ  բարձագույն կրթություն ստանար Գերմանիայում:

«Շրյոդեր» ռոյալը իր պատվավոր տեղը զբաղեցրեց Կոմիտասի բնակարանում, իսկ նույն օրերին վարդապետը շտապում էր իր ուրախությունը կիսել մտերիմների հետ: Երգչուհի, դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանին հասցեագրած նամակում Կոմիտասը նույն օրերին  գրում էր. «Այժմ տանս Schröder ֆիրմայի մեծ դաշնամուր ունեմ: Դուք կզգաք իմ ուրախութեան չափը, երբ առաջին անգամ դաշնակը հարայ-հրոցով սենեակ բերելուց, սարքելուց, մարդոց ճանապարհ դնելուց հետո մենակ մնացի: Աչքերիս չէի հավատում, որ վերջապես ես էլ մարդահաշիվ եմ դառնում, հարմարութիւն ունենում աշխատելու, էլի` աշխատելու: Ուրախութիւնիցս քարացել էի մեկ վայրկեան, ապա արտասուքի հեղեղը սկսավ գլորվել աչքերիցս, ես էլ, սիրտս էլ, միտքս էլ, կյանքս էլ հանգստացավ, հաշտվեցավ, որ այժմ աշխատելու միջոց ունեմ և այն` անհրաժեշտ միջոց»: 

Երկար տարիներ բազմաթիվ նվիրյալներ ու կազմակերպություններ մեծ ջանքեր էին գործադրում աշխարհի տարբեր ծայրերում գտնելու եւ հայրենիք վերադարձնելու այն բոլոր մասունքները, որոնք  պատկանել են Կոմիտասին, այդ թվում նաեւ հանրահայտ «Շրյոդեր»-ը: Բարեբախտաբար, դա նրանց հաջողվեց, եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտուտում  ցուցադրվող ռոյալը նաեւ այդ մարդկանց վաստակի վկայությունն է: Սակայն այս ամենով հանդերձ չի կարելի չհամաձայնվել նրանց հետ, ովքեր իրավացիորեն ասում են, որ եթե Մանթաշովը ուրիշ ոչինչ չաներ, ապա միայն  Կոմիտասին աջակցելու եւ հովանավորելու քայլերը լիովին բավարար էին, որ նրա անունը մշտապես տեղ գտներ պատմության մեջ եւ սերունդների երախտապարտ խոսքերում:  

Մեկնաբանություններ (2)

GB
A faithful humble Christian. May God bless his soul!
Sofia
They say Komitas's piano is at Getronagan Lyceum in Istanbul, isn't it so then?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter