HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայկական կապի գաղտնիքները

1998 թ. դեկտեմբերի 15-ից բարձրացան միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների սակագները, իսկ 1999 թ. հունվարի մեկից հեռախոսային ծառայության սակագինը: Այն կազմում է 1 դոլար 70 ցենտ (կամ ինչպես ընդունված է՝ համարժեք դրամ): Սահմանված 120 րոպե անվճար խոսակցությունների չափաքանակից հետո 1 րոպեի համար 8 դրամ սակագնի գործարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Մեր պաշտոնյաները «ԱրմենՏելի» վաճառքը համարում են փայլուն գործարք: Չնայած մինչեւ OTE ընկերության ղեկավարության հետ վերջին հանդիպումը վարչապետ Արմեն Դարբինյանը հեռուստատեսությամբ խոսում էր գործարքի ոչ այնքան հաջող լինելու մասին։ Նա պատճառաբանում էր, որ դա Հայաստանի առաջին միջազգային գործարքն էր եւ եղել են թերություններ։ Երկու օր անց վարչապետը մոռացավ իր ասածները եւ հայտնեց, որ դա փայլուն գործարք էր:

Այս գնահատականը անփոփոխ կմնա մինչեւ OTE-ի հետ հաջորդ «բախումը»: Իսկ տնտեսական բարեփոխումների նախարար Վահրամ Ավանեսյանը, որ միշտ այս գործարքը գնահատում էր բավարար, տեղի տվեց եւ վերջին մամուլի ասուլիսին միացավ «փայլուն» գնահատողների բանակին: Այս գնահատականները վերաբերում են 1997 թ. գործարքին, երբ « ԱրմենՏելը» վաճառվեց հունական OTE ընկերությանը: Իսկ ի՞նչ է կատարվել մինչ այդ:

1998 թ. սեպտեմբերին Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելով, կապի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանը նշեց, որ «լավ կլիներ, եթե «ԱրմենՏելին» վերաբերող թեժ քննարկումները ծավալվեին 1995 թվականի շուրջ, երբ ձեռնարկության 49 տոկոսը սեփականաշնորհվել էր անհամեմատ ավելի քիչ ներդրումներով եւ ավելի քիչ արժեքներով»: Միայն դեկտեմբերին պարզ դարձավ, թե ինչու հատկապես այս ուղությամբ էր «ճանապարհում» պատգամավորներին նախարարը:

Հինգ տարի առաջ 1994 թ. «Միջքաղաքային հեռախոսային ցանց» ձեռնարկության բազայի վրա ստեղծվեց «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությունը եւ հայ- ամերիկյան «ԱրմենՏել» ընկերությունը: Երեւանի ցանցը առանձին ձեռնարկություն էր: «ԱրմենՏելը» տնօրինում էր միայն միջազգային կապը: «ԱրմենՏելի» 51 տոկոսի բաժնետերը ՀՀ կառավարությունն էր, 49 տոկոսինը՝ «Trans World Telecom Limited» /TWT/ ամերիկյան ընկերությունը: Ամերիկյան «World construction company» շինարարական կազմակերպությունը Հայաստանի մի քանի պաշտոնյաների հետ հիմնել է «Trans world telecom» ընկերությունը: Շինարարական կազմակերպության տնօրենը Միացյալ Նահանգների միլիարդատեր Բարրի Հոնn է(Barry G. Hon): Նա զբաղվում է հեռահաղորդակցության, նավթի, գազի բիզնեսով, ունի մի քանի տասնյակ ընկերություններ:

«TWT» ընկերությունը Միացյալ Նահանգներում չի գրանցված: Շատ ամերիկյան ընկերություններ հարկերից խուսափելու համար ստեղծվում են օվշորային գոտիներում:

1994 թ. գործարքով փաստորեն Հայաստանը նպաստել է ամերիկյան հարկատուներին շրջանցելու իրենց երկիրը: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը չցանկացավ, որ նշվի իր անունը, մեր հանդիպման ժամանակ այսպիսի ձեւակերպում արեց. «Դժվար է, բայց հնարավոր է պարզել, թե ո՞վ՝ ինչքան կաշառք է վերցրել այս գործարքից: Դա կարելի է անել Միացյալ Նահանգների հետ միասին: Հարցն այլ է. պետությունը ուզու՞մ է, թե՞ ոչ: Երկրորդ հարցը՝ ուզում է, բայց չի՞ կարողանում»: Բարրի Հոլը երաշխիք տվեց «Սիմենս» ընկերությանը, որպեսզի վերջինս սարքավորումներով վարկավորի Հայաստանի կապի համակարգը: Այս երաշխիքի դիմաց էլ «TWT»-ին դարձավ Հայաստանի միջազգային կապի 49 տոկոսի բաժնետերը: Ի՞նչ մանրամասներով է դա կատարվել: Այս հարցին կարող է պատասխանել նախ եւ առաջ Գրիգոր Պողպատյանը: Սակայն նա կտրականապես հրաժարվում է զրույցից:

Կնքվեց «Սիմենսի» հետ հայտնի պայմանագիրը։ Ներդրումներ սկսվեցին կապի համակարգում: Ըստ այդ պայմանագրի, «Սիմենսը» դառնում է նաեւ «ԱրմենՏելի» տեխնիկական սպասարկողը: Ինչքանո՞վ էր բարենպաստ պայմանագիրը, ի՞նչ չափով իրականացավ այն, համապատասխանո՞ւմ են արդյոք իրական ներդրումները պայմանագրում նշված ցուցանիշներին, որքա՞ն սարքավորումներ են գործարկվել: Ըստ էության, երկու անգամ անցկացրած աուդիտը պետք է պատասխաներ նաեւ այս հարցերին: Աուդիտի արդյունքները, սակայն, լրագրողներիս հասու չէ: 1997 թ. հույների հետ գործարքի պահին մեկ մլն-ից մի քիչ ավելի արժեցող մի սարքավորման ճակատագիրը հարցականի տակ էր: Հույները չէին ուզում գնել սարքավորումը: Չնայած կանխավճարը արդեն մուծված էր: Այդ սարքավորումներն այդքան չարժեն: Դրանք բարոյապես մաշված են, դրանց մեջ կան նաեւ 1970-ական թ.թ-ին արտադրված սարքավորումներ:

Փորձագետների գնահատմամբ, Հայաստան բերված 46,7 մլն դոլարի սարքավորումների իրական արժեքը 28 մլն է: TWT-ն երաշխիք է տվել նաեւ միջազգային կապի հոսքերի համար: Հույների հետ գործարքի ժամանակ ամերիկյան ընկերությունը ուզում էր հանել իր բոլոր երաշխիքները: «Սիմենսը» չէր համաձայնվում այնքան ժամանակ՝ մինչեւ հույները նոր երաշխիք տվեցին: Ամերիկյան ընկերությունը 25 տարվա էքսկլյուզիվ ուներ: Բանակցության հիմնական բարդությունը սրանում էր: TWT-ն պնդում էր, որ իր 25 տարվա էքսկլյուզիվը պետք է մնա: Նման էքսկլյուզիվ ունեցող «Trans world»-ը կարողանում էր հանգիստ գին թելադրել: 25 տարին իջեցվեց 15-ի : Մեր կառավարությանն ավելին չհաջողվեց: Մինչդեռ կառավարությունն ուզում էր քաղաքային ցանցի էքսկլյուզիվը դարձնել 12 տարի, մոբիլներինը՝ 7 տարի:

«ԱրմենՏելի» վաճառքը

ՀՀ օրենքով արգելվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների վերակազմավորումը: Կառավարության որոշումներով 1997 թվականի օգոստոսին լուծարվեց «Հայաստանի հեռախոսային ցանց » ձեռնարկությունը եւ միացվեց «ԱրմենՏելին»: «ԱրմենՏելին» միացվեց նաեւ Երեւանի հեռախոսային ցանցը: Ի՞նչ փոխվեց հայ-ամերիկյան ձեռնարկության 51/49-ի համադրության մեջ: Հայ- ամերիկյան ընկերության մեջ մտնում էր միայն միջազգային կապը, որը «ԱրմենՏելի» հիմնադրման ժամանակ կազմում էր Հայաստանի կապի մոտ 30 տոկոսը: ԱՊՀ-ի հետ կապը «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկությանն էր: Թե «Հայաստանի հեռախոսային ցանց» ձեռնարկության քանի՞ տոկոսը դարձավ ամերիկյան ընկերության սեփականությունը, կարելի է հաշվարկել վաճառքից՝ այդ ընկերության ստացած գումարից:

առավարության վերոհիշյալ որոշումներով ավարտվեց 1994 թվականին սկսած մութ գործարքը: Հենց այս որոշումներով հայ-ամերիկյան «ԱրմենՏել» ընկերությունը դարձավ Հայաստանի կապի այդքան մեծ չափաբաժնի տերը: Այնպես որ, ավելի ճիշտ կլինի նախկին եւ ներկա իշխանությունների ջրբաժանի մասին չխոսել: Գործարքի ժամանակ Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, վարչապետը Ռոբերտ Քոչարյանը, մրցութային հանձնաժողովի նախագահը ֆինանսների նախարար Արմեն Դարբինյանն էր: Եվ նախ վերջինիս պարտավորությունն էր վարչապետի եւ նախագահի ստորագրությանը ներկայացված պայմանագրի բոլոր կետերի պարզաբանումը: Գործարքի համար ամենամեծ պատասխանատվությունը կրում են Ազգային ժողովի պատգամավորները: Նրանք են վավերացրել այս պայմանագիրը:

1997 թ. միջազգային աճուրդի հանվեց արդեն հանրաճանաչ հայ-ամերիկյան ընկերությունը՝ «ԱրմենՏելը»: Նույն տարվա դեկտեմբերին գտնվեց գնորդը: Մրցութային հանձնաժողովի անդամներ Վահրամ Ավանեսյանը եւ Գրիգոր Պողպատյանը այդ մասին տեղեկացրեցին մեծ ոգեւորությամբ: Ռազմավարական նշանակություն ունեցող այս ձեռնարկությունը դարձավ այլ երկրի սեփականություն: Գնորդը Հունաստանի պետական OTE ընկերությունն է: Այն ժամանակ OTE-ի միայն 11 տոկոսն էր սեփականաշնորհված: OTE-ն ամենաբարձր գինը եւ ամենաբարձր ներդրումային առաջարկներն է արել: Ըստ նախարար Ավանեսյանի, ընկերությունը մեծ ֆինանսական հնարավորություններ եւ փորձ ունի: Վահրամ Ավանեսյանն ասում է, որ կապը պետական պահելու համար նախ պետք է ունենալ շատ հարուստ փորձ եւ ուժեղ բյուրոկրատական ապարատ: Ապա պետությունը պետք է ֆինանսավորելու հնարավորություն ունենա: Պետությունը կարող էր երաշխիք տալ եւ համապատասխան գումարներ բերել, բայց չգնաց այդ քայլին: Պետությունը ռիսկի չդիմեց: Մասնագետները պնդում են՝ եթե «ԱրմենՏելը» չապապետականացվեր, կապի վիճակը շատ ավելի լավ կլիներ, քան այսօր է: Ամիսը մոտ 2 մլն դոլարի եկամուտը ձեւավորվում էր միջազգային կապից, 2-3 մլն դոլարը՝ ներհանրապետական եւ ԱՊՀ երկրների հետ կապի ծառայությունից:

Մինչեւ վաճառքը «ԱրմենՏելը» ամսական 4-5 մլն դոլար եկամուտ ուներ: Միջազգային օրենքներով այսպիսի ցուցանիշներ ունեցող ձեռնարկությունը կարող է ստանալ մինչեւ 300 մլն դոլարի վարկ: Իսկ «ԱրմենՏելի» վերազինման համար անհրաժեշտ էր տարեկան 50 մլն դոլար: Նման ֆինանսական ներարկումների դեպքում 5 տարվա ընթացքում Հայաստանը կունենար միջազգային ստանդարտներին համապատասխան կապ: Այսպիսի բացատրություն տալիս են հայ կապավորները: «ԱրմենՏելի» վաճառքի գինը 205 մլն դոլար է: Այդ թվից պետք է հանել ժամանակին «Simens» ընկերությունից վերցրված վարկը՝ 46,7 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ կառավարության ձեռքում դեռեւս մնացած բաժնետոմսերի 10 տոկոսը: OTE ընկերությունից Հայ-ամերիկյան TWT ընկերությունը եւ Հայաստանի կառավարությունը ստացան 142,47 մլն դոլար: TWT-ին ստացավ 62 մլն դոլար, Հայաստանի կառավարոււթյունը՝ 79,966 մլն դոլար:

Ըստ համաձայնագրի, հունական ընկերությունը պարտավորվում է «ԱրմենՏելի» հետագա զարգացման համար կատարել 300 մլն դոլար ներդրում: Հուլիսին Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկը դարձավ «ԱրմենՏելի» 10 տոկոսի բաժնետերը: «ԱրմենՏելի» զարգացման համար Եվրոբանկը դրա փոխարեն 60 մլն դոլարին համարժեք վարկային հատկացում է նախատեսում: Վարկային միջոցները ձեռնարկությունը կստանա ութ տարի ժամկետով՝ վերադարձի արտոնյալ պայմաններով: Սա Եվրոբանկի՝ Հայաստանին հատկացվող առաջին մասնավոր վարկն է: Փաստորեն այդ վարկը տրվեց Հունաստանի պետական ձեռնարկությանը՝ OTE-ին: Այսպիսով, «ԱրմեՏելի» ընդհանուր կանոնադիր կապիտալը դարձավ 175 մլն 600 հազար դոլար, որից. ՀՀ կառավարությանը մասնաբաժինը կազմում է 15 մլն 800 հազար դոլար /9 տոկոս/, OTE ձեռնարկության մասնաբաժինը՝ 126 մլն 700 հազար դոլար /72 տոկոս/, Կիպրական Leventis group ընկերության մասնաբաժինը՝ 15 մլն 800 հազար դոլար /9 տոկոս/, Եվրոբանկի մասնաբաժինը՝ 17 մլն 600 հազար դոլար /10 տոկոս/։ Որպեսզի վարչությունում բոլոր բաժնետերերը տեղ ստանան, նվազագույն շեմն իջեցվեց 9 տոկոսի: Պայմանագրին ծանոթանալու ցանկությանս նախարար Արտակ Վարդանյանը պատասխանեց. «Ես կասկածում եմ, որ իրավունք ունեմ դա ձեզ տրամադրելու»: Այս պայմանագիրը առայսօր հայերեն տարբերակ չունի: Նրա մայր օրինակը պահվում է սեփականաշնորհման նախարարությունում: Պայմանագրով հստակ ամրագրված են գնորդի ներդրումային պարտավորությունները: 15 տարվա ընթացքում ներդրումները պետք է կազմեն 300 մլն դոլար: Առաջին հինգ տարվա ընթացքում՝ 200 մլն դոլար, որից 100 մլն դոլարը պարտավոր են ներդնել առաջին երկու տարվա ընթացքում: Առաջին տարվա ներդրումային պարտավորությունը 60 մլն դոլար: OTE-ի ղեկավարների տվյալներով 1998 թվականի ընթացքում «ԱրմենՏելը» կատարել է 14 մլն դոլարի աշխատանքներ: Այսպիսով, «ԱրմենՏելը» արդեն խախտել է գործարքի մեջ ամրագրված կետերից մեկը: Ի՞նչ է անելու Հայաստանի կառավարությունը այս դեպքում: Սրա պատասխանն էլ հստակ ոչ մեկից հնարավոր չէ ստանալ: «ԱրմեՏելը» ունի նաեւ լրացուցիչ պարտավորություններ: Տեխնիկական պարտավորությունները հետեւյալն են. 20 հազար կմ օպտիկաթելքային մալուխի կառուցում, 800 գյուղի թվայնացում եւ այլն:

Ըստ պայմանագրի, եթե OTE-ն չկատարի պարտավորությունները, նրանք ստիպված պետք է տույժեր վճարեն: Այսօր արդեն միանշանակ կարելի է ասել, որ հույներն իրենց պարտավորությունները չեն կատարում: Ըստ երեւույթին, նրանց համար ավելի շահավետ է տույժեր վճարելը: Ինչքա՞ն է լինելու դրանց չափը: Սա էլ պարզել հնարավոր չէ: «Եթե հույները ներդրում չանեն, շահույթ չեն ստանա»,- սա նախարար Վահրամ Ավանեսյանի կարծիքն է: Հույներն այսօր շահույթ են ստանում, առանց ներդրումներ անելու: Իսկ կառավարությունը կարծես շահագրգռված չէ գոնե տուգանքներ գանձելու հարցում։ Շարունակելի

Էդիկ Բաղդասարյան,  հեռուստալրագրող

(շարունակություն)

«Առավոտ», 1999,  հունվարի 21

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter