HY RU EN

Ալավերդու ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 2 հոգի. ներկա քաղաքապետը չի մասնակցի ընտրությանը

Երեկ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցեց հունիսի 7-ին կայանալիք Ալավերդու քաղաքապետի ընտրություններին առաջադրված քաղաքապետի երկու թեկնածուների` Արթուր Աբգարյանի և Կարեն Փարեմուզյանի թեկնածությունները: Առաջադրված երկու թեկնածուներն էլ անկուսակցական են:

Նրանցից Արթուր Աբգարյանը քաղաքապետի թեկնածու է գրանցվել ինքնառաջադրմամբ: Կարեն Փարեմուզյանի թեկնածությունը առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից: Այս մասին «Հետքին» հայտնեց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Սասուն Խեչումյանը: Թեկնածուները արդեն բացել են իրենց նախընտրական շտաբները, որտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիսի 20-ից սկսվող քարոզչական աշխատանքների համար:

Ալավերդու գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանից փորձեցինք պարզել քաղաքապետի կայանալիք ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու պատճառները: «Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետարանում աշխատում եմ 2005 թ.-ից, նախ որպես քաղաքապետի տեղակալ, 2011 թ.-ի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ընտրվել և մինչև օրս աշխատում եմ Ալավերդու քաղաքապետ»,- ասաց նա: Ա. Վարոսյանը քաղաքապետի աշխատանքը որակեց ծանր և հետաքրքիր աշխատանք: Նա ասաց, որ չի կիսում երբեմն հնչող այն կարծիքները, թե մեկ, երբեմն նույնիսկ երկու ժամկետ պաշտոնավարումը բավարար չէ քաղաքապետին` իր ծրագրերն իրականացնելու և կարողությունները դրսևորելու համար: Ա. Վարոսյանը քաղաքապետարանում իր աշխատած 10 տարիները բավարար ժամկետ համարեց, որպեսզի մտածի այլ աշխատանքի անցնելու մասին: Այսուհանդերձ, Ա. Վարոսյանի ասելով, եղել է հանգամանք, որը նրան խոչընդոտել է քաղաքապետի իր թեկնածությունը առաջադրելու գործում:

«Ընտրությունը և թեկնածուների առաջադրումը քաղաքական որոշում է: Ես 2011 թ.-ին քաղաքապետի թեկնածու եմ առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից: Լինելով Հանրապետական կուսակցության Թումանյանի շրջանային կազմակերպության ղեկավար, իհարկե, միանում եմ կուսակցության որոշմանը` պաշտպանելու կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի` Կարեն Փարեմուզյանի թեկնածությունը»,- բացատրեց Ա. Վարոսյանը:

Վերջինս նպատակահարմար է համարում մեկ քաղաքական ուժից մեկ թեկնածուով հանդես գալը: «Հետքի» տեղեկություններով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ընտրություններին թեկնածուների առաջադրումից դեռ ամիսներ առաջ է Արտավազդ Վարոսյանին տեղեկացրել, որ Ալավերդու քաղաքապետի հունիսի 7-ի ընտրություններին կարող է առաջադրել իր թեկնածությունը, սակայն Հանրապետական կուսակցությունը առաջադրելու և պաշտպանելու է այլ թեկնածուի: Այս մասին մեր հարցին Ա. Վարոսյանը պատասխանեց. «Այդ զրույցը եղել է, որևէ արգելք իմ թեկնածության առաջադրման համար, բնականաբար, չի եղել, բայց միևնույն ժամանակ, եթե իրավիճակը էդպիսին է, ես նպատակահարմար եմ համարել, որ կուսակցությունը հանդես գա մեկ թեկնածուով»:

Նա քաղաքապետարանում իր աշխատած 10 տարիները համարեց իր աշխատանքային գործունեության լավագույն տարիները:Այսուհանդերձ, թե ինչու Հանրապետական կուսակցությունը Ալավերդու քաղաքապետի ընտրություններին չառաջադրեց իր թեկնածությունը, Ա. Վարոսյանը պատասխանեց. «Այդ հարցը դուք ինձ չպետք է ուղղեք»: