HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկը պնդեց, որ քննիչն իրեն հարցաքննել է ինտերնետով

Երևանի բնակչուհի 35-ամյա Նարինե Նիկողոսյանը, ում իր երեխայից ծննդից երեք օր անց բաժանել են, դատական ատյաններում արդարություն է փնտրում: Նա ցանկանում է վերադարձնել երեխային՝ Արթուր Ադյանին, ով ընդամենը մեկ ամսից՝ հունիսի 12-ին կդառնա 2 տարեկան: Այս ողջ ընթացքում Նարինեն չի տեսել որդուն: Մեկ ու կես տարի նա բարձրաձայնում է, որ երեխային առևանգել են՝ օգտվելով իր անօգնական ու միայնակ վիճակից: Երեխայից իրեն բաժանելը նա կապում է Էդիսոն, Յուրա Ադյան եղբայրների ու իր ծանոթ բժիշկ Հրաչ Կալուստյանի անվան հետ: Վերջինը, Նարինեի պնդմամբ, ծանոթացրել է իրեն 60-ամյա Էդիսոնի հետ, ում տանն էլ ժամանակավորապես ապրել է երիտասարդ կինը: Նարինեն կարծում է, որ երեխային իրենից խլելու գործարքը վաղուց ծրագրված է եղել: Սակայն, ըստ նրա, բժիշկը, ով այդ մարդկանց հետ իրեն կապող օղակն է եղել, դուրս է մնացել իրավապահների տեսադաշտից: Նարինեն թակում է իրավապահների դռները, վիճարկում Էդիսոն Ադյանի անվամբ հայրության ճանաչման փաստաթուղթը վարչական դատարանում, սակայն արդեն մեկ տարուց ավելի հարցի քննությունը ձգձգվում է: 

Շենքի պահակ. «Հրաչը վաղուց չի գալիս, կարծեմ՝ Հայաստանում չի» 

«Հետքը» փորձեց կապ հաստատել բժիշկ Հրաչ Կալուստյանի հետ, ում հետ Նարինե Նիկողոսյանը ծանոթացել է այն ժամանակ, երբ բուժվել է անպտղության դեմ: Նարինեն մեզ հետ զրույցում պատմեց, որ նրան այցելել է Կալուստյանի ղեկավարած «Հույս» ռեպրոդուկտոլոգիայի և ընտանիքի պահպանման կենտրոն, որը գտնվել է 8-րդ հիվանդանոցի դիմաց: Ասաց, որ վստահել է բժշկին, հաճախ կիսվել իր խնդիրների մասին: Մենք եղանք նշված վայրում, սակայն շենքի պահակն ասաց, որ կենտրոնը փակ է: Այնուամենայնիվ, բարձրացանք 2-րդ հարկ, որտեղ բոլոր դռները փակ էին: Փոխարենը միայն ցուցանակն էր պահպանված: Իսկ Հրաչ Կալուստյանի ՖԲ էջում կան լուսանկարներ այն ժամանակներից, երբ կենտրոնը գործել է: 

«Հույս» կենտրոնն այժմ

Շենքի պահակն ասաց, որ իզուր չբարձրանամ վերև. «Հրաչը վաղուց չի գալիս, կարծեմ՝ Հայաստանում չի»,-ասաց նա: Նարինե Նիկողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը ևս նշեց, որ Հրաչ Գալուստյանը դուրս է մնացել իրավապահների ուշադրությունից, թեպետ իր պաշտպանյալ Նարինե Նիկողոսյանը բազմիցս նշել է, որ բժիշկը գործուն դերակատարություն է ունեցել այս ողջ պատմության ընթացքում: 

Բժիշկ Կալուստյանը մեր հարցերին պատասխանեց ՖԲ սոցիալական ցանցով 

«Հետքի» Ֆեյսբուք սոցիալական ցանցով փորձեց կապ հաստատել բժիշկ Հրաչ Կալուստյանի հետ: Սկզբում նա չէր պատասխանում հարցերին, սակայն մեր կրկնակի հարցմանն ի պատասխան՝ գրեց, որ Նարինե Նիկողոսյանին ինքը չի ծանոթացրել Էդիսոն Ադյանի հետ, այլ նրանք ծանոթացել են իր կենտրոնում դեռ այն ժամանակ, երբ Նարինեն հղի չի եղել: Մինչդեռ Նարինեն պնդում է, որ բժիշկն է ծանոթացրել իրենց, երբ ինքն արդեն 7 ամսական հղիություն է ունեցել: 

Բժիշկ Հրաչ Կալուստյան. «Իրավապահները ինձ հարցաքննել են ինտերնետի միջոցով» 

Բժիշկ Կալուստյանն, ի պատասխան մեր հարցերի, գրեց հետևյալը. «Իրավապահները ինձ հարցաքննել են ինտերնետի միջոցով: Ես վերապատրաստման եմ, ներկայումս Գերմանիայում, մոտ օրից գալիս եմ… Նարինեն ո՛չ մոտս է հաճախել հղիության ընթացքում, ո՛չ էլ ծնունդն ես եմ ընդունել, առավել ևս ո՛չ էլ ծննդաբերել է իմ աշխատած հիվանդանոցում: Ձեզ չի թվում, որ ինչ-որ բան կա, ուղղակի ես չեմ հասկանում, թե ով է կանգնած էս գործի հետևից, որ իմ անունը ուզում է աղավաղել: Իմ մասին շատերը գիտեն, որ տենց բաներից հեռու եմ: Գալուց հետո բոլորը պատասխան տալու են»: 

Այն, որ Կալուստյանը հարցաքննվել է ինտերնետով, նորություն էր Նարինե Նիկողոսյանի փաստաբանի համար: Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ նշված է՝ Հրաչ Կալուստյանի գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել, «ուստի հարցաքննության մասին խոսք լինել չէր կարող: Եթե քննչական մարմինը նրա հետ կապ հաստատած լիներ, ապա գոնե գործում նման տեղեկանք կլիներ այդ մասին: Իսկ եթե Հրաչը պնդում է, որ իրավապահների հետ կապ է ունեցել և գործում դրա վերաբերյալ որևէ նշում չկա, նշանակում է, որ այդ հանգամանքն էլ է ծառայել գործը կոծկելուն»,- ասաց փաստաբանը: 

«Հետքի» հարցին, թե ինչու է փակվել իր ղեկավարած «Հույս» ռեպրոդուկտոլոգիայի և ընտանիքի պահպանման կենտրոնը, Հրաչ Կալուստյանը պատասխանեց. «Հույսը» փակ է իմ գործընկերոջ մահից հետո, ի հարգանք իրեն ավանդին որոշեցինք փակել և ուրիշ անունով բացել»: 

Իրավաբանական անձանց գրանցման էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, «Հույս» ռեպրոդուկտոլոգիայի և ընտանիքի պահպանման կենտրոնը գրանցվել է 2010թ.-ին՝ որպես ՍՊԸ: Իսկ Հրաչ Կալուստյանի հետ որպես մասնակից նշված է Վաղինակ Նազարյանի անունը: Հարցին, թե Վաղինակ Նազարյանի մահվան պատճառով է փակվել կենտրոնը, բժիշկ Կալուստյանը պատասխանեց՝ այո:     

Յուրա Ադյանը անջատեց հեռախոսը՝ իմանալով, որ զանգողը լրագրող է 

«Հետքի» հետ զրույցում Նարինեն ասաց, թե որն է եղել պատճառը, որ անմիջապես չի դիմել իրվապահներին. «Ամիսներ շարունակ ինձ ահաբեկում էին, թե կան ազդեցիկ կապեր ունեցող մարդիկ՝ օրինակ` գործարար Յուրա Ադյանը, բժիշկ Հրաչ Կալուստյանը, վախենում էի, որ եթե ոստիկանություն դիմեմ, նրանք կարող են իմ նկատմամբ ճնշումներ գործադրեն, ստիպեն, որ դիմումիցս հրաժարվեմ»: Ըստ Նարինեի վկայությունների, Հրաչ Կալուստյանը հղիության ժամանակ իրեն գումարով աջակցել է, պահել՝ պնդելով, որ Յուրա Ադյանի գումարներն են դրանք, որ Յուրան ազդեցիկ մարդ է: Անգամ 2013թ.-ի հուլիսի սկզբին, ըստ Նարինեի, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հաղորդման, Հրաչը իրեն է փոխանցել Յուրա Ադյանի խոսքն այն մասին, որ 6000$ գումար է առաջարկում երեխայից ձեռք քաշելու համար՝ սպառնալով, որ երիտասարդ մոր համար վատ կլինի: «Ես հրաժարվեցի և այդ ժամանակ հասկացա, որ ինչ-որ գործարքի պայմանավորվածություն է եղել նրանց միջև»,- ասաց Նարինեն: 

Մենք փորձեցինք զրուցել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից գործարար Յուրա Ադյանի հետ: Երբ ներկայացա, որ լրագրող եմ, պարզապես ասաց, որ սխալ եմ զանգահարել ու անջատեց բջջայինը: 

Երիտասարդ մայրը դեռ սթրեսային վիճակում է 

Նարինե Նիկողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ սթրեսային վիճակից դեռ դուրս չի եկել, պատմեց, որ անընդհատ հիշում է երեխային, կարոտում, բայց անգամ նրանից մի լուսանկար չունի: Նարինեն պատմեց, որ իր բջջայինով ծննդատանը մի քանի լուսանկար է արել, որոնք, սակայն, 2013 թ-ի հունիսի 15-ին՝ ծննդատնից դուրս գալու օրը, մի քանի րոպեով թողել է տաքսու մեջ: Իսկ հետո հայտնաբերել, որ երեխայի լուսանկարները ջնջված են: 

Մինչդեռ Էդիսոն Ադյանը թե՛ դատարանում, թե՛ լրատվամիջոցների հետ հանդիպմանը պնդել ու պնդում է, որ ինքն է Արթուր Ադյանի հայրը՝ վկայակոչելով հայրության ճանաչման փաստաթուղթը՝ ստորագրված երեխայի մոր՝ Նարինե Նիկողոսյանի կողմից: Նախաքննական մարմինը գենետիկական փորձաքննության նշանակման անհրաժեշտություն չի տեսել՝ վկայակոչելով նույն փաստաթուղթը, որն այսօր վիճարկվում է Վարչական դատարանում: 

Առաջին լուսանկարում՝ Նարինե Նիկողոսյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter