HY RU EN

Գյուղացուն ծեծել են՝ Վարդան Այվազյանի վարձակալած լճից ձուկ որսալու պատճառով

Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչներից մեկին ծեծել են, երբ նա փորձել է ձուկ որսալ Տաբածղուր լճից: Լիճը վարձակալող ընկերությունը, հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն է հիմնադրել: Ծեծել են լիճը տիրություն անող անձինք:

Համագյուղացուն ծեծելը գյուղացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Գյուղացիները պահանջում են իրենց վերադարձնել լիճը և թույլ տալ ձկնորսությամբ զբաղվել այնտեղ, քանի որ տարիներ շարունակ դա իրենց միակ եկամտի աղբյուրն է եղել: Այլապես նրանք սպառնում են հեռանալ գյուղից:

Տաբածղուր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, այդ թվում Վրաստանի բնապահպանության  նախարարի տեղակալ Թեմուր Մուրղուլիան: Նախարարի տեղակալն ասել է, որ այս ամենի համար Միխելի Սահակաշվիլու իշխանությունն է մեղավոր, ով Վարդան Այվազյանի ընկերությանն է նվիրել այդ տարածքը: Այժմ իրենք փորձելու են հարցը որևէ կերպ կարգավորել:

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերին Վրաստանում գրանցված «Լճեր» ՍՊԸ-ն ձեռք է բերել լճում ձուկ որսալու արտոնագիր, և բնակիչներին արգելվել է լճից ձուկ որսալ: Վրաստանի կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, շուրջ 443 հազար դրամով ընկերությանն է տրամադրել լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք:

Տաբածղուրը պատգամավոր Վարդան Այվազյանի ծննդավայրն է, և համագյուղացիները դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  

Թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: