HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Վարդանյանն իբրև հաջող բիզնես-նախագիծ նշում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը

Թբիլիսիում ընթացող Վերակառուցման և զարգացման  եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի քննարկումներից մեկը նվիրված էր հաջողակ գործարարների և նրանց ընկերությունների առաջընթացի թեմային: Քննարկման 4 բանախոսներից մեկը գործարար Ռուբեն Վարդանյանն էր:

Վերջինս որպես ներդրումային հաջողված օրինակ նշեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը: Ըստ Վարդանյանի` մինչև Տաթևի ճոպանուղու բացումը գյուղում 50-տոկոսանոց գործազրկություն կար: Նա նշեց, որ եթե Տաթևի ծրագրի մեկնարկից առաջ Տաթևի վանք էր այցելում տարեկան մոտ 4.000 զբոսաշրջիկ, ապա անցյալ տարի այդ թիվը հասել է 145.000-ի:

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը գնահատվում է 80 մլն դոլար: Այն մեկնարկել է 2008-ին, և նախատեսվում է ավարտել 2017-ին: Ծրագրի շրջանակներում 2010-ին կառուցված ճոպանուղին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում իբրև աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղի: Այս ծրագիրը միտված է նաև Տաթևի վանքի վերականգնմանն ու տարածաշրջանի համայնքների զարգացմանը: Ծրագրի բաղադրիչներից մեկով, որը կոչվում է «Տաթևի դարպասներ», նպատակ կա զարգացնել ճոպանուղու շրջակա զբոսաշրջային համալիրը` Տաթևը դարձնելով կարևոր զբոսաշրջային ուղղություն: Գործարարի ասելով` այս ծրագիրն օրինակ է, թե ինչպես կարող է մի սեկտորում (ճոպանուղի) կատարված ներդրումը նպաստել մյուսների զարգացմանը:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ինքն ու գործընկերները նախապես քննարկել են Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները, ուսումնասիրել, թե որտեղ կարելի է փող ներդնել, ու արդյունքում ընտրել մի շարք ուղղություններ` տուրիզմ (5-10 մլն դոլար), տրանսպորտ (25-50 մլն), մշակութային ժառանգություն (50-100 մլն), կրթություն (200 մլն), առողջապահություն (100-200 մլն), ֆինանսական ոլորտ (100 մլն), ինչպես նաև Հայաստանի ապրանքանիշի տարածում (130 մլն): Ընդ որում` եթե ֆինանսական բնագավառի ներդրումները համարվում են կատարված, ապա կրթական և տրանսպորտային նախագծերն ընթացքի մեջ են: Տուրիստական, մշակութային ժառանգության և Հայաստանի բրենդի նախագծերը ձևավորման փուլում են, իսկ առողջապահական ծրագրերը` դեռևս քննարկման:

Ի պատասխան հնչած հարցի, թե ինչ պետք է նկատի ունենալ բիզնես սկսելուց կամ ներդրումներ անելուց առաջ, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ընդհանրապես բիզնեսում հաջողության հասնելու հարցում կարևոր են գործարարների հեռանկարային, երկարաժամկետ կանխատեսումները: Նա նշեց, որ դա էական նախապայման է անկախ երկրի զարգացվածությունից ու չափերից: Ըստ Վարդանյանի` նման խնդիր ունի նաև Ռուսաստանը: Հայ գործարարի համոզմամբ` պետք է ուշադրություն դարձնել, թե որոնք են բիզնեսում քո նպատակներն ու դրան հասնելու ձևերը: Հաջողության հասնելու ամենագլխավոր պայմաններից մեկն էլ, Ռ. Վարդանյանի նշելով, լիդերության շարունակականությունն է և ոչ թե մեկ անձի վրա հիմնվելը: Ըստ նրա` մեկ-երկու սերունդ հետո կարելի է ասել, թե արդյոք տվյալ ընկերությունը հաջողել է բիզնեսում, թե ոչ` հաշվի առնելով նոր լիդերների ծնունդն ու առաջընթացը դրա ներսում:

Գործարարը շեշտեց, որ բիզնես-կազմակերպությունների 30 տոկոսից քչերն են կադրերի պատրաստմանն ուշադրություն դարձնում: Բանախոսի փոխանցմամբ` միշտ ասվում է, թե մեր ակտիվը մարդիկ են, բայց, ըստ նրա, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում մարդը ակտիվ չի համարվում, չի գնահատվում, և ներկայում ռեսուրսի, ներուժի խնդիր կա:  

Բիզնես-կառավարություն հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան` Վարդանյանն ասաց, որ նախկին ԽՍՀՄ երկրների չինովնիկների շրջանում ձևավորված է այն մտայնությունը, թե կառավարությունը ոչ թե ծառայում է ժողովրդին, այլ իշխում նրան, այնինչ պետական պաշտոնյայի պարտավորությունն արդյունք ցույց տալն է: Նա իբրև հաջողված օրինակ բերեց Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ Թաթարստանի և Կալուգայի իշխանությունների աշխատաոճը: Հայ գործարարը հույս հայտնեց, որ տարիներ անց ավելի պրոֆեսիոնալ կառավարությունները կաշխատեն ավելի պրոֆեսիոնալ ընկերությունների հետ, գիտակցելով, որ մասնավոր սեփականությունն ու դրան առնչվող հարաբերություննրը կարևոր էլեմենտ են պետության զարգացման գործում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter