HY RU EN

Վարչապետը ԱԺ-ում հայտարարել է, որ ամեն ինչ կանեն՝ մինչ տարեվերջ նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը մարելու համար

Այսօր ԱԺ քառօրյա նիստին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ԱԺ հանձնաժողովների նիստերին նախարարների հաճախակի բացակայություններին: «Մեր հարգելի նախարարներից շատերը պարզապես չեն գալիս հանձնաժողովների նիստերին: Խոսքն ամենևին մասնագիտական քննարկումների մասին չէ, այլ այն, որ այդ նիստերին անհրաժեշտ է կայացնել քաղաքական որոշումներ: Եվ երբ չկա, ստացվում է, որ պառլամենտի համապատասխան հանձնաժողովները, ըստ էության, կիսատ գործով են զբաղվում»,- ասաց Ա. Մինասյանը: Որպես օրինակ՝ նշեց «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողովի մասին, որտեղ, ըստ նրա, զրոյական քննարկումներ են տեղի ունենում կառավարության և օրենսդիր մարմնի միջև:

«Պարոն վարչապետ, հարգարժան վարչապետ, բազմիցս նշել եք Ազգային ժողովի դերի բարձրացման մասին՝ թե՛ որպես ԱԺ նախագահ, թե՛ նաև որպես վարչապետ: Հիմա որպես Ձեր խոսքի տեր անձնավորություն՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ հետևողական չեք»,- հարցրեց պատգամավորը:

Հ. Աբրահամյանը պատասխանեց, որ պարոն Մինասյանի առաջարկն ընդունում է, և որ դա եղել է իր մոտեցումը: Նա նշեց, որ այդ մասին խոսել է ԱԺ նախագահի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ: Ապա ասաց, որ հանձնարարական է տվել, որ բոլոր նախարարները պարտավոր են ներկա գտնվել ԱԺ հանձնաժողովների նիստերին:

Ա. Մինասյանը նաև նշեց, որ քանի որ ԱԺ-ում «Նաիրիտի» հարցով ստեղծվել է ենթահանձնաժողով, այդ մասին կառավարության հետ միասին հասարակությանն ասելու բան պիտի ունենան:

Հ. Աբրահամյանն էլ ասաց, որ եթե բացթողումներ կան, կշտկեն: Վարչապետի խոսքով՝ ինքը բազմիցս հանդիպել է «Նաիրիտի» աշխատակիցներին: Նա խնդիրը բոնորոշեց որպես «խորը, բազմաբնույթ և տարիներ շարունակ կուտակված»:

«Կա և՛ նախագահի հանձնարարականը, և՛ իմ հանձնարականը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, որպեսզի լուծում առաջարկի: Աշխատում ենք նաև Համաշխարհային բանկի հետ, որեպսզի առաջարկեն փորձագետների կարծիք: Բաժնետոմսերի փոխանակման հարցն է լուծվում: Կարծում եմ՝ մինչև մայիսի վերջ, հունիսի սկիզբ կոնկրետ առաջարկություններ կունենանք, իսկ ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ մինչև 2015 թ.-ի վերջ պարտքերը մարենք»,- պատասխանեց վարչապետը: