
Շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլարի թմրանյութ` հայ-իրանական սահմանին
ՀՀ ՖՆ Նախաբացթողումային հսկողության վարչությունը կանխել է առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Սպիտակ գույն ունեցող փոշենման այս թմրանյութը, որ հայտնի է «մեթամֆետամին» անունով, բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն ամֆետամինների խմբին պատկանող արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին:
Մեթամֆետամինի մաքսանենգ տեղափոխման խոշորագույն փորձը կանխել են մեքսիկական հատուկ ծառայությունները` 2012 թվականին: Իսկ հայաստանյան պրակտիկայում այս թմրանյութի աննախադեպ քանակ էլ օրերս հայտնաբերել է ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը` շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ:
«Նախաբացթողումային հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են «մեթամֆետամին» տեսակի շուրջ 2.5 կիլոգրամ թմրանյութի ներկրումը հանրապետություն»,- տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը: Նրա խոսքով` շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերումից հետո սա երրորդ խոշոր խմբաքանակն է, որ կանխվել է:
ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Եթե համաշխարհային պրակտիկայում «մեթամֆետամինի» մաքսանենգ տեղափոխման հայտնի եղանակներից են շոկոլադապատ սալիկը, ներքնաշորերը և այլն, ապա հայաստանյան այս դեպքն, ըստ Վահրամ Գուրողլյանի, գերազանցել է միջազգային բոլոր հնարքները. «Իրանի քաղաքացին թմրայնութ տեղափոխելու նպատակով նախապես ճամպրուկում թաքստոց էր պատրաստել` այդպիսով նպատակ ունենալով խուսափել զննող սարքերի միջոցով հայտնաբերվելուց»: Մասնավորապես, այս անգամ ճամպրուկի կողային հատվածներն էին «մեթամֆետամինի» թաքստոցը դարձել: Դեպքով կատարվում է քննություն:
Ինչպես նշում են ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Օրերս, կրկին Մեղրիի մաքսակետում, վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացու վերնաշապիկի գրպանից, ինչպես նաև նրան պատկանող մանկական գրենական պիտույքների պայուսակից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` 62 գրամ ընդհանուր քաշով սև գույնի ափիոնանման զանգված:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել