
23-ամյա զինվորը պաշտպանել է ընկերոջն ու հետ մղել դիվերսիոն խմբին
«Չգիտեմ՝ ինչ զգացողություն էր էդ պահին: Մտածել եմ՝ հնարավոր ա հենց հիմա մահանամ, որովհետև վրաս անընդհատ նռնակներ են գցել: Երևի բախտս բերել է, վերջին նռնակն է ձեռքիս դիպել... Հետո մտածեցի պայքարեմ, լավ ա լինելու»,- պատմում է Կամո Հովսեփյանը, ով օրեր առաջ անհավասար կռվում հետ էր մղել ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբին:
Կամոն ու ծառայակիցները պաշտպանության են անցել, երբ սկսվել է դիրքի շրջակա տարածքի ռմբակոծումը ականանետից: Թեև գիշերվա 05:10-ին լույսը բացվելիս է եղել, տեսանելիությունը նվազեցրել են ականների պայթյունից առաջացած ծուխն ու փոշին: Խրամատի մի հատվածում եղել են Կամոն ու Միրզան: Վերջինիս ուղղությամբ արձակված փամփուշտներից մեկը դիպել է սաղավարտին ու երջանիկ պատահականությամբ չի հասել գլխին, Միրզան հարվածից կորցրել է գիտակցությունը: Դիտակետում դիվերսիոն խմբի դիմաց Կամոն մնացել է մենակ:
«Մի քիչ ավելի խորն եմ բերում իրեն, հենվում եմ իր վրա ու սկսում եմ կրակել: Իրանք էլ արդեն իմ կրակոցից հետո սկսում են ավելի շատ կրակահերթով առաջ գալ: Հա՛մ ձայներից իրանց, հա՛մ կրակոցներից տեսնում եմ, որ շատ են ու դեպի ինձ գալիս են»,- Հետքին պատմում է 23-ամյա Կամոն՝ հիշելով, որ 10 րոպե շարունակ փոխհրաձգության մեջ է եղել մինչև հարևան խրամաբջիջ հասած հակառակորդի հետ:
Նույն ժամանակահատվածում դիրքի մյուս սահմանապահ զինվորները, որոնց մի մասը հանգստանում էր, մյուսները՝ հսկում տարածքը, անցնում են շրջանաձև պաշտպանության, այսինքն՝ հսկողության տակ են առնում հարձակման հնարավոր մյուս ուղիները: Վաշտի 25-ամյա հրամանատար Անդրանիկ Թառոյանը դիրքի ավագի հետ փորձում է հասնել առաջնային գիծ՝ օգնելու Կամոյին ու Միրզային: Քանի որ շուրջն ընկնող ականները կարող էին վիրավորել զինվորներին, իրենք անցնում են կացարան, որն ավելի պաշտպանված է, և կապի միջոցով հանձնարարում են հարևան հենակետերին՝ հարված ուղղել դեպի 60-80 մետր հեռավորության դիրքը, որտեղից, ըստ էության, եկել էր դիվերսիոն խումբը:
Միրզայի հետ առաջնային գծում մնացած Կամոն շարունակել է կրակել հարձակվողների կրակոցներից առաջացած լույսերի ուղղությամբ: «Տեսել եմ, որ էլ հնար չկա, հա՛մ փամփուշտներս են վերջանում, հա՛մ իրենք շատ են մոտիկ, մոտս Ֆ-1 նռնակ ա եղել, օղակը քաշել-գցել եմ, ու արդեն խուճապ է սկսվել մոտները, խառնվել են»: Հակառակորդը նահանջել է:
Առավոտյան դիրքում արյան հետքեր են նկատել: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության «հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ», ինչպես նաև թողել է զինամթերք:
Հեռացող հակառակորդը երկու նռնակ է Կամոյի ուղղությամբ նետել, որոնցից մեկի բեկորները վնասել են նրա ձեռքը: Կամոն այժմ զինվորական հոսպիտալում է: Նրա ընկերները՝ Արարատը, Տիգրանը, Նարեկը, Գուրգենը, Դավիթը, Հենրիկը, Ռազմիկն ու Վարուժանը, շարունակում են ծառայությունը հենակետում, ասում են՝ ավելի «զգոն»: Չգիտեն, թե քանի հոգի են եղել դիվերսիոն խմբի կազմում, ասում են՝ նվազագույնը յոթ:
Կամո Հովսեփյանը Լոռու մարզի Դսեղ գյուղից է, ավարտել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, որից հետո զորակոչվել է բանակ: Հոսպիտալում երբ նա դիվերսիայի օրվա մասին է պատմում, ծիծաղելով հիշում է, թե ինչպես էր Միրզային համոզում, որ նա իր հրաձիգի պահունակները տա: Միրզան, երբ ուշքի էր եկել, դեռ չգիտեր՝ ինչ է կատարվում: Այդ պահին Կամոյի փամփուշտները վերջացել էին, և նա Միրզայից պահունակներն էր ուզել: Իսկ Միրզան չէր տալիս: «Ասում եմ՝ լավ, էլի, Միրզա, տո՛ւր, թուրքերը գալիս են»:
Առավոտյան ժամը 6-ին զինվորական հոսպիտալ նրան Դսեղից այցելության էին եկել ծնողները և նշանածը:
Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի և Էրիկ Գրիգորյանի
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել