HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Համադրողը՝ որպես մշակութային անթրոպոլոգ

Արվեստաբան, համադրող, նկարչի եւ կինոարտադրողի մասնագիտություն ստացած, Սիդնեյի համալասարանի դոկտորանտ Վիգեն Գալստյանը ամեն տարի հաղթահարում է Սիդնեյ-Երեւան-Սիդնեյ ճանապարհը, հայտնվում Երեւանում, որպես համադրող սովորաբար ներկայացնում այնպիսի ցուցադրություններ, որոնք իր գնալուց հետո դեռ երկար քննարկվում են ու բանավեճի առիթ դառնում։ Այդպիսի ցուցահանդեսներից երեքին «Հետքը» անդրադարձել է` «Ընդհատակից» մինչև «քրեակատարողական հիմնարկ» ամերիկաբնակ նկարչի հայաստանյան խրոնիկան, Շառը՝ դրախտի ներսում եւ դրախտից դուրս (ցանկության ֆենոմենը), «Տրանս-Ռոմանս» շարքի դիտարկումը` ոչ միայն գենդերի կոնտեքստում։

Բացի նմանատիպ ցուցադրությունների համադրողի դերում հանդես գալուց, Վիգենը ղեկավարում է «Լուսադարան» հիմնադրամը, մի յուրահատուկ կառույց, որը հայկական լուսանկարչությունը արխիվացնելու եւ ներկայացնելու կարեւորագույն գործառույթն է իրականացնում։

Վիգենը «Լուսադարանի» արխիվից տրամադրել է նաեւ բացառիկ լուսանկարներ,  (լուսանկարների մակագրությունները՝ Վիգեն Գալստյանի)։

- Որպես համադրող ինչպես ես ընտրություն կատարում։ Ե՛վ լուսանկարչության, ե՛ւ նկարչական նախագծերի տեսանկյունից նկատել եմ, որ «ընդհատակյա» բնույթ կրող, երբեմն՝ ժամանակի ընթացքում գուցե անտեսված աշխատանքներ ու հեղինակներ են։ Օրինակ կարող են ծառայել Կամո Նիգարյանի վերացական աշխատանքների «Նախատիպեր» կամ ամերիկաբնակ նկարիչ Սամվել Սաղաթելյանի «Տրանս-Ռոմանս» ցուցահանդեսները։

- Որպես համադրող եւ արվեստաբան ինձ միշտ էլ ձգել է այն, ինչ անտեսված է համակարգի կողմից։ Տվյալ դեպքում արվեստի պատմությունը ձեւավորող համակարգի մասին է խոսքը, ինչը ներառում է բազում ոլորտներ՝ մասնագետների, ինստիտուտների, շուկայի եւ պետության կոնտեքստում. առաջին ցուցահանդեսից սկսած՝ կարծես թե դարձել է ինչ-որ առանցք։

Երբ դիտում ես ընդհանուր համայնապատկերը, անմիջապես ի հայտ են գալիս այդ դատարկ խոռոչները։ Օրինակ՝ ազդագրային ձեւավորման բացակայությունը, ինչին նվիրված էր իմ առաջին ցուցահանդեսը, եւ, բնականաբար, լուսանկարչությունը, որն իսպառ բացակայում էր որեւէ պատմական ակնարկից։ Այդ բացակայությունները մեծ խնդիր ու կոչ են արվեստաբանի համար։ Ինձ այդ մարտահրավերը միշտ էլ գրավել է։ Անկեղծ ասած՝ ձանձրանում եմ անդրադառնալ նրան, ինչը չափից դուրս ակնհայտ է, առկա ու գերակշռող։

Ինչ վերաբերում է կերպարվեստին, ապա, այո՛, այն արվեստագետները, ովքեր հակադարձվում են մետա-պատումներին ու ընդհանուր հոսանքին, միշտ էլ ձգել են ինձ, քանի որ, կոնկրետ հայ արվեստի կոնտեքստում, չափազանց մեծ է այլընտրանքային հայացքի անհրաժեշտությունը։

Աբդուլլահ եղբայրներ (Ստամբուլ, գործ. 1860-90-ականներին), «Օրիորդ Ջեյնի դիմանկարը», 1896, Ալբումեն լուսանկար, «Լուսադարան» հիմնադրամի հավաքածու

- Հենց այդ այլընտրանքային արվեստագետների մասին էլ հարց ունեմ: Լուսանկարչության ոլորտում մեր իրականության մեջ կա Նազիկ Արմենակյան, Անուշ Բաբաջանյան, Անահիտ Հայրապետյան, Սառա Անջարգոլյան, Մերի Աղախանյան, ովքեր այդ այլընտրանքի կրողներն են։ Նրանց ներկայացնելու դժվարությունները որո՞նք են։

Ներկայացնել ի՞նչ կոնտեքստում՝ ժամանակակից արվեստի՞։

Այո:  

- Նախ խնդիրն այն է, որ լուսանկարչությունը կամ ավելի շուտ լուսանկարիչը դեռ չեն «մարսվել» ինստիտուցիոնալ համակարգի կողմից որպես արվեստագետներ։ Այսինքն՝ կա այն նախապաշարմունքը, որ եթե տեսախցիկն ես օգտագործում «արվեստ անելու» համար, ուրեմն չես կարող արվեստագետ կոչվել։

Իհարկե, կան արվեստագետներ, ովքեր գործածում են լուսանկարչությունը որպես միջոց եւ լայնորեն ընդունված են ժամանակակից արվեստի ոլորտում, բայց շատ հաճախ նրանք ներկայանում են որպես կոնցեպտուալ արվեստագետներ, եւ լուսանկարչությունը գործածում են որպես օժանդակ ինչ-որ բան։

Կոնցեպտուալիստ արվեստագետը աշխատում է առարկաների, գաղափարների ու պատկերների հետ․ կապ չունի, թե որտեղից են դրանք սերում։ Նազիկի, Անուշի եւ մնացածի դեպքում մենք գործ ունենք մի այլ կարգի արվեստագետի հետ։ Նրանք առաջին հերթին հենց լուսանկարիչ են՝ աշխատում են իրենց ընտրած միջոցի սահմաններում ու հենց այդ տեսանկյունից են մոտենում ժամանակակից արվեստին։ Այսինքն` անմիջապես ստացվում է այնպես, որ նրանք «outsider» են։

Արեւմուտքում նման բաժանումները ավելի փխրուն են, եթե չասենք, որ չկան ընդհանրապես․ դրանից էլ բխում է դժվարությունը։ Երբ փորձում ես այդ կարգի լուսանկարիչներին ներկայացնել ժամանակակից արվեստի կոնտեքստում, առերեսվում ես հենց այդ հարցին․ «չէ՞ որ այդ մարդիկ ընդամենը լուսանկարիչ են ու արվեստի հետ կապված խնդիրներ չեն բարձրացնում» եւ այլն:  Բայց ո՞վ է ասում, որ չեն բարձրացնում։ Նրանց խնդիրները հաճախ նույնn են, ինչ մյուսներիները, ուղղակի վավերագրող լուսանկարիչը ունի նաեւ սոցիալական պատասխանատվության հանգամանքը, ինչից, ասենք, գեղանկարիչը հիմնականում ազատ է։

Արամ Ալբան (Եգիպտոս, 1883-1961), Ինքնանկար, 1940-ականներ, ժելատին արծաթե լուսանկար, «Լուսադարան» հիմնադրամի հավաքածու

Ինձ համար ակնհայտ է, որ արվեստը, սկսած առնվազն 60-ականներից, ներխուժել է կյանք։ Դա արվեստի գլխավոր միտումն է՝ սկսած մինիմիզալիզմից։ Ու տվյալ դեպքում, որպես համադրող, հաճախ դրդված ես աշխատել այդ փոխհարաբերությունների մեջ։

Ես չեմ կարող արվեստը դիտարկել զուտ որպես ինչ-որ իզոլացված երեւույթ։ Ինձ համար ավելի հետաքրքիր է դիտարկել այն հոսող իրականության կոնտեքստում՝ մշակութային տարբեր երեւույթների մեջ գտնվող այդ խառնարանում։ Դրա համար հակված եմ ասելու՝ համադրողը այսօր ավելի շուտ մշակութային անթրոպոլոգ է։

Սամվելի ցուցահանդեսը հենց դրա մասին էր։ Ցուցահանդես, որն ինքնին երեւույթ էր, ինտերվենցիա-թատրոն, որը ներխուժում է իրականություն ու ստիպում անմիջականորեն մասնակցել այն քննարկմանը, որն առաջ է քաշում արվեստագետը։ Հենց այդ պատճառով է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ խառնել «ուղիղ» լուսանկարչությունը արվեստագետի ժեստի հետ։

Հարությունյան Գագիկ (ծն. 1946), «Դուռ», «Ղարաբաղ» շարքից, 1994, ինքջեթ տպագրություն, «Լուսադարան» հիմնադրամի հավաքածու

- Ինչ-որ իմաստով համաձայն եմ քեզ հետ, բայց Արեւմուտքի արվեստաբանական կոնտեքստում, չնայած նրան, որ լուսանկարչությունը ավանգարդի մի մասն էր, նորից նույն հարցադրումը կար՝ արդյոք այն արվե՞ստ է, թե՞ ոչ: Ավելին, կարծում եմ՝ լուսանկարիչներին այդ առումով «խանգարեցին» փոփ-արվեստի ներկայացուցիչները, ովքեր իրենց աշխատանքներում լուսանկարները գեղարվեստական գործի մաս դարձրին։ Նորից լուսանկարը մնաց որպես բաղադրիչ։

- Չեմ կարծում, որ այդ հարցը առնչվում է բուն միջոցին։ Այն վաղուց արդեն իր պատասխանը ստացել է։ Հարցը վերաբերում է որոշ կարգի լուսանկարիչների միայն։ Ես շատ օրինակներ կարող եմ բերել, իհարկե։ Ասենք՝ 70-ականներին, երբ սկսեցին քննադատական հոդվածներ գրել Ռոսալինդ Կրաուսը, Ռոլան Բարթսը, Սոնթագը եւ այլք, նրանք հարցադրում  էին առաջ քաշում, որը ենթադրում էր ոչ թե լուսանկարչությունը (կամ ոչ միայն), այլ հենց արվեստը ու արվեստաբանական համակարգերը։ Նրանց համար լուսանկարչությունը մի միջոց էր այդ կարծրացած համակարգը կոտրելու։

Ի՞նչ է այսօր այդ «արվեստ» հասկացությունը, եւ ո՞վ է այն անում։ Հազար ու մի պատասխան կարելի է տալ դրան։ Ինստիտուցիան միշտ էլ փորձելու է լուսանկարչությունը եւ այլ այդ կարգի ձեւամիջոցները խցկել իր արդեն կազմած կառույցների մեջ։ Ասենք՝ «արվեստագետ», «canon», «էսթետիկ համակարգ» եւ այլն... Իսկ դա, մեծ մասամբ, ապարդյուն է, քանի որ, բնականաբար, ժամանակակից մեդիաները այդ կանոններով չեն կարող աշխատել։ Պետք է այդ պարադիգմերը վերանայել։

Ինչու՞ է, օրինակ, Էժեն Ատջեն համարվում 20-րդ դարի ամենակարեւոր արվեստագետներից մեկը, երբ հենց ինքն է հրաժարվել արվեստագետ կոչվել։

Արմենակյան Նազիկ (ծն. 1976), «Մենակության շտամպը» շարքից, 2012, ինքջեթ տպագրություն, «Լուսադարան» հիմնադրամի հավաքածու

Հարցադրումներդ տեղին են, բայց մեր իրականության մեջ քո ասած պարադիգմերը, մեկ է, շարունակում են գործել:

- Այո: Մենք ունենք Նկարիչների միություն, Ազգային պատկերասրահ, որտեղ չկա ժամանակակից որեւիցէ մեդիա (լուսանկար, կինո, վիդեոարտ եւ այլն)։

- Եթե կոնկրետ օրինակով խոսենք, Սամվելի ցուցադրությունը արվեստի կոնտեքստում ավելի քիչ բանավեճի թեմա դարձավ, քան այն, որ նրան մեղադրեցին այլասերվածություն քարոզելու, դրամաշնորհներ «ուտելու» եւ հանրությանը բառիս բուն իմաստով «փչացնելու» դոգմատիկ արտահայտություններով (խոսքը «Տրանս-Ռոմանս» շարքի մասին է)։

Իհարկե, որովհետև չկան այն կառույցները, որ կկարողանային այդ ցուցահանդեսի ու հասարակության միջև «buffer» (պատնեշ) լինել, ու իրականում ես շատ ուրախ եմ դրա համար։ Խոսակցությունը ծավալվեց մշակութային-հասարակական-բարոյական մակարդակում, քանի որ Սամվելի աշխատանքները հենց այդ հարթության վրա էին։ Կարելի էր խոսել զուտ արվեստաբանական խնդիրներից նույնպես, բայց այդ նույն հետաքրքրությունը չէր ունենա։ Տվյալ պարագայում արվեստը մի տեսակ անմիջապես քաղաքականացվում է, ու դա լավ է։

Իսկ, օրինակ, Ավստրալիայում չգիտեմ՝ ինչ պիտի անես, որ մարդկանց ունքերը մի քիչ բարձրանան, մի փոքր ռեակցիա լինի՝ բացի «Oh, this is nice» կամ «Օh, isn't this amazing» արտահայտություններից։ Սա նրանից է, որ ինստիտուցիոնալ համակարգը ամեն ինչ «մարսեցնում» ու դնում է մարդկանց բերանը։

Ավագյան Գերման (ծն. 1962), Անվերնագիր (Նարեկ Բարս), ժելատին արծաթե լուսանկար, «Լուսադարան» հիմնադրամի հավաքածու

- Դրա համար ամեն տարի Հայաստան գալու եւ մի նոր նախագիծ իրականացնելու առիթը բաց չես թողնում:

- Այո, Հայաստանում ինձ համար կա ամենակարեւոր ու էական նախապայմանը․ այստեղ արվեստը, իրոք, դեր ունի խաղալու, ինչքան էլ ես դրա հակառակը լսեմ...

Ցանկացած քիչ թե շատ նշանակալի իրադարձություն ինչ-որ հետք է թողնում, թեկուզ փոքր, բայց թողնում է, որովհետև այդ իրադարձությունը տեղի է ունենում ոչ թե վակուումի, այլ ընդհանուր մշակութային ոլորտի մեջ։ Իհարկե, ընդհանրացնում եմ. խոսքը, բնականաբար, ամեն ինչի մասին չէ, բայց այստեղ նույնիսկ ավանդականն իր դերն ունի: Ու այն կարեւոր է։

- Վիգեն, գործունեությունդ մի քանի նախադասությամբ ներկայացնելու դժվարություն կա լուսանկարչություն, կինո, կերպարվեստ, դիզայն... Այս ամենին ավելացրած համադրողական հետազոտություններդ:

- Գիտեմ՝ ես հաճախ եմ մեղադրվում ցիրուցանության մեջ:

Վահան Քոչար (ծն․ 1949), Սպիտակ նատյուրմորտ, 1980-ականներ,
ժելատին արծաթե լուսանկար, «Լուսադարան» հիմնադրամի հավաքածու



- Խնդրում եմ ավելի առարկայորեն անդրադառնաս «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի գործունեության այս փուլին եւ առաջիկա ծրագրերիդ: Գիտեմ՝ շուտով Հայաստան ես վերադառնում։

 

- «Լուսադարանն» իմ ամենակարեւոր նախագիծն է։ Նպատակները, նախագծերը շատ-շատ են, չգիտեմ՝ նույնիսկ որտեղից սկսել կամ ոնց ներկայացնել։ Ամեն դեպքում կարիք կա մեկ այլ հարթակի, որն անդրադառնա ոչ միայն լուսանկարչությանը, այլեւ այլ «նոր մեդիաների»․ դրանց մեջ եմ ընդգրկում թե՛ կինոն, թե՛ դիզայնը, թե՛, ասենք, ինտերնետային արվեստը։ Ապագայում «Լուսադարանն» այդ ամենը պետք է ընդգրկի։ 

Այժմ հիմնականում զբաղված ենք հավաքչական ու ցուցահանդեսային փորձառությամբ․ ահռելի հետազոտությունների կարիք կա, որպեսզի հասկանանք՝ ինչ է «հայկական» լուսանկարչությունը, կամ ինչպես են ընդհանրապես Հայաստանում վերաբերվել նոր մեդիաներին․ խոսքը թե՛ արվեստագետների,  թե՛ լայն մշակութային ոլորտի մասին է։ Այս տարի վերջացնում եմ դոկտորական թեզս, որն ինչ-որ առումով այդ հարցին պետք է կոնկրետ պատասխան տա։

- Ելնելով լուսանկարչության, կերպարվեստի ոլորտի «այլընտրանքային» ներկայացուցիչների հետ ունեցածս բազմաթիվ զրույցներից՝ կարող եմ ասել, որ Վիգեն Գալստյանի խոսքին եւ համադրություններին սպասում են: Բարի ժամանակավոր վերադարձ Հայաստան։ 

- Շնորհակալ եմ: Այդ առումով հաջորդ տարի «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հետ կազմակերպում ենք Գագիկ Հարությունյանի հետահայաց ցուցահանդեսը։ Սա շատ ծավալուն նախագիծ է, ու, կարծում եմ, պետք է նոր հայացք ձեւավորի սովետահայ լուսանկարչության հանդեպ ու էլի առաջ քաշի այդ արվեստ/լուսանկարչություն հարցադրումը։ Իսկ սեպտեմբերին կրկին կանդրադառնամ Կամո Նիգարյանի ստեղծագործությանը։

Առաջին նկարը՝ Գերման Ավագյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter