HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախընտրական տարի է, հրաժարականներ էլի կլինեն

Հայաստանում վերջին օրերի պաշտոնանկություններն օրինաչափ են, քանի որ նախընտրական շրջան է, և իշխանությունը՝ ի դեմս կոալիցիայի, փորձում է ամեն ինչ կենտրոնացնել իր ձեռքում, որ կարողանա այս փուլը հաղթահարել: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա նշեց, որ պաշտոնանկությունները կշարունակվեն, կլինեն նաև անհասկանալի դեպքեր, ինչպիսին էր, օրինակ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը, որը, ըստ բանախոսի, նախատեսված չի եղել: Միաժամանակ Արամ Կարապետյանը խորհուրդ տվեց ընդունել այն բացատրությունները, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել անձնական պատճառներով:

«Նոր ժամանակների» առաջնորդը բացառեց արդեն նախկին քաղքապետի հրաժարականի հարցում ՀՀ երկրորդ և ներկայիս նախագահների գործոնը: «Եթե վերցնենք Կարեն Կարապետյանի հրաժարականն ու Տարոն Մարգարյանի նշանակումը, դա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը Երևանում ապագա ընտրություններից առաջ կենտրոնացնում է իր ռեսուրսները: Ցավով պիտի ասեմ, այսպիսին է պրոցեսը, որովհետև Հայաստանում կոալիցիան ոչ թե գաղափարական, այլ բյուրոկրատական կառույց է: Դրա համար էլ խնդիրներ կարող են առաջանալ և կոալիցիայի ներսում, և այլ կուսակցությունների հետ»,- ավելացրեց Արամ Կարապետյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասաց, որ կյանքն ավելի գունեղ ու բազմազան է, քան այն, ինչ պլանավորվում կամ ենթադրվում է: «Հաճախ լինում են այնպիսի զարգացումներ, ինչին ականատես ենք լինում: Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանի հետ կապված՝ այդ զարգացումներն ավելի սուր են ընկալվում, քան դրանք կլինեին, ասենք, մեկ տարի առաջ»,- հավելեց Ա. Դավթյանը:

Պատգամավորն ասաց, որ ինքը մեկնաբանելու կարիք չունի, թե ինչու են իրենց դիմումի համաձայն պաշտոնյաներն ազատվել աշխատանքից, քանի որ վերջիններս արդեն հանդես են եկել մեկնաբանություններով: Իսկ Կարեն Կարապետյանի կայացրած որոշմանը մասին, Արտակ Դավթյանը հարգանքով է վերաբերվում և համոզված է, որ Կ. Կարապետյանն իր անցած ուղով և աշխատանքային մակարդակով, որտեղ էլ գործի, կգործի հայանպաստ դիրքերից:

Ինչ վերաբերում է կոալիցիայի ոչ գաղափարական լինելուն, ապա ՀՀԿ-ական պատգամավորը դա բնական համարեց, քանի որ կոալիցիան բաղկացած է տարբեր կուսակցություններից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter