HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ֆաբիո Զանինոյի փոխակերպման արվեստը

«Ճանապարհորդությունը միակ բանն է, որ կարող է քեզ ավելի հարուստ դարձնել»,- ասում է իտալացի արվեստագետ Ֆաբիո Զանինոն (Fabio Zanino):

Ֆաբիո Զանինոն զբաղվում է նորարարական արվեստով և դիզայնով: Ճանապարհորդությունը Ֆաբիոյի համար միջոց է՝ ստեղծելու իր գործերը, իսկ իրերի փոխակերպումներն այդ արվեստի հիմնաքարն են: Ֆաբիո Զանինոյի ստեղծագործությունները բազմազան են: Այստեղ կարելի է տեսնել աբստրակտ արվեստի տարրերից մինչև բնապատկերներ, աղբի թափոններից ստացած նմուշներից մինչև փողոցային արվեստի գործեր:  

Ֆաբիոյի մանկության մեծ մասն անցել է Իսպանիայում, որտեղ էլ կատարել է ստեղծագործական առաջին փորձերը: Նրա իսպանուհի տատիկը զբաղվում էր դիզայնով և մեծ ազդեցություն է ունեցել թոռան վրա: Իսպանիայում Ֆաբիոյին դուր է գալիս հատկապես Անդալուսիան, որովհետև այստեղ վառ արտահայտված են քրիստոնյա և մահմեդական աշխարհները, երևում են մշակութային տարբերությունները և միմյանց վրա ունեցած ազդեցությունները: Արվեստագետը համոզված է, որ տարբեր մշակույթների միջև կապը նպաստում է տվյալ մշակույթի զարգացմանը:

«Իմ աշխատանքները սկսում են ճանապարհորդությունից, բայց սա տուրիզմի հետ կապ չունի,- ժպտալով ասում է Ֆաբիոն:- Այդ ժամանակ հայտնվում ես մի վայրում, որը գուցե հեռու է քո ամենօրյա հարմարավետությունից, բայց փոխարենը գտնում ես մեկ այլ հարմարություն քո հոգում: Ճանապարհորդելիս փոխվում է ժամանակի գիծը: Այժմ  ես ուզում եմ ծանոթանալ նաև Հայաստանի ճարտարապետությանը և մշակույթին»:

Ֆաբիո Զանինոն Հայաստան է եկել «Եվրոպայի օրը» ծրագրի շրջանակներում, այստեղ հանդես եկել դասախոսություններով: Նախքան Հայաստան գալը հասցրել էր համացանցով ծանոթանալ տեղի մի քանի տեսարժան վայրերին, դրան զուգահեռ էլ կարդում է ռուս գրող Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գիրքը:

«Ժառանգությունն այն է, ինչ ազդում է ներկայի վրա, դրա միջոցով անցյալը հետ է գալիս և ազդում ներկայի վրա: Աբստրակտ արվեստն էլ հաճախ ներշնչվում է այն բանից, ինչ մարդիկ տեսնում են բնության մեջ,- ասում է Ֆաբիոն` բացատրելով, թե ինչ նշանակություն ունի ճանապարհորդությունն իր արվեստում: -Երբ նորարարական արվեստում նոր գործ ես ստեղծում, ներշնչանքը կարող է գալ անցյալից»:

Ճանապարհորդելու ընթացքում նա հնարավորություն է ստանում տեսնել բազմաթիվ մարդկանց, ծանոթանալ տարբեր մշակույթների, գնալ պատմության հետքերով ու այդ ամենից նեշնչված` ստեղծել նորարարական արվեստի նմուշներ: Ֆաբիոյի համար ճանապարհորդությունը պատմությունը բացահայտելու միջոց է, հնարավորություն` ծանոթանալու նախնիների թողած ժառանգությանը: Նրան դուր է գալիս խորանալ իրերի էության մեջ, բացահայտել երևույթները, հասկանալ մարդու ընթացքը, ժամանակի ազդեցությունը նրա մտածողության և աշխարհընկալման վրա: Պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս տեսնել իրերի և երևույթների  փոխակերպումները: Փոխակերպումների գաղափարն էլ արվեստի գործի ստեղծման հիմք է դառնում:

Օրինակ՝ արտաքինից դեղին ու կանաչ պատկեր թվացող նմուշը նա ստացել է՝ օգտագործելով պատռված գնդակը: Տվյալ դեպքում գնդակը թե՛ մանկական հիշողություն է, թե՛ հետադարձ հայացք անցյալին, թե՛ արվեստի գործի փոխակերպում: Իր գործերը ստեղծելիս Ֆաբիոն օգտագործում է հին, անպիտան իրերը, որոնք միշտ նոր գաղափարներ են նրան տալիս: Նա հաճախ է գնում  օգտագործված իրերի շուկա, որտեղ կարելի է բամազան առարկաներ գտնել, «անցյալի մնացորդներ ու մեզ թողած ժառանգության մասնիկներ»:

«Փոխակերպման համար կարևոր է էսթետիկան: Իմ էսթետիկայի մաս է կազմում պրոցեսը: Գործը կարող է լինել լավը կամ վատը, բայց առանց պրոցեսի այն չես կարող հասկանալ: Պատմությունն էլ տալիս է քեզ պրոցեսի գաղափարը»,- ասում է Ֆաբիոն:

Փոխակերպումը հնարավորություն է տալիս անցյալը կապել ներկայի հետ, բայց արվեստագետի համար դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի ապագան տարիներ անց: Ֆաբիոյի կարծիքով՝ այժմ փողի գերիշխանություն է, և աշխարհը դեպի լավը չի փոխվում: Իսկ պատմության ընթացքը ցույց է տալիս, որ մարդը նույնն է. հարյուրամյակներ շարունակ նա թե՛ լալիս ու ծիծաղում է, թե՛ տխրում ու ուրախանում է նույն իրավիճակներում: 

«Մենք կործանում ենք մեր մոլորակը: Այժմ երիտասարդներն ավելի ազատ, տեղեկացված են, քան անցյալում, բայց չգիտեմ՝ արդյոք սա կարող է նպաստել քաղաքականության փոփոխմանը,- ասում է Ֆաբիոն:- Բայց փոփոխությունը տեսնելը և փոփոխություն անելն է դառնում պատճառը, որ մենք շարունակում ենք ապրել և փորձել վայելել մեր ամեն օրվա կյանքը»: 

Ֆաբիոյի գործերի նկարները` նրա կայքից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter