
Երասխեցի ընտանիքի աշխատող ուժը երկու անչափահասներն են
Երասխեցի դպրոցական Թաթոսը, օծանելիքի տափակ սրվակը գրպանից հանելով, մի քանի անգամ փչում է իր վրա, հետո մոտենում մեզ: Հարցնում է՝ ո՞ւմ ենք փնտրում, կարո՞ղ է օգնել: Երկաթուղային կայարանի երկայնքով քայլում ենք: Խոսում ենք դպրոցի, դասերի, գյուղի կյանքի մասին: Թաթոսն ամեն ինչից գոհ է, գյուղն էլ շատ սիրում է: Հեռվից երևացող ջրով լի տարաներով սայլակով համագյուղացի մի տղա է մոտենում՝ Լազարը: Թաթոսը մոտենում է նրան, բարևում են, սկսում խոսել: Գրպանից դարձյալ հանում է օծանելիքի տափակ սրվակը, այս անգամ փչում Լազարի վրա: Վերջինս ծիծաղում է, Թաթոսին ասում, թե «դուխիդ հեռու տար»:
Լազարն իր ընտանիքի համար ջուր է տանում գրեթե ամեն օր: Ասում է՝ մի 500 մետր հեռավորություն է, այդքան էլ հեռու չէ: Նրանց ընտանիքը տուն չունի, գյուղապետը ժամանակավորապես տրամադրել է երկաթուղային կայարանի շենքերից մեկը: Այդտեղ ժամանակին ապրել են կայարանի աշխատակիցները: Քիչ անց մեզ են միանում նաև Լազարի մայրը՝ Անժելա Ղահրամանյանն, ու մյուս երկու երեխաները՝ Դիանան ու Դմիտրին: Նրանց ընտանիքը գյուղի կարիքավորների թվում է: Չնայած Արարատի մարզի այս գյուղում դժվար թե կարողանաք գտնել ոչ կարիքավոր ընտանիք: Երևանից 80 կմ հարավ գտնվող սահմանամերձ Երասխում տները հիմնականում միհարկանի են, բազմանդամ ընտանիքներով բնակեցված:
Երկաթուղային գծերը պետք է անցնել, որպեսզի հասնենք Անժելայենց տուն: Փայտյա դարպասը հեշտությամբ բացվում է: Տան բակն ավելի շատ անապատի է նմանվում: Նայում եմ շուրջս: «Այստեղ չենք կարողանում ոչ մի բան ցանել, հողը լավը չէ, ամեն ինչ չորանում է»,- ժպտալով ասում է Անժելան: Լազարը ջրի տարաներով սայլը կանգնեցնում է բակում: Դրանից մի քաnի մետր այն կողմ կտորե վարագույրով զուգարանն է:
Տան ներսում անհամամետ մութ է: Անժելան վառում է լույսը: Նրա երեք երեխաները՝ 16-ամյա Լազարն ու 12-ամյա Դիանան, նստում են Անժելայի կողքին, 14-ամյա Դմիտրին՝ աթոռին: Մեր ամբողջ զրույցի ընթացքում Դմիտրին գրեթե չի խոսում, Դիանան ուշադիր զննում է մերթ մեզ, մերթ մորը, իսկ Լազարը ժպտում է:
Դմիտրին քիչ առաջ է եկել դաշտից: Առավոտից ձմերուկ ցանելու էր գնացել: Անժելան ասում է՝ 2.000 դրամ է բերել տուն: Տղաներն առհասարակ աշխատում են գյուղացիների դաշտերում: Դասերից շատ են բացակայում, բայց ուրիշ ելք չունեն: Ընտանիքի հայրն, Անժելայի պատմելով, 4 տարի է՝ բնակվում է Ռուսաստանում: Ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ 2-3 հազար ռուբլի է ուղարկում: Երեխաների հայրությունը չի ճանաչել: Երեխաները կրում են Անժելայի ազգանունը: «Ամուսնուս հետ չէինք զագսավորվել: Ես նրա երկրորդ կինն էի: Ինձնից 11 տարի մեծ էր: Հիմա նա 50 տարեկան է: Հայրս էլ էր ամուսնացել-բաժանվել, ես չէի պատկերացնում, որ ինձ հետ նման խնդիր կլինի»,- ասում է նա: Փորձում եմ փոխել մեր խոսակցության թեման, որպեսզի երեխաներին տհաճ չլինի, բայց Անժելան շարունակում է:
Ասում է՝ 12 տարի միասին են ապրել ամուսնու հետ ներկա կացարանում: Երբեմն բաժանվել-միացել են: Ընտանիքի կայուն եկամուտը, եթե կարելի է այդպես ասել, 38.000 դրամ սոցիալական նպաստն է: «Հենա Դիման 2.000 դրամ է բերել, կգնամ ձեթ առնեմ, բերեմ սուպ սարքեմ: Տանն էս պահին մենակ մի քիչ կարտոշկա կա»,- սա ասելուն պես Անժելայի դեմքից կորում է ժպիտը: Նա 6 տարի առաջ հոսանքահարվել է, որից նյարդը վնասվել է, ուժեղ գլխացավեր է ունենում, հաճախկի փսխումներ:
Լազարի և Դիանայի մոտ էլ տեսողության խնդիրներ են առաջացել: «Էրեխեքի տեսողությունն էս պայմաններից վատացավ: Դիանայի աչքն էր փախնում, ակնոցը մի քիչ օգնեց: Վիրահատության համար գումար էր պետք, չկարողացանք գտնել: Տեսողությունը -2,5 է, իսկ Լազարի մոտ՝ -7,5: Բայց հիմա երկուսն էլ ակնոց չեն կրում, որովհետև ակնոցի ապակիները պղտորվել են»,- նշում է նա:
Լազարին հարցնում եմ, թե արդյոք առանց ակնոցի դժվար չէ: Ժպտում է, ասում է՝ դե ոչինչ, ինչ կարող է անել: Ասում է՝ ուզում է զբաղվել նկարչությամբ, Երևանում լուսավոր տուն ունենալ: Դիանան էլ թե՝ «ես էլ դերասանուհի եմ ուզում դառնալ»: Իսկ Դիման լռում է: «Դիման մեքենաների նորոգման հանդեպ սեր ունի, չէ՞ Դիմա»,- նրան նայելով՝ ասում է Անժելան:
«Եթե իմ առողջությունը տեղը լիներ, կաշխատեի: Բայց գյուղում աշխատատեղ չկա: Մի խանութ կար, գնում ավլում էի, էլի օրական մի փոքր գումար էին տալիս: Ոչինչ, լավ կլինի: Էրեխեքը մեծացել են, օգնում են: Էս տարի որոշել ենք ձմերուկ վաճառել ճանապարհին»,- ասում է Անժելան:
Տունը խոհանոց, բաղնիք չունի: Սենյակում տաշտ են դնում լողանալու համար: Ջուր չունեն, գյուղի մի ծայրից ջուրը սայլակով են բերում: Անժելան ասում է, որ ջուր ունենալն էլ մեծ ծախս է իրենց համար՝ 40 մետր խորությամբ հոր պետք է փորել տան մոտ, խողովակ, ջրաչափ պիտի գնեն: «Դե ոչինչ, կարևորը հիմա լույս ունենք: Երբ տեղափոխվեցինք էս տուն, լույս էլ չկար, անցկացրինք: Դե էրեխեք են, ամեն ինչից զրկված են, գոնե մի լույս ունենան»,- նշում է նա:
Անժելայի հետ շրջում ենք հարևան սենյակում: Պատերին, առաստաղին մեծ ճաքեր կան: Զրույցի ժամանակ նա չի տրտնջում պայմաններից: Ամեն ինչի մասին ժպտալով է պատմում: Հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս, որ չի դժգոհում ոչ մի բանից:
«Ի՞նչ անեմ՝ պիտի բողոքե՞մ, լացե՞մ… Հարմարվել եմ, գիտեք: Հույսս Աստված է, մեզ օգնում են՝ հագուստ են տալիս: Հիմա չեմ կարող շոր առնել, ես էլ, էրեխեքն էլ էդ տված շորերով ենք ապրում»,- պատասխանում է նա: Գյուղում ապրում են նաև նրա ծնողները, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում, ըստ Անժելայի, օգնում են: Անժելան ծնողների հետ 1988-ին Բաքվից է տեղափոխվել Երասխ: Ծնողները հիմա մենակ են ապրում:
Նրանց հրաժեշտ ենք տալիս: Մեր գնալու պահին Անժելան ասում է՝ իրենց հարևան ընտանիքն ավելի վատ է պարում, առաջնահերթ նրանց է օգնություն անհրաժեշտ:
Երեխաներից Դիման մեզ ուղեկցում է այդ հարևանի տուն: Ճանապարհին հարցեր եմ տալիս՝ ուզում եմ հասկանալ նրա լռության պատճառը: Դիման պատմում է, որ դասերից շատ է բացակայում: Ուսուցիչներն էլ արդեն գիտեն, որ երեխաները դաշտ են գնում, ու չեն զայրանում:
Երբ սկսում ենք խոսել դժվարություններից, ասում է՝ շատ է հոգնում, ամբողջ օրը կռացած է լինում, մեջքն է ցավում, բայց ի՞նչ արած: Բերքահավաքի ժամանակ երբեմն պատահում է, որ դաշտի տերերն իմանալով երեխա է՝ ամեն ինչ անում են քիչ վարձատրելու համար: Օրինակ, արկղից հանում են թեկուզ մի փոքր վնասված մրգերը, իսկ իրեն վարձատրում են արկղերի քանակով: «Իսկ կրակոցներ լինո՞ւմ են»,- հետաքրքրվում եմ: Ասում է՝ ամեն օր էլ լինում են, դաշտ է լինում, որ էնքան մոտ է սահմանին: Այդ դեպքում ավելի լարված են աշխատում: «Բայց սովորել եմ»,- մեղմ ժպտալով՝ ավելացնում է Դմիտրին:
Երբ հասնում ենք Անժելայի նշած տունը, ընտանիքի մայրն ասում է՝ «չէ, Անժելայենք ամենավատն են ապրում՝ ոչ տուն, ոչ ապրուստ ունեն, իսկ ես ամուսին ունեմ, քիչ թե շատ էլի աշխատում է»: Երասխի ավտոկանգառի ճանապարհին հիշում եմ գյուղապետի խոսքերը, թե Անժելայի ընտանիքին օգնողը հազար օրհնություն կստանա:
Մեկնաբանել