
«Ես չեմ հասկանում` Թուրքիայի մայրաքաղաքը Բաքո՞ւն է, թե՞ Անկարան»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը պատմեց օրերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսի մասին, որին մասնակցում էին ոչ միայն հայ և թուրք, այլև ադրբեջանցի և ամերիկացի փորձագետներ: Այն կազմակերպել էին Թուրքիայի հետազոտական կենտրոններն ու Թուրքիայի ԱԳՆ-ն: Կոնֆերանսը նվիրված էր հայ-թուրքական հարաբերություններին:
Ս. Մինասյանի խոսքերով` չնայած դա փորձագիտական մակարդակի հանդիպում էր, սակայն ինքը դեռևս չէր տեսել նման ոչ մասնագիտական մոտեցումներով հանդիպում: Պատճառն այն է, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անընդհատ փորձում էր կապել ԼՂ-ի հարցի կարգավորման հետ: Եվ որքան շատ էին դա անում, այնքան ավելի էր երևում դրա արհեստական լինելը: Հանդիպման ժամանակ հայ փորձագետներից մեկն անգամ ասել է. «Ես չեմ հասկանում` հիմա Թուրքիայի մայրաքաղաքը Բաքո՞ւն է, թե՞ Անկարան»: Ս. Մինասյանի կարծիքով` իրականում Թուրքիայում նույնիսկ փորձագիտական մակարդակում մակերեսային պատկերացում ունեն ԼՂ-ի հարցի շուրջ: Սա նշանակում էր, որ ԼՂ-ն Թուրքիայի համար ընդամենը պատրվակ է: Իսկ ադրբեջանցիները նշում էին, որ Թուրքիան ինքը պետք է որոշի` հարցը կապե՞լ ԼՂ-ի հետ, թե՞ ոչ, և պետք չէ այդ ամենը բարդել Ադրբեջանի վրա:
Ս. Մինասյանը նշեց, որ հայկական կողմը հանդիպման ժամանակ պատրաստվում էր քննարկել ներկա իրավիճակը, այնինչ թուրքական կողմը առաջ էր քաշում անընդունելի հարցեր, ինչպես օրինակ` Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանությունից, ճանաչի Թուրքիայի սահմանները, ինչպես նաև Կարսի պայմանագիրը և այլն: Ս. Մինասյանի խոսքերով` այնպիսի տպավորություն էր, որ թուրքերը կտրվել են իրականությունից: Թե հայ, թե արտասահմանցի փորձագետների մեծ մասը գտնում էր, որ հանդիպումը եղել է ժամանակի կորուստ:
Անդրադառնալով Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե Թուրքիայի խորհրդարանն ընթացիկ նստաշրջանում պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ Ս. Մինասյանը նշեց, որ դա ավելի շատ ցանկություն է, քան իրականություն: ԱՄՆ-ը դեռևս չի ցանականա այդքան կոշտ ազդել Թուրքիայի վրա: Սակայն հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում մոռանալ հայ-թուրքական գործընթացի մասին:
Խոսելով նաև ներքաղաքական զարգացումների, վերջին օրերի կադրային փոփոխությունների մասին` քաղաքագետը նշեց, որ դա կապված է նախընտրական շրջանի հետ, և «կազմակերպչական փոփոխություններ» դեռ լինելու են: Իշխանությունները չեն թաքցնում կադրային փոփոխության իրական նպատակը, և դա արվում է «ընտրություններին ավելի լավ պատրաստավելու համար»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել