«Էսօր ամսի 28-ն ա, կոչ եմ անում՝ մեր նախագահը հենց էսօր, ո՛չ ուշ, ներում տա. գաղութների 80 տոկոսը երիտասարդ տղաներ են: Ապրելով գաղութի մեջ՝ նրանք հանցավոր կյանք են սովորում, լավը չեն տեսնում… շատ բան եմ տեսել, հավատացե՛ք, անցել եմ կրակի միջով, ջրի միջով, օձի բերանով այս հինգ տարվա մեջ: Թող մեր իշխանություններն էլ իմանան՝ մեզ չեն դատապարտում, դատապարտում են մեր ընտանիքներին: Ինձ չեն դատապարտել, դատապարտել են իմ ընտանիքին»,-ասում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, այսօր՝ դատապարտյալ Գառնիկ Առաքելյանը, ում այս անգամ հանդիպեցինք «Երևան» բժշկական կենտրոնում: Սկզբում կաթիլայինի տակ էր, պարզվում է՝ ստամոքսում երկու խոց է պայթել, արյունահոսել է, ապա տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց:
«Ես կապվել էի իմ մարտական ընկեր ու բժիշկ Տարոն Տոնոյանի հետ, ով ռազմի դաշտում մի ձեռքին լանցետն էր, մյուսին՝ զենքը: Ինքն ասեց՝ ինչ հիվանդություն ուզում ա լինի, մենակ դու հասի հիվանդանոց»,- պատմում էր Գառնիկը՝ անուն առ անուն նշելով այն մարդկանց անունները, ովքեր օգնել են, որ կյանքը փրկվի:

Հիշեցնենք, որ Գառնիկը 4 տարի է` ազատազրկված է, դատապարտվել է 8 տարվա անազատության` մեղադրվելով դիտավորյալ սպանության մեջ` ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել: Պնդել ու պնդում է, որ ինքը դիմել է անհրաժեշտ պաշտպանության և միայն անզգուշաբար է իրեն անծանոթ Հայկ Պետրոսյանը մահացել. «Իմ հանդեպ հանգիստ կարելի էր կիրառել անհրաժեշտ պաշտպանության հոդվածը, քանի որ իմ բակում ընտանիքիս անդամների ու իմ վրա էին հարձակվել դանակով»: Իրենց հանրակացարանի բակում երեք անծանոթ տղաներ (երկու եղբայր և իրենց փեսան) գիշերվա 3:30-ին աղմկել են: Հետո նրանք բարձրացել ու թակել են բոլոր դռները, այդ թվում և իրենց սենյակի դուռը, ապա բարձրացել բակում կայանած ավտոմեքենայի վրա: Իսկ երբ ինքը խնդրել է չաղմկել ու հեռանալ բակից, արդեն արթնացած է եղել նաև իր աղջիկը: Անծանոթները հայհոյել են Գառնիկի աղջկան, որից հետո էլ անծանոթների հետ վիճաբանությունը թեժացել է: Հետևանքը եղել է այն, որ Գառնիկը Հայկ Պետրոսյանի ձեռքից փորձել է խլել դանակը, ընկել նրա վրա, ու դանակը խրվել է Հայկի մարմնի մեջ: Դեպքից հետո Գառնիկն անձամբ ներկայացել է ոստիկանություն` պատմելով դժբախտության մասին:

Խոսելով ազատազրկման վայրում հայտնված մարդկանց ու համաներման մասին՝ նա նշեց. «Շատ-շատ կան սխալ դատեր, օրինակ՝ ես: Չգիտեմ՝ ինչպես կարելի է մի մարդու ներկայացնել մեղադրանք կազմակերպված սպանության համար, երբ գիշերը 3:20 էրեխոց ու կնոջ հետ քնած հարձակվել են մեր վրա… Ես զգուշացրել եմ պատուհանից՝ ի՞նչ եք լակել եկել: Ես պիտի պաշտպանվեի, եթե ոչ, ապա իրենք պիտի ինձ սպանեին»:
10 կգ-ից ավելի չի կարող բարձրացնել: Գտնվելով բաց ռեժիմում՝ իրավունք ունի աշխատելու, բայց ԱՁ բացելու իրավունք չունի: 5 անդամներից կազմված ընտանիքն այսօր ապրում է Գառնիկի 76.000 դրամով, տան վարձի պարտքը կուտակվել է 1700 դոլարի չափով. «Շնչում ենք օդ, խմում ենք օդ, ապրում ենք օդով: Կուզենայի աշխատել, բայց առողջությունս չի ներում: Համ էլ՝ աղջիկս աշխատանք չի ճարում, ուր մնաց՝ ես կալանավայրից ճարեմ: Չգիտեմ՝ դեռ էստեղի տնօրենի ու գլխավոր բժշկի հետ չեմ խոսել, որ ինձ մի աշխատանք տան: Քանի որ էդ սև բիծը, էդ նակոլկեն, էդ հոդվածը խփած ա իմ ճակատին, ո՞վ ինձ գործ կտա… Մեր պաշտպանության նախարարի հետ առաջին գյուղն ենք ազատագրել՝ Ջամիլու գյուղը: Ինքը չգիտի՞ ես ով եմ: Հավատում եմ, որ ասում են՝ բյուջեում փող չկա, բայց տեսնում եմ այնպիսի ավտոներ: 490.000 մլն դրամ մեքենայի վարձ են տալիս: Մինչև ե՞րբ»,-ասում է Գառնիկը:

Գառնիկը ուզում է գնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ. «Կմտնեի, կասեի՝ միգուցե հերիք ա, պարոն նախագահ: Կանչի, քո կողքին կանգնենք: Մի մարդ չի կարող երկիրը դզի: Ամեն ինչ թողել են իր վրա: Էսօր մի տեղ հավաքարար աշխատելու համար ասում են՝ նախագահը պիտի թույլատրի: Ծիծաղդ գալիս ա… Երազում եմ, որ Մոնթեն ոտի կանգնի, Աշոտ Նավասարդյանը, Մովսես Գորգիսյանը, Ազգալդյանը, Սամվել Գևորգյանը, որ ձեռ չառնեն մարդկանց: Ազատամարտիկներին ձեռ են առնում, որովհետև մտան քաղաքականություն: Իմ ազատամարտիկ ընկերները թող էդ քաղաքական դաշտից դուրս գան, անբարոյական դաշտ ա էդտեղ: Մենք պիտի կանգնեինք մեր բանակի կողքին»,-ասաց Գառնիկ Առաքելյանը, ով ամբողջ ընտանիքով է մասնակցել Ղարաբաղյան պատերազմին: Սակայն այսօր նրա ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է:
Տեսանյութը՝ Անի Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել