«Կենտավր» հիպոթերապիայի կենտրոն. գլխավոր «բժիշկները» ձիերն են
«Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնը Հայաստանում միակն է, որ ձիերի միջոցով մասնագիտացված թերապիա է անցկացնում: Այստեղ գլխավոր «բժիշկներն» են Սալման, Շլյախտիչը, Սորբոնան և Ֆեբուս ձիերը, որոնք աշխատում են թե մտավոր, թե ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Կենտրոնի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանն ասում է, որ հիպոթերապիայի համար կան ձիերի ընտրության հատուկ չափանիշներ. ամեն ձի չէ, որ կարող է «աշխատել» այս ոլորտում: Հիմնականում վարժեցնում են կամ էգ, կամ ամորձատված ձիերի, որոնց վզակոթը բարձր չէ, որոնք տաքարյուն չեն և այլն:
«Բայց եթե անգամ բոլոր չափանիշները կան, գուցե սկսես աշխատել ձիու հետ ու պարզվի, որ այն հիպոթերապիայի ձի չէ: Մեր բախտը բերել է ձիերի առումով, - ասում է Հասմիկը: - Հիպոթերապիայի մեր առաջին ձին արու էր, իսկ արու ձին կարող է էգի հետևից վազել, անհանգիստ պահվածք դրսևորել: Այդ ժամանակ կենտրոն էր եկել մի ավստրիացի, ով 10 տարուց ավելի հիպոթերապիա էր անում, և ոգևորվել էր, որ Հայաստանում էլ նման կենտրոն կա: Բայց երբ իմացավ, որ ձին արու է, վրդովվեց, ասաց՝ ես էլ մտածում էի լուրջ եք վերաբերում: Խնդրեցինք որոշ ժամանակ հետևի այդ ձիուն թերապիայի ընթացքում, հետո զարմացած եկել, խնդրում էր ասել մեր գաղտնիքը»:
Գաղտնիքի բանաձևը հեշտ է՝ համբերություն, համառություն, ամենօրյա աշխատանք ձիերի հետ: Դժվարը աշխատանքի ընթացքն է: Հասմիկն ասում է, որ ամեն ինչը չես կարող սովորել. պետք է այնքան լավ պատկերացնես գործը, որ ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվես: Գաղտնիքներից մեկն էլ ձիու վարժեցման ձևն է: Եթե ձիուն վարժեցնում ես պարզապես ձիավարելու համար, ապա նա պետք է վստահի ու ենթարկվի իր տիրոջը: Այնինչ, հիպոթերապիայի դեպքում, երբ վրան նստած է հաշմանդամություն ունեցող երեխա, ձին պետք է ենթարկվի մարզչին: Հիպոթերապիայի ժամանակ մարզիչը երեխայի հետ նստում է ձիու վրա, իսկ օգնականն էլ ձիուն հավասար քայլում է և օգնում մարզչին: Սակայն երեխաների մոտ կարող են կտրուկ, չկանխամտածված շարժումներ լինել, որը ձին ընկալի որպես առաջ գնալու հրահանգ: Բայց նա պետք է վարժեցված լինի ենթարկվելու մարզչի հրահանգներին:
«Կենտավրում» ամենաաշխույժ օրերից մեկը շաբաթն է, երբ հավաքվում են թե հիպոթերապիայի եկած երեխաները, թե նրանք, ովքեր ուզում են ձի քշել սովորել: Շաբաթ օրն այստեղ են գալիս նաև Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի երեխաները: 10-ամյա Արշակ Սարոյանին այստեղ տատիկն է բերել՝ Մարիամ Զորաբյանը: Արշակի մոտ մանկական ուղեղային կաթված է: Փոքր հասակից երեխային տանում են վերականգնողական տարբեր կենտրոններ, նրա հետ աշխատում են առանձին մասնագետներ: Մի քանի ամիս է, որ նա գալիս է հիպոթերապիայի: Մ. Զորաբյանն ասում է, որ կենդանու հետ շփումից հետո երեխայի տրամադրությունը փոխվում է դեպի լավը, նյարդերը հանգստանում են, բացի այդ՝ ձիու հետ շփումը դրական է ազդում երեխայի ողնաշարի վրա: Հասմիկն ասում է, որ Արշակը շատ շարժուն է, որքան էլ շատ է ձիուն սիրում, կարող է հաճախ խփել նրան: Բայց վերջին շրջանում երեխան դարձել է ավելի հանգիստ: Շուտով Արշակի հետ հիպոթերապիան անցկացնելու են նաև թամբով, ձին վազելու է: Սա լինելու է նոր ռիթմ երեխայի համար: Այն զարգացնելու է նրա կենտրոնանալու կարողությունը:
Հիպոթերապիան հիմնականում անցկացնում են առանց թամբի, քանի որ երեխայի և ձիու անմիջական շփումից զարգանում են երեխայի մկանները, ձիու էներգետիկան նրան է փոխանցվում: Դա լավ է հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար:
«Մենք ուզում ենք հիպոթերապիայի միջոցով երեխաներին իրենց հին աշխարհից տանենք նոր, լավ աշխարհներ, ցույց տանք, որ իրենց աշխարհից բացի գոյություն ունեն այլ աշխարհներ ևս», - ասում է Հասմիկը:
«Կենտավրի» ստեղծման գաղափարը
Հասմիկը Հովհաննիսյանը Երևանից է, մասնագիտությամբ՝ լրագրող: Լրագրողական պրակտիկայի ժամանակ հաճախ էր անրադառնում հաշմանդամություն ունեցող մարդկանց պատմություններին: Երբ Հասմիկը գնում էր ձիավարման, պարբերաբար ձիավարժության էր տանում նաև Խարբերդի մանկատան սաներին, ում հետ մտերմացել էր: Մի անգամ էլ նա որոշում է հոդված պատրաստել Հայաստանում ձիերով թերապիայի մասին: Այդ ժամանակ էլ իմացավ, որ այստեղ նման կենտրոն չկա: Եվ նրա մոտ սկսում է հասունանալ այն գաղափարը, որ անհրաժեշտ է նման կենտրոն ստեղծել: 2008 թ.-ին կենտրոնը բացվում է: Հասմիկը հիշում է, որ երբ կենտրոնը գրանցում էր որպես կազմակերպություն, պետռեգիստրում իրավաբանը 80 հազար դրամ է պահանջում, որպեսզի «ստորակետի սխալներ չլինեն»: Երբ Հասմիկն ասում է, որ գումար չունի և վճարելու է միայն օրենքով նախատեսված 10 հազար դրամը, իրավաբանը քմծիծաղով ասում է՝ ինչպես ես առանց գումարի կազմակերպություն բացում:
«Ես էլ իմ ասածին ոչ այնքան հավատալով՝ ասացի՝ մի քանի տարի հետո Ձեզ կհրավիրեմ իմ սեփական կենտրոն», - ժպտալով հիշում է Հասմիկը:
«Կենտավրը» գտնվում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Արդեն 2 տարի է, որ իրենց զբաղեցրած տարածքը կենտրոնի սեփականությունն է:
«Այստեղի տնօրենը Ռաֆոն է», - կես-կատակ, կես լուրջ Հասմիկն ասում է Րաֆֆի Քիշմիշյանի մասին: Կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից նա այստեղ է, օգնում է՝ ինչով կարողանում է: Այնքան է աշխատել ձիերի հետ, որ գրեթե մարզիչներին հավասար փորձ ու գիտելիք ունի: Րաֆֆին ուրախ է, որ դպրոցն ավարտելուց հետո ավելի շատ ժամանակ ունի ձիերի հետ անցկացնելու համար: Ասում է, որ այժմ ուզում է միայն ձիերի հետ աշխատանք կատարել:
Բացի Հասմիկից՝ հիպոթերապիա են անցկացնում նաև Աննա Վարդանյանը և Բորիս Պոդորովսկին: Բորիսն ու իր եղբայրը՝ Անդրեյը, Աշտարակից են, երկար տարիներ է աշխատում են ձիերի հետ:
Այստեղ կա 20 շուն, որոնց կենտրոնը վերցրել և խնամում է: 20 շուն էլ իր մոտ է պահում Աննան: Հասմիկը ցանկանում է, որ հնարավորություն ունենան զարգացնել նաև շների միջոցով թերապիան: Պարզապես կենտրոնի աշխատակազմը փոքր է, իսկ աշխատանքը՝ ծանրաբեռնված: Ձիերի նման շների հետ նույնպես պետք է ամեն օր աշխատել և վարժեցնել:
«Սա նյութապես անշնորհակալ գործ է, ստացված եկամուտը կրկին հետ է գնում կենդանուն: Չեմ սիրում այս բառը, բայց այս գործում իսկապես պետք է նվիրյալ լինես: Ու այստեղ բոլորը՝ Աննան, Բորյան, Անդրեյը, Րաֆֆին, այդպիսին են, - ասում է Հասմիկը: - Հիմա սա ամենածանր գործն է արածներիցս, բայց շատ եմ սիրում ու երբեք չեմ հոգնում սրանից»:
Կենտրոնը չունի հովանավորներ: Եկամտի հիմնական մասը ծախսվում է կենտրոնի և կենդանիների կարիքների համար: Այդ նպատակով էլ նրանք պարբերաբար դրամահավաքներ և բարեգործական միջոցառումներ են կազմակերպում: Հասմիկը և իր ընկերները երազում են բարեկարգել կենտրոնի տարածքը, այստեղ կազմակերպել նաև կոմպլեքս թերապիա: Այժմ, երբ երեխաները գալիս են թերապիայի, բացի ձիու վրա նստածներից, մյուսները սպասում են իրենց հերթին: Հասմիկն ուզում է, որ պարզապես սպասելու փոխարեն նրանք հնարավորություն ունենան զբաղվել թերապիայի այլ տեսակներով: Օրինակ՝ լինի արտթերապիա, շների հետ թերապիա և այլն: Իսկ Աննան ցանկանում է, որ կենտրոնում անցկացվի սենսորային ինտեգրացիայի թերապիա, երբ բուժումը կատարվում է սենսորների անմիջական ազդեցության միջոցով:
Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել