
Ալավերդին ծխի մեջ է
Այսօր՝ ժամը 11:00-ից մինչև 15:00-ն, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասից մեծ քանակությամբ արտանետումներ են եղել: Ծուխը տարածվել է գործարանի սանիտարական գոտու բնակելի շենքերից մինչև քաղաքի Կախոյան, Թումանյան, Հայպետշին, Շահումյան և Սանահին կայարանային թաղամասերը:
Այս պահին ծխի արտանետում է նկատվում նաև գործարանի տարածքի ծխնելույզից: Ս/ Սարահարթ թաղամաս բարձրացող ճանապարհի առաջին շրջադարձից Ալավերդու ներքին հատվածի թաղամասերը ծխի մեջ չեն երևում: Հիշեցնենք, որ գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում շարունակում են պնդել, թե գործարանի գլխավոր ծխատարը Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելուց հետո Ալավերդիում նվազել է գործարանի վտանգավոր արտանետումների քանակը: «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը մի քանի րոպե առաջ մեզ հայտնեց, որ քաղաքի վրա նստած արտանետումները ոչ թե արտադրական վթարի հետևանք են, այլ պայմանավորված են անձրային եղանակով: Թե,ինչ կապ ունի մետալուրգիական արտադրամասի մեծ արտանետումները խոնավ եղանակի հետ, ընկերությունից մեզ չբացատրեցին:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել