
Գևորգ Կոստանյանը հանրապետության նախագահից ցուցումներ չի ստանում
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց` արդյոք վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է և ցուցումներ ստանում նրանից: Եթե չի հանդիպում, ապա ինչու ամբողջ ծավալով չի իրականացնում իր պարտականությունները, որը նախատեսված է Սահմանադրությամբ:
Բացի դրանից, պատգամավորը դժգոհեց, որ դատախազությունը մամուլի ու այլ հրապարակումներին ընթացք չի տալիս, օրինակ՝ «Նաիրիտի» թալանին, ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին հրապարակումներին, որի մասին ասել է ոչ միայն նախարար Երվանդ Զախարյանը, այլև մամուլն է գրել, «Արմավիայի» կողմից հարկերը չվճարելը, գույքի ու եկամուտների հայտարարագրերի անհամապատասխանության մասին հրապարակումները, ընտրակաշառքի դեպքերը և այլն: Եկամուտների հայտարարագրերի մասով Լ. Զուրաբյանը նշեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ ՀԱԿ-ը դիմել է դատախազություն, սակայն որևէ արդյունք չկա:
Պատասխանելով պատգամավորի հարցերին` Գ. Կոստանյանը նշեց, որ հանրապետության նախագահին զեկույցներ ներկայացնում է երկրում տիրող քրեադատավարական պրոցեսների վերաբերյալ, սակայն կոնկրետ որևէ գործով ցուցում չի ստացել նախագահից:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, տարբեր եղանակներով հաղորդումներին, նշեց, որ եթե մեկն ասում է, որ տեղի է ունեցել գողություն, կարող է ասել, բայց քրեական հետապնդման համար հիմքեր են պետք: Օրինակ՝ եթե ասում են ՀԷՑ-ում տեղի է ունեցել գողություն, դա հիմք չէ, իսկ եթե նախարարությունը կիրականացնի ստուգումներ, ուսումնասիրություններ փաստեր, ապա դատախազությունը դրան ընթացք կտա:
Դատախազը նշեց, որ նշված ընկերությունները իրավաբանական անձինք են, որոնք ունեն քաղաքացիաիրավական, վարչաիրավական պարտավորություններ, և դատախազությունը չի կարող հարուցել քրեական գործ, որպեսզի պարզեն՝ քրեական հանցագործություն կատարվել է, թե ոչ, նոր միայն անդրադառնան քաղաքացիական և վարչական իրավունքին, ընկերությունների ստանձնած պարտավորություններին:
Ինչ վերաբերում է եկամուտների ու ծախսեհայտարարագրերի անհամապատասխանությանը, դեռևս չի նշանակում, որ դա հանցագործություն է եղել: Այդ անհամապատասխանությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ, ինչը չի նշանակում, որ հանցագործություն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել