HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բի Բի Քինգ. The Thrill is Gone

Նաիրա Հայրապետյան

Ռոյ Հոքինս. այս անունը դժվար թե ինչ-որ բան հիշեցնի երաժշտասերներին, բացառությամբ այս ասպարեզի քաջ գիտակներրի, իհարկե: Ամերիկացի բլյուզ երաժիշտ, երգահան  և դաշնակահար: Նա բազմաթիվ երգերի հեղինակ էր, սակայն երաժշտության բնագավառում նրա կարիերան այդքան էլ մեծ հաջողություններ չունեցավ, եթե չհաշվենք մի քանի երգերը: Դրանցից մեկին քիչ անց կանդրադառնանք: Նվագելով տարբեր ակումբներում՝ Հոքինսը նաև ձայնագրեց մի քանի սինգլներ, որոնք հիմնականում անհաջող կյանք ունեցան: Որոշ ժամանակ անց, ավտովթարից վնասեց աջ թևը, որի հետևանքով նա վերջնականապես հրաժեշտ տվեց երաժշտական կարիերային՝ եզրափակելով «Why Do Everything Happen to Me?» երգով: Կյանքի հետագա տարիները երաժիշտը անցկացրեց բոլորովին այլ տարածքում՝ աշխատելով կահույքի մի սովորական խանութում: Սակայն, մինչ այդ, Հոքինսը հասցրել էր համահեղինակը դառնալ մի երգի, որը 18 տարի անց պետք է ճանաչվեր և գնահատվեր ողջ աշխարհում և թեկուզ հազվադեպ, այնուամենայնիվ,  ստվերից ժամանակ առ ժամանակ երախտագիտությամբ դուրս կբերեր անհաջողակ երաժշտի  անունը: Դա հանրահայտ «The Thrill is Gone» երգն էր՝ լեգենդար Բի Բի Քինգի կատարմամբ: 1970թ-ից մեծ ճանաչման արժանացած այս երգը ստեղծվել էր դեռևս 1951թ.,  հեղինակներն էին Ռոյ Հոքինսը և Ռիկ Դարնելը: Նույն թվականին երգը ձայնագրվեց Հոքինսի կատարմամբ և «Billboard R&B chart»-ում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, ինչը մեծ նվաճում էր: Այսքանով, սակայն, հետաքրքրությունը նրա հանդեպ սահմանափակվեց:

Ճիշտ նույն ժամանակահատվածում մեմֆիսյան փողոցների բլյուզում թրծված մեկ այլ երաժիշտ սկսում էր բացել համաշխարհային փառքի դռները՝ քայլ առ քայլ հասնելով «Բլյուզի արքա » տիտղոսին: 1951թ. Բի Բի Քինգը ձայնագրեց «Three O’Clock Blues»  կատարումը, որը նույն տարում նույն «Billboard»-ի շարքերում նվաճեց առաջին տեղն ու այնտեղ մնաց 17 շաբաթ անընդմեջ: Այս երգից հետո Բի Բի Քինգի կյանքում սկսվում է հանրաճանաչության ընթացքը` նրա երաժշտությունը հնչում է ամենուր, հաջորդեցին ձայնագրություններ պրոֆեսիոնալ ստուդիաներում, համերգային շրջագայություններ և այլն:

50-ականներին սևերի բլյուզը՝ շնորհիվ այս արտիստի և մի քանի այլ վարպետների, գրեթե իր գագաթնակետին էր: 1956թ. Քինգը 342 համերգ ունեցավ. սա ռեկորդային թիվ էր: Բլյուզը հասանելի էր և ընդունված մեծ լսարաններին, որտեղ սովորաբար սպիտակների թագավորությունն էր:

Այս ամենով հանդերձ, 60-ական թթ. այս երաժշտությունը ամերիկյան միջավայրում սկսեց այլ իրականություն տեղափոխվել: Բլյուզը շարունակում էր հետաքրքիր ու պահանջված լինել, սակայն… պատճառը կրկին ոչ թե ստեղծագործական պայքարի, այլ սև և սպիտակ մարդու մեջ էր:  Թեկուզ տաղանդավոր, մի շարք ժանրերում անկասկած հիմնադիր սև երաժիշտները ստիպված էին կանգ առնել սպիտակ անտաղանդի հնարած պատի առջև՝ մրցակցության: Այն պահանջում էր ունենալ մեծ գումարներ բարձրորակ նախագծեր իրականացնելու համար, մտածել ոչ թե առաջին հերթին ստեղծագործելու, այլ հարմար տեսքով փաթեթավորելու մասին և այդ  «ապրանքը» արագ սպառել շուկայում: Բի Բի Քինգն այն քչերից էր, ով ենթարկվեց իր սկզբունքներին և շարունակեց պայքարել իր վստահելի ճանապարհով՝ հանդիսատեսին հասնել և նրա հետ խոսել մաքուր երաժշտության լեզվով: Մի քանի անհաջող փորձից հետո 60-ականների դժվարությունները վերջապես հաղթահարվեցին. այս նոր փուլը և' բլյուզի, և'  Բի Բի Քինգի կյանքում, որն աստեղնային էր, վերապահված էր Ռոյ Հոքինսի մոռացված երգին՝ «The Thrill is Gone»-ին: 1969թ. ձայնագրելով այն՝ նա վերջնականապես ամրագրեց փառավոր տեղը 20-րդ դարի երաժշտության պատմությունում :  «The Thrill is Gone»  երգը միանգամից հիթ դարձավ ոչ  միայն ռիթմ ընդ բլյուզի, այլև փոփ երաժշտության չարտերում: Նման բան հազվադեպ է պատահում բլյուզի ժանրում: Մեկ տարի անց այս երգը «Գրեմի» մրցանակ շահեց, իսկ  1998թ. ընդգրկվեց «Գրեմիի Փառքի Սրահում»:

Քինգն այս փուլում անընդհատ փնտրտուքների մեջ էր.  երաժշտությունը դեպի լայն լսարան ամբողջությամբ տեղափոխելու համար նա նոր ուղիներ էր որոնում: Արդյունքում սկսեց հանդես գալ ռոք համերգներում՝ բացման պատասխանատու ողջույնը, ուստի և  համերգի հետագա տրամադրությունն ու էներգիան ստեղծելով կիթառի հետ միասին: Այս ամենի շնորհիվ «The Thrill is Gone» -ը նաև ռոքի երանգ ստացավ և ընդունվեց ռոքային հանդիսատեսի շրջանում,հատկապես երբ Քինգը այն ներկայացրեց «The Rolling Stones» խմբի 1969թ. ամերիկյան համերգային շրջագայության ընթացքում:

Երգչի հաջողությունները զանգվածային ընդգրկմամբ շարունակվեցին նաև 1970թ. «To Know You is to Love You» և « I Like to Live the Love» երգերով:

Նա այս կատարման մեջ ներդրեց վոկալային արտահայտիչ խորություն, մի բան, որը զարմանալիորեն հաջողվել էր ոչ փայլուն ձայնի հնարավորությունների մեջ: Քինգի «The Thrill is Gone» -ում առանձնահատուկ դրսևորումներ ունի նաև երաժշտությունը՝ բլյուզի  իր աներևակայելի զարգացումներով:

Մինչ Բի Բի Քինգը բլյուզ մինչ նա, ինչ խոսք, և նրանից հետո էլ շատերն են նվագել, բայց ոչ մեկին չի հաջողվել այդպես ոճային կատարել և դառնալ այդ երաժշտության ոգին, ինչպես Բի Բի Քինգին: Դրանում բոլորն են վստահ: «Կան շատ բաներ, որոնք հասանելի են ուրիշներին և որոնք ես անել չեմ կարող. ինձ մոտ գերազանց ստացվում է բլյուզը», -ասում է Քինգը: Իր ստեղծագործություններում միախառնում էր բլույզը, ջազը, մեյնսթրիմ փոփը, ջամփը, սուինգը ու դրանցից յուրօրինակ ոճ ստանում:  Քինգից ներշնչված՝ « The Trill is Gone » երգը կատարել են բազմաթիվ երաժիշտներ, երգիչներ, այդ թվում Արեթա Ֆրանկլինը, Ուիլի Նելսոնը,  Թրեյսի Չափմանը, Էրիկ Քլեփթոնը, Քրիստինա Ագիլերան, Ջո Բոնամասան և ուրիշներ:

« Իմ կյանքը սովորական բլյուզային պատմություն է,-ասում է Բի Բի Քինգը,-չէ՞ որ բլյուզը սովորական երաժշտություն է, ես էլ՝ սովորական մարդ»:

Վերջերս համացանցը ողողվեց երաժշտի առաջական վիճակի մասին լուրով. Բլյուզի արքան հոսպիտալացվել էր շաքարախտի սրման պատճառով: Օրեր առաջ Բի Բի Քինգը իր պաշտոնական կայքէջում տեղեկացրեց երկրպագուներին. «Ես տնային խնամքի եմ արդեն անցել, Լաս Վեգասի իմ  բնակարանում: Շնորհակալ եմ ձեր բոլոր բարեմաղթանքների և  աղոթքների համար»:

Առողջություն մաղթենք լեգենդար երաժշտին, բլյուզն առանց նման մարդկանց,թեկուզ ժամանակավոր բացակայությամբ,կորցնում է իր ոգուց շատ մեծ բան: Իսկ ինչ այդ մեկ անգամ ևս վայելենք այդ ոգու հրաշագործություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter