3-ամյա Մարիաննային մեր տեսախցիկը դուր չէր գալիս. երբ զգում էր, որ իր մասին են խոսում, միանգամից հեռանում էր: Մարիաննան, անկախ իր ցանկությունից, ծննդյան առաջին իսկ օրվանից անընդհատ ողջ ընտանիքի ուշադրության կենտրոնում է: Փոքրիկը վաղաժամ է ծնվել (33-34 շաբաթական)՝ 2 կգ քաշով, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է աչքի գլաուկոմա հիվանդությունը: Կյանքի առաջին 7 օրերը Մարիաննան անց է կացրել վերակենդանացման բաժանմունքում, այնուհետեւ 1.5 ամսով տեղափոխվել նորածինների պաթոլոգիաների ստորաբաժանում:
Բնածին գլաուկոման հիմանականում բուժվում է վիրահատական եղանակով: Քանի որ Մարիաննայի ներակնային ճնշումը բարձր է եղել, ինչը ռիսկային է դարձրել վիրահատությունը, տեղացի բժիշկները փոքրիկի ընտանիքին ուղղորդել են Լենինգրադի մարզային պետական առողջապահության գործակալության մանկական կլինիկական հիվանդանոց: 2012թ.-ի սեպտեմբերին այդ հիվանդանոցում բժիշկ Դիսկոլենկոյի գլխավորությամբ իրականացրել են աչքի շտապ վիրահատություն՝ փոքրիկին կուրությունից փրկելու համար:
![]() |
![]() |
Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, սակայն երեխային Հայաստան տեղափոխելուց 4-5 ամիս անց ներակնային ճնշումը կրկին բարձրացել է: Մարիաննայի ընտանիքը բնակվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Նրանք գրավադրել են տունը եւ ողջ գույքը՝ երեխային կրկին Սանկտ Պետերբուրգ հասցնելու համար: Այս պահին Մարիաննան պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո՝ քանի դեռ ներակնային ճնշման տատանումներ ունի: Նրան արդեն 6 անգամ հասցրել են Սանկտ Պետերբուրգ. այս անգամ ընտանիքը որեւէ հնարավորություն չունի երեխային տանելու: Յուրաքանչյուր պետերբուրգյան այցելության ժամանակ ընտանիքը մոտ 4000-5000 ԱՄՆ դոլար է ծախսում:
«Մենք մեր տանը կարելի է ասել վարձով ենք բնակվում. ամեն ինչ գրավադրել ենք բանկում: Վարկերի մարման օրերը հենց մոտենում են, արդեն ողջ ընտանիքով հայտնվում ենք սթրեսային իրավիճակում: Այդ ամենը ոչինչ, եթե հնարավորություն ունենանք երեխային հաջորդ բժշկական այցելությանը տանել: Ամեն անգամ երբ գնում ենք, բժիշկն իր եզրակացության տակ գրում է հաջորդ այցելության օրը: Հիմա սեպտեմբերին պիտի նորից տանենք, բայց արդեն որեւէ բան չունենք, որ գրավ դնենք: Չգիտենք ինչ պիտի անենք, օրերը գնալով մոտենում են, մեր անզորությունն էլ՝ մեծանում»,- ասում է Մարիաննայի տատիկը՝ Օֆիկ Հովսեփյանը:
Երեխայի առողջական հարցերով զբաղվել են նրա տատիկն ու պապիկը, քանի որ ծննդաբերությունից հետո Մարիաննայի մայրը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է ստացել եւ երկար ժամանակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո:
Մարիաննայի հերթական բժշկի այցելությունը Սանկտ Պետերբուրգ նշանակված է այս տարվա սեպտեմբերին, որի համար ընտանիքին մոտ 4000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ:
Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Տիգրան Բաբայան, հայրը (+374 91 912625)
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել