
Ինչու՞ է թանկանում էլեկտրաէներգիան. ՀԷՑ-ի վնասների ոդիսականը - 2
ՀԷՑ-ը 2013թ. –ին հեռախոսակապի ծառայությունների համար հատկացրել է 272 մլն դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ամեն տարի իր կատարած ծախսերը ներկայացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ըստ այդ ծախսերի էլ վերանայվում է սակագնային մարժան և արդյունքում որոշվում է, թե սպառողը որքան է վճարելու 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար:
«Հետքն» արդեն տեղեկացրել է, որ էլեկտրաէներգիա արտադրող և մատակարարող ընկերությունները դիմել են հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հայտերով: Նրանց թվում է նաև ՀԷՑ-ը, որը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում և սակագնի բարձրացումով փորձում է մեղմել վնասները, որոնց զգալի մասն առաջացել է հենց ընկերության վարած սխալ քաղաքականության ու մենեջմենթի արդյունքում: Այդ մասին չեն թաքցնում նույնիսկ պետական պաշտոնյաները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում պաշտոնապես «խոսք է տվել», որ ընկերության մեղքով առաջացած վնասների համար սպառողը չի վճարելու: «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ որևէ վնաս, որն առաջացել է ռուսական ընկերությունում իրենց վատ մենեջմենթի, սխալ կառավարման արդյունքում, բնակիչը չի վճարելու»,-ասել է Ռ. Նազարյանը:
Ըստ նրա՝ այսօր ՀԷՑ-ն ունի շուրջ 109 մլրդ դրամի ֆինանսական պարտավորություններ: Ռոբերտ Նազարյանի ասելով՝ հանձնաժողովը հաշվի է առնելու այն վնասները, որոնք առաջացել են օբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ առաջինը սակավաջրությունը, ինչի հետևանքով ՀԷՑ-ը ստիպված է եղել ավելի թանկ աղբյուրից էլեկտրաէներգիա գնել ու բավարարել պահանջարկը, քան ՀԷԿ-երի առաջարկածը, որը համեմատաբար ավելի էժան է, հանձնաժողովի կանխատեսումների արդյունքում էներգետիկ բալանսում չհամապատասխանությունը, որը ևս ընկերությանը վնասներ է բերել, ինչպես նաև ատոմակայանի երկարաժամկետ կանգնելը, որը ևս էժան է վաճառում էլեկտրաէներգիան: Այս երեք բաղադրիչներով ՀԷՑ-ը 37 մլրդ դրամի վնաս է կրել:
«109 մլրդ դրամից հանեք 37 մլրդը` տակը կմնա վատ մենեջմենթը: Եթե դուք մեր հաշվարկների մեջ տեսնեք, որ այդ վատ մենեջմենթի արդյունքում մենք որևէ լումա փոխհատուցել ենք, այդ դեպքում մեղադրեք մեր կառույցին»,-հայտարարել է Ռոբերտ Նազարյանը:
Այնպես չէ, որ ՀԷՑ-ը մեկ տարում է կուտակել այդ պարտքերը: Դա եղել է 3-4 տարիների ընթացքում՝ ՀՀ պետական մարմինների աչքի առջև: Պարզ է, որ գործող սակագների պարագայում ՀԷՑ-ը չի կարող մարել կուտակած պարտքերը, իսկ ինչու՞ այդ «պատասխանատու» գործը պետք է անի սպառողը:
Ուսումնասիրելով ՀԷՑ-ի 2009-2014թթ. կնքած պայմանագրերը, որոնք ընկերությունը ներառել է սակագնային մարժայի վերանայման հայտերում, կարող ենք նշել, որ դրանց մի մասը մեղմ ասած շռայլություն է պարտքեր կուտակող ընկերության համար:
ՀԷՑ-ի տնօրինությունը ջանքեր չի խնայում թանկարժեք գույք վարձակալելու համար և դա ներառում է սակագնային հաշվարկում: 2011թ. Հյուսիսային պողոտայում մոտ մեկ տարի ժամկետով վարձակալել է 131քմ բնակարան՝ ամսական 1 մլն դրամ վարձավճարով: Նույն տարում ընկերությունը դարձյալ մեկ տարով վարձակալել է 192քմ բնակարան և 21.44քմ ավտոկանգառ Տերյան փողոցում՝ ամսական մոտ 1 մլն 565 հազար դրամ արժեքով:
ՀԷՑ-ը նախկինում էլ է վարձակալել թանկարժեք բնակարաններ, օրինակ՝ 2010թ. Երևանի Աբովյան փողոցի հարևանությամբ գտնվող մոտ 185քմ բնակարանի վարձակալության համար ամսական վճարել է 1 մլն 311 հազար դրամ:
Ընկերության աշխատակիցների համար թանկարժեք բնակարաններ վարձակալվել են նաև 2013-2014թթ՝ ընդհանուրը մետ 56 մլն դրամ պայմանագրային արժեքով: ՀԷՑ-ը դրանք ցանկացել է ներառել էլեկտրաէներգիայի սակագնում, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարձակալած բնակարանների արժեքը սակագնի հիմքում չի դրել: Այդ գումարները մնացել են ՀԷՑ-ի հաշվին և չեն փոխհատուցվել: Սա արդեն ֆինանսական ծանր բեռ է դառնում ընկերության համար:
Նույնը վերաբերում է նաև ավտոմեքենաների վարձակալությանը: 2013թ. միայն 74 մլն դրամ նախատեսված է եղել տարբեր մակնիշի ավտոմեքենաների վարձակալության համար: 2014-2015թթ. համար նախատեսվել է մոտ 132 մլն դրամի տրանսպորտային միջոցի վարձակալություն (2015թ. հաշվարկը վերաբերում է առաջին 6 ամիսներին), սակայն հանձնաժողովը իրատեսական է համարել միայն 72 մլն դրամը և այն ներառվել է սակագնի մեջ, չբավարարված մասը մնացել է ընկերության վրա և չի փոխհատուցվել:
Օրինակ՝ ՀԷՑ-ը հայաստանյան ընկերություններից մեկի հետ կնքել է «NISSAN pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարձակալության պայմանագիր՝ տարեկան 3.5 մլն դրամ արժեքով, հանձնաժողովը իրատեսական է համարել միայն 1.2 մլն դրամը, գումարի մնացած մասով մերժել է: Նույն արժեքով է հայտը բավարարել նաև յուրաքանչյուրը 2.9 մլն դրամ արժեքով վարձակալած «Nissan Maxima» և «Ford սեդան» մակնիշի ավտոմեքենաների դեպքում:
Ընկերությունը զգալի միջոցներ է հատկացնում նաև ներկայացուցչական ծառայությունների համար: 2013թ. սակագնի հաշվարկում ներառված ներկայացուցչական ծախսերի հաշվարկից պարզվում է, որ նշված տարում այդ նպատակով ընկերությունը ծախսել է մոտ 39 մլն դրամ, որից միայն 6 մլն դրամը՝ պատվիրակներին նվերներով ապահովելու համար: Ընդ որում՝ մեկ պատվիրակի մեկ անգամյա նվերի գումարը նախատեսվել է 230 դոլարին համարժեք դրամ, կամ իրենց հաշվարկով՝ մոտ 96.000 դրամ: Իսկ մեկ պատվիրակի մեկ անգամյա ընդունելության գումարը՝ 100.000 դրամ: Մեկ տարվա կտրվածքով նախատեսել են ունենալ 22 պատվիրակ:
Զգալի գումար է նախատեսվում նաև գործուղումների համար: 2013թ. համար այն կազմել է մոտ 161 մլն դրամ, որից 54 մլն դրամը՝ Երևանից մարզեր գնալու, իսկ մոտ 87 մլն դրամը՝ մարզերից Երևան գալու համար: Ընդհանուր գումարի մեջ է մտնում նաև Մոսկվա կատարելիք այցերը՝ 20 մլն դրամ: Մոսկվայի այցերը նախատեսված է եղել 2 անձի համար՝ 24 անգամ:
Համեմատության համար նշենք, որ 2012թ. գործուղման ծախսերը կազմել են մոտ 87 մլն 480 հազար դրամ, որից միայն 24.5 մլն դրամը՝ դեպի Մոսկվա գործուղման հաշվարկն է:
2014-2015թթ. սակագնային հաշվարկում ՀԷՑ-ը ներկայացրել է մոտ 50 մլն ներկայացուցչական և 166 մլն դրամ գործուղման ծախսեր: Հանձնաժողովը բավարարել է համապատասխանաբար՝ 39 և 161 մլն դրամի չափով:
2012թ. միայն 230 մլն դրամ ընկերությունը հատկացրել է հեռախոսակապի ծառայությունների համար, որից 106 մլն դրամը՝ բջջային, 54 մլնը՝ ֆիքսված, իսկ 70 մլն դրամը՝ միջազգային և միջքաղաքային զանգերի համար: 2013թ. սակագնային հաշվարկում այդ գումարն ավելացել է դառնալով 272 մլն դրամ, որից բջջային հեռախոսակապինը մնացել է նույնը, ֆիքսված հեռախոսակապը դարձել է 55 մլն դրամ, իսկ միջազգային ու միջքաղաքայինը՝ 111 մլն 640 հազար դրամ:
Հեռախոսային խոսակցությունների համար գինը ավելացել է նաև 2014-2015թթ. հաշվարկով՝ 250 մլն 680 հազար դրամ, որը ներառված է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ և սպառողն իր հաշվին է վճարում այն:
Նման շռայլ հաշվարկներ ՀԷՑ-ը արել է նաև օրեր առաջ հանձնաժողով ներկայացրած հայտում: Հանձնաժողովն առայժմ իր դիրքորոշումը չի հայտնել, թե ներկայացված ծախսերի որ մասն է իրատեսական և սպառողը որքան պետք է վճարի ՀԷՑ-ի քմահաճույքների համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել