HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջահերով երթ՝ Թբիլիսիում, Ախալցխայում և Ախալքալաքում

Վրաստանի հայ համայնքը հայտնում է, որ ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ 8-րդ Ջահերով Երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվեց Վակե այգու մոտ և ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

Երթի ժամանակ հարյուրավոր վիրահայ երիտասարդներ վանկարկում էին «Ճանաչում-Դատապարտում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաև երգում էին հայրենասիրական երգեր:  

Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի ժամանակ շուրջ 300 մասնակից արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ և պահանջում էին, որպեսզի Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար: 

Վրաստանի հայ համայնքի և «Հայարտուն» կենտրոնի համատեղ կազմակերպած Ջահերով Երթին նաև միացան Թբիլիսիում գործող հայկական աշխարիք և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիշեցնում ենք, որ ապրիլի 24-ին ժամը 14:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա բողոքի ցույց Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով:

Բազմահազարանոց ջահերով երթ տեղի ունեցավ նաև Ախալցխայոււմ: akhaltskha.net-ը հայտնում է, որ ապրիլի 23-ին՝ երեկոյան. «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի ու Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Ծխական խորհուրդի աջակցությամբ մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով ու մոմերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: 

 Այս տարի շնորհիվ «Զորի Զորյան» երիտասարդական միության, Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի ու Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Ծխական խորհուրդի ջահերով երթը աննախադեպ բազմամարդ էր։ Մարդկանց թիվը անցնում էր մի քանի հազարից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի բոլոր գյուղերի երիտասարդները, որպեսզի Սամցխե-Ջավախքի սրտում, որը վարչականորեն ու պատմականորեն համարվում է հենց Ախալցխան ցույց տան բոլորին մեր ժողովրդի միասնության ուժը։ Երթին միացել էին նաեւ բազմաթիվ վրացի երիտասարդներ։ 

Խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից երիտասարդները հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող  ելույթներով, ինչին հետևեցին հայրենասիրական երգեր ու կանչեր: Չնայած սաստիկ անձրեւին, որը հետագայում վերածվեց ձյան բուքի, ավանդական ջահերով երթը կայացավ:  Խաչքարի մոտ, որը գտնվում է քաղաքի բարձրունքներից մեկի վրա, տեղադրվել էր հսկայական մոնիտոր, որի վրա գրվում էին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ խոսքեր։ Խաչքարի մոտ երիտասարդները իրենց վառված ջահերով այրեցին Թուրքիայի դրոշը։ 
Ախալքալաքում ևս ջահակիրները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, հայկական և վրացական դրոշներով, «Ճանաչում, դատապարտում, հատուցում» վանկարկելով շարժվեցին դեպի Վրաց եկեղեցի, որտեղ նամակ հանձնեցին Վրաց մետրոպոլիտին: Ինչպես հայտնում է jnews.ge լրատվական կայքը, երթի մասնակիցները Ազատության փողոցով շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի: Ճանապարհին Վարչության շենքի մոտ երիտասարդները մի պահ կանգնեցին, շրջվեցին դեպի շենքը և միաձայն բացականչում էին «ամոթ», քանզի Ախալքալաքի տեղական իշխանությունները այդպես էլ ապրիլի 24-ը չընդունեցին Հայոց Ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter