HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջորջ Հարիսոն. Քանի դեռ կիթառս մեղմորեն լալիս է

Նաիրա Հայրապետյան

1968թ. սեպտեմբերյան մի օր Էրիկ Քլեփթոնը կիթառը ձեռքին վախվորած, բայց ներսում թաքցրած հպարտ զգացումներով ներս մտավ լոնդոնյան «Abbey Road Studio Two»-ի ստուդիան, որտեղ նոր երգի ձայնագրության վրա համարյա տառապում էին բիթլները: Մի քանի տարբերակ փորձելուց հետո նրանց մոտ արդեն հոգնած և լարված իրավիճակ էր ստեղծվել: Բացի այդ` «Բիթլզի» հիմքերն արդեն սկսել էին խարխլվել, ուստի աշխատանքի ընթացքում նրանք հասցրել էին միմյանց նյարդերի վրա մի լավ ազդել: Գլխավոր կիթառի սոլոն մերթ Հարիսոնն էր նվագում, մերթ Լենոնը, բայց այդպես էլ չէր ստացվում այն, ինչ ակնկալվում էր: Ջորջ Հարիսոնի խնդրանքով Քլեփթոնը եկել էր «օգնության»՝ վերաձայնագրելու «While My Guitar Gently Weeps» երգը՝ գլխավոր կիթառի դերում:  Հեղինակի՝ Հարիսոնի կարծիքով՝ այն անարդարացիորեն անտեսվում էր խմբի կողմից:

Երգը վերջապես ձայնագրվեց և ընդգրկվեց «Բիթլզի» իններորդ ստուդիական ալբոմի՝ կրկնակի «The Beatles»-ի կազմում. այն առավելապես հայտնի է «White Album» անունով: «While My Guitar Gently Weeps»-ը «Բոլոր ժամանակաների 100 լավագույն  կիթառային երգեր» ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը, «Բիթլզի 100 լավագույն երգերը» հարցման արդյունքում ճանաչվել է 10-րդը, իսկ ռոլինգսթոնյան հանրահայտ «Բոլոր ժամանակների լավագույն  500 երգերը  ցանկում 136-րդն է

2012թ. «Guitar World» ամսագիրը երգը ճանաչեց որպես Ջորջ Հարիսոնի՝ բիթլզյան շրջանի լավագույն գործը: Քլեփթոնը ևս անմասն չմնաց. Նրա կատարումը գնահատվեց որպես աշխարհի 100 լավագույն կիթառի սոլոներից 42-րդը:

Երգի ստեղծման պատմությանն անդրադառնալով՝ Հարիսոնը նշել է, որ այն գրել է նշանավոր «Ի Ցզինի» ազդեցությամբ: Այդպես է կոչվում չինական հնագույն տեքստերից մեկը, որը հայտնի է  «Փոփոխությունների գիրքը» անունով: Խորապես տարված արևելյան փիլիսոփայությամբ՝ նա այդ օրը պատահական թերթեց գիրքն ու անմիջապես նկատեց «մեղմ լալիս է»՝ «gently weeps» արտահայտությունը: Այն միանգամից տպավորվեց երաժշտի մտքում: 

«Այն, ինչ լինելու է, կլինի, ասում է արևելյան փիլիսոփայության այդ կոնցեպտը, պատահականություններ չկան,  և յուրաքանչյուր թեկուզ աննշան բան, որը տեղի է ունենում կյանքում, ունի իր արժեքն ու նշանակությունը: «While My Guitar Gently Weeps»-ը այս տեսության հիման վրա գրեցի - ասել է Հարիսոնը,- ես առանց որևէ հատուկ նպատակի վերցրեցի այդ գիրքը, բացեցի, տեսա «մեղմ լալիս է»-ն, որից հետո գիրքը իր տեղը դրեցի և սկսեցի երգը գրել»: 

Երբ նա երգը ներկայացրեց խմբի անդամներին, վերջիններս այնքան էլ չտպավորվեցին, կամ, ինչպես Հարիսոնն էր նկատել, «լուրջ չընդունեցին»: Լեգենդար «Բիթլզի» երգերը հիմնականում գրում էին Ջոն Լենոնը և Փոլ Մաքարթնին: Բայց նա չհիասթափվեց, այլ հակառակը՝ անպայման որոշեց ձայնագրել երգն ու թողարկել: Հարիսոնը գտնում էր, որ երգը վստահաբար լավ գործ էր: Առաջին անգամ «While My Guitar Gently Weeps»-ը ակուստիկ կիթառով սոլո կատարմամբ Հարիսոնը ձայնագրեց հուլիսին, բայց այս տարբերակը թողարկվեց միայն 1996թ. «Anthology 3 » -ի կազմում: Իսկ ահա ձայնագրման ստուդիայում անհաջող փորձերը և խմբի անդամների՝ արդեն մասնատվող հարաբերությունները նյարդայնացնում էին նրան: Կիթառի սոլո հատվածը, հատկապես, ոչ մի կերպ չէր գոհացնում նրանց և Հարիսոնը որոշեց անպայման որպես հյուր ներգրավել Քլեփթոնին: Վերջինս սկսզբում կատեգորիկ դեմ էր այդ գաղափարին. նա վտահ էր, որ իր ներկայությունը այնքան էլ դուր չէր գա մյուս բիթլներին: Հարիսոնի առաջարկին պատասխանեց, որ չի համարձակվում ընդունել այն, քանի որ «ոչ մի երաժիշտ երբևէ չի մասնակցել «Բիթլզի» ձայնագրությանը»: Բայց խմբի կյանքում գործողություններն այլևս սկսել էին զարգանալ ոչ այնքան համերաշխ մթնոլորտում, ուստի Հարիսոնը հիշեցրեց, որ դա իր երգն է և «ուրիշ ոչ մեկի գործը չէ» թե ինչպես կձայնագրվի: Համոզեց:

Քլեփթոնի հայտնությունը ստուդիայում հնարավոր է ստիպեց բիթլներին վերանայել հարաբերությունները աշխատանքի հանդեպ, ձգվել, զգաստանալ և գործի անցնել: Վերջնական ձայնագրության մեջ արդեն նկատելի է նրանց կատարման նախկին և իրական էությունը՝ իր ողջ տաղանդով: Ազատագրվելով սոլո կատարման պատասխանատվությունից՝ Հարիսոնը «իր վրա վերցրեց» վոկալի ու ռիթմ-կիթառի մասը:  «While My Guitar Gently Weeps»-ը դարձավ խմբի ամենասիրելի, Հարիսոնի ամենաճանաչված երգերից մեկը: Այն հետագայում կատարվեց բարեգործական տարբեր համերգային նախագծերում՝ «The Concert for Bangladesh», «Prince’s Trust» –ի ռոք նախագծում և այլն:

2002թ.  հունիսին Բուքինգհեմյան պալատում նշվում էր Եղիսաբեթ 2-րդ թագուհու ոսկե հոբելյանը: Այս առիթով կազմակերպված համերգի ընթացքում հնչեց «While My Guitar Gently Weeps»-ը՝ Փոլ Մաքարթնիի և Էրիկ Քլեփթոնի կատարմամբ: Այն նաև հարգանքի տուրք էր մեկ տարի առաջ մահացած Հարիսոնի հիշատակին: Նույն տարում՝ նոյեմբերին, Մաքարթնին, Ռինգո Սթարը, Ջեֆ Լինը, Դհանի Հարիսոնը (որդին ), Քլեփթոնը և այլ երաժիշտներ երգը կատարեցին այն “Concert for George” համերգի ժամանակ, որտեղ Քլեփթոնը կատարեց նաև գլխավոր վոկալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter