HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Լենա Շամամյան. «Իմ ձայնի ինքնությունը անատոլիական է»

Արաբական աշխարհում հայտնի սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանին Հայաստանի երաժշտասեր ունկնդիրը լավ ծանոթ չէ: Մինչդեռ նա, իր բնորոշմամբ, «Միջին Արևելքի գրեթե ամենահայտնի հայ երգչուհին է»:

Լենա Շամամյանը օրերս համերգ ունեցավ Ստամբուլում. «Կոնգրես» համերգային համալիրի մոտ 3700 տեղանոց դահլիճը գրեթե լի էր, սակայն՝ մեծամասամբ սիրիացիներով, որովհետև սիրիական պատերազմից հետո սիրիացիների համար Ստամբուլում Շամամյան լսելը կարոտաբաղձության հագեցում է:

Լենան համերգը վարում էր անգլերենով, սակայն ունկնդիրներին ողջունեց արաբերեն ու թուրքերեն, յուրաքանչյուր երգի վերջում նա արաբերեն ու թուրքերեն շնորհակալություն էր հայտնում: Դահլիճում, հավանաբար, պոլսահայեր էլ կային, սակայն նրանց զանազանելը դժվար է, որովհետև պոլսահայերը մեծամասամբ թուրքերեն են խոսում: Երգացանկում Լենան մի քանի հայերեն երգեր էր ընդգրկել ու համերգի ավարտին հայերեն նույնպես շնորհակալություն հայտնեց:

Համերգից առաջ՝ գլխավոր փորձի ընթացքում, «Հետքի» լրագրողը զրուցել է Լենա Շամամյանի հետ:

- Ձեր կենսագրությունում նշված է, որ տնտեսագիտություն եք ուսանել. ի՞նչ կապ կա տնտեսագիտության և երաժշտության միջև:

-Սիրիայում ավագ դպրոցում ստացած գնահատականները որոշում են քո ապագան[1], ես բարձր գնահատականներ ունեի, ու իմ ծնողները չէին համաձայնվի, որ ես պարզապես գնայի արվեստ ուսանելու, հետևաբար ստիպված էի ինչ-որ այլ բան սովորել:

Ես տնտեսագիտություն սովորեցի ու մասնագիտացա արվեստի մենեջմենթի բնագավառում: Հետո բիզնես մենեջմենթ սովորեցի, բայց երբ սկսեցի երաժիշտների խմբերի հետ աշխատել՝ հասկացա, որ դա իմ կիրքն է, ու ես չեմ կարող լինել բեմի հետևում, պետք է լինեմ բեմի վրա: Ես թողեցի ամեն ինչ ու գնացի երաժշտություն ուսանելու: Ու իմ սերը երգի նկատմամբ եղել է մանկուց, իմ կյանքը չեմ պատկերացրել առանց երգի:

-Դուք հայերեն վատ եք խոսում, բայց Սիրիայում հայերը շատ լավ հայերեն գիտեն: Ո՞րն է պատճառը:

-Հայերենը իմ առաջին լեզուն է, որից հետո ես սովորեցի արաբերեն ու ֆրանսերեն, իսկ անգլերենը ստացվեց ժամանակի հետ: Իմ մայրը հայ չէ, սիրիացի է, հայրս է հայ, ու երբ հայրս գնաց Կանադա, այլևս առիթ չեղավ տանը հայերեն գործածելու, դա է պատճառը, որ այդքան էլ լավ հայերեն չեմ խոսում: Բայց ես կուզենայի անկեղծ լինել. ես սովորում էի հայկական դպրոցում, բայց նրանք խնդիր ունեին, որ իմ մայրը հայ չէ, արաբ է, այդ պատճառով ինձ լավ չէին սովորեցնում հայերեն. դա արդարացի չէր նրանց կողմից, բացի այդ՝ նեղմիտ լինելու նշան է:

Բայց հիմա շատերն ասում են, որ իմ արևմտահայերենը սկսել է լավանալ, քանի որ ես արևմտահայերեն եմ երգում: Ես կարողանում եմ հասկանալ երգի բառերը, բայց խոսելն ինձ համար դժվար է: Հայերենը զարգացնելու համար ես պարզապես պետք է հայկական միջավայրում լինեմ: Ես ինձ շատ մոտ եմ զգում հայկական մշակույթին,  բայց իմ միջավայրում շատ հայեր չկան, հատկապես հիմա, երբ ապրում եմ Փարիզում: Ես այժմ սկսել եմ աշխատել Անդրե Մանուկյանի[2] հետ, սակայն նա նույնպես հայերեն լավ չի խոսում:

- Ո՞վ է գրում ձեր երգերի բառերն ու երաժշտությունը:

Իմ երգերի բառերի վրա մեծամասամբ ես եմ աշխատում, երգերը գրում եմ արաբերեն ու անգլերեն, բայց ոչ ֆրանսերեն ու հայերեն: Ես բառեր եմ փնտրում, թարգմանում եմ երգի բառերը, ես հոգ եմ տանում բառերի մասին: Իմ երգերի երաժշտությունը գրում եմ ես, բայց աշխատում եմ նաև տարբեր երաժիշտների հետ, իսկ Անդրե Մանուկյանի հետ նոր՝ հայկական  նախագիծ ենք անում:

-Ինչի՞ մասին են ձեր երգերը, և ինչի՞ մասին եք դուք երգում:

- Իմ երգերի մոտիվները շատ տարբեր կարող են լինել: Ես սիրո մասին շատ չեմ երգում, ամեն ինչ կախված է տարբեր իրավիճակից, ես որևէ նախընտրելի թեմա չունեմ ու երգում եմ այն մասին, ինչով ապրում եմ: Բայց ես սիրում եմ երգել ազատության մասին, հատկապես կանանց ազատության մասին, կանանց ձայնը հզոր դարձնելու մասին, որ կինը լինի այնպիսին, ինչպիսին կա, որ առաջ գնա ու լինի տերը իր անձի ու թույլ չտա որևէ մեկին իրեն ղեկավարել. ահա այս մասին եմ սիրում երգել:

-Դուք նշում եք, որ հայ երգը մեծ ազդեցություն է ունեցել ձեր երգարվեստի վրա. ինչպե՞ս է այն ազդել ու ի՞նչ է ձեզ տվել:

- Իմ երաժշտությունը մշտապես ազդված է հայկական մեղեդիներից ու հարմոնիայից, եթե անգամ ես երգում եմ արաբերեն, այն ավելի շատ անատոլիական է, մաքուր արաբական չէ: Նույնիսկ այն, թե ինչպես եմ երգում իմ հայկական երգերը՝ ավելի շատ անատոլիական հայկական ձևն է. ես կարող եմ ասել, որ իմ ձայնի ինքնությունը անատոլիական է:

Ու ես իսկապես շատ բան սովորեցի հայկական երգերից. ես սովորեցի, թե ինչպես երգել հույսի մասին ու շարունակել ապրել: Բոլոր հայկական երգերում նշմարվում է հույսը, որ մենք շարունակում ենք առաջ գնալ, ու դա ինձ ներշնչում է նույնը անել իմ արաբական երգերի համար:

Հայկական շատ երգեր կան, որոնք ցավի ու կորստի մասին են, թե ինչպես են մարդիկ կորցնում իրենց հողը կամ թանկ մարդկանց, բայց միևնույն է՝ վերջում հույս կա: Ու ես դա արեցի արաբական երգերի համար, այն արաբական կոմպոզիցիաների համար, որոնք նվիրված են սիրիացիներին ու սիրիացի ժողովրդին, որպեսզի նրանք հասկանան, թե ինչպես առաջ գնալ այս պայմաններում՝ սիրիական պատերազմի պայմաններում:

-Հայաստանում դուք հայտնի չեք, ի՞նչ եք կարծում, որն է պատճառը:

-Կարծում եմ, որ դա Հայաստանի խնդիրն է: Չնայած, քանի որ ես երգում եմ, բնական է, որ պետք է հայտնի լինեմ արաբական աշխարհում: Ես հատուկ տեմբր ու հատուկ ոճ ունեմ, կարծում եմ, որ մարդիկ սիրում են իմ երաժշտությունը, և այն նրանց հուզում է: Կարծում եմ, որ Հայաստանը փակ հասարակություն է, ու եթե դու հայ ես, բայց չես ապրում այնտեղ, նրանք այնքան էլ քո հետ կապեր չեն պահի: Ես շատ տեսահոլովակներ չունեմ, որ հեռուստացույցով են հեռարձակվում, ու իմ լսարանը ավելի շատ նոր մեդիաներում է. Ֆեյսբուք, Յութուբ և այլն: Չգիտեմ՝ որն է պատճառը, բայց կարծում եմ, որ ամոթ է, որ ես որպես հայ երգչուհի ավելի շատ հայտնի եմ արաբական աշխարհում, քան Հայաստանում:

Ես գրեթե ամենաահայտնի հայ երգչուհին եմ Միջին Արևելքում: Թուրքիայում ևս ես հայտնի եմ որպես հայ երգչուհի, նույնպես Ֆրանսիայում՝ հայտնի եմ որպես հայ և սիրիացի երգչուհի:

Ես 2011թ. առաջարկություն ստացա Սիրիայի Մշակույթի նախարարությունից՝ երգել Հայաստանում, բայց դա տեղի չունեցավ հայտնի պատճառներով[3], իսկ Հայաստանից մինչ օրս որևէ առաջարկություն չեմ ստացել:

Ես Սփյուռքից հրավեր ստացա մասնակցելու Մոսկվայում կայացած  «Ծովի Ծովի» մրցույթին՝ որպես հայ երգչուհի Սփյուռքից, բայց ոչ՝ Հայաստանից: Ու Հայաստանում էլ դեռևս չեմ եղել:

-Ո՞րն է ձեր դիրքորոշումը Ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

-Ես ատում եմ քաղաքականությունը, ու դա ինձ համար թույն է, որը սպանում է մարդկանց, ու ամեն օր մարդիկ են մեռնում քաղաքականության պատճաոռվ: Ես շատ բան չեմ հասկանում հայ-թուրքական արձանագրություններից ու հարաբերություններից, բայց ես գիտեմ հետևյալը. իմ հայրը Մարաշից է, իսկ մայրս՝ Մարդինից, այսինքն՝ ես ծագումով Անատոլիայից եմ ու սերում եմ այստեղից: Ու ես ուզում եմ հետ գալ այս հողն ու այստեղ երգել հայերեն, որովհետև ինձ համար կարևոր է ասել, որ ես եղել եմ այստեղ, ես պետք է լինեմ այստեղ, ես հայկական ինքնություն ունեմ ու պետք է հայերեն երգեմ Թուրքիայում:

Ես երբեք խնդիր չեմ ունեցել թուրքերի հետ, որովհետև ես գործ եմ ունենում առաջադեմ մարդկանց հետ, բայց ամենասկզբում ես վախեցած էի, որովհետև այն, ինչ գիտեի թուրքերի մասին, այն էր, որ նրանք մեր թշնամիներն են, թշնամի, թշնամի, թշնամի…

Ես գործ ունեմ մարդկանց հետ, գործ չունեմ քաղաքական գորիծչների հետ: Ես ոչ մի խնդիր չունեմ թուրքերի, թուրքական մշակույթի, թուրքական երաժշտության, լեզվի ու կրոնի հետ, բայց ես խնդիր ունեմ քաղաքական գործիչների հետ:

Իրականում, ես կցանկանայի բոլոր սփյուռքահայերին հրավիրել Թուրքիա, որպեսզի լինեն այստեղ, որովհետև մենք պատկանում ենք այս հողին, ու սա նաև մեր հողն է. սա ինձ համար կարևոր է:

Ես այժմ այդ զգացողությունը կրկնակի եմ ապրում սիրիական պատերազմի պատճառով, Ֆրանսիան ինձ համար երկրորդ Սփյուռք է:

Բայց եթե ես անընդհատ սևեռվեմ մահի վրա, ապա ես այլևս երբեք չեմ կարող ապրել, ու այն, ինչ ես ուզում եմ անել, դա է իմ կարևոր ուղերձը՝ ապրե՛լ: Եկեք ապրենք, եկեք առաջ շարժվենք, ես չեմ ուզում այլևս վախեցած լինել, ես չեմ ուզում վախենալ՝ մեռնելու համար. եթե ես պիտի մեռնեմ, ուրեմն թող մեռնեմ, բայց մինչև այդ ես ուզում եմ ապրել, ու ես այլևս չեմ ուզում սևեռվել ատելության վրա, թեպետ շատ լավ գիտեմ, թե ինչ է պատահել, ես շատ եմ տանջվել այդ պատճառով: Բայց ես հիմա ուզում եմ իմ խոսքն ասել ու երգել իմ պատմությունը այն մասին, որ ուզում եմ ապրել, ու ուզում եմ, որ մարդիկ ևս ապրեն:

-Սփյուռքում բազմաթիվ հայտնի հայ երաժիշտներ կան, օրինակ ԱՄՆ-ում՝ Արմեն Չաքմաքյան, Արտո Թունջբոյաջյան և այլք, չէի՞ք ցանկանա որևէ միասնական նախագիծ անել:

-Ես սիրում եմ հայ երաժիշտներին, նրանք աշխարհի լավագույն երաժիշտներից են, բայց ես գիտեմ շատ սփյուռքահայ երաժիշտներ, որոնք երգում են անցյալի մասին, իսկ ես ուզում եմ երգել ապագայի մասին: Ես հիմա աշխատում եմ Անդրե Մանուկյանի հետ, որովհետև մենք նույն աշխարհայացքն ունենք և նույն կերպ ենք մտածում:

Ես ունեմ շատ հայկական երգեր, իհարկե, ամենահայտնին «Սարերի հովին մեռնեմն է», սակայն ես ունեմ նաև այլ հայկական երգեր, ու ես իմ երաժշտությամբ մարդկանց ստիպում եմ երգել հայերեն՝ սկսած Եգիպտոս-Ալժիրից մինչև Թուրքիա:

Ամենամեծ խնդիրն այն  է, որ ես չունեմ հայկական ձայնասկավառակ, որովհետև ես չեմ կարող այն ունենալ ինքս ինձնով: Իմ ալբոմները թողարկելու համար ֆինանսական միջոցները գալիս են արաբական աշխարհից, ու ես չեմ կարող արաբական ֆինանսներով հայկական ալբոմ թողարկել, բայց ես միշտ որևէ հայկական երգ եմ ընդգրկում երգացանկում[4]: Շատ եմ ուզում հայկական ալբոմ ունենալ, դա ինձ համար երազ է:

- Ո՞րն է Լենա Շամամյանի հաջորդ կայարանը:

-Կարող եմ ասել, որ ինձ համար ամենակարևոր նպատակը առաջ գնալն է: Ես այժմ աշխատում եմ հայկական ալբոմ պատրաստել, ինչպես նաև՝ անգլերեն ու ֆրանսերեն, քանի որ ունեմ բազմաթիվ անգլերեն ու ֆրանսերեն երգեր: Շատ համերգներ ունեմ աշխարհով մեկ, աշխատում եմ տարբեր երաժիշտների հետ, նաև աշխատում եմ նոր կոմպոզիցիայի վրա, որ գրում եմ ինքս:

-Ի՞նչ կցանկանայիք ասել Հայաստանին ու հայ հանրությանը:

-Ես կցանկանայի ասել, որ կարոտում եմ ձեզ: Մենք դեռ չենք հանդիպել, բայց ես կարոտում եմ ձեր հետ երգելուն, ու ես կցանկանայի գալ Հայաստան ու ասել, որ իմ անունը Լենա Շամամյան է:

Լուսանկարը՝ Հայարփի Հովհաննիսյանի



[1] Սիրիական կրթական համակարգում ավագ դպրոցն ավարտելիս պետական քննություններ են հանձնում տարբեր առարկաներից, ու ստացած միավորներով էլ որոշվում է, թե որտեղ կարող է ապագա ուսանողը սովորել: Եթե, օրինակ, անձը քիմիայից չի ստացել բավարար միավորներ, ապա նա չի կարող բժշկական ուղղվածությամբ որևէ բարձրագույն  ուսումնական հաստատությունում սովորել, թեպետ հետագայում կարող է այդ քննությունները վերահանձնել:

[2] Անդրե Մանուկյանը ֆրանսահայ հայտնի ջազ երաժիշտ է ու երգերի հեղինակ:

[3] 2011թ. սկսվեց Սիրիական պատերազմը:

[4] Լենա Շամամյանի հայտնի «Shamat»՝ ինը երգերից բաղկացած արաբական ալբոմում մեկը հայերեն է՝ «Սարերի հովին մեռնեմ», 2007թ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter