HY RU EN

Վահե Սարուխանյան

Հայաստանը 4-րդ անգամ դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այսօր Ծաղկաձորում նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Չնայած այս պահին մեր թիմը դեռ չի ավարտել մրցամարտը Եգիպտոսի հետ, սակայն հաղթում է 2,5-0,5 հաշվով, այնպես որ հաղթանակը երաշխավորված է: Արոնյանն ու Սարգսյանը հաղթանակներ տարան, Մելքումյանը ոչ-ոքի խաղաց: Մովսեսյանը դեռեւս խաղում է:

Այսօր առաջինն ավարտվեց Հունգարիա-Ուկրաինա մրցավեճը: Կողմերը շատ արագ համաձայնվեցին ոչ-ոքի՝ 2-2: Այդպիսով Ուկրաինան չպայքարեց ոսկե մեդալների համար՝ բավարարվելով երկրորդ տեղով, իսկ Չինաստանը, որը 1 միավոր ավել ուներ, ժամանակից շուտ դարձավ աշխարհի չեմպիոն: Չինաստանն այս պահին 2-1 հաշվով հաղթում է Հնդկաստանին: 

ԱՄՆ-Կուբա եւ Ռուսաստան-Իսրայել ոչինչ չորոշող մրցամարտերում առայժմ 2-0 եւ 2-1 հաշիվներ են համապատասխանաբար: 

Այպիսով՝ Չինաստանն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Ուկրաինան, որը 2001-ին Երեւանում առաջինն էր, այս անգամ երկրորդն է, իսկ 2011 թ. չինական Նինբոյում չեմպիոն դարձած Հայաստանը սեփական հարկի տակ երրորդն է: Մեր թիմը բրոնզե մեդալ է նվաճել նաեւ 1997-ին շվեյցարական Լյուցեռնում, 2001-ին Երեւանում, 2005-ին իսրայելական Բեեր Շեւայում:

Մեր թիմը Ծաղկաձորում տարավ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղաց, 3 պարտություն կրեց՝ նվաճելով 11 միավոր եւ երկրորդ տեղից հետ մնալով 1 միավորով:

Հիշեցնենք մեր թիմի կազմը. Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Հրանտ Մելքումյան, մարզիչ՝ Արշակ Պետրոսյան: